Աշոտյանը մի հարցում ճիշտ է, երբ ասում է, թե ծնողներն են մեղավոր, որ դպրոցներում կաշառակերություն է տիրում: Գուցե այո, դպրոցներում չլիներ ներկա պատկերը, եթե չլինեին նաև ուսուցիչներին հավերժ քծնող ծնողկոմիտեները: Ո՞րն է նրանց դերը` գումար հավաքելը և անմեղի և զոհի կերպարանք ընդունած` ծնողների աչքերին նայելը` թե իբր` ես ի՞նչ անեմ, ասել են, ես էլ ձեզ եմ ասում: Այս ամենը ևս հասկանում ենք, բայց գոյություն ունի մեկ ճշմարտություն. եթե այդ նույն ծնողները, որոնք հլու հնազանդ ամեն անգամ վճարում են դպրոցի պահանջած գումարները, բայց տալուց հետո քննարկում ու մեղադրում են և՛ ուզողին և՛ ուսուցչին, եթե նրանք փորձեն մեկ անգամ դեմ գնալ այդ ախտածին երևույթին, հաստատ ոչ մի ահավոր բան տեղի չի ունենա:
Զավեշտալին այն, որ թեև ավարտվեց ուսումնական տարին, բայց շարունակում են գումարներ կորզել: Օրինակ, ինչ իմաստ ունի «ախրանայի» համար գումար հավաքել, եթե այս երեք ամիսը դաս-դպրոց չկա, «ախրանիկներն էլ», ինչպես աշակերտները, հանգստանում են: Հարց է առաջանում` ինչ արեցին նրանք ողջ ուսումնական տարին, որ հիմա, դպրոց չեղած ժամանակ ինչ անենք: Եվ եթե կա մեկը, ով օգտվում է նրանց ծառայություններից, թող նա էլ վճարի: Սրա բացատրությունն էլ են գտել`ախրանան ամբողջ ամառ պետք է հսկի դպրոցի գույքն ու կարողությունը, որ չթալանեն: Այսինքն` թալանելով ծնողներին, դպրոցի պատե՞րն են պահպանում թալանվելուց: Ի դեպ, դպրոց կա, որ ունի 40-50 դասարան` 30-35 աշակերտով: Եթե ամեն աշակերտ վաճարի 600 դրամ` ամառվա երեք ամիսների համար, միայն կարելի է պատկերացնել, թե ընդհանուր ինչ թիվ է ստացվում:
Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները, հարց` որ շատ է քննարկվում ծնողների շրջանում: Նրանցից յուրաքանչյուրն իր ենթադրությունն ունի. ասում են թե` «վերևները»: Վերև ասելով, ամենքս հասկանում ենք քաղաքապետարան, նախարարություն, ավելի վերև...Կամ հետաքրքիր է, որտեղի՞ց տնօրեններին այդ «ռիսկը», ովքե՞ր են իրականում հովանավորում նրանց, որ ոչ ահ ունեն, ոչ սարսափ: Վերջապես, ո՞ւմ ենք արդյոք մենք` ծնողներս, անհիմն վճարում...
Կամ` ենթադրենք, ի՞նչ պարտադիր է սոցիալ-տնտեսական այս ծանր պայմաններում, աշխատանքի բացակայության նման սուղ իրավիճակում յուրաքանչյուր ծնողից պահանջել 2000-3000-ական դրամ` երեք ուսուցչի ծաղիկ նվիրելու նպատակով: Փորձեք հաշվել` 35 աշակերտ, երեք դասատու, 2000 դրամ և երեք ծաղկեփունջ...
Մեր շատ սիրելի, ինչպես նաև խորամանկ ծնողկոմիտեի ներկայացուցիչները, որոնց բերանին լոզունգ է դարձել այն, թե` պարտադիր չէ, ով ուզում է թող նա տա, առնվազն` կապիկություն է: Դե արի, սրանց բացատրի, որ ծնողը, որքան էլ չուզենա վճարել կամ չկարողանա վճարել այդ ոչ պարտադրյալ գումարը, երբեք չի ցանկանա տվյալ դպրոցում դառնալ «սպիտակ ագռավ», որպեսզի այդ խեղճին մատով ցույց չտան, որովհետև, գաղտնիք չէ, այնպիսի ժամանակներում ենք ապրում, որտեղ ցինիզմը չափ ու սահմաններ չի ճանաչում, որտեղ մարդիկ առիթի են սպասում` միմյանց ծաղրելու, հետևներից չարախնդալու: Եվ այդ անդաստիարակությունը տիրում է ոչ միայն փոքրերի, շփացած դեռահասների, որոնք այդ ոգով էլ բանակ են գնում և իրենց լկտի պահվածքով փորձանք դառնում պետության գլխին, այլև մեծահասկաների մոտ: Այդ անդաստիարակությունից էլ սերվում է այսօրվա սերունդը:
Ահա թե ինչ նկատի ուներ ԿԳ նախարարը, երբ ասում էր` ծնողներն են մեղավոր դպրոցներում տիրեղ անօրիանականություների համար:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ