ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տնտեսական քաղաքականությունը պետք է լինի հասցեական

Տնտեսական քաղաքականությունը պետք է լինի հասցեական
27.02.2009 | 00:00

Ա՜Խ, ԱՅԴ ՃԳՆԱԺԱՄԸ
«Ի՞նչ անենք` դրամը դոլար սարքենք։ Իսկ գուցե ամբողջ գումարը ռուսական ռուբլո՞ւ վերածենք։ Երևի դոլարի գինն առաջիկայում կտրուկ կբարձրանա, և դրամը կարժեզրկվի»։ Սա է մեր համաքաղաքացիների այսօրվա մտահոգությունների առարկան։ Պատճառն այն է, որ արտարժույթի փոխանակման կետերում դրամը դոլարով (մեծ գումարների դեպքում) դժվարությամբ են փոխանակում։ Նկատենք, որ խոսքը վերաբերում է օրենքով թույլատրված գումարների չափին։
Տուրք չտալով միայն դրամ-դոլար «ճակատագրի» շուրջ առտնին խոսակցություններին` իրողությունը փորձեցինք ճշտել ՀՀ կենտրոնական բանկից։ Մեզ փոխանցեցին, որ բնակչության տագնապներն այս խնդրի առնչությամբ անտեղի են, քանի որ ցանկացած չափի գումար մեր քաղաքացիները կարող են փոխանակել բանկերում կամ դրանց ենթակայության տակ գործող փոխանակման կետերում։
Ի դեպ, նկատենք, որ հասարակության մեջ լայնորեն քննարկվում է նաև ռուսական ռուբլու գոտում ընդգրկվելու խնդիրը, որը պակաս տագնապի հիմք չէ ժողովրդի համար։ Շատերն այդ գործընթացից սպասվող դառը պտուղներն են մտովի հաշվարկում։ Հարկ ենք համարում նշել, որ այս առնչությամբ հասարակության մտահոգություններն իրական հիմք չունեն, քանի որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե ազգային դրամը ռուբլով փոխարինելուն, այլ միջպետական ֆինանսական գործարքները ռուբլով հաշվարկելուն։ Իսկ որ վնասը կարող է շոշափելի լինել, չի բացառվում։ Մանավանդ, եթե նկատենք, որ ֆինանսական ճգնաժամի արդյունքում Ռուսաստանում ռուբլին իր դիրքերը գնալով զիջում է դոլարին։ Եթե նոյեմբեր ամսին մեկ դոլարը համարժեք էր 21 ռուբլուն, ապա այսօր առքը 36 ռուբլի է, վաճառքը` 41 ռուբլի։
ՈՒ թեև ՌԴ իշխանություններն անընդմեջ նշում են, որ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար հնարավոր ամեն բան արվում է, ժողովուրդը պնդում է հակառակը. «Իշխանություններն իրական պատկերը թաքցնում են` ժողովրդին խուճապից զերծ պահելու համար։ Իրականում, եթե այսպես շարունակվի, դևալվացիա կարող է լինել»։ Մոսկվաբնակ քաղաքացիների այս մտավախությունը սկիզբ է առել և գնալով ամրապնդվում է ռուբլի-դոլար փոխարժեքի վերջին տատանումներից։ Այլ կերպ ասած, թե՛ մեզ մոտ և թե՛ Ռուսաստանում ժողովուրդը նույն մտավախությունն ունի։ Կարելի է ասել, որ գրեթե նույնն է նաև ընդհանուր իրավիճակը Մոսկվայում. անշարժ գույքի, ավտոմեքենաների նկատմամբ պահանջարկի կտրուկ նվազման պարագայում գների նվազում չի նկատվում։ Դրան զուգահեռ, եթե նոյեմբեր ամսին մեկսենյականոց բնակարանը վարձով էր տրվում 15 հազար ռուբլով, ապա հունվարից այն կազմում է 20 հազար ռուբլի։ Կարելի է ասել` պատկերը նույնն է և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում. համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ապացուցեց, որ Հայաստանը Երկիր մոլորակից դուրս չէ, և զուր հույսեր փայփայել, թե ֆինանսատնտեսական ճգնաժամը կշրջանցի Հայաստանը, իրատեսական չէ։ Իսկ օրերս էլ ԿԲ-ի ներկայացուցիչը կանխատեսեց, որ 2009-ին ՀՀ-ի տնտեսական աճը երկնիշ թիվ չի ունենա։ Այլ կերպ ասած, Հայաստանն ունի պետբյուջեի հավաքագրման լուրջ խնդիր։ Արդեն մի քանի տարի է` դրամական փոխանցումները (տրանսֆերտները) հաշվարկվում են պետբյուջեում, և 2009-ն այս առումով բացառություն չէ։ Այժմ արդեն փաստ է, որ դրամական փոխանցումները դեպի Հայաստան կտրուկ նվազում են, և այդ տենդենցը շարունակական կարող է լինել, ինչը նշանակում է, որ նույնքան անգամ կտուժի պետբյուջեն։ Եթե սրան հավելենք նաև մետալուրգիական խոշոր ձեռնարկությունների հարկադիր պարապուրդը` պայմանավորված միջազգային շուկայում մետաղի (բացառությամբ` ոսկու) գնի կտրուկ նվազմամբ, ապա պարզ է, որ խնդիր կառաջանա պետբյուջեի եկամտային մասում։ Մենք նշեցինք երկու գործոն, սակայն պետբյուջեի վրա ազդեցությունները բազմաթիվ են։ Նշված խնդիրը պարզորոշ է նաև ոլորտի պատասխանատուների համար։ Եվ սրանից ելնելով հասկանալի է նրանց ամեն գնով պետբյուջեն համալրելու ձգտումը։ Սակայն արդյո՞ք այդ բեռը պետք է դրվի միջին եկամուտ ունեցող խավի վրա։ Օրերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ելույթում նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում պետք է նվազեցնել միջին եկամուտ ունեցողների հարկերը։ Ասել է թե` փորձ է արվում երկիրը սոցիալական լարվածությունից դուրս բերել։ Այո, կգտնվեն մարդիկ, ովքեր կհակադրվեն, ասելով, որ անհամադրելի են ԱՄՆ-ի և ՀՀ-ի տնտեսական հնարավորությունները։ Ինչ խոսք, այդպես է։ Մենք դրանք չենք համեմատում։ Սակայն արդյոք ավելի ճի՞շտ է հարկել կոշկակարին, դասախոսին (արտաժամյա պարապմունքների համար) և դրան զուգահեռ խոսել փոքր ու միջին խավի զարգացման ու խթանման մասին։ Ի՞նչ է ստացվելու. մի կողմից` պետությունը վարկեր է տրամադրելու այդ ոլորտին, մյուս կողմից` սեղմելու է հարկային օղակը։ Արդյո՞ք ֆինանսատնտեսական ճգնաժամի պարագայում դա լավագույն տարբերակն է։ Եվ արդյո՞ք նման քաղաքականությունը չի առաջացնի իշխանություններից դժգոհողների մի նոր բանակ։ Համոզված ենք, որ նման դեպքերում, հատկապես պետությունը, որպես ընտանիքի գլուխ, պետք է առավելագույնն անի, որպեսզի տան բնակիչներն ամբողջ ուժգնությամբ ցնցումները չզգան։ Այլ կերպ ասած, անգամ ազատ շուկայում հարաբերությունների քաղաքականության պայմաններում պետությունը պետք է որոշակի միջամտություն ունենա։ Եվ ինքներս մեզ չխաբենք, ասելով, որ եթե նշված ոլորտները հարկման դաշտ չբերվեն, խնդիրը չի լուծվի։ Համոզված ենք, որ պատկան մարմիններն այդ հարցի իրատեսական պատասխանն ու լուծումը գիտեն որտեղ փնտրել։ Պետք է միայն քաղաքական կամք ցուցաբերել։ Սա չի նշանակում, թե խոշոր ձեռնարկատերերին պետք է դնել «աքցանների» մեջ և սեղմել այնքան, որ փոշիանան։ Խոսքը բոլոր ոլորտներում ճիշտ և հասցեական քաղաքականության մասին է։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6008

Մեկնաբանություններ