Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում։ Նախագահի թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Շարունակելու եմ աջակցել Հայաստանին»,- նշել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Փաշինյանի տարօրինակ վարքը Արցախի և Իսրայելի հարցերում

Փաշինյանի տարօրինակ վարքը Արցախի և Իսրայելի հարցերում
22.03.2019 | 02:53

ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների երկիմաստ հայտարարությունից հետո կայացավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ընդ որում՝ Ստեփանակերտում. հավանաբար դա վարչապետ Փաշինյանի նախաձեռնությունն էր՝ համաձայնեցված Արցախի ղեկավարության հետ։ Օրակարգի հիմնական թեման հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներկա իրավիճակի գնահատականն էր։ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ Ստեփանակերտում նիստի անցկացումն ունի և՛ խորհրդանշական, և՛ լիովին կոնկրետ նշանակություն։ Նախ՝ խորհրդանշականի մասին։ Վարչապետն Արցախ էր այցելել 2018 թ. նոյեմբերին իր ոչպաշտոնական արձակուրդի շրջանակում, այնպես որ, Ստեփանակերտ էր ժամանել անցյալ տարվա դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունից հետո առաջին անգամ։ «ՈՒզում եմ ընդգծել, որ ընտրության արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել Արցախի՝ սուբյեկտ լինելու մակարդակի բարձրացման և բանակցային գործընթացում Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, ընդգրկելու քայլերի համար։ Դրանք կետեր են, որոնք հիմնարար նշանակություն ունեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։ Հայաստանի կառավարությունը և ես՝ որպես ժողովրդի վստահությունն ստացած վարչապետ, այդ ուղղությամբ հետևողական քայլեր ենք ձեռնարկելու, այդ հարցը եղել և մնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ քննարկման կարևորագույն կետերից մեկը։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությունը մեզ համար քմահաճություն չէ, առավել ևս՝ պայման, այլ պարզապես այն բանի արձանագրում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի մասնակցությունը»,- Փաշինյանի այս խոսքը հաղորդել են գործնականում բոլոր հայրենական ԶԼՄ-ները։


Բայց մինչև մեր խորհրդարանական ընտրությունը բանակցություններ են եղել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև՝ նախկին ձևաչափով և երկու երկրի ղեկավարների միջև երկու հանդիպում՝ «ոտքի վրա»։ Թեհրանում Փաշինյանն ասաց. «Մենք Ադրբեջանի նախագահի հետ նախապես համաձայնեցրինք առաջիկա հանդիպման ձևաչափը։ Դա, ըստ էության, կլինի առանց օրակարգի հանդիպում, բայց կարևոր լուծում կարող է դառնալ բանակցությունների ձևաչափի մասին համաձայնությունը։ Քանի դեռ ձևաչափի շուրջ համաձայնեցում չկա, շփումներն ու հաղորդակցվելը չի կարելի համարել պաշտոնական բանակցություն։ Ես հայտարարեցի, որ կարող եմ հանդես գալ Հայաստանի անունից, բայց չեմ կարող խոսել Արցախի անունից, որտեղ կան իրենց իշխանությունը, նախագահն ու կառավարությունը, և Արցախի անունից բանակցություն պետք է վարեն նրա իշխանությունները»։ Տրամաբանորեն, վարչապետը հայտարարում էր կամ Ստեփանակերտի՝ սուբյեկտ լինելու մասին, ինչը կարելի էր գնահատել ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու մտադրություն, կամ Ստեփանակերտից որոշակի մանդատ ստանալու ձգտում՝ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու համար արդեն նաև Արցախի անունից։
Առաջին դեպքում դա նշանակում էր բանակցային գործընթացի տապալում Ադրբեջանի կողմից դա կտրականորեն չընդունելու պատճառով։ Երկրորդում Ստեփանակերտից մանդատ ստանալը ձեռք կբերեր ներքին նշանակություն՝ դառնալով Երևանի ու Ստեփանակերտի հարաբերությունների բնույթի մի մասը, որը տվյալ պահին չի շոշափում Բաքվի շահերը։ Ի հայտ է գալիս ևս մեկ կարևոր պահ. Հայաստանի և Արցախի ԱԽ-երի համատեղ նիստը համընկավ ԵԱՀԿ ՄԽ-ի հայտարարությանը, որում համանախագահները չպաշտպանեցին բանակցությունների ձևաչափը փոխելու գաղափարը և նշեցին իրենց հավատարմությունը դեռևս 2009-12 թթ. մշակված առաջարկներին՝ նկատի ունենալով Մադրիդյան սկզբունքները։ Այդ փաստաթղթի որոշ առանձնահատկություններից են ճշգրիտ հասցեականությունը և տեքստում ստորադասական եղանակի բայերի օգտագործումը։ Իսկ ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի վերջերս արած հայտարարությունը, որ Հայաստանը պետք է որոշի բանակցություններում Արցախի մասնակցության ձևաչափը, իմ կարծիքով, հասկացողներին արդեն ամեն ինչ ասում է: Հաշվի առնելով, որ Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական ուժ չունեն, Երևանն ու Բաքուն կարող էին ՄԽ-ի փաստաթուղթն ընկալել ընդամենը ի գիտություն։ Բայց Փաշինյանը, չգիտես ինչու, արագացնում է իրադարձությունները համարյա շտապ կարգով անցկացնելով Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Ընդ որում, հենց ինքն էլ նշեց, որ ցայժմ պարզ չեն բանակցային գործընթացի համար որպես հիմք ՄԽ-ի առաջարկած սկզբունքներն ու տարրերը։ Ըստ նրա, «պետք է հասկանալ, թե ինչ են նշանակում այդ սկզբունքները գործնականում, և ով իրավունք ունի դրանք մեկնաբանելու»։ Ադրբեջանի մեկնաբանությունը հայկական կողմի համար անընդունելի է, մինչդեռ բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան այն կետերը, որոնք տարընթերցումների առիթ չեն տալիս։ Գուցե ավելի ճիշտ կլիներ այդ հարցերում պարզություն մտցնել Բաքվի հետ ՄԽ-ի միջնորդությամբ երկխոսության ժամանակ և միայն դրանից հետո լիիրավ երկխոսություն սկսել Ստեփանակերտի հետ։


Բազմաթիվ հարցեր է հարուցում նաև Փաշինյանի այս հայտարարությունը. «Խաղաղությանը ադրբեջանցի հանրությանը նախապատրաստելը պետք է իրականանա ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլև Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ։ Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահի կողմից մենք չենք տեսնում համարժեք հայտարարություններ ու քայլեր։ Չնայած դրան, ես պատրաստ եմ շարունակելու երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև ժողովրդի հետ, որովհետև համոզված եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը նույնքան խաղաղասեր է, որքան հայ ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը»։ Դա ի՞նչ է, հայոց վարչապետի՝ Բաքու այցելելու ցանկությու՞ն, թե՞ «իշխանությունների գլխի վրայով» ադրբեջանցիների հետ երկխոսության սկիզբ։ Չէ՞ որ հնչեցրած բանաձևն այլ կերպ հնարավոր չէ իրականացնել։ Ահա թե ինչու է մնայուն զգացողություն առաջանում, թե Փաշինյանը մանևրում է, փորձում է իր օգտին խաղարկել արցախյան խաղաքարտը։ Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, ապա նրա դիրքորոշումն արտահայտված է Բակո Սահակյանի ելույթում. «Այդ ընթացքում բազմաթիվ ու բազմատեսակ միջանկյալ հանդիպումներ են եղել տարբեր մակարդակներում։ Գերատեսչությունների ու նախարարությունների ոլորտների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնց ընթացքում ծնվել է Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ հրավիրելու գաղափարը։ Մենք նշել ենք այն բանի կարևորությունը, որ կա միջազգային օրակարգի անհրաժեշտություն, և ես առավել քան համոզված եմ, որ այսօրվա նիստը նպաստելու է ազգային օրակարգի ձևավորմանը։ Ինչպես և նախորդ տարիներին, անփոփոխ են մնացել ազգային օրակարգի գերակայությունները։ Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ մեր հայրենիքի կարևորագույն խնդիրը եղել է, կա և կլինի Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը»։ Փաշինյանի և Սահակյանի հայտարարությունների տարբերությունն ակնհայտ է. ԼՂՀ-ն պահանջում է ոչ մի բանում չնահանջել, իսկ եթե պետք է մանևրել, ապա բացառապես ԼՂՀ-ի անկախության միջազգային նախնական ճանաչման կոշտ պահանջի ուղղությամբ։


Հիմա Փաշինյանին տրվա՞ծ է Արցախը ներկայացնելու մանդատ։ Եթե այո, այդ դեպքում իրադրությունը փոխվում է ինչպես Հայաստանում և Արցախում ուժերի ներքին դասավորության տեսակետից, այնպես էլ միջազգային պլանում։ Բայց դրան ինչպե՞ս կվերաբերվի Ալիևը, երբ Փաշինյանի հետ հանդիպելիս հասկանա, որ գործ ունի միջնորդավորված ձևով Ստեփանակերտը ներկայացնող առաջնորդի հետ։ Թե՞ այլ բան կլինի, ինչի մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան. «Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Խանքենդիում (Ստեփանակերտում-ծ. հ.), ապա բանակցություններին Լեռնային Ղարաբաղի հայերին ներգրավելու անհրաժեշտություն չի մնում»։ Մի խոսքով, ինտրիգը շարունակում է ծավալվել։


Ի միջի այլոց, դա ինտրիգի մի մասն է։ Վերջերս Հայաստանը նոր իշխանություններից ևս մեկ ազդակ ստացավ, ինչը մտորելու ցանկություն և կասկած է հարուցում։ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, որը հանրապետության բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակության հետ այցելել էր Իսրայել, օրերս իսրայելական «The Jerusalem Post» հանդեսին ասել է, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանություն բացելու հարցը երկու երկրների հարաբերությունները «նոր, ավելի բարձր մակարդակի» դնելու համար։ Այնուամենայնիվ, նախ այն մասին, թե մեր փոխնախարարն ինչ է ասել իսրայելական թերևս հիմնական անգլալեզու թերթին։


Գ. Հովհաննիսյանն ընդգծել է, թե հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի Ադրբեջանին, բայց Երևանն այդ հարցը չի դիտարկում որպես հրեական պետության հետ հարաբերությունները բարելավելու նախապայման (իսկույն ասեմ՝ շատ իզուր)։ Հետո նա «չբացեց խաղաթղթերը»։ Սակայն եթե մենք մտածենք, թե Իսրայելի հետ հարաբերությունների նման կտրուկ բարելավումը Հայաստանին պետք է միայն այն պատճառով, որ Թել Ավիվն Ադրբեջանին առաջին զենք մատակարարողն է (ռազմական մատակարարումների ծավալով), ապա դա հավանաբար սխալ կլինի։ Վերջին մի քանի տարում Ադրբեջանն Իսրայելից 5 մլրդ դոլարի զենք է գնել, այլ տվյալներով՝ 6 մլրդ-ից ավելի։ Վերջերս հաղորդվել է նոր գործարքի մասին, ըստ որի, առաջիկա 2 տարում Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի 13 մլն դոլարի անօդաչու թռչող սարքեր։ Հիշեցնենք, որ, նույնպես վերջերս, խոսելով տվյալ ռազմական համագործակցության մասին, Իսրայելում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Երևան) Արմեն Սմբատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարեց, որ հայկական կողմը չպետք է նախապայմաններ առաջ քաշի, այլ լավ հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ և ձգտի հետ պահել նրան Ադրբեջանի հետ չափազանց սերտ համագործակցությունից։ «Մենք պետք է ի վիճակի լինենք դա անելու, որ նույնպես կարողանանք ունենալ այդ զենքը։ Այլ բան է, որ մենք պետք է այնքան մոտ լինենք մեր գործընկերների, մեր իսրայելցի բարեկամների հետ, որ կարողանանք ինչ-որ կերպ հետ պահել նրանց։ Դա արդեն ցույց կտա ժամանակը»,- ասաց դեսպանը։ Սմբատյանն ասել է նաև, որ փոխարտգործնախարար Գ. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում քննարկել է նաև կազմակերպական հարցեր, որոնք կապված են Իսրայել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջիկա այցի հետ։


Չենք փորձի կռահել, թե ինչ հարցերով է այնտեղ գնալու վարչապետը, բայց նշենք, որ դժվար թե հաջողվի ինչ-որ բան ներշնչել Իսրայելին կամ ինչ-որ բանում համոզել։ Պարզապես պետք է հիշել, որ 1991 թվականից հետո Թուրքիայում Հայոց եղեռնի ճանաչման և դատապարտման հարցն Իսրայելը մանրադրամ է դարձրել իսրայելա-թուրքական հարաբերություններում։ Բայց նույնիսկ Անկարայի հետ իր հարաբերությունների սրման բարձրակետում Իսրայելը Հայոց եղեռնի ճանաչման հարցը ոչ մի անգամ չի հաստատել իր խորհրդարանի օրակարգում։ Այլ խոսքով, իսրայելցիների համար թուրքը շատ ավելի լավ ու մոտ բարեկամ է, քան հայը։ Այնպես որ, այնտեղ ի՞նչ է մտադիր քննարկելու Փաշինյանը։ Արցախի հարցում Իսրայելը բացարձակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի սկսած 1992-ից, երբ Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցները, ընդ որում՝ ադրբեջանական հարձակումից մի երկու ամիս առաջ, հակամարտության գոտու մի քանի շրջաններում եղան իբրև գյուղատնտեսական ագարակների ներկայացուցիչներ։ Իսկ Արցախի հայերի դեմ 2016 թ. ապրիլի ռազմական գործողություններին մասնակցությունը Թել Ավիվն ինքն ընդունեց։


Բայց հենց վերջերս կայացավ Հայաստանի վարչապետի այցն Իրան, որտեղ նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով։ Նա արժանացավ Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Խամենեիի ընդունելությանը։ Ինչպես հայտնի է, Թեհրանն ավանդաբար խանդով է վերաբերվում իր հարևանների քաղաքական և ռազմական շփումներին Իսրայելի հետ, որի հետ Իրանը չունի դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1979 թ. Իսլամական հեղափոխությունից հետո նրանց փոխհարաբերությունների պատմությունը ծայրահեղ բարդ է։ Իրանը դեռ կարող է «ինչ-որ բան հասկանալ և ներել» Ադրբեջանին հրեական պետության հետ նրա չափազանց սերտ համագործակցության համար, ներառյալ ռազմատեխնիկական ոլորտը՝ առնվազն հաշվի առնելով այն փաստը, որ նավթի իր ներքին պահանջի առնվազն 40 %-ն Իսրայելը գնում է Բաքվից։ Կամ հաշվի առնելով հենց Իրանի շահագրգռությունը՝ հավասարակշիռ հարաբերություններ պահպանելու իր մերձկասպյան հարևանի հետ, որը նրա համար կամրջի դեր ունի դեպի Ռուսաստան ելքով՝ տարանցիկ նախագծեր իրականացնելու գործում։ Վերջապես, Ադրբեջանն 90 %-ով շիական երկիր է, իսկ Իրանում միշտ հաշվի են առնում կրոնական ընդհանրությունը։


Սակայն Երևանի ու Թել Ավիվի մերձեցման չափազանց կտրուկ այն տեմպը, որ կարող են վերցնել հայկական նոր իշխանությունները, հազիվ թե հանդուրժողաբար ընդունվի Հայաստանի հարավային հարևանի կողմից։ «Նոր Հայաստանի»՝ Իսրայելին ընդառաջ քայլերը Թեհրանին հասկանալի կարող են լինել, օրինակ, այն դեպքում, եթե հրեական պետության ղեկավարությունը ճանաչի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը, բայց դա արդեն 28 տարի չի արվում։ Իսրայել` Փաշինյանի այցից հետո, հաշվի առնելով նաև, որ նոր-նոր է խոստացվել հայ-իրանական հարաբերությունների վերականգնում, հազիվ թե Հայաստանը հույս ունենա, թե Իրանը կձգտի շուտափույթ արձագանքելու պաշտոնական Երևանի դիմումներին, լինեն դրանք գազի թե Վրաստան գազի «տարանցման ծառայություն» մատուցելու մասին Իրանի ցանկության շուրջ։ Մյուս հարցերով առայժմ նույնիսկ ցանկություն չկա որևէ բան ենթադրելու և հաշվարկելու։ Սակայն նույնիսկ առանց Իսրայել՝ Փաշինյանի այցին, կարելի է չկասկածել, որ հրեական համայնքների հետ սերտորեն կապված ադրբեջանական վերնախավը Թել Ավիվի համար մնում է ավելի կարևոր գործընկեր, քան ողջ հայ ազգը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 34927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ