38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Գրական հոսքը շարունակվեց, ու սպառվեցին ներքին՝ հաճախ ուղղորդվող խժդժությունները»

«Գրական հոսքը շարունակվեց, ու սպառվեցին ներքին՝ հաճախ ուղղորդվող խժդժությունները»
25.07.2008 | 00:00

«ՀԳՄ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՐԻՖԸ ԵՐԲԵՎԷ ՈՐԵՎԷ ԳՐԱԿԱՆ ԹԱՓՈՆԻ ՎՐԱ ՉԵՆՔ ԴԱՋՈՒՄ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԳՄ հրատարակչության տնօրեն, բանաստեղծ ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆԸ
«ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՀԱՅ ԳՐՈՂՆ ՈՒ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲԵՎԷ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԽՆԴԻՐ»
-Պարոն Ալեքյան, հետխորհրդային շրջանում շատ բաների հետ փլուզվեց նաև գրահրատարակչական գործը... Ի՞նչ կատարվեց...
-Խորհրդային շրջանում հայ գրողն ու գրողների միությունը երբևէ չեն ունեցել գրահրատարակման խնդիր։ Գրաքննչական ուղիները հաղթահարելով՝ գրական արժեքները ներկայացվում էին հանրության դատին։ Գրական թափոնը, աննշան բացառություններով, դուրս էր մղվում։ Վերջնարդյունքում շահում էին գրողը, ընթերցողը, շահում էր գրականությունը։ Սակայն «ազատ ժամանակներում» սկսեցին հրատարակվել ավելի հաճախ կասկածելի գրական արժեքներ։ ՀԳՄ-ն գնաց այս ամենի դեմն առնելու ճանապարհով։
-Արտաքուստ զարմանալի մի բան. հոգեմաշ այդ օրերին սիրողական չափանիշի «գրող-բանաստեղծներն» էին պարբերաբար տպարան հասցնում իրենց ժամանակավրեպ «քերթություններն» ու... ապահովում մասնավոր հրատարակչությունների անխափան աշխատանքը։
-Այո, և մենք, որպես հակադրում այդ հեղեղի, գտանք ելքը՝ հիմնել սեփական հրատարակչություն, հրատարակել գրականություն, որը պիտի շարունակեր նախախորհրդային և խորհրդային տարիների բարի ավանդույթները, այլ կերպ՝ ի հայտ բերեր իրական գրական արժեքներ։ Մենք ՀԳՄ հրատարակչության գրիֆը երբևէ որևէ գրական թափոնի վրա չենք դաջում։
«ԱՆԿԱԽԱՑՄԱՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽ ԵՐԿՓԵՂԿՎԵՑ, ԵՎ ՍԿՍՎԵՑ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՅՔԱՐԸ»
-Անկախությունից մինչև հրատարակչության հիմնադրումն անցավ տասը տարի։ Ինչո՞ւ ՀԳՄ նախորդ նախագահները չնախաձեռնեցին հրատարակչության կազմակերպումը։
-Անկախացմամբ գրողների միությունը նախ երկփեղկվեց, և սկսվեց պայքարը գրական ու ոչ գրական ինչքի շուրջ։ Սա պայմանավորված էր պետական անհեռանկար և ոչ կառուցողական քաղաքականությամբ, քանզի գրական-ստեղծագործական միությունն ընդունվեց որպես հասարակական կազմակերպություն, համահավասար հազարավոր կազմակերպությունների, որոնց ճնշող մասի անունը կա, ամանում՝ ոչ։ Նույնը կատարվեց, իհարկե, ճարտարապետների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ։ Նրանք օտարվեցին պետությունից։ Սակայն աստիճանաբար պետությունը դեմքով շրջվում է դեպի գրողն ու գրականությունը, և 2000-ից ինչ-ինչ գումարներ հատկացվեցին, գրական հոսքը շարունակվեց, վերականգնվեցին ավանդույթները, վերացան, սպառվեցին ներքին՝ հաճախ ուղղորդվող խժդժությունները։
-Գրողն առհասարակ այնքան էլ զգոն չէ նյութականի հանդեպ։ Ի՞նչ միջոցներով սկսեցիք։
-Երբեք ֆինանսական պատրաստի միջոցների չենք տիրապետել և շարունակում ենք գործել այն սուղ միջոցների հաշվին, որոնք տրամադրվում են գրական ստեղծագործությունների հրատարակմանը, ինչը հնարավորություն չի ընձեռում գրքի հեղինակին քիչ թե շատ պատշաճ վարձատրել։ Սա այն դեպքում, երբ հաճախ շատ արժեքավոր գիրքը տարիների ստեղծագործական տքնանքի արդյունք է լինում։
«ԻՍԿԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՂԸ ՉԻ ԿՈՐԵԼ»
-Գրախանութներում հանգրվանած գրքերը, ի վերջո, վաճառվո՞ւմ են, թե՞ դատապարտված են երկարատև «հանգստի»։
-Գրախանութներում, որքան մեզ հայտնի է, գիրք չի «ննջում»։ ՈՒրեմն, ունենք ընթերցողներ, ի հեճուկս այն թյուր լուրերի, թե ոչ ոք այսօր գիրք չի գնում։ Իսկական գրականության ընթերցողն անհետ չի կորել։
«ՏԵՍԱՆԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՆՔ ՀԱՎԱՍԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ»
-Ստեղծագործական միությունների և պետության միջև ժամանակին պայթեցված խորխորատը կարծես թե չի վերացել։ Այդպե՞ս է...
-Եղավ մի պահ, երբ կարծիքներ էին շրջանառվում՝ անհրաժե՞շտ են ստեղծագործական միությունները։ Ժամանակը հիմնավորեց այդ կառույցների, ի մասնավորի, ՀԳՄ անհրաժեշտությունը։ Այն երկրի գրական կյանքը համակարգող, համաչափող և կենտրոնացնող կազմակերպություն է, որն իր առաքելությանը հավատարիմ, պահպանելով հայ գրականության բազմահարուստ ավանդույթները, նոր ուղիներ է հստակեցնում, նոր զարգացումներ ուրվագծում։ Մենք միաժամանակ տեսանելի հեռանկարում պետք է որ միջազգային գրական շուկա մուտք գործենք հավասարի իրավունքով։
-Օր օրի մեջքն ու ողը շտկող արդի հայ գրականության առջև ուրվագծված է նշանակալից մի խնդիր՝ ճանաչելի դառնալ աշխարհում։
-Միակ միջոցը, իհարկե, թարգմանությունն է։ Հիմնականում օտար լեզուներից ենք հայերեն թարգմանում և հրատարակում։ Սակայն, անկասկած, առաջնային է մեր գրականությունը աշխարհում ում ներկայացնելու խնդիրը, որը ֆինանսական լուրջ ներդրումներ է ենթադրում և մեզ համար առայժմ անլուծելի է։ Հրատարակել ենք վրացական պոեզիայի անթոլոգիան, որը մեծ արձագանք գտավ Վրաստանում։ Զուգահեռաբար վրացիները պատրաստում են հայկական նորօրյա գրականության անթոլոգիան, և, այսպիսով, վերականգնվում են հայ-վրացական բազմադարյա, թեև այսօր որոշ չափով խաթարված մշակութային կապերը։ Շուտով կհրատարակվեն լիբանանյան և պարսկական ժամանակակից պոեզիայի անթոլոգիաները։ Այսինքն՝ մենք հետևում ենք հրատարակչության ոսկե կանոնին, այն է՝ յուրաքանչյուր հրատարակչության գործունեություն գնահատվում է թողարկած գրքերի ոչ միայն քանակով, այլև արժեքայնությամբ։
-Հեռանկարների մասին։
-Վերստին ընդգրկվում ենք միջազգային «Լիտֆոնդում», աշխուժանում են հայ գրողների գործերի լույսընծայումները «Դրուժբա» ամսագրում, «Լիտերատուրնայա գազետայում» և այլն։
-Ընդմիջեմ Ձեզ. դիցուք, մեկ տասնյակ գիրք է սեղանին։ Ինչպե՞ս է ընտրվում հրատարակման արժանի 5 գիրքը։
-Գործում է հրատարակչական խորհուրդը, ուր ընդգրկված են ժամանակի առաջադեմ գրականագետները և գրողները։ Ներկայացված գրականությունը նախապես ենթարկվում է ներքին գրախոսման։ Այնուհետև այն ներկայացվում է գրահրատարկչական գործակալությանը։ 2007-ին մեր կողմից հաստատված գրքերը հանձնաժողովում ենթարկվել էին լրացուցիչ ներքին գրախոսման։ Ցավով պիտի նշեմ, որ այս տարվա հրատարակչական գործընթացից դուրս մնաց մեծ ընթերցողական պահանջ վայելող «Իմ առաջին գիրքը» մատենաշարը։ 2007-ին, սակայն, լույս ընծայվեց մանկական յոթ անուն հրաշալի գիրք։
-Մատենաշարից բացի է՞լ ինչ գրքեր են համարվել «երկրորդական»։
-Մերժվեց Ս. Խարազյանի հիշատակին նվիրված փոքրիկ մի ընտրանու լույս ընծայումը։ Անտեսվեց Վարուժան Նալբանդյանի «Արկածախնդրություն» էսսեների ժողովածուն, Հովիկ Վարդումյանի պատմածաշարը՝ նվիրված ազատամարտիկներին։ Չորրորդ տարին է՝ չի հաջողվում հրատարակել Ազատ Շահինյանի դասական դարձած պիեսների ժողովածուն և Սերո Խանզադյանի «Աբրահամ Կրետացի» ոչ մեծածավալ վեպը։ Խնդրի լուծման մի տարբերակ է հայտնի, որ պետությունը անմիջականորեն ֆինանսավորի ՀԳՄ հրատարակչությանը։
Եվ վերջում կցանկանայի հավելել. պետք է վերանայվի խրախուսման, մեծ իմաստով գրականության արժևորման սկզբունքը։ Գրողների աշխատանքը խրախուսելուց զատ պետք է այլ ձև ու բնույթ ստանա մրցանակաբաշխության այս հիվանդոտ կարգը, որը մշտապես արծարծվել է, սակայն իր լուծումը չի գտել։ Հուսանք՝ առայժմ։
Հարցազրույցը վարեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 5862

Մեկնաբանություններ