Պարտիզան Հայաստան
10.12.2019 | 00:31
2018-ին Հայաստանում աղքատությունը կրճատվել է 2,2 տոկոսով և 23,5 տոկոս է՝ ըստ ԱՎԾ-ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցի:
Գրեթե ամեն 4-րդ քաղաքացի ամեն ամիս վաստակում է 42 600 դրամից պակաս, 2018-ին նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը եղել է 61 000 դրամ։ Այսինքն՝ ամեն չորրորդ քաղաքացին աղքատ է: Աշխատում է, բայց աղքատ է: Չի աշխատում ու աղքատ է: Ելքը բարձր արտադրողականություն ու բարձր աշխատավարձ ապահովող աշխատատեղերի ստեղծումն է: Նման աշխատատեղեր չեն ստեղծվում սպասարկման ոլորտով, ոչ էլ շինարարության մեջ: Մեզ պետք է արդյունաբերություն: Տասնամյակներ մենք գնացել ենք սոցիալական ծրագրերով աղքատությունը մեղմելու ճանապարհով, այսինքն՝ նպաստներ ենք բաժանել, որ ի վերջո դարձել է ուղտին գդալով ջուր տալ: Չի կայացվել քաղաքական որոշում՝ դադարեցնել նպաստները ու գումարն ուղղել արտադրությանը՝ աշխատատեղերի ստեղծմանը: Չի կայացվել, որովհետև ռիսկային էր, ու հարցը միայն սոցիալական բունտը չէր:
Հարցը ժամանակն էր, որի ընթացքում պոտենցիալ աշխատուժը պետք էր վերապատրաստել նոր աշխատանքին՝ ապահովելով նրա գոյությունը: Ֆինանսներն էին՝ արդյունաբերություն վերագործարկելու համար: Սպառման շուկաներ գտնելը ու մրցունակ ապրանք արտադրելը: Միջազգային կազմակերպությունների աջակցությամբ՝ զբաղվածության պետական ծրագիրը փոխում է ուղղությունը՝ անապահովության նպաստ ստացող 1000 ընտանիքների տրամադրվելու են անասուններ, անասնակեր և խորհրդատվություն, այսինքն՝ տալիս ենք ոչ թե ձուկը, այլ կարթը: Լուծու՞մ է: Լուծում է: Բավարա՞ր: Ոչ: Նույն գդալով ջուրն է ուղտին:
Արտադրություն է պետք զարգացնել, որի համար պետք են ֆինանսներ: Ֆինանսները շատ չեն, բայց եղածը ծախսվում է անարդյունավետ, անհամաչափ ու ոչ նպատակային: Օրինակ՝ 2021-ը կդառնա Երևանի պատմության ամենաթանկ տարեմուտը՝ կծախսվի 680 000 դոլար: 290 000-ը՝ Գորան Բրեգովիչի համերգի և տոնածառի լույսերը վառելու համար. լույսեր վառելը, իհարկե. խորհրդանիշ է: 2014-2017-ին տարեմուտի տոնակատարության համար ծախսվել է 235-400 000 դոլար: Երևանցիների թիվը չի կրկնապատկվել, հազիվ թե զբոսաշրջիկներն էլ այդ օրը հեղեղեն Երևանը, որ նրանց թիվը 2021-ին բազմապատկելու համար 2020-ին ծախսը կրկնապատկում ենք: Համենայն դեպս՝ ոչ մի կոնկրետ հաշվարկ չկա, կա հույս: ՈՒ՞մ ու ինչի՞ համար են այս ծախսերը: Համենայն դեպս՝ 2019-ի տխուր տոնածառը չէր վկայում, որ այդքան թանկարժեք է:
Երևանի քաղաքապետարանն Ամանորի տոնական միջոցառումներում ծախսելու է 325 մլն դրամ: Կառավարության որոշմամբ՝ հատկացվելու է 271797 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված 54 միլիոնին: Հարց՝ ունե՞ք 54 միլիոն, տեղավորվեք այդ շրջանակներում, ինչու՞ է կառավարությունը լրացուցիչ տրամադրում 271797 հազար դրամ: ՈՒ՞մ ենք զարմացնում:
Հունվարի 1-12-ին այդքան գումար վատնելով մնացած 354 օրերի ծրագրերը չե՞նք կողոպտում՝ տրանսպորտի, աղբահանության, վերելակների, լուսավորության, ճանապարհաշինության, շինարարության… Քի՞չ խնդիրներ ունի Երևանը: Եթե չգա Գորան Բրեգովիչը, նոր տարին չի՞ գալու: Ի՞նչն է ավելի կարևոր. մեկ օրվա ուրախությու՞նը, թե՞ 365 օրվա հիշողությունը ուրախության մասին՝ տխրության մեջ:
«2020-ի բյուջեն հեղափոխական է»՝ Աժ-ում 2020-ի բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և 2018-ի համեմատ 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել»: Սքանչելի է: Իսկ ինչպե՞ս է ծախսվում: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մենք էլ գոհ չենք, բայց կա մի տրամաբանություն. «Մենք բարձրանում ենք սանդուղք, որ ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»: Հարց՝ ի՞նչ է նշանակում դուխ տալ՝ փառաբանել ու հիանա՞լ, թե՞ սխալներն ու աշխատանքի այլ ուղղությունները ցույց տալ:
Տրամաբանող մարդը կնախընտրեր երկրորդը՝ ավելի արդյունավետ է: «Ես կարծում եմ, որ բոլորը գիտեն, որ չենք գողանում պետական բյուջեից, ես չեմ գողանում, չեմ գողանում ոչ մի լումա, և ընդհակառակը ասում եմ, որ կկտրենք բոլոր այն ձեռքերը, որոնք մեր ազգային հարստությունից կփորձեն որևէ բան վերցնել, մեր զինվորից, թոշակառուից, ուսուցչից»,- Աժ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը: Հասկանալի է, որ նա միշտ ուզում է «նախորդ հանցավոր ռեժիմից» տարբերակվել, բայց մի՞թե արժանիք է չգողանալը: Գողանում ես, թե վատնում՝ հետևանքը նույնն է՝ 0 ներդրում պետական գանձանակում: Վատնումի տեսակ է շռայլությունը, որի բազում օրինակներ է տվել իշխանությունը: Վատնումի տեսակ է անարդյունավետ ծախսը: Վատնումի օրինակ է չկատարված ներդրումը, որի միակ օրինակը շեյխերի մերժված փողերը չեն, որովհետև նրանք դիմել են ոչ թե դեսպանատուն, այլ Գագիկ Ծառուկյանին, հագնում են ջինս ու խոսում են հեռախոսով՝ քաղաքապետի հետ բանակցելիս: Եթե քեզ պետք է ներդրում ու աշխատատեղ, ընդունեք, որ անլուրջ պատճառ է: Գագիկ Ծառուկյանը բարձրաձայնեց մեկ օրինակ, համոզվա՞ծ եք, որ այլ դեպքեր չկան, ասենք, Չինաստանի հետ, ԱՄՆ-ի կամ Իսպանիայի: Պետության արժանապատվությունը, միանշանակ, գերագույն արժեք է, իսկ պետության խելամտությու՞նը: Արդյունքի հասնելու կարողությու՞նը: Պետական շահի գիտակցությու՞նը: Իհարկե, հրաշալի բանաձև է՝ «ՀՀ և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»: Եթե վերաբերում է բոլորին, ոչ միայն վարչապետին: Թեկուզ նա էլ ընդունում է, որ Հայաստանի պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, հարցն իր օրակարգում է, բայց միշտ չի դրանով զբաղվել բավարար ինտենսիվությամբ. «Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիների առաջ ասել, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով պետական ծախսերի արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է այլևս»: Հա՞ որ:
Հայաստանում ապրում են սպիտակներ ու սևեր՝ իշխանության բաժանումով, որ հեղափոխությունից հետո շատ արագ խրամատավորվեց իր սպիտակ դաշտում: Բոլորովին վերջերս պարզվեց՝ որոշ սևեր անցել են… պարտիզանական դաշտ: Ի՞նչ է դա նշանակում ՀՅԴ-ի կատարմամբ, գրեթե անհայտ է: Նրանք պարտիզանաբար հերքում են իրենց պարտիզանությունը: Սկսած Հրանտ Մարգարյանից: ՀՅԴ-ում՝ ոնց ՀՅԴ-ում. արտաքսում են, կասեցնում, դատում ու դատապարտում, մեղադրում ու արդարացնում՝ պետություն պետության ներսում իր կառույցով ու կառուցվածքով:
«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 արտաքսված անդամների պատմությունը, սակայն, հետաքրքիր է ոչ նրանց մասով, այլ՝ ինչպես է նույն այդ գերգաղտնի կառույցը հասկանում «պարտիզանական հարվածը»: Պարզվում է՝ ցույցեր, ակցիաներ, այսինքն՝ ՀՅԴ-ն այնքան է իր գործողությունները գաղտնագրում, որ ի վերջո դառնում է երևույթի ճիշտ հակառակը: Համենայն դեպս, ցույցը պարտիզանություն չէ, հրապարակային ակցիա է, եթե, իհարկե, ընդհատակյա չէ: Փաստացի՝ ՀՅԴ-ում կամ խնդիր ունեն բացատրական բառարանի հետ, կամ՝ քաղաքական: Եթե պարտիզանները հայտնվում ու հարվածում են այնտեղ, որտեղ իշխանությունը օկուպացված է ու հնարավոր չէ լեգալ պայքար, ինչու՞ ՀՅԴ-ն 2018-ի գարնանը խանդավառ նետվեց «օկուպանտների» եթե ոչ գիրկը, համենայն դեպս, հետևից ու նույնիսկ անդամ էր «օկուպացիոն» կառավարության: Ե՞րբ է Հրանտ Մարգարյանը պարտիզան՝ երբ պարտիզանության կո՞չ է անում, թե՞ երբ հերքում է պարտիզանությունը: ՈՒ սա նոր պատմություն չէ: Անկախությունից հետո ՀՅԴ-ի կյանքը հայրենիքում չգնաց իր ցանկացած ճանապարհով, ոնց հանձնեցին իշխանությունը բոլշևիկներին դարասկզբին, այդպես էլ չեն կարողանում ոչ մեկից հետ ստանալ: Մեկ ՀՀՇ-ն էր, մեկ ՀՀԿ-ն էր, հիմա էլ ՔՊ-ն է, դե էլ ոնց 129-ամյան պարտիզան չդառնա, եթե չի հաջողվում իշխանություն դառնալ: ՀՅԴ-ականներն այս օրերին լավ հնարավորություն ստացան իրենց կառույցի կառուցվածքը գովազդելու, իրականում, սակայն, 19-րդ դարից մինչև այսօր աշխարհն այնքան է փոխվել ու այնքան են փոխվել քաղաքական գործունեության ձևերն ու պայմանները, որ ՀՅԴ-ն իր նախնանախնական ավանդույթով չի դիմանում մրցակցության: Սա տխուր սագա է մի կուսակցության մասին, որ այդպես էլ ինքն իր պատմության հետ չի կարողանում առերեսվել ու չի բացում իր արխիվները, բայց հարգանք ու նվիրում է պահանջում ոչ միայն իր անդամներից, այլև հանրությունից: Հարգանք կարող է լինել: Պատմության որոշ հատվածի նկատմամբ: Նվիրում մեր օրերում չկա: ՈՒ դա փաստ է:
Փաստ է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի կեղծ հերոսացումը քիչ էր, սկսվել է երկրորդ արարը՝ երրորդ նախագահի մասնակցությամբ: Մոռանանք նրա խոսքերը՝ «Եթե մեր ժողովրդին կերջանկացնի…» և այլն, նրանք, որ երջանկանում են ինչ-որ մեկի կալանավորմամբ, չգիտեն՝ ինչ է երջանկությունը: Չգիտեն ինչ է երջանկությունը նաև նրանք, որ ամեն տեղ քաղաքական հետապնդում են տեսնում: ՀՀԿ-ն այնպիսի «ոգևորությամբ» արձագանքեց Սերժ Սարգսյանի հարցաքննությանը, կարծես սպասում էր, որ երրորդ նախագահի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի ու «նեղացած» էր նրան երկար անտեսելու համար: Իսկ իրականում փաստը մնում է փաստ, որ նախագահի դեմ ցուցմունք է տվել իր նշանակած նախարարը, ու դա ինքնին խոսուն է: Սերժ Սարգսյանը կանչվել է ՀՔԾ որպես վկա, հարցաքննվել է որպես կասկածյալ, մինչդեռ նա Սահմանադրությամբ պաշտոնավարման ժամանակ պաշտոնական դիրքի բերումով կատարած որոշակի գործողությունների համար ունի անձեռնմխելիություն, որը հասկանալի չէ՝ անտեսվե՞լ է, թե՞ ոչ: Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, համարում է քաղաքական հետապնդում։ «Ավելի քան 30 տարի ՀՀ քաղաքացիների քննարկման թեման եղել ա հետևյալը՝ գողացան, թալանեցին, խոշտանգեցին, ձեռից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսն իշխանության մասին եղել ա էս: Եվ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունն իշխանության նկատմամբ եղել ա զզվանքը և ատելությունը» - ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը; Չգիտեմ՝ գուցե իր ու իր թերթի թեման դա է եղել, բայց այդ անցյալում Հայաստանի անկախության հաստատումն է, Հայոց բանակն է, Արցախյան պատերազմի հաղթանակն է, անկախության սերունդն է, ու անիմաստ է ամեն ինչի նայել նեգատիվիզմի ու մերժողականության տեսանկյունից: Անցյալում միայն չարիք ու իշխանության մեջ միայն չարագործներ չեն եղել՝ դա ոչ միայն աբսուրդ է, այլև սուտ: Համենայն դեպս, պետության հիմքերը զզվանքով ու ատելությամբ չեն դրվել, օրենքները զզվանքից ու ատելությունից չեն ընդունվել: Բանակը զզվանքով ու ատելությամբ չի ստեղծվել: Եթե ամեն ինչ այդպես լիներ, այսօրը չէր լինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինձ միշտ թվացել է, որ ճիշտ տնտեսավարումը ոչ թե հարկերի ավելացումն է, այլ մարդկանց եկամուտների: Գուցե ես դատում եմ իբրև լրագրող: Բայց լրագրող է նաև վարչապետը: Կառավարության խնդիրը ձեռնարկատիրական և ներդրումային միջավայր ստեղծելն է, գործարարներին արժեք ստեղծելու հնարավորություն տալը: Գլոբալ աշխարհը ձգտում է արդյունավետ կառավարման, ու ամեն երկիր յուրովի է լուծում այդ հարցը՝ ելնելով իր պայմաններից ու ավանդույթներից: Հայաստանում ՀՆԱ-ի 85 %-ը ստեղծում է մասնավոր հատվածը: Մեր դեպքում քաղաքականությունը անընդհատ մտնում է տնտեսություն և թույլ չի տալիս տնտեսությանը զարգանալ՝ «կեղտոտ թաթիկների» որոնման, պառկցնելու և պատերով տալու ֆետիշացումը ունի քաղաքական էֆեկտ, բայց բնավ ոչ տնտեսական: Ոմանք հենց դա են անվանում տնտեսական հեղափոխություն: Այդ ընթացքով մենք իրական եկամուտների աճ կունենանք երբևէ, բայց ոչ հիմա, ու դա հետհարվածով խփելու է քաղաքականությանը: Սա էլ է պարտիզանություն՝ տնտեսագիտական: ՈՒ՝ քաղաքական: Տնտեսությունը զարգացնելը ամենահայրենասիրական քաղաքականությունն է, որ հնարել է մարդկությունը: Իսկ ընդհանրապես՝ կոռուպցիոներներ համայն Հայաստանի, չբարևեք վարչապետին, նա ժուժկալ է բարևի հարցում հետայսու: Նրա բարևը փոխարկելի արժեք է կոռուպցիոն շուկայում:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ