Նորություն չէ, որ, ըստ էության, էություն չունեցող կամ այն կորցրած անձինք երկիր են կառավարում:
Եվ այդ ամորալ ինֆանտիլները երկիր են ղեկավարում անասնական բնազդով, իսկ «լավագույն դեպքում»՝ անձնական քմահաճույքներով, ամբիցիաներով ու բախտախնդիր-ամբարտավանի արկածախնդրությամբ:
Նայում ես ու խենթանում, թե ինչպես նման դիլետանտ դեմագոգները կարող են համարվել ժողովրդի ընտրանին, էլիտան, հասարակության կամարտահայտության արդյունքը:
Պատահական պատուհասներ, որոնք փողոցով զավթեցին իշխանություն և փողոցային վարքով, անհարկի բառամթերքով, պաթոսով ու պոռոտախոսությամբ, էքստրավագանտ ու դարակազմիկ հայտարարություններով առ այսօր երկիր են ղեկավարում, մեզ համար իբր պայծառ ու արժանավայել ապագա ապահովում:
Այսպիսի հեռատես ու քթածակով ընտրանին իր ժողովրդին բարեկեցիկ ապագա է ապահովում հայտարարելով՝ «Լարսի և առհասարակ որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի», «դեմոկրատիա ա, ազատություն ա, ով ուզում ա մեկին քրֆի՝ քրֆում ա», «Արցախի պետական ինստիտուտները պահպանելով՝ անկեղծ չենք լինի Ադրբեջանի հետ», «ՀՀ-ն Արցախի հարց չունի, 8 անգամ էլ ասել ենք, որ ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս», «Չեմ բացառում, որ ինչ-որ պահի ադրբեջանցիները կգան Հայաստանում բնակվելու», ՔՊ-ական «լոդկա ճոճող, քամի անող» ոմն անֆասոն պատգամավոր էլ պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն իր անվտանգությունը:
Դե, իսկ էքստրաօրդինար մտքի փայլատակումներով ու գավառական շուստրիությամբ հանդես եկող, «սուրբ-փրկիչ-հերոս», իսկ իրականում՝ «լուզեռ» ղեկավարը, որը հավաքական դժբախտության ու տոտալ ողբերգության մարմնացումն է, չի դադարում զարմացնել իր երկերեսանիությամբ ու պադոշությամբ:
Ցանկացած գիտությանն ու մասնավորապես՝ քաղաքականությանն անհայտ այս ֆենոմենալ մետամորֆոզ կերպարը կարող է 8 ժամ բարբաջել ամեն ինչի ու ոչնչի մասին:
Կարող է սպոնտան արտաբերել խոսքեր, որոնք վերծանելու կարիք ունեն, արտահայտել հակասական ու քաոտիկ մտքեր, որոնք շարքային քաղաքացուց մինչև ոլորտի էքսպերտ այդպես էլ չհասկանան…
Կարող է ինքնարդարանալ, պաթոսախեղդ անել, աղավաղել իրականությունը, խեղաթյուրել փաստերը, մանևրել, մանիպուլացնել, մեղանչականով հանդես գալ, համաժողովրդական դատաստանին իրեն հանձնել, ժողովրդին դիլեմայի առաջ կանգնեցնել, իսկ վերջում մաքուր ու անաղարտ դուրս գալ, բոլորիս էլ մեղավոր հանել:
Այո՛, նա միշտ ճիշտ է, մենք՝ սխալ:
Ինչպես Սերժը ժամանակին հաստատեց՝ «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ»:
ՈՒ այդուհանդերձ, «ժողջանի» համար նրա յուրաքանչյուր խոսքն անառարկելի ճշմարտություն է, իսկ նա՝ ափոխարինելի:
Չէ՞ որ նա սիրում է բոլորին, խոնարհվում է բոլորի առաջ, և այդ սերն ու պաշտամունքը փոխադարձ է:
Ինչ խոսք՝ ունիկալ տաղանդ է:
Մանավանդ, երբ կանխակալությամբ, ալեգորիաներով ու պարադոքսներով, ֆանտաստիկ լիրիկական զեղումներով, կոգնիտիվ դիսոնանսին բնորոշ ոգեղենիկ մտքերով նա անգերազանցելի է:
Վերջինս կոնսպիրոլոգիական տեսություններով արտահայտում է մտքեր, որոնք ի սկզբանե գլուխկոտրուկ են հիշեցնում ու ռեբուսի նմանվում, մինչև այն պահը, երբ արհավիրք տեղի ունենա ու մենք լսենք նոր «կռուտիտներ» ու արդարացումներ:
Այնպես որ, առայժմ չարչարվեք վերծանելով՝
«Չեմ ասի՝ այո, բայց չեմ էլ ասի՝ ոչ: Իմ ոչ չասելը, սակայն, հստակ չի նշանակում այո» արտահայտությունը, մինչ կտեսնենք գլխներիս գալիքը:
Իհարկե, թե ինչեր են տեղի ունենալու և թե ինչ տեսքով է այն մատուցելու ու կերակրելու սեփական ժողովրդին՝ դժվար չէ կռահել:
Մանավանդ, երբ նա տալիս է հուշում, առ այն, որ՝ «Չնայած Բաքուն Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», միևնույն է, ես կխոսեմ խաղաղությունից» կամ որ՝ «Հայրենիքը դա պետությունն է»:
Դե իսկ «Պեպոյի բարաթով» հանդես գալն ու «Նեսոյի քարաբաղնիսը» հետագայի համար կանխանշելը՝ հենց այնպես չէր:
Այնպես որ, ինչպես չենք զարմանում, երբ ժամանակին Աբդուլ Համիդն ասում էր՝ «Չկան հայերը, չկա հայկական հարցը», հիմա էլ չենք զարմանում, երբ ՀՀ իշխանություններն ասում են՝ «Չկա Արցախ, չկա Արցախի հարց»:
Այո՛, թշնամիների համար վերջին հայը պետք է լինի թանգարանի էքսպոնատ, գործող իշխանություններն էլ Արցախի հարցում պետք է լինեին ռենեգատ:
ՈՒղղաղի ցավն այն է, որ այսպես հարմարվելով, հանդուրժելով ու համատարած ապատիայի արդյունքում է, որ հայրենիք ենք կորցնում, Հայաստան «պետություն-հայրենիքն» էլ վերջին մեր վտանգված օթևանն ենք համարում:
Այսպիսի վարքագծի արդյունքում է, որ Կիլիկիան դարձավ գարեջուր, Արարատը՝ կոնյակ, Վանը՝ ծխախոտ, Ղարսը՝ շաուրմա, Անին՝ լիմոնադ, Սիսը՝ հյութ և այսպես, հերթը հասավ Արցախին, որն էլ այսօր դարձել է՝ լոգո, ալկո, բիստրո, վզնոց, մատանի, կարպետ, տոպրակ, պայուսակ:
Սա մի երկիր է, որտեղ իշխանությունների գործած մեղքերի ու սխալ քայլերի պատճառով նվաստացած ենք ազգովի ու հեղինակազրկված որպես պետություն,
արդյունքում էլ կորցնում ենք հող -հայրենիք, պետություն ու պետականություն:
Սա մի ժողովուրդ է, որը ոչ իր լավն ու վատն է հասկանում, ոչ սուտն է ճշմարիտից տարբերում:
Հասկացողին արհամարհում ու ոտնատակ է տալիս, անհասկացողին՝ քծնում, գովաբանում, շվաքի առաջը խոնարհվում ու նրանից փրկություն է աղերսում:
Դարձել ենք անդեմ ու ամորալ հասարակություն, բայց քաղքենիությունը թույլ չի տալիս դա ընդունելու:
Այնպես, ինչպես թույլ չի տալիս առերեսվել այս դառը, ամոթալի իրականության հետ:
Որ իմանաք՝ սա մեր բոլորի խարանն է:
Մենք ինքներս ենք մեզ այս օրը գցել:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ