Իրանում դեռ երկար ժամանակ չեն իջեցնի վրեժի կարմիր դրոշները
18.02.2020 | 12:14
Եվ, ասես եզրափակում, Պուտինի հունվարյան այցը... Սիրիա, որտեղ նա պետք է Սիրիայի նախագահ Ասադի հետ քննարկեր բազմաթիվ հարցեր։ Կողմերը պետք է ինչ-որ ընդհանուր ալգորիթմ մշակեին տարածաշրջանի կայծակնային փոփոխություններին համաձայնեցված արձագանքելու համար։ Օրինակ, հունվարի 8-ին Իրաքի խորհրդարանը որոշում ընդունեց երկրի տարածքից բոլոր օտարերկրյա զորքերը վտարելու մասին։ Զուգահեռաբար Սիրիայում ռուսական զինվորական ոստիկանությունն սկսել է ավելի ակտիվորեն մտնել մի շարք ամերիկյան բազաների տարածք։ ՈՒ թեև Պենտագոնը հունվարի 7-ին զարմացրեց՝ հայտարարելով, թե իբր մտադիր չեն որևէ տեղ հեռանալու Իրաքից, իսկ Մեծ Բրիտանիան Իրաքին կոչ է արել բրիտանական զորքերին թույլ տալ մնալ երկրում, բոլորն աշխարհում պետք է հասկանան, որ Մերձավոր Արևելքից ամերիկացիների և անգլիացիների փախուստն անխուսափելի է։ Դեռ հունվարի 5-ին ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, «միջազգային հակաահաբեկչական դաշինքը» Իրաքում դադարեցրել է անվտանգության տեղի ուժերի մարտիկների պատրաստումը ռազմաբազաների գնդակոծման պատճառով։ Իսկ հունվարի 6-ին այդ «դաշինքն» ուղերձ է տարածել, որ «միջազգային դաշինքի ուժերն Իրաքից դուրս են բերվելու այդ երկրի կառավարության խնդրանքով։ Մենք հարգում ենք ձեր որոշումը, որը մեզնից պահանջում է զորքերի դուրսբերումը»։ Նշվում էր, որ այդ զորակազմը կվերատեղավորվի մի քանի օրում և շաբաթում։ Ի դեպ, նույն օրը, այսինքն արդեն իմանալով, որ ԱՄՆ-ն ու իր խամաճիկները ՄԱԿ-ում շրջափակել են Իրանի ԱԳՆ-ի հայտը, արդեն Իրաքի ԱԳՆ-ն է ՄԱԿ-ի ԱԽ պաշտոնական բողոք ներկայացրել ԱՄՆ-ի գործողությունների դեմ Բաղդադում Ղասեմ Սոլեյմանիի և շիա հրամանատար Աբու Մուհանդիսի սպանության կապակցությամբ։ Տվյալ դեպքում ՄԱԿ-ի, նաև ԱՄՆ-ի համար շատ դժվար կլինի մերժումով պատասխանել պաշտոնական Բաղդադին, որովհետև ամերիկացիները հարվածել են Իրաքի տարածքին, այն էլ՝ առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու։ Իրաքցիներն արդեն հայտարարել են, որ ամերիկացիները «տեղեկացրել են» հարված հասցնելուց ընդամենը 1-2 րոպե առաջ, իսկ դա չի կարող տեղեկացում համարվել, այն էլ՝ Իրաքի կառավարության հետ համաձայնեցված։ Այսինքն միջազգային հանրությունը բոլոր հիմքերն ունի ավելի մեծ դրամատիզմ սպասելու ամերիկացիների հունվարի 3-ի ահաբեկչական գործողության շուրջը։ Այնուամենայնիվ, արդեն փետրվարն է, բայց ՄԱԿ-ն ԱՄՆ-ի թելադրանքով դեռևս չի պատասխանել Իրաքին։ Եվ դա, մեր կարծիքով, Մերձավոր Արևելքի ապագա խնդիրների ևս մեկ հանգույց է։
Ինչ վերաբերում է Պուտինի և Ասադի բանակցություններին, ապա ամենաարժեքավոր տեղեկույթը, մեր կարծիքով, առայժմ այն է, ինչը հայտնի է դարձել նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունների շնորհիվ. «Օդանավակայանից Վլադիմիր Պուտինն ուղևորվել է ՌԴ ԶՈՒ զորքերի խմբավորման հրամանատարական կետ»։ Եվ հենց այնտեղ է նրան դիմավորել Բաշար Ասադը։ Նրանք լսել են զինվորականների զեկույցները երկրի տարբեր շրջաններում գործերի վիճակի մասին։ Այնուհետև կայացել են սիրիական և ռուսական պատվիրակությունների երկկողմ բանակցությունները։ Ըստ Պեսկովի, «Ասադի հետ շփման ընթացքում Պուտինը նշել է, որ այժմ կարելի է վստահորեն փաստել, որ հսկայական տարածություն է հաղթահարվել Սիրիայի պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհին»։ Ի դեպ, հենց այդ ժամերին սիրիական բանակը, առանց գերջանքերի, ևս մի քանի բնակավայր է ազատագրել Իդլիբի «ապառազմականացված գոտում», և Թուրքիան այս անգամ (հունվարի առաջին տասնօրյակում) վայնասուն չի բարձրացրել, թե «Ռուսաստանն ու Իրանը խախտում են խոստումները»։ Պեսկովը հայտնել է նաև, որ Սիրիայում Պուտինի գտնվելու ծրագրում նախատեսված է ևս մի քանի օբյեկտների այց։ Մենք կարծում ենք, որ դրանց թվում են Էլ Կամիշլի նահանգում ռուսական նոր բազայի օբյեկտները և նախկին ամերիկյան այն բազաները, ուր մտել է ՌԴ ռազմական ոստիկանությունը։
Մենք ենթադրություն էինք արել, հաշվի առնելով Իրաքի խորհրդարանի որոշումը, ինչպես նաև Սիրիայում մի շարք նախկին ամերիկյան բազաների վրա ռուս զինվորականների վերահսկողության սահմանումը, որ գեներալ Սոլեյմանիին սպանելով՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հող է նախապատրաստում Իրաքից ու Սիրիայից, չի բացառվում՝ նաև Աֆղանստանից, ամերիկյան զորքերը լիովին հանելու համար։ Իհարկե, դա միայն վարկած է կամ կռահում, ոչ թե մանրամասների և օպերատիվ տվյալների մանրակրկիտ վերլուծություն թեկուզ այն պատճառով, որ մենք ամբողջությամբ չենք տիրապետում տարամակարդակ տեղեկույթին։
Հունվարի 6-ին Թեհրանում կայացած համաժողովում, որին մասնակցում էին Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ բեն Ալյավին, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Բարզայը, Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արակչին և Իրանում Ռուսաստանի ու Նորվեգիայի դեսպանները, Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարեց. «ԱՄՆ-ը իր հանցավոր արարքի վերջնական վճռական պատասխանը կստանա տեղում, միաժամանակ դա ավելի մեծ ցավ կպատճառի։ Բայց ես կցանկանայի տարածաշրջանին հղել այն ուղերձը, որ Իրանը կդառնա խաղաղության ու անվտանգության խարիսխը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացման առանցքը։ Եկել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի վնասաբեր ներկայության վերջը»։ Մենք էլ ենք կարծում, որ Մերձավոր Արևելքում (իսկ դա հենց Արևմտյան Ասիան է՝ ներառյալ և՛ Այսրկովկասը, և՛ Թուրքիան) ԱՄՆ-ի ներկայության վերջին կանխագուշակմամբ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը լիովին համահունչ է մեր վարկած-կռահմանը։
Իսկ հունվարին ԱՄՆ-ը և Իրանը «պատրաստվում էին իրանական պատասխան» քայլերին։ Զուգահեռաբար Վաշինգտոնը փորձում էր «կողասրահներում պայմանավորվել» Իրանի հետ։ Տվյալներ կան, որ Սպիտակ տանը Կատարի միջնորդությամբ գաղտնի կապի արտակարգ կապուղի էր ստեղծվել։ Նման գործառույթը նախկինում իրականացնում էր Օմանը, բայց այժմ ամերիկացիները հավանաբար զգուշանում են սուլթան Քաբուսի ընտանիքից։ Կատարի ԱԳ նախարար Աբդուլռահման ալ Թանին հունվարի 4-ին այցելել է Թեհրան, այնուհետև հեռախոսով զրույց է ունեցել պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմփեոյի հետ։ Դոհայի միջնորդությունը զրոյին մոտ արդյունք է տվել։ Ինչպես անուղղակիորեն նշում են ամերիկյան ԶԼՄ-ները, Վաշինգտոնն իբր Թեհրանին փոխզիջում է առաջարկել. ռազմական բնույթի հատուցման գործողություններից Իրանի հրաժարվելու դիմաց պատրաստ է քննարկելու Իրաքից զորքերը հանելու հարցը։ Սակայն Թեհրանն իր հետագա քայլերով ցույց է տվել, որ մտադիր չէ այդ հարցը քննարկելու «փակ» դիվանագիտական կապուղիներով։ Սոլեյմանին սպանվել է ցուցադրաբար, և դա եղել է անմիջական մարտահրավեր այաթոլա Խամենեիին։ Բացի այդ ամենից, Սոլեյմանին տասնյակ միլիոնավոր իրանցիների և հարյուրմիլիոնավոր շիաների համար չափազանց նշանակալի է եղել, ուստի անհնար էր նրա շուրջ գաղտնի համաձայնության գալ թշնամու հետ։ Ամեն դեպքում, Կատարի միջնորդությամբ Թրամփի չարչիությունը ձախողվել է։
Ամբողջ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերն ու ՀՕՊ-ի հրթիռային մարտկոցները ուժեղացված մարտական պատրաստության էին բերվել արձագանքելու համար իրանական անօդաչու թռչող սարքերի (ԱՕԹՍ) հնարավոր հարձակմանը՝ հունվարի 7-ին, հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին, հաղորդել է CNN-ը։ Իսկ «Ասոշիեյթեդ պրեսը» հայտնել է ամերիկացի բարձրաստիճան զինվորականների նկատմամբ մահափորձերին Վաշինգտոնի պատրաստ լինելու մասին։ Խոշոր հարձակում էին սպասում մոտակա 1-2 օրը։ Նախազգուշացվել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի նավերը։ Հունվարի 7-ին ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ ՕþԲրայենը ավելի ուշ հայտարարել է, թե Վաշինգտոնում հետախուզական տվյալներ ունեն, որ ամերիկացի դիվանագետները, օբյեկտները և զինանձնակազմը ենթակա են հարձակման վտանգի։
Մեզ ուշադրության արժանի թվացին և այնպիսի լուրերը, որոնք բացահայտում են ստեղծված իրավիճակի կապակցությամբ ամերիկացիների երկյուղները։ Սոլեյմանիի սպանությանը Իրանի հավանական պատասխանները վերլուծել են ամերիկացի փորձագետներ Ջոշ Լեդերմանը, Դեն դե Լյուսը և Սաֆորա Սմիթը NBC հեռուստաալիքի հունվարի 3-ի նյութում։ Նրանց կարծիքով, Իրանի պատասխանը կարող է տարբեր ձևեր ընդունել, որոնք ուղղված կլինեն ամերիկյան քաղաքացիների, ակտիվների, շահերի, դաշնակիցների դեմ և այլն։ Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ ոչ անմիջապես և ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ գործնականում այլ տեղում կամ նույնիսկ կիբեր տարածությունում։ Վերլուծաբանները նշում են, որ Սոլեյմանին երկու տասնամյակում հետևողականորեն ստեղծել է «վստահելի մարդկանց, աշխարհազորայինների և դաշնակիցների ցանց, որոնք ընդունակ են կատարելու իրանական պահանջները՝ հիմնականում գործելով ստվերում։ Ծավալված ցանցն այժմ հավանաբար պետք է տրամադրված լինի նրա վրեժը լուծելուն, «ստեղծելով սպառնալիք, որը կարող է հարվածել աշխարհի գրեթե յուրաքանչյուր կետում»։ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի նախկին տնօրեն և NBC News-ի թղթակից Նիք Ռասմուսենի կարծիքով, «Իրանի արտասահմանյան հնարավորությունները կարելի է դիտարկել որպես երեք համակենտրոն շրջան։ Իր անմիջական հարևանների շրջանում Իրանը կարող էր համարյա անմիջապես պատասխան տալ, օրինակ, Իրաքում այս շաբաթ հարձակվել ԱՄՆ-ի դեսպանատան վրա։ Ավելի լայնարձակ Մերձավոր Արևելքում դա կարող է Իրանից ավելի շատ ժամանակ խլել, բայց նրա վստահելի անձինք դեռ կարող են սպառնալ ԱՄՆ-ի անձնակազմին, գործարարներին կամ զբոսաշրջիկներին։ Աշխարհի մնացած մասերում, ներառյալ Հարավարևելյան Ասիան և Լատինական Ամերիկան, Իրանի հնարավորություններն ավելի քիչ են, բայց արհամարհելի չեն։ Բանն այն է, որ նրանք գրեթե ոչ մի տեղ զրոյից չեն սկսում. գրեթե ամենուրեք ինչ-որ բան կա։ Դժվար է պաշտպանվել դրանից, որովհետև այն կարող է լինել որտեղ ասես»։
Հեղինակներն ԱՄՆ-ի դեմ Իրանի պատասխան միջոցների մի քանի հնարավոր թիրախ են նշել։ Առաջին հերթին, նրանց կարծիքով, սպառնալիքի տակ են ԱՄՆ-ի «ակտիվները»՝ Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի ողջ տարածքում տեղաբաշխված բազաներն ու զորքերը, այդ թվում՝ Իրաքում, Սիրիայում, Կատարում, Բահրեյնում, Քուվեյթում և ԱՄԷ-ում։ Իրանը զինել ու սովորեցրել է Իրաքի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի շիա աշխարհազորայիններին։ Նյութի հեղինակների կարծիքով, առավել բարդ իրավիճակ է Իրաքում, որտեղ սպառնալիքի տակ են «5000 ամերիկացի զինծառայողներ, Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատունը, Էրբիլում ամերիկյան հյուպատոսությունը։ Հարձակման կարող են ենթարկվել նավթարդյունաբերությունում աշխատող ամերիկացիները կամ ամերիկյան զորքերին ու Բաղդադում դեսպանատան համալիրը պաշտպանող հարյուրավոր կապալառուները, Սիրիայում գտնվող ամերիկյան «ոչ մեծ ուժերը»։ Հեղինակները չեն մոռացել Պարսից ծոցը, «որտեղ Իրանը կարող է օգտագործել իր հրթիռների և անօդաչու թռչող սարքերի աճող զինանոցը՝ հարվածներ հասցնելու համար Ամերիկայի դաշնակիցներին, ծովում նավթային օբյեկտներին ու նավթանավերին»։ Փորձագետները նաև հնարավոր են համարում նավթի փոխադրումը դադարեցնելու նպատակով Հորմուզի նեղուցն ականապատելու մասին Իրանի վաղուցվա սպառնալիքի իրագործումը։ Սպառնալիքի տակ են նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցները, որոնցից շատերն Իրանի թշնամիներն են, օրինակ՝ Իսրայելը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն։ Նշվում է նաև կիբերսպառնալիքը։ Սպիտակ տան նախկին գլխավոր տեղեկատու աշխատակից Թերեզա Փեյթոնը հայտարարել է. «Իրանն իսկապես մեծացրել է իր կիբերհնարավորություններն ու դրանք լրտեսելու, հետախուզական տեղեկույթ հավաքելու և քաոս ստեղծելու համար կիրառելու հնարավորությունները»։ «Իրանը, հավանաբար, կօգտագործի կիբեր պատերազմի իր աճող վարպետությունը ԱՄՆ-ի վրա ուղղակի հարված հասցնելու համար»,- նրան երկրորդում են ամերիկացի նախկին պաշտոնյաներ, որոնց կարծիքը մեջբերում է NBC-ն։ Հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին հետախուզության նախկին աշխատակիցների ասածն է հրապարակել NBC-ն. «ԱՄՆ-ի տարածքում ահաբեկչական գործողության կազմակերպումն Իրանի համար ավելի բարդ խնդիր է, որը կարող է որոշակի ժամանակ խլել կազմակերպման և պլանավորման համար»։
Ակնհայտ է, թե որքան են խուճապահար ու վախեցած այդ «մասնակիցները»։ Թեհրանը բոլոր մակարդակներում նախազգուշացրել է, որ եղել է ռազմական հարձակում, և պատասխանն էլ լինելու է ռազմական... Իսկ նույն ժամանակ հայտնի դարձավ, որ հունվարի 6-ին Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ հայտարարություն են արել գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի մասին, բայց, չգիտես ինչու, որոշել են տարածաշրջանային ճգնաժամի համար մեղքը գցել Իրանի վրա։ Իբր, ձեզ՝ իրանցիներիդ, սպանում են, բայց դուք չհամարձակվեք խանգարել Եվրոպային։ Այլ կեպ անհնար է գնահատել այդ հայտարարության հետևյալ հատվածը. «Մենք Իրանին հատկապես կոչ ենք անում ձեռնպահ մնալ հետագա բռնի գործողություններից ու դրանք սատարելուց, ինչպես նաև միջուկային համաձայնագրին չհամապատասխանող գործողություններից»։ Ասես Մերկելը, Մակրոնը և Ջոնսոնը չգիտեն, որ ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել 2015 թ. ԳՀՀՊ-ի գծով իր պարտավորությունները, և եթե համաձայնագիրը դեռ չի «մահացել», ապա միայն Իրանի զսպվածության և Ռուսաստանի ու Չինաստանի ջանքերի շնորհիվ։ Այնուամենայնիվ, այդ եվրոպական երկրներում երևի ինչ-որ վատ բան կանխազգացին, իզուր չէր, որ գերմանացիները շտապեցին վերջնականապես հեռանալ Իրաքից։ Իսկ Գերմանիայում գրեցին (մասնավորապես՝ «Բիլդ» թերթը), թե իբր ժամանակն է, որ Մերկելը Պուտինի հետ բանակցելու համար Մոսկվա գնա։ Բայց Բեռլինում ի սկզբանե սխալ տոն են ընտրում։ Բանն այն է, որ ՌԴ նախագահի հրավերով Մոսկվա Գերմանիայի կանցլերի 2020 թ. հունվարի 11-ի անակնկալ այցի լուրը քաղաքագետները սխալ են մեկնաբանում. Մոսկվան բազմիցս է միացել եվրոպական երկրների հասցեին Իրանի այն դիտողություններին, որ եթե Եվրոպան ուզում է պահպանել 2015 թ. ԳՀՀՊ-ն, ապա պարտավոր է արտակարգ կերպով կատարել Իրանի հանդեպ իր պարտավորությունները։ Իսկ գերմանացի գործիչները Մերկելին խորհուրդ են տալիս «ճնշում գործադրել» Պուտինի վրա, որ նա էլ «ազդի» Իրանի վրա։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ