Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Գորշ գայլեր»

«Գորշ գայլեր»
15.05.2009 | 00:00

ՃԱՆԱՉԻՐ ԹՇՆԱՄՈՒՆ
Աշխարհում նոր և բարդ քաղաքական զարգացումներ են ընթանում, որոնք մեզ պարտադրում են զգոն լինել՝ խուսափելու նոր կորուստներից: Մենք քաղաքական լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծումը կախված է նաև «Գորշ գայլերի» մասին մեր ունեցած տեղեկատվությունից, հարցի իմացության խորությունից:
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի վերլուծաբանի ներկայացրած այս հոդվածը ևս մի քայլ է թշնամուն ճանաչելու ճանապարհին, և, հույս ունենք, հայ ընթերցողին օգտակար կլինի:
2009 թ. մարտի 29-ին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Գորշ գայլերը» գրավեցին 3-րդ տեղը։ Իսկ ովքե՞ր են նրանք, այդ «Գորշ գայլերը»:
«Գորշ գայլեր» (Bozkurt) ահաբեկչական-մաֆիոզ թուրք ծայրահեղական աջակողմյան կազմակերպության մասին սակավ նյութեր կան, որի պատճառն են հենց իրենք՝ «Գորշ գայլերը». նրանք աշխատում են, որ իրենց կազմակերպության իրական պատկերն աշխարհում չտարածվի, քանի որ դա բացասաբար կազդի հատկապես երկրից դուրս՝ այլ երկրներում գործող իրենց մասնաճյուղերի վրա: Բանն այն է, որ այլ երկրներում նրանք հիմնականում կազմակերպվում են մշակութային, սպորտային ու ասիմիլյացիային նպաստող կազմակերպությունների տեսքով: Եվ այդ երկրներից մեծ գումարներ են ստանում, որպեսզի օգնեն այդ երկրների ժողովուրդների հետ թուրքերի ինտեգրացմանը: Իրականում, սակայն, ֆինանսական միջոցները ոչ միայն չեն նպաստում ժողովուրդների ինտեգրացման ընթացքին, այլև օգտագործվում են ազգայնամոլական, պանթուրքական ծրագրերն իրագործելու նպատակով: Երբեմն տվյալ երկրի իշխանություններին հայտնի է դառնում այդ իրողությունը, բայց հաճախ նրանք ասում են. «Կարևորը նրանց արտաքին վարվելակերպն է, իսկ թե որտե՞ղ իրականում կծախսվեն այդ ֆինանսական միջոցները, այդտեղ մենք ոչինչ անել չենք կարող»: Այնինչ «ՈՒլքյու օջաքլար» իդեալիստական օջախների իդեալիստների մոտ կա սիրված ասացվածք. «Այն, ինչ չհաջողվեց անել օսմանցիներին յաթաղանի միջոցով, այն է՝ գրավել Արևմուտքը, հաջողվեց անել թուրք միգրանտներին»:
Նրանց գործունեությունն ուղղված է երկրի ներսում ժողովրդավար ուժերի և ազգային փոքրամասնությունների, երկրից դուրս՝ թշնամական երկրների, պանթուրքիզմի (թուրանչըլըքի) ծրագրերի իրականացմանը խոչընդոտող անձանց դեմ: Որոշ տեղեկություններ իրենք իրենց մասին տալիս են ինտերնետային Bozkurt.net վեբ-կայքում, որտեղ Գորշ գայլի էպոսն է, Գորշ գայլերի հիմնը, քայլերգը, այլ երգերի ու բանաստեղծությունների տեքստերը, սակայն առավել նշանակալից էջերը բաց են միայն կազմակերպության անդամների համար. դրանցից կարող են օգտվել հատուկ ծածկանուններով և գաղտնաբառով:
Հակահայ գործունեություն է վարում հատկապես «Գորշ գայլեր»-ի ադրբեջանական մասնաճյուղը: Ելնելով այս ամենից, որ, ինչպես նշվում է «Ակոս» թերթի 2008 թ. փետրվարի 1-ի համարում, աճում է հետաքրքրությունը հայերենի, ըստ իս. նաև հայերի նկատմամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Նևշեհիր համալսարանի գիտական-գրական ֆակուլտետում հայերենի, եբրայերենի և հունարենի բաժինների հաստատման համար հատուկ դիմում է կատարվել բարձրագույն ուսումնական խորհրդին: Եթե խորհուրդն այն վավերացնի, Թուրքիայի մեջ առաջին անգամ հիմնված կլինի հայերենի ամբիոն: (Թեև լուրն այսպես են հաղորդել լրատու գործակալությունները, սակայն արժե հիշեցնել, որ նման ծրագիր կիրառվել է Ստամբուլի համալսարանում):
Նևշեհիր համալսարանի գիտական-գրական ֆակուլտետի տեսուչ պրոֆեսոր Մեթին Հիվլակիվը հայտարարել է, թե Թուրքիայի մեջ շատ քիչ է հայերեն, հունարեն և եբրայերեն իմացողների թիվը, և այս լեզուներին տիրապետող մասնագետների պահանջ կա: Ավելացրել է նաև, որ մայիսին, Կեսարիայի Էրչիսեյ համալսարանի հետ համագործակցելով, պետք է կազմակերպվի «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով գիտաժողով:
«Հայաստանի, Իսրայելի և Հունաստանի հետ հարաբերություններ ունենք: Գոյություն ունեն խնդիրներ, հասարակական հարցեր և անհամաձայնություններ: Այս նյութերի շուրջ առողջ երկխոսության համար կարիք կա այս երկրների լեզուներն իմացողների, որոնց թիվը շատ անբավարար է:
Այս ամբիոնը բացելով՝ մտադրություն ունենք նախ այդ պահանջը բավարարել, ապա այդ երկրների հետ հարաբերությունները զարգացնել և համատեղ գիտական ուսումնասիրություններ կատարել:
Հայաստանի հետ վերջերս վեճի նյութ դարձած իբրև ցեղասպանության հարցով դաշնակցություն կուսակցության արխիվների բացվելը օրակարգի հարց է: Կարծեցվածից քիչ է հայկական արխիվներն ուսումնասիրելու ընդունակ մասնագետների թիվը: Այս արխիվներից օգտվելու համար քանի՞ մասնագետ ունենք: Թիվը շատ սահմանափակ է: Իսրայելը տարածաշրջանի մեջ կարևոր երկիր է: Իսկ Հունաստանի հետ՝ իբրև դրացի երկրի, երկար տարիներ է, ինչ չունենք ջերմ հարաբերություններ:
Այս բաժնի միջոցով պետք է հաջողացնենք նախ` գիտական, ապա մշակութային համագործակցություն»:
Եղած նյութերի հիման վրա կփորձենք լուսաբանել այդ կազմակերպության ստեղծման պատմությունը, անվան ծագման պատմությունը, գործունեությունն արդի աշխարհում և քաղաքականության մեջ ունեցած դերը:
Bozkurt.net վեբ-կայքից և Գումլիևի «Հին թուրքերը» (Гумлиев «Древние тюрки») գրքից իմանում ենք, թե ի՛նչ է Գորշ գայլը: Բերնեբերան անցած թուրքական դիցաբանություն, որը հետո գրի առնվեց ու դարձավ թուրքերին հաղթանակների տանող խորհրդանիշ: Գորշ գայլը թուրքերի համար նույնն է, ինչ անգլիացիների համար առյուծը, ռուսների համար արջը, պարսիկների համար վագրը, ճապոնացիների համար ծովահրեշը, իտալացիների համար Հռոմի գայլը, տիբեթցիների համար որձ կապիկը, ամերիկացիների համար արծիվը:
Bozkurt.net վեբ-կայքից` «Ամեն ազգի պատմություն սկսվում է մեկ կամ մի շարք էպոսներով: Գրավոր խոսքի ներմուծվելուց առաջ կային էպոսներ, որոնք բերնեբերան փոխանցվում էին սերնդեսերունդ: Ինչպես ամեն մի ազգի էպոս, թուրքական էպոսը նույնպես չի գրվել մեկ հոգու ձեռքով: Երկար ժամանակ որպես հեքիաթներ և պատմություններ են գոյություն ունեցել, որոնցից մի քանիսը հրապարակվեցին առանձին գրքույկով: Այսպիսով` 8-10 էպոս հավաքվեց մեկտեղ: Դրանք հետո ավելացվեցին և զետեղվեցին մի գրքում` ներառելով արդեն 15-20 էպոս, և գրվեց մի ավելի մեծ դիցաբանական գիրք»:
Վեբ-կայքում գրված է նաև. «Ամեն կրթված թուրք, որը չի ընդունում «Գորշ գայլին», նշանակում է չի ճանաչում, ժխտում է ազգային պատմությունը, իսկ իր ազգը և ազգությունը չհարգողին ոչ ոք չի հարգի»:
Պատահական չէ, որ վեբ-կայքի հենց առաջին էջում է տեղադրված հետևյալ քառատողը.
Գորշ գայլ
Ղուրան ունեն Գորշ գայլերը,
Ալլահն է նրանց միակ յարը,
Թո՛ղ չմաղի նրանց ժպիտներին ձյունը,
Մինչև որ չմարի նրանց հավատքը:
Մոտենալով Խունական դարաշրջանին և հատկապես Խունական դարաշրջանում (այս թվարկությունից 200 տարի առաջ) Գորշ գայլն ավելի է կարևորվում: Արդեն այն միայն հոգևոր մի Հայր կամ միայն դրոշի վրա եղած ազգային մի խորհրդանիշ չէ: Այս ամբողջի հետ արդեն Գորշ գայլը (հին թուրքերենում գորշ գայլին անվանում են Քյոք-Բյորի կամ էլ Բյորթե-Չինե) որպես մի աստվածային ուժ, բանակին ճանապարհ ցույց տվող ուղեկցորդ, դժվարության մեջ մնացածին վազող-հասնող մի օգնական է:
Գորշ գայլի էպոսներից մեկը (չինական աղբյուրներից...).
«...Թուրքերի նախնիները բնակվել են Արևմտյան ծովի արևմտյան ափին: Թուրքերին ջարդում էր Լին անվամբ երկրի բանակը: Սպանում են բոլորին, բացի մի 10-ամյա տղայից, որին Լին երկրի զինվորները խղճում են, ձեռքերը-ոտքերը կտրելով` նետում են մի ճահճուտ: Իմանալով այդ մասին` Լին երկրի տիրակալը հրամայում է սպանել նրան նույնպես, որ թուրքերի արմատը վերջնականապես կտրվի... Թշնամու զորքերը երեխային գտնելու համար ճամփա են ընկնում: Բայց մի էգ գորշ գայլ, երեխայի ծոծրակից ատամներով բռնելով, փախցնում է Ալթայ: Ալթայի լեռներում, որտեղ անտառ կար, մի քարանձավում պահում է երեխային: Վերքերը լիզելով, խնամելով բուժում է: Տղան շուտով ամուսնանում է: Նա ծնում է 10 երեխա, որոնք էլ, ուրիշ աղջիկների հետ ամուսնանալով, բազմանում են, բանակ են ստեղծում, հարձակվում Լին երկրի վրա և լուծում նախնիների վրեժը: Ստեղծվում է մի հզոր պետություն, որը տիրում է շուրջբոլորը: Եվ խաները, իրենց նախնիների մոր հարգանքից դրդված, իրենց զարդարված վրանների առջև գայլի գլխով մի դրոշակ են ամրացնում»: Այդ խորհրդանիշը հետագայում գործածվել է նաև Աթաթուրքի կառավարման տարիների թուրքական տարադրամի վրա, որով «Գորշ գայլեր»-ը փորձում են Աթաթուրքին նույնպես «Գորշ գայլ» ներկայացնել: Bozkurt.net վեբ-կայքում կա տեղեկություն նաև այն մասին, որ իբր թուրքերը հին երկաթագործներ են: Եվ այսպիսի տողեր. «...Թրքությունը չի մոռացել և պաշտպանում է իր ազգային արժեքները և սիմվոլները: Թուրք ազգայնականները երբեք չեն մոռանալու և շարունակելու են ապրեցնել դրանք: Մինչև երկրի կանգ առնելն էլ լուսինն ու աստղով կարմիր դրոշը շարունակելու են ծածանվել երկնքում, ու գորշ գայլը շարունակելու է մնալ որպես թրքության անկախության ու ազատության սիմվոլ»:
Գումլիևի «Древние тюрки» գրքում զետեղված է Գորշ գայլի առաջին լեգենդը, որտեղ նշվում է. «Խունի տան շրջանից մինչև արևմտյան շրջանը, այսինքն՝ Աթիլլայի տերությունը (որն իր ամենահզոր ժամանակաշրջանում իրեն է ենթարկել Արևելյան Հռոմեական կայսրությունը, Կապադովկիան, բնաջնջել Սիրիան) գրեթե ամբողջովին ավերվում է հարևանների կողմից. փրկվում է միայն մեկ 9-ամյա տղա, որին թշնամիները, ձեռքերն ու ոտքերը կտրելուց հետո, նետում են ճահճի մեջ: Այնտեղ նրանից հղիանում է մի էգ գայլ: Ի վերջո, տղային սպանում են, իսկ էգ գայլը փախչում է Ալթայ և այնտեղ ծնում է 10 տղայի. ազգը մեծանում ու զորանում է»:
Եվ այսպես, ըստ այս լեգենդի, թյուրքութներն առաջացել են արևմտյան հոներից: Սրանք եղել են քոչվոր ցեղեր՝ ձևավորված 2-4-րդ դարերում, այժմ՝ որպես ժողովուրդ, ըստ էության, չկան, բայց դեռևս մերձսևծովյան որոշ քոչվոր ցեղերի հանդեպ օգտագործվում է այդ անվանումը:
Իսկ ըստ երկրորդ լեգենդի՝ թյուրքերն առաջացել են տեղական Սո ցեղից ու նորից էգ գայլից: Ողջ ցեղը մահանում է իր հիմարությունից (պատճառը չի բացատրվում), և միայն էգ գայլի 4 թոռներն են փրկվում: Մեկը վերածվում է կարապի, երկրորդը բնակվում է Աբու (Աբական) և Գյան (Ենիսեյ) գետերի մեջտեղում, իսկ երրորդն ու չորրորդը` Չուսի (Չուի) գետերում՝ հարավային Ալթայում:
5-րդ դարում թյուրք էր անվանվում իշխան Աշինայի («Աշինա» հին չիներենով «բարի գայլ» է նշանակում) շուրջ հավաքված հորդան, որը 6-8-րդ դարերում կազմում էր ոչ մեծ մի ժողովուրդ, որն արդեն խոսում էր թյուրքերեն (Մեթեի դինաստիային` Աշինայի տղաներին կոչում էին Բոզքուրթ-սուլթաններ, իբր նրանք սերում էին գորշ գայլից): Իսկ ինքը՝ թյուրքալեզու շրջանը, ձգվում էր արդեն Ալթայից արևմուտք՝ այն երկրները, որտեղ ապրում էին ղազերը, պեչենեգները, հին բուլղարներն ու հոները:
Հրաչիկ Սիմոնյանի «Թուրք-հայկական հարաբերությունների պատմությունից» գրքում կարդում ենք. «1944 թվի հունվարին լույս տեսավ Օ. Թյուրքանի «Նացիոնալիզմի ճանապարհին» գիրքը, որի մեջ հեղինակը թուրքիզմը համեմատում է ֆաշիզմի հետ, կարծում, որ դրանք նույն իմաստն ունեն, ապա կոչ է անում պաշտպանել ֆաշիզմը և չդադարեցնել թշնամանքը Խորհրդային Միության հանդեպ: «Թուրքիզմը,- գրում էր նա,- թուրքական նացիոնալիզմն է, որ գոյություն ունի Թուրքիայում, ինչպես Գերմանիայում գոյություն ունի նացիոնալ-սոցիալիզմ»: Այնուհետև նշում է. «Թուրքիզմը, ինչպես և ամեն նացիոնալիզմ, հետապնդում է ազգային դաշինքի գաղափարը…»:
Նույն թվին լույս է տեսնում նույն Թյուրքանի «Դեպի թուրքիզմի ուղին» գիրքը, որտեղ հեղինակը գրում է, թե թուրքերին քաղաքականապես բաժանել են դժբախտ դեպքերն ու իրադարձությունները, և որ անհրաժեշտ է նորից միավորել նրանց: Իսկ ո՞վ պետք է ստանձնի միավորողի դերը, եթե ոչ՝ գորշգայլական թուրքիզմը: Գրքի «Գորշգայլականների կանոնադրությունը և երդումը» գլխում Թյուրքանը գրում է. «Ո՞վ ենք մենք: Գորշգայլականնե՛ր: Մեր գաղափարախոսությո՞ւնը: Թուրքի՛զմ: Ինչի՞ն են հավատում գորշգայլականները: Մյուս բոլոր ռասաների ու ազգերի նկատմամբ թուրքական ռասայի ու թուրքական ազգի գերազանցությանը: Արդյո՞ք գորշգայլականները պանթուրքական են: Այո՛: Գորշգայլական թուրքիզմի սուրբ իդեալն է՝ Թուրքիան ընդարձակելը: Ի՞նչ իրավունքների վրա է խարսխվում այդ սկզբունքը: Գորշգայլականներն արդեն վաղուց հռչակել են. «Իրավունքը չի տրվում, այն վերցվում է» սկզբունքը: Այսինքն՝ դուք առաջարկում եք պայքա՞ր: Այո՛: Պատերազմը բնության օրենքն է, մենք՝ ռազմիկների սերունդ…»:
Գրքի տարբեր էջերում Օ. Թյուրքանը գովերգում է «թուրքական ռասան» և նրա «բարեմասնությունները», զարգացնում թուրքերի՝ «ընտրյալ» լինելու մասին գաղափարն արդեն այն աստիճան, որ այդ հարցերում առաջ է անցնում իր հոգևոր ուսուցիչ Զիա Գեոքալփից:
(շարունակելի)
Աշոտ ԱՎԱԳՅԱՆ
Արևելագետ

Դիտվել է՝ 7633

Մեկնաբանություններ