Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սիրում եմ քեզ, Հալե՛պ, առանց տեսնելու

Սիրում եմ քեզ, Հալե՛պ, առանց տեսնելու
08.09.2017 | 05:58

Յուրաքանչյուր հալեպահայի շուրթերից ամենահաճախ հնչող արտահայտությունն է՝ Հալեպն ուրիշ է: Իսկ ինչպիսի՞ն է: Դա այն Հալե՞պն է, որ տեսնում ենք լրատվական հաղորդումների տեսանյութերում, որի մասին կարդում ենք թերթերում, թե՞ մեկ այլ քաղաք է:


Հալեպահայն ապրում է բոլորովին այլ իրականության մեջ, իր՝ հալեպահայի ստեղծած, տասնամյակների ընթացքում սնած, գեղեցկացրած, շենացրած, հայացրած քաղաքում: Ամեն հալեպահայ հպարտությամբ է կրում այն համոզմունքը, որ եթե հայերը չլինեին, քաղաքը կորած էր: Բերնեբերան պտտվում է թևավոր խոսքը, թե հայերը քաղաքի վարդն են: Այս արտահայտությունը հպարտություն, ուժ, ինքնավստահություն է ներշնչում հալեպահային: Յուրաքանչյուր հալեպահայ համոզված է, որ հայն ավելի զարգացած է, ավելի բանիմաց, ավելի խելացի, ավելի հյուրասեր, ավելի շնորհալի: Սա իր բացատրությունն ունի։ Երբ մարդն ապրում է օտար երկրում, իր ծննդավայրում, բայց ոչ հայրենիքում, երբ այդ երկիրը պատկանում է այլ ազգի, այնտեղ գոյատևելու և միշտ ջրի երեսին մնալու միակ տարբերակը երբեմն անհամեստության հասնող ինքնավստահությունն է: Հանգամանքները ձևավորել են հալեպահայի յուրահատուկ հոգեբանությունը:


Սիրում եմ քեզ, Հալե՛պ, առանց տեսնելու: Սիրում եմ քեզ հալեպահայի աչքերով, քո անթերի լինելը, քո աննման կերակուրները՝ մամոնիադուֆուլդ, զարդարդ, ձիթապտուղդ, փախլավադ, թահինով հացդ: Հայաստանում պատրաստում են, բայց համը նույնը չէ: Հալեպինն ուրիշ է: Հարսանիքներդ եմ սիրում` իրենց շքեղությամբ, հարսների գեղեցկությամբ, ոսկու և ադամանդի փայլով, հարուստ օժիտով: Հայաստանում էլ վատ չէ, բայց Հալեպինը բացառիկ է: Սիրում եմ հավատավոր հայությանդ, պատարագներդ և եկեղեցական տոնակատարություններդ: Ճիշտ է, Հայաստանում էլ են դրանք նշվում, բայց այնտեղ յուրահատուկ է:
Հանգստությունդ եմ շատ սիրում, Հալե՛պ: Քո կանանց ճեմելն եմ սիրում, ժամերով սուրճ խմելը, իրար հյուր գնալը, երկար ու բարակ զրույցները: Ամուսինների աշխատասիրությունն եմ սիրում, կանանց հանգիստը չխանգարելն եմ սիրում: Հայաստանում լավ է, բայց այդ հանգիստը, ընդարմությունը չկան:


Հարսանիքներիդ մասին խոսեցի, բայց թաղումներդ մոռացա: Էս ի՜նչ երկիր է Հայաստանը, մահացածին ոնց կարելի է երեք օր պահել, այն էլ տանը: Նույն օրը պետք է թաղել, հոգեհանգիստն էլ եկեղեցում անել: Պատերազմի ժամանակ, գիտեմ, հայկական գերեզմանոցդ փակ էր, նոր է բացվել:
Ա՜խ, այդ պատերազմը: Մի հալեպահայի հարցնում եմ` ինչու՞ չես ժպտում, ինչի՞ց ես նեղված, չէ՞ որ հայրենիքում ես, չէ՞ որ զավակներդ շուրջդ են, բոլորն առողջ են, աշխատում են: Ասում է՝ պատերազմը թողե՞ց, որ ժպտամ, ինչի՞ համար ժպտամ: Լռություն եմ ուզում: Հիշեցի, երբ իննսունականներից հետո արտասահմանից Հայաստան եկածները հայաստանցիներին մեղադրում էին մռայլության մեջ: Ես իմ տված հարցից ամաչեցի:


-Վախով էինք ապրում: Ամեն վայրկյան զորանոցի ձայնն էինք լսում: Ո՛չ գիշերն էինք հասկանում, ո՛չ ցերեկը: Մի կողմից` ռումբերի ձայնն էր, մյուս կողմից` ջուր չկար, լույս չկար: Ռումբը հարևանիս պատշգամբ ընկավ: Զինվորները, որոնց ամեն օր տեսնում էինք, հացուջուր էինք տալիս, մեկ էլ հանկարծ անհետանում էին, իմանում էինք, որ ճակատ են տարել, զոհվել են:
Պատերազմ ապրած հալեպահայերը բարկացած են աշխարհի վրա, նրանց նկատմամբ մի փոքր համբերատար է պետք լինել: Միշտ հանգիստ, խաղաղ կյանքի սովոր, լիության մեջ ապրող մարդիկ վերջին վեց տարում դուրս են նետվել իրենց կյանքի բնականոն հունից: Ոչ բոլորն են կարողանում այս ցնցումը հաղթահարել: Հատկապես ցավոտ են տանում նրանք, որոնք սեփական ընտրությամբ չեն եկել Հայաստան, այլ ստիպված: Այդ պատճառով էլ ամեն բան նրանց սրտով չէ, պետությունը լավը չէ, տաքսու վարորդն արդար չէ, կերակուրը համով չէ և.... այսպես շարունակ: Գուցե կխաղաղվեն, երբ իսկապես հասկանան, որ Հայաստանում իրենց համար ավելի ապահով է, որ, ինչքան էլ վատը լինի, իրենց հայրենիքն է, որ հայաստանցին ինչքան էլ վատը լինի, իր արյունակիցն է, իսկ արյունը ջուր չի դառնում:
Իսկ մինչ այդ խանութի աշխատողի, տաքսու վարորդի, փողոցում քայլող մարդկանց մեջ հալեպահայը փնտրելու է իրեն ծանոթ, իրենց Հալեպի կյանքը նույնքան կարոտող մի այլ հալեպահայի: Գտնելիս ցածրաձայն հայաստանցիներից է բողոքելու: Իսկ եթե սիրտը շատ այրված է, արաբերեն է խոսելու, որ հայաստանցիները չհասկանան: Դեռ երկար նեղանալու է հայաստանցիների կատակներից, դեռ երկար հայաստանցու անմիջականությունը նրան անկրթություն, անշնորհքություն է թվալու, հայաստանցու՝ իրեն օգնելու ինքնաբուխ ցանկությունը` իր կյանք ներխուժելու փորձ: Դեռ երկար ինքն իր պատյանի մեջ քողարկված է մնալու, փորձելու է իր մտքերը, կարծիքը, ծրագրերը բոլորից թաքցնել ու շատ է սխալվելու, մեկ էլ հանկարծ, իր կամքից անկախ, սկսելու է սիրտը բացել հայաստանցու առաջ, քանի որ նրանից վտանգ չկա: Եվ, անկախ իր կամքից, շաղվելու է, քանի որ իրենք նույնն են, արյունակից են:


Բայց, միևնույն է, քեզ սիրելու է, Հալե՛պ, քեզ երբեք չի մոռանալու, որովհետև հայը երախտապարտ է: Չի մոռանալու, որ ջարդի զավակներին օթևան ես տվել, որ իրենց արհեստ ու հաց ես տվել, որ իրենց հարգարժան ես դարձրել: Միշտ քեզ հիշելու է խոնավ աչքերով, իր ներկայիս կյանքի նկատմամբ թեթև քամահրանքով: Քեզ կհիշի, բայց եթե զավակները որոշեն հայրենիքում ապրել, գուցե քեզ մոտ գալ երկմտի:
Հիմա, գիտե՞ս, վստահ չեմ` ուզու՞մ եմ արդյոք քեզ տեսնել: Վախենում եմ` հալեպահայի աչքերով սիրածս քաղաքին նման չլինես:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 20527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ