38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Հայաստանի բյուջեն տարեցտարի մեծանում է»,- փաստում է ՀՀ գյուղնախարարը

«Հայաստանի բյուջեն տարեցտարի մեծանում է»,- փաստում է ՀՀ գյուղնախարարը
17.10.2008 | 00:00

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Սեպտեմբերը գյուղատնտեսության ոլորտում առատ էր ոչ միայն բնամթերքի արտադրությամբ, այլև պտղաբեր էր միջազգային կոնֆերանսների առումով։ Վերջերս կայացավ «Ֆրութֆուլ Արմենիա» 4-րդ և «Հայագրոֆորում» երրորդ միջազգային համատեղ համաժողովը, որտեղ ներկա էին ոչ միայն ձեռնարկատերեր, այլև նախկին և ներկա վարչապետներ, այդ թվում և` Ֆրանսիայի նախկին վարչապետը։ Բոլորի համար հետաքրքրական էր ՀՀ գյուղնախարարի ներկայացրած «Գյուղատնտեսության ազգային ծրագիրը»։ Սակայն այս հարցին կանդրադառնանք քիչ հետո, իսկ մինչ այդ մտաբերենք, որ վերջերս ՀՀ վերահսկիչ պալատը մի շարք թերություններ արձանագրեց գյուղատնտեսության ոլորտում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Այդ և գյուղատնտեսության գերակա ծրագրերի զարգացման շուրջ զրուցեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-Չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին, սակայն քանի որ հարցը բարձրացնում եք, ապա փորձեմ պատասխանել։ Վերահսկիչ պալատը կատարել է իր աշխատանքները։ Սակայն, ըստ կարգի, այդ ուսումնասիրություններն ամբողջությամբ ավարտված չեն, քանի որ դրանք այժմ իրականացնում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը։ Պետք է նկատեմ, որ որոշակի թերություններ ոլորտում եղել են, որոնք առնչվում են շինարարությանը՝ իրականացված մասնավորի կողմից։ Նշեմ, որ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքները սկսված են։ Մասնավորապես այդ թերությունները վերացնում են շինարարական կազմակերպությունները, իսկ եթե թերությունները հնարավոր չի լինի վերացնել, շինարարի հաշվին ամբողջ գումարը կվերականգնվի։ Ի դեպ, շինարարական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով մասնակցել են մրցույթներին և հաղթել։ Այս ամենի հետ մեկտեղ նկատեմ, որ կան որոշակի անճշտություններ վերը նշված ուսումնասիրությունում։ Չեմ ցանկանում այս պահին խորանալ այդ հարցերում, քանի որ, ինչպես նշեցի, ուսումնասիրությունների ամբողջական փուլն ավարտված չէ։ Կարծում եմ, ճիշտ կլինի այդ հարցին անդրադառնալ ուսումնասիրության ավարտից հետո։
-Մինչև տարեվերջ, ըստ մեր տեղեկության, պետք է հաստատվի գյուղատնտեսության ազգային ծրագիրը 2009-2012 թթ. համար։ Արդյոք ծրագիրը լուծո՞ւմ է երկրում հացահատիկի խնդիրը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ գերակա ուղղություններ են դրանում հաստատված։
-Ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի և առաջին հերթին միտված է ագրարային հատվածի առավել հաջողակ ճյուղերի խրախուսմանը, անհրաժեշտ ապրանքների ինքնաբավության մակարդակի էական բարձրացմանը, գյուղական համայնքների զարգացմանը, տնտեսավարողների միջև բարենպաստ պայմանների ապահովմանը, գյուղական տնտեսությունների պետական աջակցության հասցեականացմանը և այլն։ Բնականաբար, նշված ոլորտներում նախատեսված գործընթացների ապահովումն ինքնըստինքյան նպաստավոր ազդեցություն կունենա աղքատության կրճատման հարցում։ Ինչ վերաբերում է որոշ մթերքների ինքնաբավությանը, ապա 2012-ին ցորենը պետք է կազմի 79 տոկոս՝ ներառյալ ԼՂՀ-ում արտադրվածը։ Այս տարի ցորենի տեղական արտադրությունը կազմել է 24-25 հազար տոննա։ Ներկրվել է 350 հազար տոննա։ Եթե ԼՂՀ-ի արտադրանքը ևս հաշվարկենք, ապա ընդհանուր առմամբ այս տարի առկա է 70-80 հազար տոննա ցորեն։ Այսինքն՝ ինքնաբավության մակարդակը կազմում է 43-45 տոկոս։ Եթե հավելենք, որ շուրջ 150 հազար հա չօգտագործվող հողեր կմշակվեն որպես ցորենի դաշտեր, ապա կարելի է ասել, որ 2012-ին ինքնաբավության 79 տոկոսը լուծելի խնդիր է։ Կարտոֆիլի ինքնաբավության խնդիրը մեզանում լուծված է, նույնիսկ 2 հազար տոննա կարտոֆիլ այս տարի արտահանվել է Վրաստան։ Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա թարմ կաթի ինքնաբավության խնդիր չունենք, սակայն կա արտադրության համար նախատեսված կաթի խնդիր, որը ևս փորձում ենք լուծել։ Ծրագրով նախատեսված է լուծել նաև մսի արտադրության ինքնաբավությունը։ Անասնապահական մթերքներից ինքնաբավ ենք ոչխարի մսով և ձվով։ Հայաստանում սպառվող թռչնի մսի 24 տոկոսն է տեղում արտադրվում։ Ընդ որում, տեղական արտադրության մրցակցությունը խիստ ցածր է։ Թռչնաբուծության ոլորտում թռչնի մսի ներմուծումը կազմում է 26 հազար տոննա, իսկ ձվի արտադրության խնդիրը Հայաստանում ոչ միայն լուծված է, այլև այն արտահանվում է։ Մի խոսքով, ծրագիրը բավականին լայն ոլորտներ է ընդգրկում և տալիս է խնդիրների կոնկրետ լուծումներ։
-Այդ դեպքում ճշտենք. Ձեզ համար՝ որպես նախարարի, ո՞րն է ոլորտի գերակա խնդիրը որպես առաջնահերթություն այս պահին՝ մինչ ազգային ծրագրի ընդունումը։ Իհարկե, կառավարությունն ունի հաստատված ծրագիր, և նախարարի փոփոխությունն այդ իմաստով էական ազդեցություն չի կարող ունենալ, սակայն, այնուհանդերձ, Ձեր անձնական տեսակետը, կարծում ենք, կարևոր է։
-Ես փոխարինել եմ իմ գործընկերոջը՝ Դավիթ Լոքյանին, որը մեծ հեղինակություն ունի և լավատեղյակ է ոլորտին, և նրա կողմից իրականացված աշխատանքները գյուղատնտեսությունում միտված են եղել ոլորտի զարգացմանը։ Եզրակացությունս հիմնված է իրականացված ուսումնասիրությունների վրա։ Գուցեև կրկնեմ, բայց պետք է նշեմ, որ շարունակելու եմ իմ գործընկերոջ որդեգրած գործունեությունը գյուղատնտեսության զարգացման բնագավառում։ Միևնույն ժամանակ կառավարությունն ունի ոլորտի զարգացման ծրագիր, որի իրականացման համար առաջին հերթին պետք է ապահովենք ճիշտ գործընթաց։ Ըստ էության, դրա համար հիմքերը ստեղծված են, պետք է այժմ ապահովել դրանց զարգացման ընթացքը։ Առաջիկայում կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսության ազգային զարգացման հիմնարար ծրագիրը։ Սրան զուգահեռ ինձ համար առաջնային եմ համարում անասնապահության ոլորտի զարգացումը, որի հիմքերը դրված են։ Այդ առումով կարևորվում է տոհմական երինջների ներմուծման գործընթացը։ Ի դեպ, անցած տարվա փորձը վկայում է ծրագրի արդյունավետության մասին թե՛ տոհմի զարգացման, թե՛ կաթնատվության արտադրության ոլորտում։ Այս ծրագիրը շարունակական է, և զուգահեռաբար զարգացնելու ենք նաև ոչխարաբուծությունը։ Պայմանավորվածություն ունենք սիրիական կողմի հետ՝ «Ավասի» տոհմի ոչխարների ներմուծման ուղղությամբ, որոնց կաթնատվությունը երեք անգամ բարձր է տեղական ոչխարներից։ Անասնապահության մեջ աճը զգալի է, բացի այդ, կարևոր է, որ մենք բնակչությանը կարող ենք ապահովել թարմ կաթնամթերքով։ Մսի արտադրության ոլորտում որոշակի կորուստներ ունեցանք, մասնավորապես խոզի մսի՝ պայմանավորված ժանտախտ հիվանդությամբ, սակայն նշեմ, որ խոզապահությունը զարգացող ճյուղ է, և պարբերաբար մարզեր այցելելիս պարտադիր տեղում ուսումնասիրում եմ խնդիրը, զրուցում ֆերմերների հետ։ Ըստ ամենայնի, մինչև տարեվերջ կորստի 60-65 տոկոսը կվերականգնվի։ Հաջորդը սերմնաբուծության զարգացումն է, և այդ ուղղությամբ սելեկցիոն կայանները լուրջ աշխատանք են իրականացնում, և նախարարությունն իր հերթին փորձում է աջակցել։ Կառավարությունը սուբսիդավորում է այն գյուղացիներին, ովքեր զբաղվում են սերմնաբուծությամբ՝ մեկ հեկտարին 35 հազար դրամ մինչև 7 հա տարածքի հաշվարկով։ Մեր վերլուծությունները փաստում են, որ նշվածի արդյունքում ավելացավ հողի սեփականաշնորհման վկայականների քանակը, միավորվեցին ցանքատարածքները (դրանց օգտագործումը նպատակային դարձավ) և այլն։ 2008-ին իրականացվելու է ծրագրի հաջորդ փուլը, որի համար հատկացվելու է 1 մլրդ 600 մլն դրամ։ Գուցե սա մեծ գումար չէ, բայց այս պահին խիստ շոշափելի է, և հաջորդ տարիներին այդ գումարները կավելացվեն։
-Դուք նշեցիք գյուղտնտեսություններին օժանդակելու մասին, սակայն կա մի խնդիր, որը երեկ, այսօր և երևի թե վաղն էլ անփոփոխ կլինի։ Գյուղական տնտեսությունները դժգոհում են, որ գյուղտեխնիկան, բարձրակարգ սերմացուները բաժին են հասնում խոշոր, գերզարգացած ֆերմերներին, որոնց սեփականատերերը ներկայացված են Ազգային ժողովում։ Իհարկե, մյուս կողմից պարզ է, որ խոշոր ֆերմերներն ավելի վստահելի են, սակայն այդ կերպ հնարավոր չի լինի խթանել փոքր և միջին բիզնեսը։
-Չեմ կիսում այդ կարծիքը, թե նպատակաուղղված օժանդակում ենք որոշակի խավի։ Սակայն, մյուս կողմից, ազատական շուկայական հարաբերությունները չեն բացառում խոշոր գործարարների մասնակցությունն օրենքով սահմանված կարգով աճուրդներին։ Այժմ ոլորտում կան շատ խոշոր գործարարներ, որոնք ինքնուրույն են համագործակցում միջազգային կազմակերպությունների հետ և ձեռք են բերում իրենց անհրաժեշտ գյուղտեխնիկան և այլ նյութեր։ Ինչ վերաբերում է կոնկրետ պետական աջակցությանը, ապա գյուղտեխնիկան ստանում ենք դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, և դրա վաճառքը, ըստ սահմանված կարգի, իրականացվում է աճուրդի միջոցով։ Բացի դրանից, գյուղաջակցության ծրագրով հնարավորություն է ընձեռվում համայնքներին, որ իրենք իրենց համար որոշեն զարգացման առաջնահերթությունները՝ գյուղտեխնիկա, գազիֆիկացում, խմելու ջրի և ոռոգման ենթակառուցվածքների նորացում։ Ըստ ներկայացված հայտի, մենք բավարարում ենք համայնքի պահանջը։ Այլ բան է, որ համայնքում գուցեև չեն կարողանում ճիշտ տեղաբաշխում իրականացնել։ Վարձավճարների հետ կապված ևս ավագանին համայնքի ղեկավարի հետ միասին է որոշում կայացնում, և, ըստ դրա, չնչին վարձավճարով (որն է մեր պահանջը) գյուղտեխնիկա է հատկացվում համայնքին, որպեսզի տրամադրվի ժողովրդին։ Այստեղ ևս, չեմ ժխտում, չարաշահումներ հնարավոր են, սակայն դա այլ խնդիր է։ Բոլոր դեպքերում մեր հնարավորություններն այս պահին չեն կարող բավարարել գյուղտեխնիկայի ամբողջական պահանջարկի ապահովումը։ Այս բացը որոշակիորեն կարող է լրացվել իտալական ընկերություններից մեկի հետ կնքած պայմանագրի շրջանակներում։ Նման օրինակ մենք արդեն ունենք, այն է՝ չինական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում իրականացնում է գյուղտեխնիկայի նորոգում և արդիականացում, որն իրականացվում է չինական դրամաշնորհի շրջանակներում։
-Իսկ գյուղացու համար թանկ չի՞ լինի վճարել վերանորոգման համար։
-Ըստ մեր պայմանավորվածության, գումարները մեծ չպետք է լինեն։ Սակայն չմոռանանք, որ ամեն դեպքում Հայաստանը որդեգրել է ազատական շուկայական տնտեսության քաղաքականություն։
-Եթե խոսեցիք սերմնաբուծությունից, ապա հետաքրքիր է իմանալ՝ ինչո՞ւ են վերացել հայկական ավանդական համուհոտով պոմիդորը, ձմերուկը և այլ մշակաբույսեր։ Եվ արդյո՞ք դրանք կվերականգնվեն։
-Հարցը շատ արդիական է, սակայն նշեմ, թե ինչից առաջացավ նոր սորտերի պահանջարկը։ Այն մեծապես պայմանավորված է վերամշակող ձեռնարկությունների ներկայացրած պահանջարկով, քանի որ վերջիններիս արտադրած պահածո մթերքն իր չափով և համով պետք է համապատասխաներ միջազգային չափանիշներին։ Իհարկե, համաձայն եմ, որ մեր տեղական արտադրության մշակաբույսերը պետք է զարգացնել, և այդ ուղղությամբ մի քանի ամիս է՝ մեր գիտնականների հետ համատեղ իրականացնում ենք ուսումնասիրություններ։ Նրանց առջև խնդիր է դրված զարգացնել տեղական արտադրության մշակաբույսերը և դրանք հասցնել այն մակարդակին, որ տեղ գտնեն մեծ սպառման համար։
-Վերջերս կառավարությունը հաստատեց 2009 թ. բյուջեի նախագիծը։ Գյուղատնտեսության ոլորտի հատկացումներն ինչպե՞ս եք գնահատում։
-Առայժմ հաստատված է նախագիծը, ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Հայաստանի բյուջեն տարեցտարի մեծանում է, ինչը պայմանավորված է տնտեսական աճով։ Սակայն քանի դեռ փաստաթուղթն օրենքի ուժ չի ստացել, կարծում եմ, ավելի մանրամասն վերլուծությունը ճիշտ չի լինի։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ