Մամուլի զարմանալի կոնֆերանսը Կապանում և նախագահի մի շարք թեկնածուների տարօրինակ պատասխանները Ստեփանակերտից
04.02.2020 | 00:28
Հունվարի 25-ին և 26-ին շատ տարօրինակ բաներ էին կատարվում, այն էլ հակառակի պես, հունվարի 28-ի՝ հայկական բանակի ստեղծման տոնի նախօրեին։ Պակաս տարօրինակ չէր և այն, որ ամեն ինչ սկսվեց, երբ Ստեփանակերտից հայտարարեցին՝ Արցախի Հանրապետության նախագահի հերթական ընտրությունը նշանակված է 2020 թ. մարտի 31-ին, իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումը կլինի փետրվարի 15-25-ին։ Այսինքն՝ պահպանվել են այդ ընտրության հետ կապված բոլոր սահմանադրական ժամկետները։ Եվ արդեն այսօրվա դիրքերից պարզ է դառնում, թե Փաշինյանն ինքը կամ 2017-ից նրան օգնող անդրկուլիսյան ուժերն ինչու արցախյան նախագահական ընտրությանն առնչվող ժամկետներն իմանալուց հետո որոշեցին դիմել այդ սադրիչ հերյուրանքին։
Նախագահական Կապանում Փաշինյանի հունվարի 25-ի մամուլի կոնֆերանսը բավական լայնորեն լուսաբանվել է, նրան արձագանքել են շատ ԶԼՄ-ներ, փորձեր են եղել վերլուծելու, թե լրատվամիջոցների հետ շփվելու ժամանակ վարչապետն այդ ինչու հանկարծ զրպարտեց Սերժ Սարգսյանին և ինչու հանկարծ «պատասխաններ» պահանջեց... Արցախի հայերից՝ պատրա՞ստ եք հանձնվելու, թե՞ ոչ։ Այստեղ մենք, իհարկե, մի փոքր չափազանցում ենք. պատերազմում հաղթածներից ուղղակի տեքստով թշնամու առաջ կապիտուլյացիա պահանջելու համար պետք է, այնուամենայնիվ, կամ հոգեկան հիվանդ լինել, կամ անուղղելի սրիկա։ Կամ էլ պարզապես ազգի դավաճան։ ՈՒսումնասիրելով Կապանում վարչապետի հայտարարությունները՝ միամիտ ընթերցողը նման կոչ չի տեսնի։ Նախկին «դեղին» լրագրողը բավական փորձվել է հանրությանը հիմարացնելու հնարքներում, ուստի վարպետորեն փորձում է խուսափել (ելույթներում, խոսքի դարձվածքներում և այլն) իր խոսքերի համար հետագա պատասխանատվությունից։ Բայց այն ամենը, որ Հայաստանի վարչապետն այդ օրն ասում էր Սյունիքի մարզում, միանգամայն ակնհայտորեն նախատեսված էր Արցախի հայերի համար և նվիրված էր մարտի 31-ին նշանակված նախագահական ընտրությանը։
Բայց ինչն է հետաքրքիր. Փաշինյանի քաղաքական «հարցումը» նախանշված էր ոչ թե ամբոխից ինչ-որ մեկին կամ Արցախի ճակատամերձ գյուղերի բնակիչներից որևէ մեկին, որոնք բոլորից լավ գիտեն և հիշում են, թե ինչ է թուրքը, այլ հենց այն անձանց, ովքեր ընկալվում են որպես առաջիկա ընտրությունում նախագահի թեկնածուներ։ Այդ առնչությամբ ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ ամենաառաջինը և գրեթե անմիջապես (հունվարի 26-ի այդ պատասխանին ծանոթացան ԶԼՄ-ների հրապարակումներից, հետևաբար բացառված չէ, որ տեքստը պատրաստ էր հունվարի 25-ին, այսինքն, Կապանում Փաշինյանի մամուլի կոնֆերանսի հետ գրեթե միաժամանակ, կամ էլ նույնիսկ ավելի վաղ, և տեքստի հեղինակները պարզապես սպասում էին կոնֆերանսի ավարտին) Փաշինյանի «հարցումին» պատասխան տվեց Արցախի ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ինչ-որ բան հիշեցնել Փաշինյանի մամուլի կոնֆերանսից։ Օրինակ, նա ստում էր Հայաստանի երրորդ նախագահի՝ «ամեն ինչ ամբողջությամբ ու մաս-մաս հանձնելու» ցանկության վերաբերյալ. դա երևի շատերն ինքնուրույն էլ նկատեցին։ Մասնավորապես, Արցախի նախագահի բոլոր թեկնածուներին Փաշինյանն առաջարկեց արտահայտվել նրանց համար ինչ-որ «փաստաթղթի» ընդունելի լինելու մասին, որն իբր Ղարաբաղի հարցով «բանակցությունների սեղանին էր» Սերժ Սարգսյանի օրոք։ Այն տեքստում, որը կարդում էր Փաշինյանը, գրված է, որ հայկական կողմն իբր պետք է հանձնի յոթ շրջան՝ պահպանելով Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։ Բացի դրանից, ընթերցած տեքստում ասվում էր Ղարաբաղի բոլոր սահմաններին, բացի Լաչինից ու Քարվաճառից, խաղաղարար ուժեր տեղադրելու մասին։ Թե այդ ինչ փաստաթուղթ էր, որը հորինեց Փաշինյանը, հասկանալի չէ։ Տարիներով հայտնի է, որ բացի, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքներից», ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներն առանձնապես ոչինչ չեն առաջարկել։ Այն, ինչն ամերիկացիներն սկսեցին առաջ մղել 2017-18-ին, և որն ԱՄՆ-ի տարբեր ԶԼՄ-ներում անվանում էին «Հոգլանդի պլան» (Ռիչարդ Հոգլանդը ՄԽ-ի ամերիկացի նախկին համանախագահներից մեկն էր), իրականում ճիշտ կլիներ անվանել «Մեթյու Բրայզայի պլան», իսկ դա Հայաստանում և Արցախում հայտնի է առնվազն 2005-ից, երբ այդ Բրայզան (նույնպես ՄԽ-ի ամերիկացի նախկին համանախագահ) նույնիսկ սույն տողերի հեղինակի հետ զրույցում (թեկուզ կարճատև) փորձում էր բացահայտորեն այն դրույթը «մտցնել», թե կարգավորման ժամանակ ՄԽ-ի համար «առաջնային են» ադրբեջանական կողմի շահերն ու պահանջները։ Այդ ի՞նչ «փաստաթուղթ» էին բերել Փաշինյանին։ Հենց «Բրայզայի պլանով» էին Արցախից խլվում բոլոր նվաճումները, փաստորեն խլվում էր նաև Շուշի քաղաքը. ամերիկացիները մտադիր էին այնտեղ «վերադարձնելու» ադրբեջանցի բնակիչներին, ընդ որում, առանց հայ բնակչությանը զուգահեռաբար վերադարձնելու, ասենք, Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը, ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի բնակավայրերը, Հայաստանի Արծվաշեն գյուղը...
Ի դեպ, 2017 թ. մարտի 27-ին հենց Հոգլանդը հերքեց Բաքվի ու Երևանի որոշ շրջանակների այն բարբաջանքը, թե իբր կա Արցախի խնդրի կարգավորման «Լավրովի պլան»։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մի քանի խելամիտ պլաններ կան, որոնց շուրջ կողմերը պետք է բանակցեն՝ այն ժամանակ Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը։ «Հնարավոր է, որ այդ պլանները վերջնական չեն, բայց նրանք շրջանառվում են, ինչը նշանակում է, որ բանակցությունները պետք է վարվեն այդ ուղղությամբ,- ասել է Հոգլանդը, ընդգծելով, որ կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն և վերադառնան բանակցության սեղանին։- Խաղաղ կարգավորման հասնելու համար անհրաժեշտ է, որ կողմերն աշխատեն առկա պլանների վրա։ Ընդ որում, բանակցային գործընթացում «Լավրովի պլան» անվանումով որևէ փաստաթուղթ չկա։ Մենք այդպիսի արտահայտություն չենք օգտագործում, շրջանառության մեջ կա պլան, որը բաղկացած է երեք մասից, բայց այս փուլում նրա մանրամասները հրապարակել մենք չենք կարող, ժամանակը չէ։ Կողմերն աշխատում են դրա վրա»։
Մի քանի խոսք այն մասին, թե ինչ էր պատրաստվում «հանձնելու» Սերժ Սարգսյանը։ Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա ԶԼՄ-ների առաջ պատմեց Ղարաբաղի վերաբերյալ առաջարկության մասին, որը Երևանում ընթացող ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ստացել, բայց մերժել է Հայաստանի երրորդ նախագահը։ Լուկաշենկոն հայտարարել է, որ Սարգսյանին առաջարկել են հանձնել այն 7 շրջաններից 5-ը, որոնք Արցախի վերահսկողության տակ են անցել ռազմական հակամարտության արդյունքում և իբր դատարկ են։ «Եթե ես դրանք տամ, նրանք ճանապարհը կկտրեն, կօկուպացնեն Ղարաբաղը և այլն»,- Սարգսյանի պատասխանն է հիշեցրել Բելառուսի նախագահը։ Նա նշել է, որ այդ առաջարկից Հայաստանը հրաժարվել է նույնիսկ այն ժամանակ, երբ նրան խոստացել են Ռուսաստանի և Բելառուսի խաղաղարար զորքեր մտցնել։ Եթե մեզ չի դավաճանում հիշողությունը, ապա Լուկաշենկոյի այդ բացահայտումները կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունից հետո դարձավ, այսպես ասած, «անժամանակ» վարչապետ։ Եվ հարց է ծագում, թե այդ ի՞նչ պլան էր «Սերժի սեղանին», որը տվել էին Փաշինյանին, եթե նույն Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում էր «տալ 7 շրջաններից 5-ը»։ Դուրս է գալիս, որ Փաշինյանի ձեռքն են տվել «Հոգլանդ-Բրայզայի պլանը», որովհետև միայն ամերիկացիներն ունեին Հայաստանին ու Արցախին կապիտուլյացիա պարտադրելու պլաններ։ Իսկ Լուկաշենկոյի ասածից միանշանակ երևում է, որ Հայաստանի նախագահն առնվազն Ռուսաստանի և Բելառուսի հետ երբեք չի բանակցել «տարածքներ վերադարձնելու» մասին։
Բայց խելքից վեր է, թե էլ ինչ հայտարարեց Փաշինյանը հունվարի 25-ին։ «Ժողովրդավարության» մարտիկ, «մարդու իրավունքների սահմանափակման» բազմամյա քննադատ, ու հանկարծ բացահայտորեն սպառնում ու թելադրում է, անթաքույց կերպով միջամտում է Արցախի մոտալուտ համաժողովրդական ընտրությանը։ Նախկին իշխանությունների հետ կապված թեկնածուն չի կարող դառնալ Արցախի նախագահ, «հատուկ ծառայությունները թույլ չեն տա», հայտարարել է Փաշինյանը։ Նա իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է, թե նրանք մտադիր են մեքենայությունների միջոցով Արցախի նախագահ դարձնելու «բոլորի կողմից մերժված մարդու»։ «Դա նրանց չի հաջողվի, քանի որ Հայաստանի և Արցախի կառավարության ու ղեկավարների համար այդ պլանը հասկանալի է, այն հասկանալի է նաև ազգային անվտանգության ծառայությանը»,- հայտարարել է վարչապետը և հասկացողների ու իր տեսակետն ընդունողների մեջ ընդգրկել նաև ողջ ժողովրդին։ Իսկ «ողջ ժողովուրդը» Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող բնակչության 35-38 %-ն է, այսինքն, 300-350 հազար մարդուց ոչ ավելի։ Ակնհայտ է, որ Հայաստանի բնակչության այդ մասը «ողջ ժողովուրդը» չէ, և ակնհայտ է, որ փաշինյանական «ողջ ժողովուրդ» հասկացության մեջ հաստատ չի մտնում Արցախի բնակչությունը։
Այնուամենայնիվ, Հայաստանի ԱԱԾ-ից Փաշինյանի կամակատարներին Արցախի հայերի վրա «բաց թողնելու» սպառնալիքն առկա է։ Ինչու՞ է Հայաստանի վարչապետը բացահայտորեն սպառնում արցախցիներին։ Արցախի նախագահական ընտրությանը մտադիր են մասնակցելու Արցախի դեմոկրատական կուսակցության նախագահ, Ազգային ժողովի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանը, որը, պաշտոնի բերումով, միշտ կապված է եղել ոչ միայն Ստեփանակերտի իշխանության, այլև Հայաստանի «նախկին իշխանությունների» հետ։ Երկրորդը ԱԳՆ գործող ղեկավար Մասիս Մայիլյանն է, որն «առաջինը պատասխանեց» Փաշինյանին։ Նա նույնպես կապված է եղել և՛ Արցախի, և՛ Հայաստանի բոլոր «նախկին իշխանությունների» հետ, որովհետև 2001-07 թթ. աշխատել է որպես ԼՂՀ փոխարտգործնախարար։ Համար երեքը «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին պետնախարար, 2007 թ. սեպտեմբերից մինչև 2017 թ. սեպտեմբեր ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն է՝ նույնպես կապված Արցախի իշխանությունների և Հայաստանի «նախկին իշխանությունների» հետ։ Համար չորսը ԼՂՀ պաշտպանության բանակի զորապետ, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է։ Կարծում ենք՝ բոլորին պարզ է, որ այդ թեկնածուն էլ է «կապված եղել այն բոլորի հետ», որոնց ատում է Փաշինյանը տեղում, այսինքն՝ Արցախում, իրավիճակի իր սահմանափակ ըմբռնման պատճառով։ ՈՒրեմն ովքե՞ր են Փաշինյանի համար Արցախի նախագահի «լավ» և «վատ» թեկնածուներ։ Հավանաբար նրանք, ում հետ նա հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտում, «լավ» թեկնածուներ են, իսկ «վատերը» նրանք են, ովքեր անմիջականորեն 1991-94 թթ. մասնակցել են մարտական գործողություններին։ Դրանք երկուսն են (առայժմ). վերը հիշատակված Բալասանյանը և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը։ Ճիշտ է, վերջինիս նախագահի թեկնածու չեն գրանցել, այնպես որ, հնարավոր է, Փաշինյանի «ատելությունը» նրա նկատմամբ մի փոքր քիչ է, քան Բալասանյանի։ Հենց Բալասանյանն է բազմիցս հայտարարել, որ Փաշինյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։ Եվ հենց նրա հետ Փաշինյանը չի հանդիպել Ստեփանակերտում։ Ավելին, Երևան նրա այցերից մեկի ժամանակ կարգադրել է սադրել նրա ձերբակալությունը, թեև հետո ժխտել է իր մասնակցությունը։ Բացի դրանից, Բալասանյանը Հայաստանի վարչապետին մեղադրել էր, որ Արցախի հիմնախնդրին և հակամարտության կարգավորմանը նրա մոտեցումները բացարձակապես համընկնում են Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, Իսկ Հայաստանի և Արցախի հայերի համար դա յուրատեսակ լակմուսի թուղթ է։
Ի դեպ, այդ մամլո կոնֆերանսը դարձավ Ռուսաստանի նկատմամբ Փաշինյանի արյան մեջ խոր նստած ատելության կամ անվստահության ապացույց։ Փաշինյանը ոչ այնքան հստակ, բայց բավական վտանգավոր մի հայտարարություն էլ արեց՝ մեկնաբանելով սեփական հայտարարությունը 2016 թ. ապրիլին Ադրբեջանի քառօրյա ագրեսիայի սանձազերծման գործում Ռուսաստանի դերի մասին։ Այդ կապակցությամբ տրված հարցին, թե նա պատրա՞ստ է կրկնելու Ռուսաստանի դերի մասին սեփական դրույթները, որոնք նա հնչեցրել էր դեռ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր եղած ժամանակ, Փաշինյանը դրական պատասխան է տվել՝ հղում անելով ֆեյսբուքում համապատասխան գրառմանը։ Պատասխանից հետևում էր, որ նա ոչ միայն նույն կարծիքին է Ռուսաստանի դերի մասին, այլև հասցրել է հարցը քննարկել «ռուս գործընկերների հետ»։ Վերջիններիս անունները Փաշինյանը չի տվել, ինչը մեծ կասկածներ է հարուցում, թե գործընկերները համաձայնել են նման քննարկման, եթե, իհարկե, վարչապետը գործընկեր չի համարում ստորին օղակի որևէ ռուս պաշտոնյայի կամ որևէ լիբերալ (այսինքն՝ ամերիկամետ) ռուս ընդդիմադրի։ Հազիվ թե ռուսական կողմը Փաշինյանի այդ հայտարարությունն անուշադրության մատներ։ Ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլինի բացատրելու, ընդ որում` բազմիցս, թե երբ և ում հետ է հնարավորություն ունեցել քննարկելու Ռուսաստանի դերը 2016 թ. ապրիլի ադրբեջանական ռազմական ագրեսիայում։ Եթե այդ քննարկումը չի եղել մասնավոր բնույթի, ապա կողմերը պարտավոր էին հանդես գալու հայտարարությամբ, բայց այդպիսի հայտարարություն չի եղել։ Գուցե Հայաստանի վարչապետը հարցը քննարկել է մասնավոր կարգով, ինչ-որ վերելակում կամ էլ Կրեմլի հեռու ընկած ճեմասրահներից մեկում, սակայն նման հետնախորշային խոսակցությունները մեծ քաղաքականության մեջ եղանակ չեն ստեղծում։ Պաշտոնական քննարկումը պետք է ունենա պաշտոնական արդյունք, և քանի որ այդպիսի արդյունքներ չկան, ապա վարչապետի պատասխանն էլ, ներեցեք, շատ նման է կիսագրագետ լսարանի համար նախատեսված հերյուրանքի։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի իշխանությունների խնդիրն է, թե ինչպես վերաբերվեն որևէ երկրի ղեկավարի, որն անհիմն կերպով ստում է իր բնակչությանը, թե. ասենք, «Ռուսաստանն է սանձազերծել առաջին համաշխարհային պատերազմը» կամ էլ XX դարի որևէ այլ պատերազմ։ Հարց է ծագում՝ իսկ ինչու՞ է վարչապետը մոռացել Թուրքիան, Իսրայելը, որն իր անօդաչու սարքերը փորձարկել է հայերի վրա 2016-ի ապրիլին, ինչու՞ է մոռացել ԱՄՆ-ը, որը շտապեց ադրբեջանական ագրեսիայի առաջին օրը Բաքվում անցկացնել «Հարավային գազային միջանցքի» նախագծի մասնակիցների նիստը։
Վերադառնանք նկարագրվող իրադրությանը։ Արդեն նշել ենք՝ նախագահի թեկնածուն այնքան արագ պատասխանեց Փաշինյանին, որ հիմնավորված կասկածներ ծագեցին։ Հիշեցնենք՝ հունվարի 26-ին այդ պատասխանը հրապարակվեց ԶԼՄ-ներում, հետևաբար բացառված չէ, որ Մայիլյանի տեքստը պատրաստ էր հունվարի 25-ին, այսինքն՝ գրեթե Կապանում Փաշինյանի մամուլի կոնֆերանսի հետ համաժամանակ, կամ էլ վաղօրոք էր տեքստը պատրաստվել, և նրա հեղինակները (ենթադրենք՝ անձամբ Մայիլյանը) պարզապես սպասում էին վարչապետի մամուլի կոնֆերանսի ավարտին։ Ոմանք կասեն՝ էլ ո՞վ, եթե ոչ ԼՂՀ-ի արտգործնախարարը պետք է առաջինը պատասխաներ։ 2000-ականներին էլ եղել է հանրապետության փոխարտգործնախարարը, ուրեմն տեղյակ է ամեն ինչին։ Եվ դժվար է պատկերացնել, թե Արցախի արտգործնախարարներից որևէ մեկը կարող էր տեղյակ չլինել բանակցային թեմաներին, կամ երբեք չի արտահայտվել «Մադրիդյան սկզբունքների» մասին։ Ո՞վ չգիտի, որ Արցախի ԱԳՆ-ն գոյություն ունի 1993 թ. հուլիսի 23-ից։ Սույն նյութի հեղինակը անձամբ ծանոթ է և այս կամ այն չափով շփվում է Արցախի Հանրապետության առաջին արտգործնախարար Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև Արման Մելիքյանի, Գեորգի Պետրոսյանի («Դաշնակցություն» կուսակցության բյուրոյի նախկին անդամ), Վասիլի Աթաջանյանի հետ։ Մայիլյանի նախորդը՝ Կարեն Միրզոյանը, նույնպես «տեղյակներից» է։ Եվ ի՞նչ է, մի՞թե միայն Արցախի ԱԳՆ-ի հաստիքային պաշտոնում գտնվելն է այս կամ այն անձին գիտելիքների և տեղեկույթի անհրաժեշտ պաշար տալիս, մասնավորապես, կարգավորման ընթացքի մասին։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ