Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ բան կառուցելուն, գրված է՝ կողմերի համաձայնությամբ. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, որ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Մեղրիով միջանցքի ապահովմանը Նախիջևանից դեպի Ադրբեջան, ինչպե՞ս է դա պատկերացնում, ո՞վ է լինելու կառուցողը, ի՞նչ պայմաններով և ի՞նչ է լինելու մեղրեցիների վիճակը՞։
«Այսինքն՝ որևէ բան կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե չկառուցել ընդհանրապես որևէ նոր ճանապարհ կամ որևէ այլ ենթակառուցվածք, տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ՝ ապագայում: Այս պահին խոսքը քաղաքացիական բեռների տեղափոխության թույլտվության մասին է, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների տարածքով մենք կամ իրենք տեղափոխում են իրենց բեռները: Սա նույնիսկ սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է, ոչ մի սմ հողի սուվերենություն չի զիջվել այդ հատվածում՝ այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզից, ընդամենը տրվել է թույլտվություն, որ մեր տարածքով քաղաքացիական բեռներ անցկացնեն»,- պարզաբանեց Արման Եղոյանը: Նա հավելեց, որ այդ նույն կետում ասվում է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, այսինքն` նաև մենք կարող ենք ընթացքում այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարց դնել. այդ ամենը մնում է ապագա բանակցություններին: