ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐ

ԼՈՒՍՆԱՅԻՆ ՕՐ
08.04.2011 | 00:00

Վրեժ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


Ինչե՜ր ասես, որ չեն կատարվում այս աշխարհում: Մեկ արեգակն է ցնորվում, մեկ` լուսինը. խոսք խոսքի տալով` Երկիր մոլորակի հոգու հետ այնքան են խաղում, որ վիրավորանքից ինքն իրեն բզկտում, երկրաշարժ ու ցունամի է մոգոնում, օվկիանոսներն ու ծովերը հունից հանում, խեղճ ու կրակ մարդկանց հանդեպ հրահրում ու տիեզերքի ծաղրից ոտնահարված իր արժանապատվությունը վերականգնելու հուսահատ փորձեր է անում: Էլ ի՞նչ հայ, ի՞նչ թուրք, ի՞նչ այլազգի: Մեկն ազատությո՜ւն է գոչում, մեկը` արդարությո՜ւն, մյուսը` հավասարությո՜ւն, ու, ինչպես ժողովուրդն է ասում. «Դրել ես, արի տար»:
Եվ ինչո՞ւ են հանկարծ զարմանում, որ մի վաթսունամյա հայ, հազար ու մի զրթուզիբիլով լցրած գլուխն առնում է ափերի մեջ ու գոչում. «Հայաստա՜ն», և այդ բղավոցի վրա հանկարծ դեղձի ծառի վրա խնձորի պտուղ է հայտնվում: Միջակ ֆուտբոլիստը շախմատային գերհսկաների մրցաշարում հաղթող է ճանաչվում: Վարչապետներից ամենաիմաստունը ձմերուկը շերտ-շերտ կտրում է, և միջից Տիգրան Աշխարհակալի դարաշրջանի մետաղյա դրամներ են թափվում: Նա, ով ինքնասպան չի լինում, ինքն է սպանում: Նա, ով սպանվում է, ինքն է ցմահ ազատազրկման դատապարտվում: Կարճահասակները բարձրահասակներին էտում են, սրանք էլ կարճահասակներին ձգմգելով, նրանցից նաիրյան դալար բարդիներ են բուծում: Իսկ սոցիոլոգները, ա՜խ, այդ ժրաջան սոցիոլոգները, հարցեր են հղում ամենքին. «Ովքե՞ր են ավելի վստահելի` շնե՞րը, թե՞ շան լակոտները»:
Գլուխն առնում է ափերի մեջ ու գոչում` «Հայաստա՜ն», մեկ էլ տեսնում է արեգակն ու լուսինը էնտեղ, երկրագունդն էստեղ քմծիծաղ են տալիս, ու մի ջահել ոստիկան ռետինե մահակն ամբողջ ուժով իջեցնում է գլխին. «Քավթա՛ռ շուն, անվայելուչ բառեր մի գոռա»:
Ջահել ոստիկանի դիմագծերը վաթսունամյա հային շա՜տ հարազատ են թվում, այնքան հարազատ, որ արյունը գլխից հոսելով` լցվում է աչքերի մեջ և արցունքների հետ միախառնվելով` սահում այտն ի վար, և դեղձի ծառի վրա աճած կարմրաթուշ, ապօրինածին խնձորը ցնցվելով ընկնում է ցած` որդնած ու լխկած դեղձերի հետ այգեպանի սապոգների տակ տրորվելու տխուր հեռանկարին ենթակա: Եթե հարվածը մահացու չէ, և գանգոսկրի փշուրները չեն լցվել ուղեղի մեջ, նա արյուն-արցունքի լուծույթի միջից հանկարծ նշմարում է, որ մի մետաղյա ձող հետևից իջնում է իրեն այնքա՜ն հարազատ թվացող ջահել ոստիկանի գլխին, ու արյունը գլխից հոսելով` լցվում է աչքերի մեջ: Եվ ջահել ոստիկանի ցավը պատում է վաթսունամյա հայի մարմինը, աղի պես մրմուռ-մրմուռ ներծծվում նյարդերի մեջ, և նա, ուշաթափվելուց և կարմրաթուշ խնձորի` այգեպանի ոտքերի տակ տրորվելուց առաջ, հասցնում է մրմնջալ. «Եղավ այն, ինչ պետք է լիներ»:
Մինչ վաթսունամյա հայը աշխարհի վարքն ու բարքը իր հարց-թառանչի մեջ առած կուշաթափվեր, ջահել ոստիկանը, որը երբևէ հարվածելուց առաջ իր թիրախի աչքերի մեջ չէր նայում, արյան գոլ ու դուրեկան հոսքն իր դեմքի վրա զգալով` նվաղող մարդու պայծառատեսությամբ ըմբռնեց, թե ինչն ինչոց է, և հեծկլտալով ասաց. «Վա՜յ, Դարվին, ես քո տիրոջ մերը…»:
Քսան-երեսուն տարի առաջ, չեմ հիշում մինչ Քրիստոսի ծնո՞ւնդը, թե՞ հետո, մարտի մեկի՞ն, թե՞ տասնչորսին, վաղորդայնի՞ն, երազում Աստծո հետ հաղորդակցվելու ամենաթեժ պահի՞ն քափ-քրտինքի մեջ կորած վեր թռա ու աչքս ընկավ հորս ու մորս գուրգուրած, զորավար Անդրանիկի նկարի հարևանությամբ պատից կախված հաստափոր օրացույցին, որի էջերը օրվա վերջին հորս կողմից բարձրաձայն ընթերցվելուց (մայրս նրա անփոխարինելի ունկնդիրն էր) և մանրամասն քննարկվելուց հետո, հանգրվանում էին ծնողներիս ձեռագիր մատյանների էջերում, հարկ եղած դեպքում նորից ընթերցվելու և յուրացվելու համար: Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, հիշյալ օրացույցի իմաստուն էջերից, իրենց երջանիկ կյանքի մանրամասներից, գաղափարական առաջնորդների դարակազմիկ ասույթներից զատ, տեղեկանում էին նաև լուսնային օրերի մասին, որոնց երկրային կյանքի հետ աղերսների վերաբերյալ օրացույցը լռում էր: Շատ բաների մասին էր լռում, նաև այն մասին, թե ինչու են երջանկության դատապարտված մարդիկ տեղին-անտեղի թախծում, ինչու են գիշերային իրենց երազների արձագանքները ցերեկների մեջ փնտրում, ինչու են անմոռանալի բաների մասին ցածրաձայն խոսում, իսկ անհեթեթ բաները` բղավում, և այն մասին, թե ինչու է հայի, թուրքի և այլոց աստվածների նախանձը կրկնապատկվում, երբ արեգակը, իր գալստյան մասին չազդարարելով, դուռ-լուսամուտ չթակելով, ծածուկ սողոսկում է մարդկանց տները և իր անհատույց սերը պարգևում նրանց, առանց մեծարվելու և երկրպագվելու թուլություն ցուցանելու: Ջերմացնում է և վերջ. ուզում ես հայհոյիր, ուզում ես քար շպրտիր նրա ուղղությամբ, բարեհոգի ժպտում է, լցվում հայի, թուրքի և մյուսների աչքերի մեջ ու հոգու:
Աչքս ընկավ օրացույցին, որը ծանուցում էր. «Լուսինը յոթը օրական»: Մինչ ուսումնասիրում էի օրացույցի արտաքին տեսքը, լույսի թրթռուն շողերի խաղը մեսրոպյան տառերի հետ, երազս մոռացա և մինչև այսօր էլ երկմտում եմ. Աստծո՞, թե՞ սատանայի հետ էի լեզու թափում: Ցավալի է, բայց փաստ. կյանքումս ոչ նրա երեսն եմ տեսել, ոչ էլ` նրա: Մի անգամ քիչ մնաց համոզվեի, որ վերևում Աստված կա: Տասը-տասներեք տարեկան տղեկներով դիտում էինք, թե ինչպես են հազարավոր խենթացած մարդիկ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում տեղակայված շախմատային վահանակի վրա հետևում Տիգրան Պետրոսյանի և Միխայիլ Բոտվիննիկի աշխարհի չեմպիոնության համար մղվող մարտին: Խենթացած երկրպագուները մեզնից խլել էին մեր թաղը, վիրավորել մեր ինքնասիրությունը: Հավանաբար մեջս սատանա մտավ (այն ժամանակ սատանաները ազատ ելումուտ ունեին մեր մանկական հոգիների մեջ): Բազալտի մի քար գտա ու շպրտեցի ամբոխի մեջ։ «Ձեր տիրոջ մերը»,- ասացի ու հաղթական նայեցի ընկերներիս:
Երեկոյան տուն գնացի, տեսնեմ` ինչքան ծանոթ-բարեկամ կա, հավաքվել են մեր տանը, հայրս էլ վիրակապված գլխով պառկել է բազմոցին և մտնող-ելնողին պատմում է. «Մեկ-երկու քայլ, և Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոն կդառնա, քեֆիս քեֆ չի հասնում: Այ մարդ, մեկ էլ, չգիտեմ որտեղից, մի քար եկավ ու թըրմփ` գլխիս»:
Ես տնից դուրս փախա և մինչև այսօր խորհում եմ, որ սատանայի հորդորով նետածս քարի ուղղությունը Աստված փոխեց: Տարիներ անց, երբ հայրս մահվան մահճում էր, խոստովանեցի մեղքս: Նա ժպտալով ասաց.
«Տղա ջան, ուրիշին ցավ պատճառելուց առաջ միշտ մտածիր, որ ինքդ ես ցավ զգալու»: Այդ չարաբաստիկ օրից մինչ այսօր դարձել եմ Աստծո և սատանայի խաղալիքը: Երկուսին էլ անձամբ չեմ տեսել, երկուսն էլ, մեկը մի քիչ շատ, մյուսը մի քիչ պակաս, ինձ սիրում և իշխում են հեռվից: Հազար ու մի սխալ եմ գործել, բայց նրանցից ոչ մեկը ձեռքս չի բռնել` թելադրում են ու պատժում: Իհարկե, երկուսն էլ կան, այլապես ես ես չէի լինի: Եթե նույնիսկ սխալ եմ դատում, արժե, որ այդ մասին ամենքն իմանան:
Ասացի` երազս մոռացա ու հիշեցի, որ արեգակի մատը խառն էր: Եթե արեգակի մատը խառը չլիներ, գույները խուրձ-խուրձ չէին լցվի երազիս մեջ, լույսն ինձ փետուրի պես իր թևերին չէր առնի, երաժշտությունը օդի պես թոքերս չէր լցվի, ու դժվար թե մտքովս անցներ, որ Երկնավորի հետ եմ հաղորդակցվել, հետո էլ կասկածը միտքս չէր կրծի` նրա՞, թե՞ սատանայի: Մարդ արարածը, լինի հայ, թուրք, թե այլազգի, եթե երազ է տեսնում, ուզում է հիշել: Եթե դժվարանում է հիշել` լուսնային օրերի ու իմաստուն գուշակների օգնությանն է դիմում: Եվ քանի որ ես էլ հորս և մորս հարազատ զավակն եմ, ունեմ նրանց առավելություններն ու թերությունները և նույնքան դյուրահավատ եմ ու սնահավատ, նրանց տեսած երազներին տեր կանգնելուց զատ, կյանքում գոնե մեկ անգամ ինքս իմ երազի հետևից պետք է ընկնեմ: Արեգակով լցված բացում եմ ծնողներիս ձեռագիր մատյանն ու կարդում. «Լուսինը յոթը օրական - օրը բարի, երազը բարի կատարվի»:
Երազիցս քսան-երեսուն տարի անց, Քրիստոսի ծննդից հաշված, 2008 թվի ճիշտ մարտի մեկին` «Սուրճը պատրաստ է» փրկարար նախադասությունը լսելով, դարձյալ քափ-քրտինքի մեջ կորած, վեր եմ թռչում, ու աչքս ակամա որոնում է ծնողներիս սիրած օրացույցը: Սկսում եմ հստակ գիտակցել, որ կյանքը հազար անգամ հետ ու առաջ է գնացել, և այն, ինչը թվում էր, թե մերն է, այլևս մերը չէ: Օրացույցի փոխարեն պատից կախված է մի դիմակ, որը ծննդյանս հիսնամյակի առթիվ ինձ նվիրել էր աշխարհն անխնա չափչփող իմ ընկերը: Ծնողներս այլևս չկան (այդպես է ընդունված ասել նրանց մասին, ում այլևս չենք տեսնում), հավանաբար, գնացել են տիրանալու իրենց երազներին, որոնց իմաստը երկրային կյանքում փնտրեցին-փնտրեցին և այդպես էլ չգտան: Ո՞վ պետք է ինձ իրազեկի լուսնային օրերի մասին: Չկա նաև մորս ձեռագրով հյուսված երազահանը, և ես տնից դուրս եմ գալու առանց ինձ համար պարզելու` օրը բարի՞ է, թե՞ չար, երազը քանի՞ օրում է կատարվելու: Բարեբախտաբար, թե դժբախտաբար, իմ կյանքի երկրորդ երազը դրվագ առ դրվագ հիշում եմ: Այն, որ առաջին երազս մոռացա, արդեն գիտեք: Եթե կյանքը քիչ դեսուդեն խփվեր, և արեգակն ու լուսինը մեզնից խռոված չլինեին, երկրորդ երազս էլ հեշտորեն կմոռանայի: Այնքա՜ն բաներ ենք մոռացել կյանքում:
Ասացի, չէ՞, որ մանկությունս անցել է «Մոսկվա» կինոթատրոնի շրջակայքում: Պարզից էլ պարզ է, որ կինոյի պակասություն չեմ զգացել: Երազս էլ կինոյի նման մի բան էր, էլի: Իբր «Կինո-Մոսկվայի» ու նկարիչների միության շենքի արանքում, ուր ժամանակին, ասում են, եկեղեցի է եղել, երկու պատշար ինձ համար տուն են կառուցում: Առաջին պատշարը, իբր, իմ որդին էր, երկրորդ պատշարը նույնպես իմ որդին էր: Ես էլ, կառույցի կենտրոնում կանգնած, հրահանգներ եմ տալիս: Առաջին պատշարը, որ իմ որդին էր, բազալտե քարեր էր նետում երկրորդ պատշարին, որը նույնպես իմ որդին էր: Ինքն իրեն մատակարարելով` որդիս փութաջանորեն պատ էր շարում: Չեմ հիշում` քնո՞վ ընկա, թե՞ ինքս ինձ հետ շախմատ էի խաղում, ուշքի եկա, տեսնեմ` որդիս պատերը շարել-պրծել, բայց մոռացել է դուռ-լուսամուտ թողնել, ինքս էլ մնացել եմ տան ներսում: Դես եմ խփվում, դեն եմ խփվում` արձագանքող չկա:
Կմնայի՞, արդյոք, անդուռ-անլուսամուտ իմ տան ներսում, թե՞ մայրս Մարութա սուրբ Աստվածածնի շնորհով ինձ օգնության կհասներ ու կավետեր. «Օրը բարի, երազը բարի կատարվի»: Ասեմ, որ այնքան էլ սարսափելի չէր անդուռ-անլուսամուտ տան մեջ: Ճիշտ է, դես-դեն խփվելուց գլուխս պատերին էր առնում, բայց զգում էի, որ սեփական տան պատերն են: Իսկ այն մտքից, որ որդիս է կառուցել ինձ համար, սիրտս փափկում էր: Հետո՞ ինչ, որ դուռ-լուսամուտը մոռացել էր: Կհիշի, կվերադառնա, դուռ-լուսամուտ կբացի, արևը խուրձ-խուրձ կլցվի ներս, լույսն ինձ փետուրի պես իր թևերին կառնի… Կհիշի կամ չի հիշի, ի՞նչ իմանաս` լուսինը քանի՞ օրական է:
- Քնկոտ արջ, չե՞ս լսում, ասում եմ` սուրճը սառեց:
Ինչ լավ է, որ հազար ու մի չեղած ու մոռացված բաների փոխարեն կա կինս, որը ջանադրաբար պատրաստվում էր սրճախմության ընտանեկան արարողակարգը համեմել ծխելու կործանարար վնասների մասին իր հերթական դասախոսությամբ:
Տեսածս երազը կնոջս պատմելուց առաջ հանկարծ հիշեցի, որ անդուռ-անլուսամուտ տանը, մութի մեջ ափլփելով, ծխախոտ էի փնտրում ու չէի գտնում: Սարսափը պատեց ինձ և սավանի ծայրով քրտինքս սրբեցի: Դուրս նայեցի` կրկին համոզվելու համար, որ տեսածս ընդամենը երազ էր:
- Ծխելը դանդաղ, տանջալից ինքնասպանություն է,- արտասանեց կինս:
Իհարկե, գարնան առաջին օրն էր, թե չէ հենց այդ խոսքի վրա արևը հեղեղի պես չէր լցվի մեր տուն, և կինս իր ծերությունն ինձնից թաքցնելու ժամանակ կունենար: Սուրճի բաժակը մոտ քաշելով` մտածում եմ. «Ինչո՞ւ հենց վաթսուն տարեկանում հասկացա, որ սիրում եմ այս կնոջը. վատ երա՞զն էր պատճառը, թե՞ այն, որ նա չհասցրեց իր ծերությունն ինձնից թաքցնել»:
Կինս փութկոտ շարժումներով վարագուրեց լուսամուտը, աչքերը ճպճպացրեց և ասաց.
- Գարնան արևից աչքերս կծկծում են:
- Հազար անգամ ասել եմ` սուրճը շատ, շաքարը` քիչ:
- Սիրում եմ, երբ տղամարդն է սուրճ մատուցում,- ասաց կինս:
Երազս պատմելու գայթակղությունը զսպելու համար խոսակցությունը շեղեցի.
- Անցած օրը մի ցուցանակ տեսա` «Եվրոդագաղ»:
- Այսինքն` ի՞նչ…
- Այսինքն` հարմարավետ, քաղաքակիրթ դագաղ, որի մեջ հանգուցյալն ազատ կարող է շուռումուռ գալ` պահպանելով մարդկային արժանապատվությունը` մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համահունչ:
- Ինչ ասես, որ չեն մոգոնի,- ասաց կինս` ծխի քուլաները իրենից հեռու քշելով:
- Եվրոպացիք մեզ դագաղի մեջ ճիշտ պառկելու արվեստն են սովորեցնում,- ասում եմ:
- Եթե ճիշտ ապրել չենք ուզում, գոնե դա սովորենք,- ասաց կինս:
- Այսօր մարտի մեկն է,- ասացի:
- Վաղը մարտի երկուսը կլինի:
- Գարնան առաջին օրն է,- ասացի:
- Վաղը գարնան երկրորդ օրը կլինի,- ասաց կինս:
- Մյուս օրը` երրորդ օրը:
- Էն մյուս օրը` չորրորդ:
- Լուսինը քանի՞ օրական է,- հենց այնպես հարցրի:
- Լուսնի բնակիչ չեմ,- ասաց կինս:
- Գնամ,- ասացի:
- Գնա,- ասաց կինս:
Իմ կյանքի երկրորդ երազը չպատմեցի կնոջս: Այն, որ առաջին երազը չեմ հիշում, կինս գիտի: «Ճիշտ էլ անում ես, որ չես հիշում,- ասում էր նա,- այնքան երազների հետևից ընկանք, որ կյանքը մեզնից փախավ»: Արժե՞ երազներով պղտորել մեկի կյանքը, ով ապրում է Նաիրյան երկրում և, ինձ նման ամուսին ունենալուն զուգահեռ, իմ որդու նման որդի ունի:
Տնից դուրս ելա ու իմ գոյությունը վայելելով` կարճ ժամանակ անց հայտնվեցի այնտեղ, ուր վատ երազներից ու կյանքից խուճապահար մարդիկ դառնություն են փսխում:
Ամենքին թվում էր, թե արեգակից ու լուսնից խռոված երկրագնդի մոգոնած երկրաշարժն ու ցունամին այս հրապարակը շրջանցելու են: Յուրօրինակ Նոյյան տապանի բնակիչներն ինձ որպես օտարական ընդունեցին: Ով էլ լիներ նրանց փոխարեն, ինձ վանելու էր: Հենց մտա հրապարակ, գլուխս առա ափերիս մեջ ու գոռում եմ. «Ժողովուրդ, վատ երազ եմ տեսել»: Չորս կողմից ինձ են նայում, ուզում են հասկանալ` որտեղի՞ց հայտնվեց այս նորահայտ մարգարեն:
- Պրովոկատոր է,- ասաց սիրունատես մի տղա:
- Գիժ է,- ասաց ցնորված հայացքով մի կին:
- Թողեք` թող պատմի երազը,- ծաղրով ասաց ինքնավստահ մի պարոն, որը, հավանաբար, հանրահավաքի ղեկավարներից էր:
- Պարզից էլ պարզ է,- ասաց մեկ ուրիշ պարոն,- ծպտյալ ոստիկան է:
- Տիկնայք և պարոնայք,- գոռում եմ ես,- վատ երազ եմ տեսել, չգիտե՞ք` լուսինը քանի օրական է:
- Մենք լուսնի բնակիչներ չենք,- ճիշտ կնոջս պես ասում է ցնորված հայացքով կինը:
- Անդուռ և անլուսամուտ տուն եմ տեսել,- գոռում եմ ես:
Հավանաբար, այդքանով պետք է բավարարվեի, բայց մեջս նորից սատանա մտավ: Մարդկանց դես-դեն հրելով` հասնում եմ հարթակին, գլուխս պինդ սեղմում եմ ձեռքերիս մեջ ու ծղրտում. «Հայաստա՜ն»:
Թե ինչ տեղի ունեցավ հետո, իմացավ նույնիսկ Բարաք Օբաման. արեգակն ու լուսինը խտտեցին երկրի թաթերը, երկիրը երկրաշարժ ու ցունամի մոգոնեց, ծուռբերան մի սատանա քահ-քահ ծիծաղեց, Տիգրան Աշխարհակալի դարաշրջանի մետաղյա դրամները զնգզնգալով լցվեցին Հայաստան աշխարհի ծակուծուկերը, ով ինքնասպան չեղավ` ինքը սպանեց, ով սպանվեց` դատապարտվեց, կարճահասակները` բարձրահասակներին, բարձրահասակները` կարճահասակներին… Իսկ սոցիոլոգները, ա՜խ, այդ ժրաջան սոցիոլոգները, գարնանային զոհերը բնական համարելով, արձանագրեցին` վստահության հարցախույզն անցավ առանց անակնկալների: Ձայները կիսվել են շների և շան լակոտների միջև` հավասարաչափ:
Նույն օրը երեկոյան, հայ-թուրքական վճռորոշ ճակատամարտը յուրովի շահած երկու հերոսներ, նույն արյունը տարբեր անոթներում փոթորկող երկու հայկազուններ, մեկի անունը` հայր, մյուսինը` որդի, երկուսն էլ վիրակապված գլուխներով, դեմ առ դեմ նստեցին: Այն, ինչ ասելու էին, ասել էին ճակատամարտի ժամանակ: Թե՛ երազից հալածված հայրը, թե՛ ոստիկանության մայորի ուսադիր կրող որդին մեկմեկու չէին կշտամբում, արդարանալու բան էլ չունեին: Պարզապես գարնան առաջին օրվա մեջ չէին տեղավորվում: Անելանելի վիճակից դուրս գալու ելք, այնուամենայնիվ, հայրը գտավ.
- Չգիտե՞ս, թե լուսինը քանի օրական է:
- Իսկ դու գիտե՞ս, թե կապիկները ինչու են զայրացած Դարվինի դեմ:
Հայր ու որդի իրենց հարցերի պատասխանները չգիտեին: Իսկ խե՜ղճ տանտիրուհին, որ նրանցից մեկի կինն էր և մյուսի մայրը, սկզբում հեկեկալով, հետո քրքջալով ասաց.
- Աչքներս լո՜ւյս… գարնան առաջին օրն ավարտվեց:
- Կարծես թե` սկսվեց,- միաբերան ասացին պատերազմի հերոսները

Դիտվել է՝ 13033

Մեկնաբանություններ