ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անհատույցն էլ չափ ունի

Անհատույցն էլ չափ ունի
08.08.2008 | 00:00

ԻՆՔՆԱԿԱՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Վերջերս ուժի մեջ մտավ «Երևան քաղաքում իրավունքի հաստատման փաստերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքը, ինչը քաղաքացիներին իրավունք է տալիս անհատույց մասնավորեցնել ինքնակամ զավթած որոշակի հողատարածք։ Համաձայն օրենքի, քաղաքացիները որոշակի փաստաթղթերով, այն է՝ ծննդյան տարեթիվ, կառույցի տարեթիվ, հողամասի նկատմամբ փաստաթղթային հիմքեր, այդ թվում նաև` հարկային մարմիններում եղած տեղեկատվություն տվյալ գույքի (հողի) նկատմամբ, պետք է դիմեն քաղաքապետարան։ Թեև մեկ շաբաթ է, ինչ օրենքն ուժի մեջ է մտել, հասարակության լայն շրջանակներում առաջացրել է մեծ հետաքրքրություն։ Ըստ տարբեր խոսակցությունների, սույն օրենքի շրջանակներում կարող են նաև մասնավորեցվել ինքնակամ կառույցները, կցակառույցները, հատկապես եղած սեփական գույքին կից։ Որքանո՞վ են այս խոսակցությունները հավաստի։ Այս և էլի մեկ-երկու հարցի շուրջ զրուցեցինք ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի գրանցման վարչության պետ ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ։
-Այս օրենքը չի վերաբերում ինքնակամ կառույցներին, այսինքն՝ հիշյալ օրենքի շրջանակներում ինքնակամ կառույցների մասնավորեցում չի ենթադրվում։ Հակառակ դեպքում անհասկանալի կդառնա՝ ինչ է նշանակում ապօրինի կառույցի հիմքերի վերականգնում, քանի որ հիմքերի վերականգնում ասվածը ենթադրում է փաստաթղթային ձևակերպում դրանց նկատմամբ։ Մինչդեռ այդպիսիք ինքնակամների դեպքում բացակայում են։ Այդ նույն մոտեցումը կիրառվում է նաև բազմաբնակարան շենքերում ինքնակամ կառուցված պատշգամբների կամ որոշակի տարածքներ ընդլայնելու դեպքերին։ Ի դեպ, նշեմ, որ ինքնակամների օրինականացման դեպքում գործում են ՀՀ կառավարության թիվ 731՝ «Պետական համայնքների հողերի վրա ապօրինի կառույցների գրանցման կարգի մասին» և թիվ 912՝ «Պետական հողերի վրա կառուցված կառույցների տնօրինման կարգի մասին» որոշումները։ Հստակեցնենք, որ վերը նշված օրենքը վերաբերում է մինչև 2001թ. ապօրինի զբաղեցրած հողատարածքների մի հատվածը, այսինքն՝ 300 քմ-ն անհատույց մասնավորեցնելուն։ Եթե հողատարածքը 300 քմ-ից ավելի է, ապա մնացած հատվածն ուղղակի վաճառքով տրամադրվում է քաղաքացուն։ Հիմքերի վերականգնում ասվածի մեջ ենթադրվում են այն կառույցները, որոնց նկատմամբ եղել, սակայն չեն պահպանվել փաստաթղթերը։ Եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, կառուցված չեն ինժեներատրանսպորտային գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա սույն օրենքով այդ կառույցները համարվում են սեփականություն։
-Իսկ ինչպե՞ս պետք է մարդը կարողանա ապացուցել, որ այդ հողն իրենն է եղել, եթե դրա նկատմամբ հիմքերը պահպանված չեն։
-Այդ խնդիրը լուծվում է մի քանի կառույցների համատեղ ջանքերով, մասնավորապես հարկային, տեղական ինքնակառավարման մարմինների և պետական արխիվի միջոցով։
-Ի՞նչ ժամանակահատվածում քաղաքացին կարող է դիմել համապատասխան կառույցին։
-Դիմումների հանձնման ժամկետային սահմանափակում չկա, միակ սահմանափակումը կառույցի տարեթիվն է, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկված տարածքները, սերվիտուտ պահանջելու իրավունքը և քաղաքաշինական նորմերի պահպանումը։ Ինչ վերաբերում է մինչև 300 քմ ապօրինի օգտագործվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերին և կամ դրանց վրա կառուցված բնակելի տներին և բնակելի նշանակության օժանդակ շինություններին, ապա դրանք պարտադիր պետք է համապատասխանեն հետևյալ պայմաններին.
ա) օրինական շինությունը պետք է կառուցված լինի մինչև 2001-ի մայիսի 15-ը, բ) զավթած հողատարածքները պետք է սահմանազատված լինեն։ Եվ կրկին պետք է չհակասեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկին, քաղաքաշինական նորմերին ու չառաջացնեն սերվիտուտ։ Ըստ էության, ժամկետների խնդիր չէր էլ կարող դրվել, քանի որ այս օրենքի ընդունման հիմքում առաջնային է սոցիալական բեռի թեթևացման հարցը։ Գաղտնիք չէ, որ և՛ խորհրդային, և՛ հետխորհրդային տարիներին մարդիկ իրենց սոցիալական խնդիրները փորձել են ինքնուրույն լուծել, ինչի պատճառով այսօր արդեն առաջացել է լուրջ դժվարություն այդ հողերի կարգավիճակի հստակեցման հարցում։ Բնականաբար, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը, կառավարությունն ընդառաջեց և ձևավորեց սույն օրենքը։
Զրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3770

Մեկնաբանություններ