ՈՒ մենք հասանք 2020
24.12.2019 | 00:48
«Վեր է կացել մեր Չալանկը էն թևից»։ Չգիտեմ ինչու՝ Հովհաննես Թումանյանի այս տողը հետապնդում է ինձ՝ սևեռուն գաղափարի պես, թեպետ ընկճախտի այլ հայտանիշներ չունեմ, չհաշված անքնությունը: Իսկ անքնությանն ընտելացել եմ՝ ասես տան անդամի, որին չես կարող վռնդել: Ես ու իմ անքնությունը ժամանակը վառում ենք միասին ու միասին ենք եզրակացրել.
1. Մենք հասանք 2020-ին: Արդեն ցուցանիշ է՝ սկսվում է 21-րդ դարի երրորդ տասնամյակը: ԵՐՐՈՐԴ: Ժամանակն է՝ փակելու սխալների էջը ու գնալու խելամիտ ճանապարհով՝ պետության ինքնիշխանության, պաշտպանունակության, տնտեսության զարգացման ու մթնոլորտի փոփոխության: Եթե իշխանությունը չունի այդ փոփոխությունների անհրաժեշտության զգացողությունն ու անելու կարողությունը, կեցցեն ընտրությունները:
2. Իզուր են ասպարեզ նետում արտահերթ ընտրությունների գաղափարը: Չկան նախադրյալներ: Հայ ժողովուրդը համակված է անափ լավատեսությամբ ու վստահում է իշխանությանը: «Gallup International Association»-ն ամփոփել է նոյեմբերին ՀՀ բոլոր վարչական շրջաններում, 10 մարզերում, մարզկենտրոններում ու գյուղերում 1517 հարցումների արդյունքները: «Գոհ են իրենց կյանքից» հարցին 20,7 տոկոսը պատասխանել է՝ լիովին գոհ է, 57,5 %-ն՝ ավելի շուտ գոհ է, 10,5 %-ը՝ ընդհանրապես բավարարված չէ: Տվյալ պահին իրենց ընտանիքի նյութական ապահովվածությունը շատ լավ գնահատել է հարցվածների 5 %-ը, լավ՝ 22,9 %-ը, միջին՝ 59,3 %-ը: 2.8 %-ը ՀՀ տնտեսական վիճակը գնահատել է շատ լավ, 16,3 %-ը՝ լավ, 54 %-ը՝ միջին: 20,1 %-ը նշել է, որ մեկ տարի անց ներկայի համեմատ ավելի լավ կապրի, 41,9 %-ը՝ որոշ չափով լավ, 4,5 %-ը՝ որոշ չափով վատ, 2.4 %-ը զգալիորեն վատ: Ամենակարևոր երեք խնդիրներն առանձնացնելով՝ 34,1 %-ը նշել է գործազրկությունը, նույնքանը՝ ցածր թոշակները, 32,8 %-ը՝ տնտեսական վիճակը, 24,1 %-ը՝ ԼՂ խնդիրը, 15,2 %-ը՝ կրթական համակարգի վատ վիճակը, 10,3-ը՝ առողջապահության վատ վիճակը, 7,7 %-ն՝ արտագաղթը, 7,4 %-ն՝ արտաքին քաղաքականության ու պաշտպանության խնդիրը, 7,2 %-ը՝ գնաճն ու ինֆլյացիան, 7 %-ը՝ կոռուպցիան: 9,1 %-ը նշում է, որ հեղափոխությունից հետո ակնկալիքներն արդարացել են, 67,21 %-ը՝ որոշ չափով են արդարացել, 8 % ը՝ որոշ չափով չեն արդարացել, 13,8 %-ը՝ ընդհանրապես չեն արդարացել: Վարչապետի գործունեությանը հավանություն է տվել 83,2 %-ը: Սրանք թվեր են, որ վկայում են՝ հանրությունը չունի գնահատման սանդղակ, ներկայի ու ապագայի հստակ պատկերացումներ, ցանկություններ և նպատակներ, ուստի ի վիճակի չէ ռեալ գնահատել իշխանության գործունեությունը: ՈՒ սա է հիմնական պատճառը, որ բերում է իշխանության բախտը:
3. Հայաստանում չկա ընդդիմության պահանջարկ: Սա է հիմնական պատճառը, որ ռեալ ընդդիմություն չի ձևավորվում՝ իր դասական կարգավիճակով: Մեխանիկորեն նախկին իշխանությունները դարձան ընդդիմություն: Նրանք պահպանել են ֆինանսական ու մեդիառեսուրսները և ունեն իրավիճակի վրա ազդելու տեսական հնարավորություն, հիմնականում՝ ֆորս մաժորների պարագայում: Գործնականում առաջիկա 5-10 տարիներին, նույնիսկ ԱԺ մտնելու պարագայում, իշխանության վերադառնալու հեռանկարը փակ է: ՈՒ դա հիանալի հասկանում են թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն, թե ՀՅԴ-ն: Նրանք ունեն երկու մարտավարության հնարավորություն: Առաջին՝ շարունակել նույն ակտիվությամբ ամեն ինչ քննադատել. շեշտել միայն սխալները և այդ սխալների համապատկերում՝ ջանալ սեփական շահեկանությունն ի ցույց դնել: Երկրորդ՝ առժամանակ դադար վերցնել ու զբաղվել ինքնագնահատականով, կուսակցական ներքին կյանքով՝ ասպարեզում հազվադեպ երևալով: Առաջին դեպքում նրանք ամրապնդում են ՔՊ-ի ու անձամբ վարչապետի իշխանությունը՝ հանրությանը անընդհատ հիշեցնելով իրենց հնարավոր վերադարձը, որը առիթով ու չառիթով օգտագործում է Նիկոլ Փաշինյանը: Երկրորդ դեպքում նրանք բոլոր հնարավորություններն ընձեռում են ՔՊ-ին լճանալու ու անձամբ վարչապետին զրկում են «նախորդ հանցավոր ռեժիմի» ռևանշիզմի ու արմատականության վրա իր արածներն ու չարածները բարդելու տարբերակից: Թվում էր՝ ընտրությունը պարզ պիտի լինի, բայց ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն դա չեն ընկալում: Ոչ էլ ԲՀԿ-ն, որ խորհրդարանական կուսակցություն է ու պաշտոնապես ընդդիմություն: Ինչպես ԼՀԿ-ն: Մեծ վերապահումով: Իր քառամյակին ԼՀԿ-ն իրեն համարում է իշխանության մրցակից ու փոխարինող: Փաստացի՝ ԼՀԿ-ն ամենահաջողակ կուսակցությունն է, ում բախտը քաջ Նազարի պես բերում է: ՈՒ ճիշտ քաջ Նազարի պես էլ վախենում է ընդդիմություն լինել՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի պատմությունը, ինչպես էլ կոչես, մեծ վախի խոստովանություն է՝ կիսատ-պռատ քաղաքական փաթեթավորմամբ: Եթե ընտրողը տարրական քաղաքական գրագիտություն ունենա, ԼՀԿ-ն հաջորդ խորհրդարանում չի էլ հայտնվի՝ շարունակելով այս ընթացքով ցուցադրական ընդդիմություն խաղալ:
Հարցումներով ԱԺ ընդդիմության աշխատանքը լիովին դրական է գնահատել10,2 %-ը ,ավելի շուտ դրական՝ 27.4 %-ը, ավելի շուտ բացասական և ամբողջովին բացասական՝ 28,7 և 20,6 %-ը: Սա մեծ թիվ է: Եթե վաղն ընտրություններ լինեին, «Իմ քայլի» օգտին կքվեարկեր 61,3 %ը, ԲՀԿ-ի՝ 14,2, ԼՀԿ-ի՝ 3,9:
Փաստացի՝ քաղաքական դաշտում միայն մեկ կուսակցություն կա, որ անցած ճանապարհին զիգզագներ չի արել ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության մեջ, հակառակ քաղաքական կոնյունկտուրային ու օրվա պահանջարկին՝ չի շեղվել ճանապարհից, տուրք չի տվել պոպուլիզմին, քաղաքական սոփեստությամբ դիվիդենդներ չի հավաքել, չի ընկել քվեի հետևից՝ նահանջելով իր սկզբունքներից, պահպանել է նախկին դաշնակիցների հետ նորմալ հարաբարերությունները, ղեկավարվել պետականության շահով, գերադասում է ոչ թե բաժանումները, այլ համախմբումը և այսօր էլ պատրաստ է համախմբող դերին՝ «Հանրապետությունը»: «Հանրապետությունը», որ այսօր իշխանության դրական քայլերն արժևորելով, անթաքույց քննադատում է սխալներն ու անում այն, ինչ չեն անում արտախորհրդարանական իրենց ընդդիմադիր անվանող հին ու, անձրևից հետո սնկերի արագությամբ աճող, նորելուկ կուսակցությունները՝ ցույց է տալիս այլընտրանքի հնարավորությունը, անում է զարգացման ճանապարհների առաջարկներ: Որքանո՞վ են ընդունվում, իշխանությունը պիտի պատասխանի, իսկ գնահատողը մենք ենք լինելու: Մենք ենք պարտավոր հերթական ընտրություններում ձևավորել իշխանություն, որտեղ ոչ մի ուժ չի ունենա բացարձակ մեծամասնություն ու կձևավորվի խորհրդարանական կառավարում՝ կոալիցիայով, որտեղ ընդգրկված քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց «ոչ»-ը ասել, ու դա ազդեցություն կունենա կառավարման մեջ: Այսօրվա Հայաստանում չկա խորհրդարանական հանրապետություն, կա ՔՊ-ի մենիշխանություն, իսկ դա առաջին հերթին հենց ՔՊ-ի դեմ է, հետո՝ պետության, ընդհանրության մեջ՝ բոլորիս, բայց կոչվում է համաժողովրդական վստահություն ու իշխանության համար ապահովում է գերլեգիտիմություն, որն օգտագործել պետականության զարգացման համար ՔՊ-ն չի կարողանում, փոխարենը լիուլի կիրառում է հանուն ՔՊ-ի վարկանիշի:
4. Հեղափոխությունից հետո նոր արժեհամակարգ չի ձևավորվում: Գործնականում չի պատասխանվել հարցը՝ 2018-ի գարնանը իշխանափոխությու՞ն, թե՞ հեղափոխություն է եղել: Դասական իմաստով՝ իշխանափոխությունն ավելի ճիշտ է, համակարգ չի փոխվել՝ Հայաստանը եղել և մնում է կառավարման նույն համակարգում՝ խորհրդարանական հանրապետություն, չի փոխվել նաև տնտեսական համակարգը: Մթնոլորտի փոփոխությու՞նը: Մեծ հարց է, թե ազգային արժեհամակարգի տեսակետից որքանով է շահեկան սևերի ու սպիտակների հետևողական բաժանումը, ազգային խնդիրների լուծման առումով ինչի է հանգեցնելու ի վերջո: Իշխանությունը, որ ինքն է սկսել այդ բաժանումը՝ հների ու նորերի պիտակավորումով մինչև 2018-ը ամեն ինչ մերժելու ու 2018-ից հետո ամեն ինչով հիանալու մտայնությամբ, շարունակում ու խորացնում է խզումը: ՈՒ չի ընկալում, որ դեֆակտո չկան հին ու նոր, կան միջին վիճակագրական հայեր, որ ապրել, ապրում ու ապրելու են նույն երկրում:
5. Մի քանի անգամ հայտարարվեց, որ Հայաստանում լինելու է տնտեսական հեղափոխություն ու նույնիսկ՝ այդ հեղափոխությունը հաղթել է: Բացատրություններ էլ տրվեցին, թե որն է տնտեսական հեղափոխությունը, բայց այդ մեկնությունները տնտեսական ռեալ իրականության հետ կապ չունեն: Մինչև հիմա հստակված չեն ՀՀ տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները, իսկ այն, ինչ հռչակվում է ռազմավարություն, նման է մանկական խաղի: Երեխաներն էլ ծրագրեր են կազմում, որոնց պատասխանատվությունը չեն կրում, որոնց արդյունքների ու հետևանքների պատկերացում չունեն. երեխա են, ուզում են: Բարձր տեխնոլոգիաների զարգացումը շեշտադրելով՝ իշխանությունը հաշվի չի առնում, որ ՀՀ-ն չունի ոչ կրթական, ոչ ֆինանսական ռեսուրսներ՝ այդ դրախտը մտնելու համար: Փոխարենը բացահայտորեն անտեսվում են ռեալ ռեսուրսները՝ բնական պաշարները, ատոմային էներգետիկան, ջուրը: Իր խլացուցիչ ու կաշկանդող խոսքն է ասում Հայաստանի ինքնիշխանության ակնհայտ պակասը: Հարց է՝ ինչի՞ համար է իշխանության ու անձամբ վարչապետի բարձր վարկանիշը, եթե չի գործադրվում պետության զարգացման կարևորագույն հարցերը լուծելու նպատակով:
6. 2020-ին մնաց նաև Արցախի հարցը: Չանդրադառնամ տարատեսակ հայտարարությունների հակասականությանը, ներքին ու արտաքին լսարաններին ուղղվածությանը, կա փաստը՝ բանակցությունները շարունակվում են, այսինքն՝ բանակցային սեղանին կա ինչ-որ տարբերակ, ու չի բացառվում, որ հենց «Լավրովի պլանն» է, այսինքն՝ Բաքվի սուբստանտիվ բանակցությունների ու ազատագրված տարածքների հանձնման՝ նույնիսկ Արցախի կարգավիճակի հարցը հետագային թողնելով: Բոլորովին այլ հարց է, որ ոչ մի իշխանություն Հայաստանում չի կարող տարածք հանձնել, ու բոլոր իշխանափոխությունները հենց այդ թեմայով են եղել: Փաստ է, որ Հայաստանը շարունակում է հին ու սխալ իներցիան՝ թեման կապում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միայն մեկ, ակնհայտ կողմնակալ ու շահախնդիր համախանախագահի՝ ՌԴ-ի հետ, հանիրավի անտեսելով ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործոնը: Մինչդեռ հենց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործոնն է եղել զսպիչ, որ առայսօր Արցախի հարցը լուծված չէ սուբստանտիվ տարբերակով: ՈՒ դա ՀՀ արտաքին քաղաքականության ամենամեծ սխալն է: Առավել ևս, որ ազատագրված տարածքների վերադարձը կամ խաղաղապահների տեղակայումը ոչ միայն Հայաստանի ու Արցախի շահերից չի բխում, այլև Իրանի: Արյունով վերցված հողը գրիչով չեն վերադարձնում: Կենսատարածքը ամենակայուն ներդրումն է ապագայի մեջ, եթե ինչ-որ պահից դադարենք հետ նայել ու հայացքներս ուղղենք այսօրվան ու վաղվան: Իսկ դա անխուսափելի է:
7. Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ պահից սկսել է գործել ինքն իր դեմ: Նա «Շահնամեի» Թուլատի պես ամենուր է, ու իրենով անձնավորում է ողջ իշխանությունը՝ օրենսդիր, թե գործադիր, դա սպանում է թիմը: Ժամանակ չի թողնում զբաղվելու վարչապետի բուն գործով: Պատահական չէ, որ չկատարվեցին նախընտրական խոստումները ու գուցե 2020-ին չկատարվեն Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, կուսակցությունների օրենքի փոփոխությունները: Հայաստանը մնաց սուպերվարչապետական «կոստյումով», որ պարզվեց, նաև հեղափոխականներին է ձեռնտու: Ընդհանրապես՝ ցաքուցրիվությունը, անորոշությունը, կիսատ-պռատությունը մեր ժամանակների ամենաբնորոշ գծերն են, իսկ դա բերում է անկայունություն. ու չի կարող երկար տևել: Գլխավորի ու երկրորդականի տարբերակում չունենալը՝ առավել ևս: Մենք շարունակում ենք ժամանակ կորցնել, դա անվերադարձելի ռեսուրս է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. ՈՒ թող այնպես լինի, որ 2020-ը մեզնից յուրաքանչյուրի համար մյուս տարիներից կարճ չլինի: Բարի Կաղանդ ձեզ:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ