Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Շնորհավորանքների ժամանակն ու ենթատեքստը

Շնորհավորանքների ժամանակն ու ենթատեքստը
21.03.2018 | 10:32

Չորրորդ անգամ բացարձակ ռեկորդով` 77 տոկոս, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերընտրվեց ու սկսեց շնորհավորանքներ ստանալ: Դիվանագիտության մեջ դա չգրված ծես է, որի ընթացքում դրսևորվում են միջպետական ու միջանձնային հարաբերությունների առանձնահատկությունները` ներկայի ու ապագայի կտրվածքով: Շնորհավորանքները գրավոր ու բանավոր էին:

Պուտինին հրապարակային ուղերձներ էին հղում ու զանգահարում` հեռախոսազրույցների բովանդակությունը ոչ միշտ է հրապարակվածին համարժեք: Շնորհավորական առաջին հեռագրերը Կրեմլում նախագահների մակարդակով ստացվեցին Չինաստանից, Սերբիայից, Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Հունգարիայից, Վենեսուելաից, Բոլիվիայից, Կուբայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Աբխազիայից ու Հարավային Օսեթիայից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարեց Պուտինին: Ֆրանսիական մամուլը գրում է, որ ոչ թե շնորհավորեց, այլ հաջողություններ մաղթեց երկրի մոդեռնացման գործում ու անհանգստություն արտահայտեց Սիրիայի իրավիճակից, կոչ արեց տեղեկատվություն տրամադրել Սոլսբերիում Սկրիպալի թունավորման գործով: Պեսկովի խոսքով` Մակրոնը շնորհավորել է, որ առավել հավաստի է` դատելով ֆրանսիական բարեկրթության ավանդույթներից: Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը գրեց, «Մենք միշտ Ռուսաստանի ու Գերմանիայի սերտ համագորկցությունը համարել ենք համաեվրոպական ջանքերի մաս սառը պատերազմի ավարտից հետո մեր մայրցամաքում հաստատուն աշխարհակարգի հաստատման ու ամրապնդման համար»: Կանցլեր Անգելա Մերկելը հեռագրեց, որ «ջերմորեն շնորհավորում է վերընտրությունը և հիմա, ինչպես երբևէ, կարևոր է շարունակել երկխոսությունը միմյանց հետ ու առաջ տանել երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունները»:

Պաշտոնական շնորհավորանքներ ուղարկեցին և Էրդողանն ու Նետանյահուն: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման համատեղ ջանքերի հույս հայտնեց ու Կուրիլյան կղզիներում տնտեսական նախագծերի իրականացման: Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորեց «համոզիչ հաղթանակը» ու վստայություն հայտնեց, որ «Ձեր նոր ժամկետի ընթացքում մեր երկրների հարաբերություններն ավելի լավ կզարգանան»:
ԵՄ-ն հայտարարեց, որ անհանգստացած է ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացի խախտումներով, հատկապես թեկնածուների գործունեության միակողմանի լուսաբանմանև քաղաքական ազատությունների սահմանափակման առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, բնականաբար, լռեց: Չշնորհավորեց և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա մամլո քարտուղար Հոգան Հիդլին ասաց, որ Պուտինի հաղթանակն անակնկալ չէր, իսկ հեռախոսազանգ ծրագրված չէ` նախագահը Նյու Հեմփշիր է թռչում: Հիդլին հաստատեց, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ այն ոլորտներում, որտեղ հնարավոր է, բայց կստիպեն վճարել` իրենց շահերին սպառնալիքների դեպքում: Փաստորեն Նյու Հեմփշիրից կամ կապ չկա աշխարհի հետ, կամ Թրամփը միայն իրեն զարմացնողներին է շնորհավորում: Բայց Թրամփը մնում է Թչամփ` երբ ամբողջ աշխարհում պտտվել էր տեղեկությունը, որ նա չի շնորհավորի Պուտինին, ԱՄՆ նախագահը վերցերց հեռախոսն ու զանգահարեց ՌԴ նախագահին ու ոչ միայն շնորհավորեց, այլև ասաց, որ ցանկանում է հանդիպել «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը: Հետո էլ Սպիտակը Տանը լրագրողներին ասաց, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս,բայց մենք երբեք թույլ չենք տա որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»:

Այս և մյուս շնորհավորանքները` ստացման պահի արձանագրումով, դեռ կդրվեն ոչ միայն Պուտինի սեղանին, այլև պատճենները կուղարկվեն ԱԳՆ Սերգեյ Լավրովին` փոխհարաբերությունների մեջ ճշտումներ ու փոփոխություններ անելու համար` 6 տարվա կրտրվածքով նվազագույնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունները Պուտինի 6-ամյակում կամ ավելի կվատանան, կամ կմնան նույն մակարդակում, կամ կլավանան: Փաստացի` նրա վերընտրությունը իրավիճակ չի փոխում այդ հարաբերություններում, ընդամենը հեռանկարների գնահատման առիթ է: Շատ փորձագետների գնահատականով` Արևմուտքի հետ առճակատումը քաղաքականապես ձեռնտու է Պուտինին ու նրա շրջապատին, ընտրությունները վկայեցին, որ նաև Ռուսաստանի բնակչության 77 տոկոսին: Ռուսաստանում առճակատումն ընկալվում է իբրև գետերության կարգավիճակի վերականգնման վկայություն: Եթե Ռուսաստանը գոնե արտաքուստ որևէ փոփոխություն չանի իր քաղաքականության ու քարոզչության մեջ, Արևմուտքի համար դժվար է հարաբերությունների վերականգնման քայլեր անել` չստանալով մրցակից քաղաքական ուժերի, մամուլի ու հասարակության որոշակի մասի դժգոհությունը: Պատժամիջոցները, պատերազմները, կոնֆլիկտները հարաբերությունների տեսակ են, որ պետությունների զինանոցում իրենց ազդեցությամբ ու արդյունավետությամբ բնավ չեն զիջում համագործակցային միջոցներին: Ուժերի հարաբերակցության ու նախընտրության հարց է: Նաև` քաղաքական ավանդույթների ու նոր իրավիճակներին համարժեք արձագանքելու ճկունության:


Հազիվ թե վերընտրված Պուտինի նախագահությամբ փոփոխություններ լինեն տարածաշրջանային ու ռուս-հայկական հարաբերություններում: Չգիտես ինչու` շատերին զարմացրին ու զայրացրին Երևանում ՌԴ դեսպանատան առաջ հավաքված ՌԴ քաղաքացիություն ունեցող հայերը, որ ոչ միայն Հայաստանի մարզերից եկել էին Ռուսաստանի նկատմամբ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու, այլև հույս էին հայտնում, որ Պուտինը կարգուկանոն կհաստատի Հայաստանում: Իսկ ի՞նչ էիք ուզում: Տասնամյակների պետական քաղաքականության հետևանք են նրանց նույնականացումը Ռուսաստանի ու ռուսների հետ, ազգայինի բթացումն ու ինքնիշխանության մերժումը: Նույն պատկերն էր Գյումրիում, որ ռուսական զորանոց է վաղուց: 2012-2017-ին 16436 հայաստանցի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից ու ստացել ՌԴ քաղաքացիություն` դա նրանց հնարավորություն է տալիս չծառայել ՀՀ բանակում և Ռուսաստանից կենսաթոշակ ստանալ: Բարոյական դեգրադացիայի մեջ մեղադրելն անիմաստ է` քաղաքացին հետևում է իր պետության քաղաքականությանը: Ի՞նչ տարբերություն սեփական քաղաքացուն իբրև աշխատուժ արտահանող պետության և պետությունը շահի դիմաց փոխող քաղաքացու միջև: Փաստացի` Պուտինը, բացի Գյումրիի ռազմաբազայից, Հայաստանում 16436 բացահայտ և հայտնի չէ, թե որքան չբացահայտված զինվոր ունի իր շահերի սպասարկման ու անհրաժեշտության դեպքում Հայաստանում` Հայաստանին դեմ դուրս գալու պատրաստ:

Դիտվել է՝ 2101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ