ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը

Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը
05.09.2024 | 13:50

Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:

Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական գործընթացները դեպի 2026-ի հերթական ընտրություններ ուղղորդելն էր: Եվ կարող եմ հստակ պնդել. Նիկոլի վերջին ասուլիսն առաջին նախընտրական ասուլիսն էր:

Եվ, վերջապես, երրորդ արձանագրումս այն էր, որ այդ ընտրական ասուլիսի հիմնական լսարանը, նպատակային թիրախը «դուրսն» էր՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, գերտերությունները և գեոպոլիտիկ կենտրոնները: Նման թարգետավորման նպատակը պարզ է. առանց դրսի աջակցության և լոյալության՝ Նիկոլը ոչ միայն չի հաղթի 2026-ին, այլև պարզապես չի հասնի այդ ընտրություններին:

Ասուլիսից ամենաքննարկվող դրվագներից մեկն Ադրբեջանին հրապարակավ արված առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցվածը և շարունակել բանակցել տարաձայնությունների շուրջ: Այս մանևրի իմաստը նույնպես պարզ է և գալիս է հաստատելու դեռևս ամիսներ առաջ արած իմ այն կանխատեսումը, որ Նիկոլին 2026-ին ընդառաջ օդի և ջրի պես պետք է թուղթ, որը կկոչվի «Խաղաղության պայմանագիր»՝ անկախ նրանից, թե ինչի մասին է այն լինելու:

Սակայն ակնհայտ է, որ տվյալ մոտեցումը հայ ժողովրդին խաբելու հերթական մախինացիան է, թոզ փչելու շոու, որի վրա Փաշինյանը կառուցելու է իր ողջ ռազմավարությունը 2026-ին վերարտադրվելու համար: Այս շուլերությունը ոչ միայն ծուղակ է, այլև ամբողջությամբ հակասում է դիվանագիտական աքսիոմներից մեկին՝ «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի դեպ, փաշինյանական վարչախումբը պարբերաբար ժամանակին հիշատակում էր հենց այս մոտեցումը:

Բերեմ կենցաղային օրինակ:

Պատկերացրե՛ք, որ սրտի սուր ինֆարկտով հիվանդին բերել եք հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Բժիշկները մի քանի ժամ խորհրդավոր դեմքերով և լատիներեն բառերով ինքնամոռաց քննարկումներից հետո դուրս գան ռեանիմացիայից և մոտենան ձեզ՝ որպես հիվանդի հարազատների՝ հետևյալ առաջարկով.

– Գիտե՞ք,- ակնոցները ուղղելով՝ հեռվից սկսեն նրանք,- ձեր հիվանդը, բացի ինֆարկտից, ունի նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: Թե ինչպես բուժել նրա ինֆարկտը, մենք դեռ վերջնական չենք որոշել, բայց պատրաստ ենք անհապաղ սկսել նրա եղունգների գրիբոկի, խրոնիկ թութքի, քթի պոլիպի և սեղանատամի կարիեսի բուժումը:

Արդյո՞ք կտաք ձեր համաձայնությունը՝ մահամերձ պառկած հարազատին նման առաջնահերթ «բուժում» իրականացնելու:

Բնական է, որ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Փաշինյանի գերակայությունները, շարունակելու է նրան դեմ տալ է՛լ հայկական զինված ուժերի համար սահմանափակումներ, է՛լ Սահմանադրության փոփոխություն, է՛լ ԵՄ դիտորդական առաքելության փակում, է՛լ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նիկոլին չի փրկում անգամ Ալիևի հետ один на один մնալու ցանկությունը, որի հիմքում, կարծում եմ, նաև գեոպոլիտիկ խաղերի ընթացքում ստացած տրավմաներն են, որոնք ամոքելու համար էին նաև որոշակի ռևերանսները Ռուսաստանի հասցեին:

Ի դեպ, ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու՝ Ալիևի նոր պահանջի հիմքում նույնպես ցանկությունն է՝ հաճոյանալ Մոսկվային: Ալիևը հմտորեն օգտագործում է ՌԴ-Արևմուտք հակասությունները և Փաշինյանի բոլոր կիքսերն այդ դաշտում: ԵՄ-ն Ալիևից չի նեղանա նման առաջարկի համար (տե՞նց բաներ են ներել Ալիևին Բրյուսելում): Բայց գերզգայուն դարձած Մոսկվան հաստատ «բարձր կգնահատի» Ադրբեջանի նախագահի նետած քարը եվրաբյուրոկրատների ապակեպատ օֆիսների ուղղությամբ:

Ի մի բերելով փաշինյանական ասուլիսի տեսանելի և ենթադրելի տողատակերը՝ կարող ենք պոստֆակտում կարգախոս առաջարկել իրեն՝ դրսում իր համար բարենպաստ միջավայր ձևավորելու ջանքերին՝ «Օգնե՛ք ինձ՝ ծառայել ձեզ»:

Ավա՜ղ, կասկած չունեմ, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում Փաշինյանը կրկին կզիջի Ալիևին, կունենա Արևմուտքի սատարումը և նորից հույսեր կարթնացնի Մոսկվայի մոտ: Եվ այս ամենը բացառապես մեր՝ հայերիս հաշվին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

03.09.2024 թ.

Դիտվել է՝ 2610

Մեկնաբանություններ