Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Համախմբումը` որպես հայկական օրակարգ

Համախմբումը` որպես հայկական օրակարգ
16.05.2023 | 22:05

Ում հարցնես, թե ինչպես դուրս գալ այս մղձավանջից, ասելու է՝ համախմբվել է պետք։ Հարցնես՝ դա ի՞նչ է, ոչ ոք չի պատասխանի։

Համախմբումը կարող է լինել կենաց, օդում հնչող անհասցե կոչ, բայց կարող է լինել նաև օրակարգ, որը բազմաքայլ ճանապարհ է։

Հայկական պառակտումն ունի մենեջմենթ, ռեսուրսներ, հասցե, փուլեր, գործողությունների ծրագիր և այլն։ Հայկական համախմբումը՝ թվարկածից ոչ մեկը։

Ի՞նչ ասել է համախմբում, և ո՞ւմ միջև պիտի այն տեղի ունենա։ Ի՞նչ մեխանիզմներ, ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ դրա համար, ո՞ր պահին է, որ մենք կարող ենք ասել՝ նպատակն իրագործված է, մենք համախմբվել ենք։

Համախմբումը չի կարող դիտվել որպես միայն ընդդիմադիր ուժերի միավորում։ Դա դժվար, իրատեսական, տեխնիկական պրոցես է, որն ինքն իրենով մեծ բան չի տա։ Պետք է լինի բովանդակային հենքը և ռեսուրսային բազան, որը կփորձի կոնսոլիդացիոն պրոցեսներ սկսել մեծ հասարակության մեջ։

Եթե մենք նկատի ունենք գործող իշխանության անվերապահ մերժումը, ապա այդ «մերժող» սեգմենտն արդեն համախմբված է։

Նույնքան համախմբված և բյուրեղացած է, պայմանական ասած, Նիկոլ պահող հանրությունը։ Եվ վերջապես յուրովի համախմբված է չեզոք, կոնֆորմիստ հասարակությունը՝ իր կոնֆորտի և իր չեզոքության շուրջ։

Ես ամենամեծ ցանկության դեպքում անգամ չեմ պատկերացնում իմ համախմբումը «Ղարաբաղը տանք՝ պրծնենք» գաղափարը կրող հանրության շերտի հետ։

Դժվար է պատկերացնել էլի շատ բաներ, ասենք՝ համախմբումը Գ. Խաչատուրովի մեղադրականը կարդացող դատախազի, նրան կալանք տվող դատավորի ու մեր միջև։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է համախմբվի ծայրը ծայրին ապրող հասարակությունը և պաշտոնավարման ընթացքում բացառապես հանրային և պետական ռեսուրսի հաշվին ահռելի գույքի և կապիտալի տեր դարձած շերտը։

Ես սրա մասին խոսում եմ այն պարզ պատճառով, որ այս հակասությունների գործոնը հանրային տրամադրություններում ակնհայտորեն առկա է։

Սրանով հանդերձ՝ ես վստահ եմ, որ կա համախմբվելու ռեսուրս և հնարավորություն, ուղղակի պետք է ճիշտ հասկանալ թե´ խնդիրը, թե´ դրա քայլերը։

Հայ հասարակությունը իրականում բզկտված է շատ խոր ու համակարգված. ավելին, պառակտման պրոցեսը դեռ ընթանում է։

Իսկ ո՞վ է Համախմբմանը նայում որպես աշխատանք, գրագետ քայլերի ճանապարհային քարտեզ։ Ո՞վ է պատրաստ ռեսուրսներ դնել այդ խնդրի լուծման համար։

Համախմբումը կենացից կդառնա օրակարգ՝ երեք պարտադիր պայմանների ապահովման դեպքում.

ա) Բաց խոսակցություն

բ) Հանրային հաշտեցում

գ) Սուպերիդեա

Միայն բաց խոսակցությունն է ճանապարհը հանրային լատենտ տրամադրությունները բաց տրամադրությունների վերածելու համար, որպեսզի հնարավոր լինի աշխատել հանրային տրամադրությունների հետ, շտկել դրանք։ Զուգահեռ պրոցեսը հանրային հաշտեցումն է։ Հանրային հաշտեցումը և համախմբումը տարբեր բաներ են։ Հաշտեցումը համախմբման տանող պրոցեսն է։

Երրորդ զուգահեռ պրոցեսը սուպերիդեան է, որը մեր դեպքում պետության վերականգնման տեսլականն է։ Մեր պետությունը (տունը) ի՞նչ ենք ուզում սարքել, ի՞նչ անվտանգությամբ, ի՞նչ բարքերով, ի՞նչ խաղի կանոններով, ի՞նչ մոդելով։

Իսկ այսօր մենք, առանց լուծելու ա-բ-գ կետերը, պահանջում ենք համախմբվել՝ չասելով՝ ովքերո՞վ, ինչի՞ շուրջ և ինչպե՞ս։

Ես առաջարկում եմ երկու հստակ քայլ, որոնք կարող են համախմբման տանել.

1. Գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը վերածել հանրային լայն շարժման

2. Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին գնալ հանրության թեկնածուով։

Այս հարցերի շուրջ վաղը խոսելու ենք «Հայկական օրակարգի» քննարկման ժամանակ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5751

Մեկնաբանություններ