ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Միայն ոչ ստանդարտ մոտեցումներով Հայաստանը կարող է դուրս գալ ճգնաժամից»

«Միայն ոչ ստանդարտ մոտեցումներով Հայաստանը կարող է դուրս գալ ճգնաժամից»
27.02.2009 | 00:00

Տնտեսագիտության պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆՆ այն սակավաթիվ փորձագետներից է, ովքեր գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի լոկալ հետևանքները վերլուծելիս ո՛չ ռոմանտիկ լավատեսության գիրկն են ընկնում, պնդելով, թե ճգնաժամը «սահուն քայլելով, աննշմար» կշրջանցի Հայաստանը, ո՛չ էլ ծայրահեղ վատատեսությանն են տուրք տալիս՝ գուժելով ճգնաժամի փլատակների տակ հայտնվելու անխուսափելի բոթը։
Երեկ տնտեսագետն «Իրավունք de facto» ակումբում էր և կրկին անդրադարձավ օրախնդիր դարձած «գլոբալ» ու «լոկալ» ճգնաժամի թեմային՝ նախ և առաջ խոսելով համաշխարհային ֆինանսատնտեսական այդ պատուհասը դիմակայելու նպատակ հետապնդող Հայաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին։ Հիշեցնենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը երկու որոշում ընդունեց։ Առաջինը՝ ավելացնել այն ներմուծվող ապրանքատեսակների մաքսատուրքերը, որոնց տեղական արտադրությունը մենք ինքներս ի վիճակի ենք կազմակերպելու և զարգացնելու։ Երկրորդ՝ նոր սարքավորումների ու տեխնիկայի ներկրման դեպքում, երբ 1 մլն դոլարին համարժեք դրամից ավելի ներդրումներ են արվում, ավելացված արժեքի հարկ չի գանձվում երեք տարի ժամկետով։
«Սրանք, իհարկե, շատ կարևոր որոշումներ են,- ասաց տնտեսագետը,- թեև ունեն նաև խոցելի կողմեր։ Հատկապես՝ երկրորդ որոշումը, որովհետև փոքր և միջին բիզնեսն առանձնապես մեծ հնարավորություն չի ստանում նոր սարքավորումներ ներկրելու, քանի որ մեկ միլիոն դոլարից ավելի արժողությամբ սարքավորումներ ներկրել կարող են հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցիչները»։
Թաթուլ Մանասերյանը շոշափեց նաև Համաշխարհային բանկի և Ռուսաստանի կառավարության տրամադրած վարկային միջոցների թեման, ընդգծելով, որ եթե առաջինն օրինաչափ երևույթ է, ապա երկրորդ դեպքում սա միջպետական երկկողմ հարաբերություններով պայմանավորված աջակցություն է, և առայժմ հստակ տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչ ժամկետներով ու տոկոսադրույքներով է վարկը տրամադրվում, և տնտեսության որ ոլորտներին է այն հատկացվելու։
«Երկու վարկերը միասին վերցրած կազմում են մոտավորապես այն նույն գումարը, ինչն այսօր մեր արտաքին պարտքն է՝ 1 մլրդ ամերիկյան դոլարից ավելի, որը, մի կողմից, կարևոր է մեր տնտեսության զարգացման առումով, մյուս կողմից` մտահոգիչ է, քանի որ պետք է և՛ մայր գումարը վերադարձնել, և՛ տոկոսները»։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք համամիտ է էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն դիտարկման հետ, թե ճգնաժամի հետևանքները Հայաստանում լիարժեքորեն կհաղթահարվեն մեկուկես տարվա ընթացքում, Թաթուլ Մանասերյանը հետևյալ մեկնաբանությունն արեց. «Սա շատ կարևոր փուլ է Հայաստանի Հանրապետության համար՝ գնահատելու սեփական ռեսուրսները՝ զարգացման առումով, ընդհանրապես հաշվառելու դրանք և հասկանալու, թե ինչ ճանապարհով է հնարավոր առաջընթաց արձանագրել։ Արևմուտքն այսօր կանգնած է ոչ միայն ֆինանսական, այլև համակարգային ճգնաժամին դեմ հանդիման, քանի որ ազատական տնտեսության ողջ գաղափարախոսությունն է նույն ճգնաժամի մեջ։ Այն, ինչ մենք փորձում ենք անել անկախացումից ի վեր, ազատական տնտեսության ջատագովների միակողմանի քայլերով, փաստորեն իր վերջը գտավ՝ համընկնելով ֆինանսական ճգնաժամի հետ, որովհետև մենք միշտ դեպի դուրս ենք նայում ու փորձում ընդօրինակել։ Միայն ոչ ստանդարտ մոտեցումներով Հայաստանը կարող է դուրս գալ ճգնաժամից։ Նույնիսկ եթե ֆինանսական ճգնաժամն աշխարհում ավարտվի, բայց մենք չկարողանանք վերարժևորել այն, ինչ ունենք, դեռ շատ երկար կմնանք այդ ճգնաժամի մեջ»։
Վերարժևորելու մի քանի մեխանիզմներ շեշտեց տնտեսագիտության պրոֆեսորը, որոնց հայրենի կառավարությունը, հուսով ենք, ամենայն լրջությամբ կվերաբերվի՝ մեկուկես տարում ճգնաժամից դուրս գալու ռոմանտիկ հայտարարություններ անելուց առաջ։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 6018

Մեկնաբանություններ