38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԱՄՆ-ը Կովկասում խաղաղության գոտի ստեղծելու կողմնակից է

ԱՄՆ-ը Կովկասում խաղաղության գոտի ստեղծելու կողմնակից է
17.03.2009 | 00:00

Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսական լրատվամիջոցներում վերջին շրջանի ամենալուսաբանվող թեմաներից մեկը վրացական ընդդիմության գործունեությունն է։ Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլու այն հայտարարությունը, թե Ֆրանսիայում գտնվող քաղաքական վտարանդին մտադիր է վերադառնալ Թբիլիսի և մասնակցել ընդդիմության միջոցառումներին։ Ընդհանրապես, «Միշա, հեռացի՛ր» կարգախոսով անցկացված վրացական ընդդիմության մի քանի հազար մարդ ընդգրկող ակցիայի լայնածավալ լուսաբանումը հետաքրքիր հետևությունների տեղիք է տալիս, եթե նկատի ունենանք, որ Երևանում անհամեմատ ավելի բազմամարդ ընդդիմության հավաքները չարժանացան մոսկովյան մեր գործընկերների ուշադրությանը։
Ինչ է կատարվում Վրաստանում, հայտնի է. ընդդիմությունը սկսել է նախագահին անվստահություն հայտնելու քաղաքացիական ստորագրահավաք, ապրիլի 9-ից իբր մեկնարկելու են անդադար հանրահավաքները` մինչև Սաակաշվիլին ինքնակամ հրաժարական տա։ Վրաստանի նախագահը, սակայն, հայտարարում է, որ այդպիսի մտադրություն չունի, իսկ այն, որ ընդդիմության շարքերում են հայտնվել իր բազմաթիվ նախկին համախոհները, համարում է այն իրողության հաստատումը, թե Վրաստանն իրոք ժողովրդավարական պետություն է։ «Իմ հրաժարականը 2007-ի աշնանը հնարավոր է, որ մեծ սխալ էր։ Այդ քայլով ես ընդդիմությանը կեղծ պատրանքներ տվեցի, թե կարելի է մի քիչ «սեղմել» և ստիպել նախագահին` հեռանալ պաշտոնից։ Նման բան այլևս չի լինելու»,- հայտարարել է Սաակաշվիլին։
Այս պայմաններում զարմանալի չէ, որ ռուսական ԶԼՄ-ները, իսկ ի դեմս նրանց` փաստորեն Կրեմլը, իր բարեհաճությունն է ընդգծում Վրաստանում ցանկացած ընդդիմադիր շարժման նկատմամբ, թեկուզև այն կազմված լինի ռուսների նախկին, իսկ միգուցե ապագա հակառակորդներից։ Մասնավորապես, նույն Օքրուաշվիլին ժամանակին Վրաստանում գլխավորում էր «պատերազմի կուսակցությունը», իսկ օգոստոսյան պատերազմից հետո ՄԱԿ-ի ամբիոնից Ռուսաստանի հասցեին ամեն տեսակի մեղադրանքներ հրապարակող Իրակլի Ալասանիայի հայրը դեռ 1993-ին զոհվել է Սուխումում։ Այս հանգամանքները, սակայն, կարծես նշանակություն չունեն Մոսկվայի համար, քանզի Կրեմլը Թբիլիսիում իշխանությունը ցնցելու սեփական ռեսուրսների վաղուց ի վեր չի տիրապետում։
Միաժամանակ, վերջին շրջանում ոչ միայն ռուսական, այլև արևմտյան փորձագիտական շրջանակները հաճախ են անդրադառնում վրացական թեմային։ Ավելի հաճախ խոսվում է այն մասին, որ եթե մինչև այս տարվա մայիս ամիսը չհաջողվի իշխանությունից հեռացնել Միխեիլ Սաակաշվիլուն, Ռուսաստանը` «ոգևորված» նրա նկատմամբ Վլադիմիր Պուտինի անձնական ատելությունից, նորից ռազմական գործողություններ կսկսի Վրաստանի տարածքում։
Ռուսաստանում հայտնի ռազմական լրագրող, «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբան Պավել Ֆելգենհաուերը, որը հայտնի է իր լավ տեղեկացվածությամբ և, մասնավորապես, անցած տարվա օգոստոսյան պատերազմի կանխատեսումով, համոզմունք է հայտնում, որ Կրեմլը նոր ռազմական ներխուժման ծրագիր է նախապատրաստել, որի նպատակն է Վրաստանի մայրաքաղաքի գրավումը և նախագահի աթոռին Մոսկվային հարմար թեկնածու նստեցնելը։ Միաժամանակ դրանով լիարժեք վերահսկողություն կհաստատվի Հարավային Կովկասի վրա, ինչն իր հերթին թույլ կտա շեղել բնակչության լայն խավերի ուշադրությունը բուն Ռուսաստանում օրավուր աճող տնտեսական դժվարություններից։ Ըստ Ֆելգենհաուերի, առկա են ռուսական ազդեցության վերականգնման լուրջ ծրագրեր, և որպես օրինակ նշվում է հետևյալը. «Վրացիներից խլված զենքը (նկատի ունի Ջավախքի ռազմակայանից դուրս բերվածը) տրված է Հայաստանում գտնվող ռուսական բանակին։ Փաստացի` ռուսական անձնագրերով հայ զինվորներին։ Հիմա այնտեղ է գտնվում երկու մոտոհրաձգային դիվիզիա կամ մոտավորապես 25 հազար լավ զինված մարդ։ Սակայն նրանք կարծես ծաղկամանի մեջ գտնվող կտրված ծաղիկներ են և շուտով կթոշնեն, քանի որ բաժանված են Ռուսաստանից։ Դա էլ պատերազմի պատճառն է, խնդիր կա վերահսկողության տակ վերցնել Վրաստանը` միացնելով Հայաստանն ու Ռուսաստանը։ Այդ ժամանակ Ադրբեջանը կհայտնվի մեկուսացման մեջ»։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանում գտնվող 25-հազարանոց ռուսական բանակի մասին հեքիաթն իրականության հետ որևէ կապ չունի։ Կարելի էր նաև անտեսել այս «մարգարեությունները», քանի որ Ռուսաստանը 2008-ի օգոստոսյան պատերազմի ընթացքում ոչինչ չշահեց, իսկ նրա դիրքերը Կովկասում ոչ միայն չամրապնդվեցին, այլև ավելի թուլացան։ Սակայն վտանգավորն այն է, որ պատերազմի կրկնությունն է հնարավոր համարվում, մանավանդ եթե հաշվի առնենք տարածաշրջանում նախապատրաստվող տարաբնույթ տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը, որ ունեն բոլորովին այլ աշխարհաքաղաքական ենթատեքստ։
Ասենք, ռազմական միջամտության համար առիթ միշտ էլ կարելի է գտնել` սկսած տարրական մակարդակում կազմակերպած սադրանքից և վերջացրած հնարավոր «ջրային պատերազմով» Վրաստանի և Հարավային Օսիայի միջև` Գորիի շրջանի խմելու և ոռոգման ջրի հետ կապված։ Լարվածության աճի առիթ կարող են հանդիսանալ նաև Ռուսաստանի գործողությունները Աբխազիայում` ցամաքային և ծովային ուժերի ռազմաբազաների ստեղծման ուղղությամբ։ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը բոլորովին վերջերս հայտարարեց, թե ռուսական ռազմակայանների տեղակայումը Հարավային Օսիայում և Աբխազիայում կավարտվի մինչև այս տարվա վերջ, և յուրաքանչյուր բազայում նախատեսվում է տեղակայել մինչև 3700 մարդ։ «Այդ աշխատանքն իրականացվում է նախօրոք հաստատված ծրագրի համաձայն, և բազաների տեղակայման վայրերը որոշակիացված են։ Հարավային Օսիայում դրանք լինելու են Ջավա և Ցխինվալ բնակավայրերը, իսկ Աբխազիայում` ամենից առաջ Գուդաուտան»,- հայտարարել է Ն. Մակարովը, նշելով, որ Օչամչիրում տեղակայվելիք ռազմածովային բազայի հարցը նույնպես լուծվելու է այս շրջանակում։
Ոչ պակաս հետաքրքիր է աբխազների և օսերի համագործակցությունը Մոսկվայի հետ սահմանապահ ուժերի ձևավորման առումով։ Ռազմական համագործակցության մեջ սա նախատեսված է առանձին հոդվածով, պայմանագրերը կնքվելու են 49 տարով։ Արտասահմանյան մամուլում ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցները պարզաբանել են, որ Հարավային Օսիան նախատեսում է իր սեփական պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ-ի) ստեղծումը, և նպատակահարմար են գտել հենց այդպիսի անվանումը։ Նախատեսվում է նաև արտաքին հետախուզության ստեղծում, որտեղ նմանապես ծառայության են անցնելու Ռուսաստանի քաղաքացիները։
Բոլոր այս իրողությունները չեն կարող չանդրադառնալ Վրաստանի պահվածքի վրա, նույնիսկ անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ։ Թբիլիսին նույնպես կարող է հրաժարվել իր տարածքում այլ երկրների ռազմակայաններ չտեղակայելու Մոսկվային տված խոստումից, և այդ համատեքստում պատահական չէ, որ Վրաստանի արտգործնախարարը հնարավոր է համարում ամերիկյան բազաների տեղակայման մասին հարցի քննարկումը, եթե Վաշինգտոնից լինի նման առաջարկություն։ Նույնիսկ ընդդիմության առաջնորդներից նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին բավական արմատական է տրամադրված այս հարցում։ «Մոսկվայի և Թբիլիսիի միջև եղել են բանավոր պայմանավորվածություններ այն մասին, որ Վրաստանում չեն տեղակայվի երրորդ երկրների ռազմաբազաներ։ Մենք խոստացել ենք, որ ռուսական բազաներն ուրիշներով չենք փոխարինելու։ Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն իր հայեցողությամբ կարող է Վրաստանում ամեն օր նոր բազաներ բացել»,- հայտարարել է ընդդիմադիր գործիչը` նկատի ունենալով Մոսկվայի քաղաքականությունն Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այսպիսի իրավիճակում Վրաստանի դիրքորոշման փոփոխությունը միանգամայն հավանական է, եթե նկատի ունենանք նաև Ղրղզստանի «Մանաս» օդանավակայանից ամերիկյան և առհասարակ ՆԱՏՕ-ական զինուժի դուրսբերման շուրջ առաջացած հակամարտությունը։ ԱՄՆ-ի համար միանգամայն տրամաբանական կլիներ «Մանասը» կորցնելու դեպքում փորձել ամրապնդվել Վրաստանում` պայմանավորելով դա Աֆղանստանում գտնվող զորքերի սպասարկման անհրաժեշտությամբ։
Ընդհանուր առմամբ, արևմտյան հանրությունը, ինչպես նախկինում, Վրաստանի կողքին է։ Անգամ գերմանական բունդեսթագը Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները գնահատեց իբրև բոլոր իրավական նորմերի խախտում և 18 կետից կազմված բանաձև ընդունեց, որոնցից 6-ն անմիջականորեն առնչվում են Թբիլիսիի ճանապարհը դեպի ՆԱՏՕ և Եվրամիություն հարթելուն։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դևիթ Միլիբենդն իր հերթին հայտարարեց. «Մենք հստակ և խիստ հայտարարում ենք, որ պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք չենք ցանկանում մեկուսացված տեսնել Ռուսաստանը, բայց նա այդ վիճակում կարող է հայտնվել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու պատճառով»։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սխեֆերը նույնպես քննադատել են Աբխազիայում և Հարավային Օսիայում ռազմաբազաներ տեղակայելու Ռուսաստանի քայլերը, իսկ Սխեֆերը միաժամանակ ընդգծել է, թե ՆԱՏՕ-ի վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ չի փոխել, և Վրաստանն անպայմանորեն կդառնա դաշինքի անդամ։ Նույն համատեքստում պետք է դիտարկել եվրոպական խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեում քննարկվող նախաձեռնությունն այն մասին, որ Եվրամիություն-Ռուսաստան գործընկերության հաստատման հարցում կարևոր դեր կունենա այն հանգամանքը, եթե Մոսկվան անմիջական հարևանների հետ չհարձակվելու պայմանագրեր ստորագրի։
Եվ ամբողջ այս խորապատկերին շատ բնութագրական է Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ-ը Կովկասում խաղաղության գոտի ստեղծելու կողմնակից է, սակայն. «Անհրաժեշտ է հաշվի առնել, որ մենք այդ խաղաղության գոտին չենք կարողանա ստեղծել, եթե Ռուսաստանը չի ցանկանում ճանաչել Սաակաշվիլուն իբրև երկրի լիարժեք նախագահի։ Սաակաշվիլին Վրաստանի նախագահն է, իսկ թե ինչպես է նրան գնահատում Վրաստանի ժողովուրդը, դա Ռուսաստանին չի վերաբերում։ Եթե Ռուսաստանը ցանկանում է մնալ խաղաղության գործընթացի հաստատման գործընկեր, պետք է համապատասխան քայլեր կատարի»։ Ակնհայտ է, որ չնայած ԱՄՆ-ի նոր վարչակազմի միանգամայն գործընկերային ոգով Ռուսաստանի նկատմամբ ձեռնարկած որոշ քայլերին, Արևմուտքի և Մոսկվայի միջև հակադրությունն ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում չի թուլանում` համապատասխան հետևությունների անհրաժեշտություն ստեղծելով ինչպես Հարավային Կովկասում շահեր ունեցող բոլոր երկրների, այնպես էլ Հայաստանի համար։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2838

Մեկնաբանություններ