Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Որպեսզի իմ ունեցվածքին տեր դառնամ, պիտի իմանամ՝ ինչ ունեմ»

«Որպեսզի իմ ունեցվածքին տեր  դառնամ, պիտի իմանամ՝ ինչ ունեմ»
05.06.2015 | 11:37

Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը լսում էր լրագրող Սեներ Յալչընի գործը, ով, չգիտեմ ինչ ճանապարհով, Թուրքիայի հատուկ հետախուզության ծառայությունից ստացել և իր համակարգչում տեղադրել էր Դիարբեքիրի Լիչե շրջանի ծպտյալ հայերի 84-էջանոց ցուցակ: Այդ շրջանում կար 1600 հայ ընտանիք: Տեղեկությունը առգրավել էին, իրեն էլ դատել:
«Իրատես de facto» ակումբում հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությունից վրիպած այս իրողությունը հիշեցրեց քաղաքագետ ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ, նշելով, որ Թուրքիայի հատուկ ծառայությունները զբաղվում են արխիվների հիմնախնդրով. «Եթե մի փոքր շրջանում այդքան հայ է հայտնաբերվել, ապա մնացած շրջաններում ինչքա՞ն կլինի։ 1831-ին Օսմանյան Թուրքիայում անցկացված մարդահամարի տվյալները մինչև հիմա փակ են, չկան: Թուրքիայի պետական արխիվը հայտարարեց, որ կթվայնացնի դրանք: Միլիոնավոր փաստաթղթերից թվայնացվել են՝ Վան նահանգից՝ 0, Ադանայից՝ 14, Դիարբեքիրից՝ 6, Մարաշից՝ 12, Ստամբուլից՝ 577, կայսրության արևելյան և սևծովյան հայաշատ նահանգներից՝ 215 փաստաթուղթ: Այսքանը: Եթե մենք չենք կարողանում ասել հայության ճիշտ թիվը, հետագայում պահանջներ ներկայացնելիս ինչո՞վ ենք առաջնորդվելու»:
Բանախոսի փոխանցմամբ՝ մենք չունենք օսմանագետների խումբ, որն ուսումնասիրեր այդ փաստաթղթերը. «Նման խումբ ձևավորելու համար 25-50 տարի կպահանջվի: Մենք հետ ենք մնացել այս խնդրում: Մեր պետությունը նման խնդիր իր առջև չի դրել: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները հաջողված էին, անգամ նորաձևության շոու արեցին, բայց չեն կարողանում օսմանագետների խումբ կազմել, ֆինանսավորել ու գործուղել Թուրքիա»:
Նրանք, ովքեր արմատներով Արևմտյան Հայաստանից են, քաղաքագետի խոսքով, օսմանյան ժառանգության կրողն են. «Մեր պապերը 700 տարի ապրել են Օսմանյան կայսրությունում, որի փլուզումից հետո մի գոյություն չունեցող ազգ՝ թուրքը, ասաց՝ ես եմ ժառանգորդը: Բա մեր ունեցա՞ծը, բա հույնե՞րը, բա ասորինե՞րը, բա ալբանացինե՞րը: 700 տարվա մեջ ոչինչ չե՞նք ստեղծել այդ կայսրությունում: Սա զուտ փիլիսոփայական դիտանկյունից, բայց որպեսզի իմ ունեցվածքին տեր դառնամ, պիտի իմանամ՝ ինչ ունեմ: Ո՞վ պետք է այս հարցը լուծի»:
Հարցն առկախ մնաց: Քաղաքագետը, այնուհանդերձ, նկատեց, որ օրինական, ակադեմիական ճանապարհով հնարավոր չէ ձեռք բերել մեզ անհրաժեշտ տվյալները, սակայն կան նպատակին հասնելու տասնյակ ձևեր:

Ակումբավար`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 288476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ