Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ցավը վերապրել է պետք

Ցավը վերապրել է պետք
29.11.2023 | 16:05

Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդիս մի հատվածը քննադատում է բոլորովին վերջերս հարյուրավոր զոհեր տված, բռնի տեղահանված, ամեն ինչ կորցրած, փողոցներն ընկած իր մյուս հայրենակիցներին։ Քննադատելը ո՞րն է՝ կոնկրետ ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ։

Բողոքում են, որ մեր ժողովրդի դավաճանված հատվածն ուզում է քիչ թե շատ լավ տներում ապրել, նորմալ աշխատանք ունենալ, իրեն նորից մարդ զգալ:

Թե բա՝ ինչ տալիս ենք, դրանով բավարարվեք։ Չե՞ք ուզում՝ գնացեք Ադրբեջանի անձնագիր վերցրեք ու ձեր Ղարաբաղում ոնց ուզում եք ապրեք։

ՈՒ այսպես մտածող աղբը սկսում է գլուխ բարձրացնել։ Երևի կարծում են՝ երկու ամիսը բավական էր, որպեսզի արցախցիները մոռանան իրենց զոհված հարազատներին, կորցրած գյուղերն ու քաղաքները, Հայրենիքը։ Մտածում են, որ արդեն շատ հանդուրժեցին իրենց համար այդքան ատելի արցախցիներին։ Դրանցից ձերբազատվելու ժամանակն է։

Նման տգետները, իհարկե, չեն հասկանում, թե ինչ նոր ռումբ են տեղադրում մեր պետության ու ժողովրդի տակ։ Դրանք սկի չեն էլ պատկերացնում, թե այդ ռումբի պայթյունն ինչ ավերածություններ է պատճառելու մեր երկրին։ Բայց մյուսները պետք է դա լավ հասկանան ու թույլ չտան, որպեսզի հասարակությունը հերթական ավերիչ ներազդման ենթարկվի։

Նախ, արցախցիների վարքի մասին։

Ես ոչ միայն չեմ բացառում, այլև լավ գիտեմ, որ նրանց մեջ կան մեղմ ասած շատ անշնորհք մարդիկ։ Բայց դրանք բացառություններ են։

ՈՒ պետք չի մեր 150 հազար հայրենակիցներին ճանաչել և/կամ բնութագրել այդ բացառությունների վարքագծով։ Նման բան անողները մեր ժողովրդի թշնամիներն են։ ՈՒ նրանք պատահական չեն այդպիսի քարոզչություն իրականացնում։ Դա մեր թշնամիների կողմից կազմակերպված քայքայիչ գործունեություն է, որն արդեն տարիներ շարունակ իրականացվում է ժողովրդի մեջ։

Երկրորդը, այո՛ արցախցիները պետք է նորմալ պայմաններում ապրեն, լավ վարձատրվող աշխատանք ունենան ու պետք է կարողանան հարմարվել նոր իրողություններին։ Ամբողջ ժողովուրդը պետք է այդպես ապրի, բայց հատկապես արցախցիները։

Ինչու՞ հատկապես արցախցիները։

Երկու պատճառով։

Որովհետև դա է պահանջում սովորական մարդասիրությունը (էլ չեմ խոսում ներազգային համերաշխության ու սրտացավության մասին) և երկրորդ՝ որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի առանց այն էլ դավաճանված ու կոտրված մեր ժողովրդն ունենա թշվառացած ու մերժված սգավորների այդպիսի մեծ զանգված։ Դա կկործանի բոլորին։

Ցավը վերապրել է պետք։ Սովածներին կերակրել, իսկ հիվանդներին բժշկել է պետք։ Քեզնից պոկել ու դիմացինիդ տալ է պետք։ Քո հաշվին մերձավորիդ խնդիրները լուծել է պետք։ Լավ քրիստոնյա, լավ մարդ ու լավ հայ լինել է պետք։ Բավական է արդեն Տիրոջ ուղին մերժելով, սատանայի ճամփեքով քայլել։ Տեսանք որտեղ հասցրեց մեզ այդ ատելությունը։ Քի՞չ է։ Էլի՞ ենք ուզում կոտորվել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ