Ով գիտե, գուցե վերջին անգամ եմ զանգում՝ մտածեցի ու զանգահարեցի ազատամարտիկ, սահմանամերձ գյուղում ապրող հին ընկերոջ, ով ժամանակին մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Հորադիզում վիրավորվել, կորցրել ոտքն ու քառօրյային մի ոտքով նորից մեկնել պատերազմ:
Ինձ պես անկյուն քշված, մոռացված մարդ է, այս քարուքանդ վիճակում հենց նա էր արժանի, որ զանգեի:
Քչերս գիտենք, որ լուրջ հիվանդ է, բայց հրաժարվում է բժշկական ծառայությունից, քիմիա ընդունելուց:
Շնորհավորեցի Անկախության օրը, երեկ էլ իր ծննդյան օրն էր, դարձել էր 65:
-Ի՞նչ մաղթեմ քեզ, ի՞նչ ես ուզում մաղթեմ,-հարցրի:
Հուզվել էր, զգացի՝ մի կերպ է զսպում լացը:
-Մաղթիր, որ հենց էսօր մեռնեմ, ամենալավ մաղթանքը կլինի…,-ասաց:
Հեռախոսի մյուս ծայրում էլ ես էի լացում, ու այլևս չթաքցրինք, որ երկուսս էլ լալիս ենք:
Մարդու ուժերից վեր, շատ վեր ցավ է: Արցախ ազատագրած իմ սերունդ, ի՜նչ ծանր ես տանում այս ամենը, օրերի մեջ չմեռնենք՝ լավ է…
2020-ի վերքը թարմացել ու այս անգամ սոսկալի ուժով է սպանում մեզ:
Հիշեց իր մասին գրածս ակնարկը՝ 92-ի պատերազմի դաշտից, վերնագիրն էլ հատ-հատ ասաց՝ Երկինք հառնող առասպել. թվաց՝ նույնիսկ կարդում է:
Պարզվեց՝ թերթն այդ պահին ձեռքի տակ է, գրասեղանի վրա. միակը, որ ունի, մի վերնագի՜ր է մնացել մեզ՝ երկինք հառնած առասպելից:
Տասնամյակների կայացած իրողությունը չէր կարող տեսիլք կամ պատրանք լինել, ոչ էլ աչքներիս էր թվացել ազատ ու անկախ Արցախը:
Ցնցվել, շփոթվել էի. մի փոքրիկ բան էր արածս, սրբորեն հիշում, տասնամյակներով ձեռքի տակ պահում է, մինչդեռ, լռել, մոռացել են նրանք, որոնց հետ ու որոնց համար սարեր էի անցել:
Շատ դժվար է երեսուն տարի Արցախը քոնը համարել ու ժամերի մեջ զրկվել նրանից, այն էլ՝ համարյա անկախության օրը:
Երբ այս օրով հիշատակում եք այնքան ծամծմված նախկինների թալանը, նորերի ծանր մեղքերն էլ թվարկեք ու չմոռանաք սերնդիս այն լավ, բյուրեղյա, անձնվեր տեսակին, որ մի օվկիան վաստակ է ներդրել անկախությանն ու ազատությանը՝ չսպասելով ոչ մեդալների, ոչ պաշտոնների, ոչ էլ՝ փողերի ու դրվատման:
( Իմ պատվական ընկերոջ անունը չեմ գրի, որ մի օր ինքն էլ վերջին շնչում Բաքվի բանտ չքշվի: Թող երեսի ջրով, իր տանն ու բոլորից թաքուն մեռնի...)
Սուսաննա Բաբաջանյան