ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Իր ծննդյան օրն էր, հիշեցի

Իր ծննդյան օրն էր, հիշեցի
17.02.2009 | 00:00

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ-74
Հրանտ Մաթևոսյանի` երբևէ ծնված խոշոր տաղանդի մասին խոսք ասելուց երկյուղելու բոլոր պատճառներն ունեմ, նրա տաղանդի անընդգրկելի լինելու պատճառով է, որ ասվածը միշտ ճիշտ չի լինում։
Լույսի ու ստվերների նախածնունդ ժամանակներից, հազար տարիների, երկու հազար հինգ հարյուր տարիների պարունակներով վեր բարձրացող մարդկային տեսակի` հայ ազգի, հայ մարդու մասին է Հրանտի գրականությունը. ինքնահատուկ, վայրի ուժով, անմարդկային զորությամբ պատմում է, թե ինչպես քաղաքակրթությունների, հավատամքների, դարաշրջանների հերթագայության մեջ սարգոններին, դարեհներին, շապուհներին, կոստանդիններին դիմակայել ու գոյատևել ենք, և եթե մեծ բովանդակություն չունենար մեր ժողովուրդը, այդչափ փորձությունների միջով ինչպե՞ս պիտի հասներ մեր օրերը` ոսկե 5-րդ դարի, միջնադարի, վերածննդի ժամանակների լույսն էլ հետը։
Մարդ ապշահար է լինում «Սպիտակ թղթի առջև» և «Ես ես եմ» հետմահու հրատարակված գրքերն ընթերցելիս։ Առաջին պահ թվում է, թե դրանք տարբեր տարիների գրական-մշակութային, ազգային-հասարակական կյանքին վերաբերող տարաբնույթ նյութեր են ընդգրկում։ Սակայն կարդալն ավարտելուց հետո մեկ էլ հանկարծ նկատում ես, որ տեքստերն իրար հետ տիեզերքի ապրել-մեռնել թելադրող ներքին խորհրդավոր ժամանակով կապված, դրանով են ամբողջական, մոնումենտալ այս գրքերը։ Ահա այստեղ է Հրանտ Մաթևոսյանի` մեծ գրողի խորհուրդը, նրա գեղարվեստական հիշողության թռիչքը։
Նրա գիրն ինչին էլ վերաբերի` մրջյունին, արեգակին, թե մարդուն, նախաստեղծ ժամանակներից մինչև մեր օրերը, ծավալային մտածողություն է։ Հասկանում ես` քո Հայրենիքը ոչ թե այս 30 հազար քառակուսի կիլոմետրն է, որ հորիզոնական փռված է ոտքերիդ տակ և մի սարքին մեքենայով կես օրում կպտտվես շուրջբոլորը, այլ նաև ուղղահայացը, մեր գլխի վերևի տարածությունը դեպի վեր, դեպի տիեզերք, որի հետ խոսեցին մեր մեծերը` Նարեկացին, Թումանյանը, Չարենցը։
Հետո եկավ Մաթևոսյանի խելացի տառապանքի ժամանակը. դա հիսունից հետո-ի ամեն մարդու այն ժամանակն է, երբ տուն է շինում որդիների համար, ենթագիտակցության մեջ պատրաստվում է հեռանալուն։ Տուն ասելով նկատի ունեմ այն հրաշալի` Թումանյանի, Չարենցի գրքերի հրատարակություններն իր առաջաբաններով, որ մարգարեական թղթերին հավասար արժեքներ են։
Պատահական չէր նաև նրա հայտնությունը մեր հայրենիքի համար։ Ոմանք մեր ճգնաժամային տարիներին նրա կեցվածքը քաղաքականություն են համարում, բայց քաղաքականությունն այն է, երբ որևէ մի ուժ ես գովերգում, ուրիշ մի ուժ` վատաբանում։ Նրա տեքստերում ոչ գովաբանություն, ոչ էլ փնովում կա, այլ խոսք է ասվում այնպիսի շեշտադրությամբ, որ հայրենիքի թզենին չչորանա։ Անեծք չկա։ Ամբողջ այդ ժամանակաշրջանում տարուբերվում էր իր խորաթափանց մտքի կռահումների, գերզգայուն խղճի և թուլացած Հայրենիքի ճակատագրի միջև։ Իսկ դա այն է, ինչն ամբողջ կյանքում ուղեկցեց և անբաժան էր նրանից, ինչպես մեղր շինող մեղուն փեթակից։
Նա ոչ մեռյալներին լքեց, ոչ էլ ապրողներին. խիզախում էր լինել ոգու հետ...
Զորեղ է ոգին։ Նախնիների հավատն ուսուցանում է, որ թշնամական միջավայրում ազգի կենդանության նշանը պահելու համար պիտի մագաղաթե մատյաններ ստեղծես։ Եվ ստեղծվեցին։ Քառանիստ այդ մատյանները ցուցանում էին, թե ժողովրդի ոգին երբ է բացել աչքը և որ դիրքից է դիտել աշխարհը։ Հրանտի լույսը հիմա հենց այնտեղ է, որտեղից ճառագում է ժողովրդի կենդանությունը, այնտեղից հետևում է Հայոց տան անցուդարձին։
Այլևս քսանչորս ժամը նրա համար օր չէ, տասներկու ամիսները տարի չեն։ Այն ժամանակը, որ մեռցնում է մարդկանց, նրա համար ժամանակ չէ։ Նրա լինելիությունն արդեն անփոփոխ է բոլոր դարերի մեջ` երբեմն կրակ, երբեմն մոխիր հանելով ծեսեր է կատարելու, որ սխալներից պաշտպանի հասարակությանը, վկայի, թե հակամարտությունը ոչ թե մագաղաթների և ճշմարտությունների, այլ մարդկանց միջև է։ Նրանց օգնելու համար, ժամանակ առ ժամանակ այնտեղից կուղարկի ազգայինի տեսիլը, որ հանկարծ լույսն ու խավարը իրար չխառնվեն։ Եվ նրա շուրջը օղակվելու են անհիշելի անցյալը, անընդգրկելի ապագան, որտեղ ժամանակն ու տարածությունը թողնում են միմյանց, ինչպես օձն է փոխում շապիկը։
Փառավոր է այն հայրենիքը, երբ խնկարկվում է նրա երևելի Մեռյալը, ում ուսմունքով է կրթվում ժողովուրդը։
1994 թվականի հետպատերազմյան օրերին, երբ ջուրը, լույսը ժամով էին, հացը` կտրոնով, ժողովուրդը դեռ մղկտում էր կորուստներից, գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տանն էինք։ Կինոբեմադրող Ռոման Բալայանը Կիևում սպասում էր «Գոմեշի» սցենարին։ Ինչքան էլ դժվար էր գրում Հրանտը, այնուամենայնիվ, պայմանավորվել էին, որ երկու ամսից Ռոմանը գալու էր, քննարկման համար սցենարից ինչ-որ բան պատրաստ պիտի լիներ։ Սակայն քանի օրերը մոտենում էին, այնքան Հրանտը ջղագրգիռ էր դառնում, պարզ չէ` այստեղ որ բառն է ճիշտ` «չգրվող», թե «չստացվող» գործի համար։ Գիշերը գրածները` մի տող, երկու տող, կես էջ, առավոտյան չեղյալ էր հայտարարում։ Դռները փակ էին։
Երեկոները զրույցները օղու սեղանի շուրջ երբեմն գրականության ուղղությամբ էին գնում` թե լրագրային գրականության մուտքը ժամանակավո՞ր է, թե՞ մշտական։ Ապագայի գրականությունը կերպարայնությա՞ն է միտելու, թե՞ թեզայնությունը կհաղթի։ Խոսում էինք մեր մշակույթի համարյա բոլոր ճյուղերի ամբողջական չլինելու` դարերի խորքերից եկող պատճառների մասին... Զրույցը լռություններով երկար էր տևում։ Չգիտեմ` սեղանի շուրջ այս երեկոները սիրտ տաքացնո՞ւմ էին, մոտեցնո՞ւմ էին չբացվող սրբազան դռներին, թե՞ ավելի էին հեռացնում։
Հրանտն առավոտյան դարձյալ գրածները չեղյալ էր հայտարարում։
Այդ օրերին պատերազմի մասին վեպս էի փորձում գրել, ոնց որ ամեն բան լավ էր ընթանում` և՛ գրելն էր ստացվում, և՛ քնելը։ Սակայն արդեն գիտեի` ի՞նչ է ոսկե շապիկի տակ, ատամնանյարդի նվվոցին նմանվող չգրվելու մրմուռը, գիտեի այդ վթարի մասին, մի քանի անգամ դեմառդեմ հանդիպել էի դրան, փորձով գլխի էի ընկել, որ ամենակատարյալ սարքավորումներով ինքնաթիռն անգամ մի օր ենթարկվում է ընկնելու վտանգին։ Այդ կսկիծն ընկալում էի իմ բոլոր բջիջներով։
Անքնության, մենակության, ունայնության, «չգրվելու» իսկական տառապանքի նշանները հետո երևացին, այն ժամանակ, երբ մի գիշեր էլ նկատեցինք, որ կանանց ու գրականության շուրջ զրույցներն այլևս չեն օգնում։ Մենք էլ չլուսացող գիշերները հաղթահարելու համար նոր բան հորինեցինք. ինքներս մեզ այնպիսի հարցեր էինք տալիս, որոնց պատասխանները մարդկությունը շատ վաղուց էր սկսել որոնել ու չէր գտել, դրանք պատասխան չունեցող հարցեր էին։ Հարցնում էինք` իսկ ի՞նչ էր Նոյի կնոջ անունը. դա շատ կարևոր էր թվում, մինչև լուսաբաց պատասխան էինք որոնում։ Ասում էինք` ջրհեղեղի ժամանակ տապան առնված բոլոր էակներն ու կենդանիները անվանակոչված են` ամենափոքրից սկսած, որ մժեղ էր կոչվում, մինչև ամենախոշորը` փիղը, իսկ այդ կինը` ազգերի մայրը, Աստվածաշնչում անգամ անուն ունենալու պատվին չի արժանացել։
Կայենի կերպարից բխող մի անպատասխան հարց էլ էինք գտել։ Աստված եղբոր արյունը թափելու համար երկրի վրա անիծյալ համարեց Կայենին և այնպիսի նշանով կնքեց, որ ամեն մի հանդիպող դրանով պիտի ճանաչեր մարդասպանին։ ՈՒզում էինք գտնել, թե նշանի պատկերն ինչ ձև էր ունեցել։ Շատ էինք ափսոսում, որ Աստված մարդասպանին ճանաչելու նշանը մարդկությունից ծածուկ է պահել։ Հիշում էինք աշխարհն ամայացնող խաչակրաց արշավանքները, ինկվիզիցիայի մահաշունչ տարիները, ինքն իր վրա սպանության ձեռք բարձրացրած ներեվրոպական պատերազմները, Հիտլերին, Ստալինին, Աթաթուրքին... Եթե այդ նշանը մարդուց թաքցված չլիներ, աղետներն ի սկզբանե տեսանելի կլինեին, հնարավոր է, որ քրիստոնեական մշակույթը մեկ ուրիշ ուղղությամբ գնացած լիներ, և մենք` հայերս, որ եղբայրասպանին ճանաչելու կարիքը շատ ունեինք, հիմա մեկ ուրիշ պատմության ընթացքի ժառանգորդը լինեինք։
Գրեթե չլուսացող գիշերները` իրենց անպատասխան հարցերով, մղձավանջների դեմ կռվելու մեկ ուրիշ մարտավարության հասցրին։ Մենք վերջին` երրորդ հարկում էինք բնակվում, հենց այնտեղից էլ սկսեցինք քայլով չափել, թե քանի մետր է միջանցքի ուղեգորգերի երկարությունը, ճեմասրահի հատակին փռված կանաչ գորգերի լայնքը։ Այսպես օր օրի, հարկ հարկի, գիշեր գիշերվա հետևից` սկզբից քայլով, հետո ոտնաթաթով չափչփելով` հասանք առաջին հարկ։ Ստեղծագործական տունը կայարաններով անցնող գնացքի նման էր` մեկ լցվում էր, մեկ դատարկվում, չէինք էլ նկատում` ով էր գալիս, ով` գնում։
Այդ օրը երկուսով էինք։ Անհաջող քնելու փորձից հետո լողախալաթով էր, երևում էին ցցված ոսկրոտ ծնկները. ինչ նա ուներ ոգիներից` ամենանշանակալիցը աչքերն էին։ Միջանցքի հակառակ ծայրերից ոտ ոտի հետևից դնելով` ուղեգորգի միագիծ եզրով դեպի իրար էինք գալիս, ինքը հավասարակշռությունը պահելու համար լարախաղացի նման թևերը բացած` մեկ աջ, մեկ ձախ էր թեքվում...
Հեռվից մեկ էլ թվաց` հրեշտակը երկինք բարձրանալու համար թևերն է թափահարում։ Զրնգում էին բոլոր պատուհանների ապակիները։
Լևոն ԽԵՉՈՅԱՆ

Դիտվել է՝ 5639

Մեկնաբանություններ