38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արցունքների տեսակներն Աստվածաշնչում

Արցունքների տեսակներն Աստվածաշնչում
03.11.2023 | 18:32

Մարդկանց կյանքում շատ են արտասվելու պատճառները: Դրանք կարող են լինել քահանայի մոտ չխոստովանած մեղքերը, որոնք ճնշում են խնդրո անձի մտքի, սրտի և հոգու վրա, ազգականի անակնկալ մահը, ընտանի կենդանու հիվանդությունը, բնության աղետների պատճառած վնասները և այլն:

Անկեղծ արցունքները ոչ միայն ցավ են, այլ նաև ուժ, և հաստատ այդ կաթիլները բարձրանում են Երկինք, և Սուրբ Հոգի Աստված միջամտում է, մխիթարում այդ մարդկանց վշտացած սրտերը ու սրբում նրանց արցունքները:

Անկեղծ արցունքները սերմեր են, որոնք հաստատ մի օր պիտի ծլեն Աստծու արդար դաշտի մեջ:

Այս հոդվածի նպատակն է հիշել աստվածաշնչական որոշ դեմքերի՝ նահապետներից, թագավորներից, առաքյալներից և հասարակ մարդկանցից, որոնք տարբեր դեպքերի ժամանակ լաց եղան, և իմանալ այդ արցունքների պատճառներն ու տեսակները: Նաև վերահաստատենք մեր հավատն ու սերն առ Աստված, քաջ իմանալով, որ մեր դառն արցունքները ժամանակավոր են, քանի որ դրանք էլ չեն լինելու Երկնքում՝ Աստծու արքայության մեջ:

Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կա․

ՍԻՐՈ ԱՐՑՈՒՆՔ: Առաջին անձի արցունքները, որոնք հիշված են Աստվածաշնչի մեջ, հայր Աբրահամի արցունքներն են: Հավատքի հայրը տասնյակ տարիներ սիրով ապրեց իր անգին կնոջ՝ Սառայի հետ: «Սառան ապրեց հարյուր քսանյոթ տարի։ Նա մահացավ Արբոկ քաղաքում...» (Ծննդ. 23:1-2)։ Հայր Աբրահամը ողբաց, որոհետև իր սիրելի կինը՝ Սառան, ննջեց. «...Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը» (Ծննդ. 23:2):

ԶՐԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Եսավը բարձրաձայն լաց եղավ, որովհետև զրկվեց՝ չստացավ օրհնություն իր հորից՝ Իսահակից. «Եսավը հարցրեց հորը. «Մի՞թե մեկ օրհնություն ունես, հա՛յր. ի՛նձ էլ օրհնիր, հա՛յր»։ Իսահակի սիրտը մղկտաց, իսկ Եսավը բարձրաձայն լաց եղավ» (Ծննդ. 27:38):

ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Հակոբը փախավ իր եղբայր Եսավից (Ծննդ. 28:5), քանի որ վերջինս որոշել էր սպանել նրան․ «Եսավը Հակոբի նկատմամբ ոխ էր պահում այն օրհնության պատճառով, որ իր հայրը տվել էր նրան, և մտածում էր. թող մոտենան իմ հոր սգի օրերը, որպեսզի սպանեմ Հակոբին՝ իմ եղբորը» (Ծննդ. 27:41): Տարիներ հետո Հակոբը և Եսավը հանդիպեցին, և նրանց աչքերից հոսեցին հանդիպման արցունքներ, որովհետև երկար տարիներ իրար չէին տեսել. «Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան և համբուրեց, ընկավ նրա պարանոցին, համբուրեց նրան, և երկուսով լաց եղան» (Ծննդ. 33:4):

ՈՐԴԻԱԿԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Երբ մեռավ Հակոբ նահապետը, նրա որդին՝ Հովսեփը, լաց եղավ նրա վրա․ «Հովսեփը, ընկնելով իր հոր դեմքին, լաց եղավ նրա վրա և համբուրեց նրան» (Ծննդ. 50:1), որովհետև կյանքից հեռացավ իր սիրելի հայրը՝ այն անձը, որն իրեն այնքան էր սիրում, որ մինչև իսկ ծաղկյա պատմուճան պատրաստեց, որպեսզի հագնի (Ծննդ. 37:3):

ԱՆՈԹՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Եգիպտոսի հեթանոս և կարծրասիրտ փարավոնը ողջ ժողովրդին հրամայեց՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք» (Ելք. 1:22): Փարավոնի օրենքը չգործադրելու վախի պատճառով, երեք ամսական եբրայեցի Մովսեսը իր մոր կողմից դրվեց Նեղոս գետափին մի եղեգյա զամբյուղի մեջ: Նորածին Մովսեսը լաց եղավ, որովհետև սոված ու մենակ էր (Ելք 2:6):

ՎԱԽԻ ԱՐՑՈՒՆՔ: Իսրայելի ազգը ողջ գիշեր լաց եղավ․ «Եվ ողջ ժողովուրդն աղաղակեց, ու ազգը լացեց ողջ գիշեր» (Թվեր 14:1), որովհետև վախ մտավ նրանց մեջ, երբ լսեցին իսրայելացի մարդկանցից, որոնք հետախուզեցին քանանացիների երկիրը հետագայում այն գրավելու նպատակով, որ այդ երկրի քաղաքները ամուր ու պարսպապատ են (Թվեր 13:28), ու դրա բնակիչները հաղթանդամ մարդիկ են (Թվեր 13:32): Իսրայելի ազգը ունեցավ վախի արցունքներ, նրանք վախեցան, որ պիտի մեռնեն, երբ փորձեն ներխուժել քանանացիների ամուր երկիրը և պատերազմեն դրա հաղթանդամ մարդկանց դեմ:

ՎՇՏԻ ԱՐՑՈՒՆՔ: Ամուլ Աննան տարիներով լաց եղավ, որովհետև իր ամուսնու՝ Եղկանայի երկրորդ կինը՝ Փեննանան, իրեն վշտացնում էր, որովհետև Տերը փակել էր Աննայի արգանդը․ «Փենանան, վրդովում էր նրան (Աննային) և վշտացնում, քանի որ Տերը փակել էր նրա (Աննայի) արգանդը» (Ա Թագ. 1:6, Նոր Արարատ թարգմ․): Աննան նաև Սերլովի մեջ վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ (Ա Թագ. 1:9-10), և ասաց Հեղի քահանային, որ ինքը վշտացած սրտով կին է (Ա Թագ. 1:15):

ՆԵՂՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Նեեմիա մարգարեն նեղացավ ու լաց եղավ, երբ լսեց իր եղբայրներից և Հուդայի մարդկանցից, որ Երուսաղեմում մնացած հրեաները մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, իսկ դարպասները՝ հրկիզված (Նեեմ. 1:1-4): Մարգարեի արցունքները ցույց են տալիս, որ նա ազգասեր և հայրենասեր անձ էր:

ԶՂՋՄԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Պետրոս առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին (Մատթ. 26:69-74), և երբ առավոտյան աքաղաղը կանչեց, հիշեց Քրիստոսի՝ նախապես ասած խոսքը, որ իրեն էր ուղղված. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, աքաղաղը դեռ չկանչած, երեք անգամ կուրանաս ինձ» (Մատթ. 26:34), զղջաց, և դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ (Մատթ. 26:75):

ԿՈՐՍՏԻ ԱՐՑՈՒՆՔ: Նային քաղաքի դարպասի մոտ տխուր մթնոլորտ էր տիրում։ Մի այրի կին լացում էր, որովհետև իր միակ զավակը էլ չկար՝ մեռավ, և նրա թաղման արարողությունն էր կատարվում (Ղուկ. 7:11-13): Դժվար է նկարագրել մի մոր տխուր սիրտը, երբ նրա աչքերը պիտի տեսնեն իր սիրելի զավակի հողին հանձնվելը:

ԽՂՃԱՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՑՈՒՆՔ: Երուսաղեմի դուստրերը ողբացին ու լաց եղան (Ղուկ. 23:27-28), երբ տեսան Քրիստոսին քահանայապետների կողմից անարգված, հռոմեացի զինվորների կողմից ծեծված և Պիղատոսի կողմից խաչի մահվան դատապարտված (Ղուկ. 22-23):

Արցունքների արցունք՝ Քրիստոսի արցունքը: Եթե սրբերի արցունքները ավելի վեր են դասվում, քան սովորական մարդկանց արցունքները, որովհետև սրբերը ապրում են սրբակենցաղ կյանք, մանրակրկտորեն ինքնաքննում են իրենց անձերը, խստապահանջորեն ինքնամեղադրում են իրենց թեկուզ ակամա և անգիտակցաբար գործած մեղքերի ու հանցանքների համար․ «Ընդունի՛ր և իմ այս ողբ ու լացով ցանկասեր աչքիս ցողն արցունքների, որով Տեր Քրիստոս, թրջում եմ ահա՛ ոտքը անարատ Քո մարդեղության» (Մատյան Ողբերգության, Բան ԼԲ, Գ), ապա ինչքա՜ն վեհ են Մարմնացյալ Բանն Աստծու՝ Քրիստոսի արցունքները, որոնք հոսեցին, երբ Նա տեսավ, որ ամբոխը լալիս է Ղազարոսի մահվան համար. «Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. «Տե՛ր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց և ասաց. «Որտե՞ղ դրեցիք նրան»։ Նրան ասացին. «Տե՛ր, արի՛ ու տե՛ս»։ Եվ Հիսուսն արտասվեց» (Հովհ 11:32-35):

Սիրելի՛ աստվածասեր ընթերցող, ինչ տեսակի էլ լինեն քո արցունքները, հիշիր, որ դրանք պիտի սրբվեն Աստծու կողմից, որովհետև Նա խոստացավ՝ ասելով. «Նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չպիտի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ և ո՛չ չարչարանք չպիտի լինեն, քանի որ նախկինն անցավ» (Հայտ. 21:4):

Գևորգ սարկավագ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Աստվածաբանական գիտությունների դոկտոր

Զորավոր ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՖԲ էջից

Դիտվել է՝ 6098

Մեկնաբանություններ