ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եվ ամենուրեք՝ հայկական ծնծղաներ

Եվ ամենուրեք՝ հայկական ծնծղաներ
20.12.2013 | 10:58

Օսմանյան կայսրության ռազմամոլ ու կիսավայրենի թուրք բնակչությունը, որը 1453 թ. տիրացել էր տիեզերական Կոստանդնուպոլսին, հիմնականում զբաղված էր թալանով և ավարառությամբ, դրանով իսկ հեռու՝ արդեն անհասանելի մշակույթից, գիտությունից, արհեստներից և հատկապես՝ միջազգային բարեկիրթ առևտրից:
Հայտնի է, որ երբ թուրք ընտանիքում աղջիկ էր ծնվում, դաստիարակվում էր որպես հարեմի ընծա, իսկ տղան՝ ասկյար (զինվոր) կամ զափթիա (ամենատես ոստիկան):
Եվ պատահական չէ, որ բոլոր այդ ոլորտները, առանց որևէ դժվարության, իր ձեռքն առավ քաղաքի հիմնաբնակ հույն ու հայ բնակչությունը: Հայտնի է նաև, որ Կոստանդնուպոլսի առանձին թաղամասեր ու փողոցներ, որ զբաղեցնում էին հույն և հայ արհեստավորները, իրենց արհեստանոցներով ու գործատեղիներով, կրում էին թուրքերեն անվանումներ, իսկ մարդկանց հասարակ ու հատուկ անունները, համապատասխանաբար, ըստ փողոցի և մասնագիտության:
Դեռևս վաղ միջնադարից սկիզբ առած արաբածին ալքիմիան, արհեստական ոսկու և անմահության հեղուկի փնտրտուքի ճանապարհին, լայն տարածում էր գտել նաև Եվրոպայում:
Առանձնանում էին հատկապես եվրոպացի ալքիմիկոսները, որոնք այդ ճանապարհին բազմաթիվ ու բազմազան հայտնագործություններ էին կատարել: Արհեստական ոսկու փնտրտուքի մոլուցքով էր տարված նաև պոլսաբնակ Ավետիսը: Նա 1623 թ. տարբեր մետաղների, հատկապես պղնձի և անագի տարբեր չափաբաժնի համաձուլվածքից ստացավ ոչ թե ոսկի, այլ ոսկեգույն հնչեղ թիթեղ, որի թուրքերեն զիլ՝ ճչան, հնչուն բառից՝ այդ ածանցով, զիլճի-ից նրա ազգանունը դարձավ Զիլճյան և, ինչպես վերը նշվեց, պոլսահայ արհեստավորների ազգանունը դարձել էր ցուցիչը նրանց արհեստի՝ մասնագիտության: Եվ այսպես տարածուն էին դեիրմենջի (դեղագործ)՝ դեիրմենջիօղլու, հայերեն՝ Դեյրմենջյան, բասմաջի (չթագործ, չթավաճառ)՝ Բասմաջյան, գույումջի (ոսկերիչ)՝ Գույումջյան, չուխաջի (մահուդագործ, վերարկու կարող)՝ Չուխաջյան և այլն, մոտ երկու հազար արհեստ ու զբաղմունք և դրանց համապատասխան անվանում-ազգանուններ:
Ավետիս Զիլճյանի հայտնագործությունն իր կիրառությունը գտավ շրջանաձև՝ կլոր ափսեի ձևով ու սուր, ականջ ծակող ձայնով և որպես հոգեբանորեն մարդկանց սարսափեցնող գործոն, սկսեց լայնորեն օգտագործվել օսմանյան բանակում՝ արշավանքների ժամանակ:
Հնուց ի վեր թշնամու բանակի վրա տարբեր սուլող, ճչան, պայթուցիկ բազմաթիվ ձայները, որպես հոգեբանական ներգործման միջոցներ, հաճախ են օգտագործվել: Հիշենք, որ արդեն 20-րդ դարում, Մեծ հայրենական կոչված պատերազմի ժամանակ, օդանավերից թշնամու զորաբանակի վրա ռումբերի փոխարեն նետած մետաղյա երկբաց տակառները, խլացնող աղմուկով ու անտանելի սուլոցով, համարվում էին ռազմավարական արդյունավետ միջոցներ:
Զիլճյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք ստացան: Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվեցին ու սկսեցին օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում՝ երթային կամ նստակյաց նվագախմբերում, որպես հարվածային երաժշտական գործիք և արդեն իբրև իսկական ծնծղա:
Եվրոպական նվագախմբային մշակույթն աստիճանաբար յուրացրեց զիլճյանական ծնծղաները. դրանք օրեցօր կատարելագործվում էին, իրենցից հետ թողնելով օտարերկրյա մրցակիցներին, որոնց այդպես էլ չհաջողվեց բացահայտել հնչեղ համաձուլվածքի գաղտնիքը:
Հետագայում այդ հնչեղ «ափսեները» Քերոբե Զիլճյանի օրոք (1838-1910 թթ.), մասնակցելով միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների՝ Լոնդոն (1851 թ.), Փարիզ (1862 թ.), Չիկագո (1863 թ.), Բեռլին (1898 թ.), Վենետիկ (1907 թ.), արժանացել են բազմաթիվ մրցանակների, շահել անթիվ ու անհամար ոսկե մեդալներ ու «գրան պրի»-ներ:
Եվրոպական ու ամերիկյան օպերային, ջազ ու փոփ նվագախմբերում Զիլճյանների արտադրած ծնծղաների առկայությունն աներկբայորեն պատիվ էր համարվում: Բանն այն է, որ սկսած 18-րդ դարից, Եվրոպայում լայն տարածում գտավ նախկինում վայրենի ու բարբարոսական համարվող banda turca-իտալերեն՝ երաժշտագիտական և janissary-անգլերենով՝ ընդհանրացում ստացած ենիչերական կոչված նվագախմբային, ոչ մեղեդային երաժշտությունը:
Դա հատկապես ընդգծվեց, երբ թուրք սուլթանը 1720 թ. լեհ արքա Ավգուստ (Օգոստոս) 2-րդին նվիրեց ենիչերական երաժշտական գործիքների լրիվ խմբաքանակ, իսկ 1725 թ. Եկատերինա I կայսրուհին Պոլսում իր գործող բանակի «Ավանգարդ» նվագախմբի համար գնեց նույնը: Այնուհետև՝ եվրոպական աչքի ընկնող երգահանները սկսեցին ենիչերական-օսմանական կոչված այդ ժանրն օգտագործել ոչ միայն ռապսոդիաներում ու քայլերգերում, այլև օպերաներում ու դասական բազմաթիվ գործերում: ՈՒշագրավ են Գլյուկի, Վագների, Ռ. Շտրաուսի գործերը, Մոցարտի օպերաներն ու սիմֆոնիկ ստեղծագործությունները, Մոցարտի «Գերմանական ռազմերգը» (1788 թ.), գրված թուրքերի նկատմամբ Ավստրիայի տարած փայլուն, ավելի ճիշտ՝ դարակազմիկ հաղթանակի առիթով: Հետ չեն մնացել նաև 19-20-րդ դդ. ռուս երգահաններ Գլինկան, Չայկովսկին, Ռիմսկի-Կորսակովը, Պրոկոֆևը և Շոստակովիչը, իսկ հայերից՝ Արամ Խաչատրյանը:
Բնական է, որ այստեղ մեծ տեղ էին գրավում ծնծղաները՝ մենա և համընթաց կատարման ժամանակ:
Եղեռնի հենց սկզբից Զիլճյան գերդաստանը բազմաթիվ զոհեր է տալիս, իսկ ողջ մնացածները հրաշքով փրկվում ու ապաստան են գտնում ԱՄՆ-ում, չբացահայտված գաղտնիքը տեղափոխելով Մասաչուսեթսի նահանգի Նորթ Քուինս քաղաք, որտեղ հիմնադրված արհեստանոց-գործարանը գործում է ցայսօր:
Այս ընթացքում Զիլճյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան, ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ: Իսկ ամենակատարյալ ծնծղաները երկկողմանի են, և նրանց եզրերն ավելի են ճկվում ու ճոճվում, քանի որ բարակ են նախորդների համեմատ և արձակում են առավելապես հաճելի ու թրթռուն ձայն:
Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ, ռոկ նվագախմբերի հիմնական մատակարարը Զիլճյաններն են եղել, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և, ամենավերջին տվյալներով, միայն 2001 թ. վաճառքի հասույթն անցել է 37 միլիոնը:
Հայր Ավետիս Զիլճյանն առաջնեկ Արմանդի հետ հավասարապես մյուս՝ Ռոբերտ որդուն է կտակում իր ողջ կարողությունը, իսկ վերջինս ստացած ժառանգության կեսը տեղափոխում է Կանադա, հիմնադրելով «Սապեան» ընկերությունը, որը «Զիլճյան» կորպորացիայի միակ լուրջ մրցակիցն էր:
Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի միջնորդությամբ 1970-ականներին, որպես ամերիկահայ բարերարների նվիրատվություն, փողային գործիքների լրիվ խմբաքանակ, ծնծղաներով հանդերձ, տրամադրվեց Հայկազ Մեսիայանի Երևանի փողային նվագախմբին:
Մոտ չորս դար առաջ Կոստանդնուպոլսում ծնծղաների արտադրություն հիմնադրած Ավետիս Զիլճյանի գերդաստանի վերջին արու շառավիղը հանդիսացող 81-ամյա Արմանդ Զիլճյանը 2003 թ. դեկտեմբերի 26-ին իր մահկանացուն կնքեց Արիզոնայի նահանգի (ԱՄՆ) Սկոցթեյլի շրջանում. հետնորդները երեք դուստրերը, ութ թոռներն ու երկու ծոռներն են, որոնցից միայն Քրեյք դստերը նա կտակեց սեփական ընկերությունը:


Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 14237

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ