Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում, որ կառուցվել է 7-րդ դարում, հանգչում են սուրբ Անանիայի մասունքները: Նա եղել է Հիսուսի 72 աշակերտներից մեկը: ՈՒ երբ Հիսուսն ասել է. «Անանիա», նա պատասխանել է «Այստեղ եմ, Տեր իմ»: Հետո նա դարձի է բերել Սողոսին ու դարձրել Պողոս առաքյալ՝ Հիսուսի աջակցությամբ: Մեզնից քանի՞սը այսօր կպատասխանի «Այստեղ եմ», եթե կանչվի:
Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանը մերժեց քննարկել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության ԱԺ-ի դիմումը: Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդում էր: Փաստացի՝ ՍԴ-ն անհիմն է համարել դիմումը, որը հիմնավորում էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հիմքերը: Սա և իրավական, և քաղաքական որոշում է՝ միաժամանակ: Հեղափոխությունը ՍԴ չի հասել, կամ ՍԴ-ն իրեն վեր է դասում քաղաքականությունից՝ կայացնելով քաղաքական որոշում: ՍԴ-ից գնդակը վերադարձվեց գործադիր ու օրենսդիր իշխանության դաշտ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ օրինագիծը քննարկվում էր ԱԺ-ում, ասել էր, որ մտքում ունի տարբերակներ, եթե ՍԴ-ն մերժի դիմումը քննարկել: Դժվար է ասել՝ դա միայն նրա՞, թե՞ ՔՊ-ի ընդհանրական տարբերակներն են: Պլան Բ-ն: Գուցե Գ-ն: Համենայն դեպս՝ «վնգստացող դատավորների» մասին խոսող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ նախկին իշխող համակարգի հետ բոլոր խնդիրները սահմանադրա-իրավական ճանապարհով պիտի լուծվեն, ու դա սկզբունքային է:
Ո՞րն է իրավական ու սահմանադրական ճանապարհը: Սահմանադրության փոփոխությու՞նը: ՍԴ-ն վերացնելը կամ այլ կառույցների միացնե՞լը: Թե՞ զուգահեռ շարունակվելու են բարոյահոգեբանական ու քրեական ճնշումները ՍԴ նախագահի վրա: Ասենք՝ ինչպես լրահոսը նրա ունեցվածքի մասին: Թաքցված: Հրայր Թովմասյանը ընդարձակ բացատրություն էր տվել, որ վկայում էր՝ ինձ վրա այսպես չեք ազդի: Կամ՝ քրեական գործերի հարուցումը՝ ՀՔԾ-ն արդեն գնացել է ՀՀԿ գրասենյակ՝ Հրայր Թովմասյանի գործով: Եթե ոչ իրավական ու ոչ սահմանադրական երկարատև գործընթացը, կա երրորդ ճանապարհը՝ փողոցի ճնշումը: Կդիմի՞ Նիկոլ Փաշինյանը այդ միջոցին: Այստեղ ու հիմա դժվար է ասել: Իրավիճակ է փոխվել: Նախ՝ հայտնի չէ՝ որքա՞ն մարդ փողոց դուրս կգա, երկրորդ՝ կա միջազգային արձագանքը, որ չի լինելու դրվատանք Հայաստանի ժողովրդավարությանը, հակառակը՝ համարվելու է ճնշում դատական համակարգի վրա: Ո՞րն է ՔՊ-ի պլան Բ-ն: Դատախազությունը, համենայն դեպս, սկսել է ուսումնասիրել մամուլում հրապարակված տեղեկությունները ՍԴ նախագահի ունեցվածքի մասին: Իսկ նա հայտարարում է, որ ինքը չի պայքարում, ինքը աշխատում է ՍԴ նախագահ և կհեռանա, երբ լրանա պաշտոնավարման ժամկետը: Փաստացի՝ Հրայր Թովմասյանն էլ է զիջում դիրքերը, եթե հիշենք հուզումնալից հեռուստահարցազրույցը՝ խրամատ պահելու, սահման պահելու, դավաճանության և այլնի մասին: Պարզապես՝ նա դադար է վերցնում ու սպասում է ՄԻԵԴ-ի վճռին:
Իրականում Հրայր Թովմասյանի պաշտոնավարել-չպաշտոնավարելու հարցը մի կաթիլ մեղրի պատմությունն է դարձել, արհեստական և ՀՀ քաղաքական օրակարգում 64-րդական նշանակություն ունի, բայց, ինչպես ամեն ինչ ու ամենքը, քաղաքականացվել է ու ձևավորել կեղծ օրակարգ ու ստացվել է, որ ԱԺ-ն ու ՍԴ-ն մուկն ու կատու են խաղում: ՔՊ-ում այն կարծիքին են, որ ԱԺ-ն Պիղատոսի պես ձեռքերը ձեռքերը չի լվացել ու պետք է ապահովի, որ Հայաստանն ունենա հանրային վստահություն վայելող ՍԴ: ՔՊ-ում նույնիսկ համոզված են, որ փակուղի չկա, քայլեր կան ու կարվեն։ Բայց՝ դեռ գաղտնի են: Հայտնի է, որ ԱԺ-ն հնարավորություն է տալիս ՍԴ անդամներին, որ իրենք լինեն խնդրի լուծման շահագրգիռ կողմ, երբ մերժում են, բացում են տարբերակների դռները:
ԼՀԿ-ն պնդում է, որ ՍԴ-ն մեսիջ հղեց, որ պայքարում է իր իրավունքների համար, «Հրայր Թովմասյանի հարց չի, որովհետև իշխանության հռետորաբանությունը Հրայր Թովմասյանի դեմ չի միայն ուղղված»: ԲՀԿ-ի կարծիքով՝ եթե Աժ-ի ներկայացրած հիմքերն ուժեղ լինեին, մերժում չէր լինի: Նաև առաջարկում են հարցին համակարգային լուծում տալ՝ Սահմանադրական դատարանն ու Վճռաբեկը վերակազմավորել Գերագույն դատարանի:
ԱԺ-ից նեղացած է նաև… ինքն իրեն ՍԴ նախագահ նշանակած ու ԱԺ-ի ծափերին արժանացած ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Նեղացած է իր պրոֆեսիոնալ դիրքորոշումը շրջանցելու և անգրագիտության համար։ Բայց նույնիսկ նա մոռացել է ՍԴ դատավոր-ՍԴ անդամ շշմեցնող տարբերությունը: Գուցե այն պատճառով, որ Վենետիկի հանձնաժողովը դատավոր/անդամ բանավեճը բառախաղ էր որակել ու հաստատել, որ բոլոր դատավորներն իրավահավասար են՝ անկախ նշանակման պահից: ՈՒ նեղացած է այնքան, որ հայտնի չէ՝ ՍԴ նիստերին մասնակցելու է, թե ոչ: Հետայսու գոնե: Աշխատավարձ ստանալու պարագայում: Նեղացած է գուցե նաև այն պատճառով, որ ՍԴ որոշումը համարվում է վերջնական և չի ենթադրում շարունակություն՝ որևէ տեսքով: Համենայն դեպս՝ օրենքով: Այսինքն՝ պլան Բ-ն, չհաշված քննադատել/դրվատելը, կամ լինելու է օրենքից դուրս, կամ օրենքի փոփոխության հաշվին:
Համենայն դեպս, նաև ասեմ՝ Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական եզրակացության մեջ տարբերություն չի դրվում ոչ միայն մինչև 2015-ի սահմանադրական փոփոխություններն ընտրված և 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված դատավորների միջև, այլև ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը համարում է, որ պետք է լինի բացառապես կամավոր ու ոչ հարկադրանքի հետևանք (դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը չպետք է դառնա ՍԴ-ում արդեն քննվող գործերի ելքի վրա ազդելու միջոց): Թեպետ ՀՀ արդարադատության փոխնախարարն այն կարծիքին է, որ Վենետիկի հանձնաժողովը վերահաստատում է իր չափանիշները, որոնք դատաիրավական համակարգի փոփոխության հեղինակ արդարադատության նախարարությունը չի խախտել. «Վերահաստատում է իր ստանդարտը: Ասում է՝ եթե վաղ կենսաթոշակի սխեման պարտադիր չէ, եթե չի ազդում մեծ թվով դատավորների վրա և եթե չի ենթադրում դատարանի արդյունավետ գործունեության համար խոչընդոտ, «Վենետիկի հանձնաժողովը չի կարող հղում կատարել որևէ ստանդարտի՝ ասելու համար, որ այդ մոտեցումը ընդունելի չէ»: Սահմանադրության համաձայն՝ ՍԴ դատավորները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը, ՍԴ կազմի փոփոխության համար արդարադատության նախարարությունը դատավորներին հնարավորություն է տալիս անկախ տարիքից հրաժարականի դեպքում օգտվել սոցիալական երաշխիքներից, իմա՝ պահպանել աշխատավարձը ու չաշխատել։ Վենետիկը վտանգավոր է համարել իրավիճակը, երբ 9 դատավորներից 7-ը հրաժարական տան: Փաստացի մնում է փողոցը: Բայց փողոցն էլ իրավունք ունի հարցնել՝ Հրայր Թովմասյանի լինել-չլինելը մեզ հաց ու ջու՞ր է տալիս, ու՝ փողոց դուրս չգալ: Անհրաժեշտ ձևաչափով ու մասշտաբով: Փողոցը նաև իրավունք ունի հետաքրքրվել, թե ինչու է իշխանությունը խառնում գլխավոր ու երկրորդական հարցերը ու իրեն անհանգստացնում անկարևորներով, երբ չի լուծում իր կենսական խնդիրները: Ո՞ր: Ամեն հինգշաբթի կառավարության շենքի առաջ բողոքողները թարմացնում են չլուծված հարցերի թիվն ու աշխարհագրությունը:
ՄԻԵԴ-ի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՀՀ ՍԴ դիմումը։ ՍԴ-ն դիմել է միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։
ՄԻԵԴ-ի Մեծ պալատի նախագահը ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 19-ը՝ ներկայացնելու դիրքորոշումները։ Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը փաստացի կապվում են ՀՀ ՍԴ-ի ճակատագրին: Եթե ՄԻԵԴ-ի վճիռը նոյեմբերի 19-ից շուտ չի լինելու, աշխարհաքաղաքական այս զարգացումների պարագայում գուցե ՍԴ-ի հարցում նոր զարգացումներ չլինեն մինչև նոյեմբեր: Կամ՝ կլինեն, բայց՝ ռիսկային: Չի բացառվում՝ անսպասելի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Որևէ մեկին հետաքրքրու՞մ է, թե ինչու հենց հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սկսեց շրջել Ծոցի երկրներով. մի քանի օր առաջ նա Սաուդյան Արաբիայում էր, հետո՝ ԱՄԷ-ում… Պաշտոնական տեղեկություններով ՌԴ նախագահը քննարկում է առևտրատնտեսական համագործակցության հարցեր, բայց որևէ մեկը հավատու՞մ է, որ բանակցություններում չկա Սիրիայում սկսված նոր պատերազմի հարցը: Իսկ պատերազմը զիգզագներ է անում ու այնպիսի զիգզագներ, որ սկսում ես հասկանալ՝ սա միայն մեկ արարն է շատ մեծ ու շատ համապարփակ ծրագրի, որի մեջ հերթով հայտնվելու են ոչ միայն Մեծ Արևելքի երկրները, այլև Եվրոպան ու ԱՄՆ-ը, որ 1000 զինվոր հանում է Սիրիայից, 3000 ուղարկում Սաուդյան Արաբիա: Անցած մեկ շաբաթում ով չալարեց՝ քարկոծեց ԱՄՆ նախագահին, անգամ Հայաստանի քրդերը բողոքի ցույց արեցին ԱՄՆ դեսպանատան առաջ ու «մարդասպան» վանկարկեցին, ոչ միայն Էրդողանի հասցեին: Սիրիայի քրդերը դիմում են ում ասես՝ օգնության կոչ ու կանչով, բայց չեն դիմում իրենց ցեղակիցներին: Որևէ մեկը իրեն հարցրե՞լ է՝ ինչու՞ ոչ մի արձագանք չկա Թուրքիայի քրդերից: Այդքան վախեցա՞ծ են Էրդողանից: Վախենում են, որ Սիրիայի տարածքից տանկերը կքշի իրենց տների վրա ու օդից կռմբակոծի սեփական տարա՞ծքը: Եվ՝ Ասադն ու Պուտինը չեն գա պաշտպանելու՞: Ոչ էլ Թրամփը, որ իր փոխարեն Նապոլեոն Բոնապարտի՞ն էր ուղարկում: Մարսելու՞ են թուրքաբնակ քրդերը սիրիաբնակ ցեղակիցների սպանդը: Թե՞ սպասում են հարմար պահի, որ ահաբեկչությունների շարք սկսեն Թուրքիայի ներսում:
Վերջին հաշվով՝ կա՞, թե՞ չկա այդ պատմական ու ահարկու «Քրդերի աշխատավորական կուսակցությունը», որ Էրդողանը հայտարարել է ահաբեկչական ու որից այնքան է վախենում, որ որոշել է վերացնել Սիրիայի տարածքում: Ինչու՞ գոնե մի հայտարարություն չի հնչում ՔԱԿ-ից: Որքան էլ տարօրինակ է, բայց այս օրերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Պուտինի հարկադրանքով կայացրել է իր կյանքի ամենածանր որոշումը՝ համաձայնելով պաշտպանել քրդերին՝ նա համաձայնություն է տվել Սիրիայի մասնատմանը: Ասադն այնքան փորձառու է, որ հասկանա՝ Էրդողանի հայտարարությունները, թե աչք չունի Սիրիայի հողերի վրա, սուտ են, Պուտինի հայտարարությունները, թե կարևորը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումն է, սուտ են: Թուրքերը 120 կմ երկարությամբ և 30-35 կմ լայնությամբ հսկա շերտ են պոկում Սիրիայից անվտանգության գոտու անվան տակ ու այնտեղից այլևս չեն հեռանալու: Թուրքերը գրավել են Մ-4 ճանապարհը, որ դուրս է գալիս Միջերկրական ծով, Իրան, Իրաք՝ Սիրիան շրջափակել են, ու վստահաբար՝ շլագբաում են դնելու հացի ու նավթի փոխադրումների առաջ: Ինչպես խոստացել է Էրդողանը Թրամփին՝ Թուրքիան ազատելու ու իր տարածք է տանելու ԻՊ-ի բանտարկված զինյալներին ու նրանց ընտանիքներին՝ դարձնելով սպառնալիք Եվրոպային՝ արդեն ոչ միայն փախստականներ, այլև ջիհադականներ: Եվ այդ անվտանգության գոտին դառնալու է ահաբեկչության նախապատրաստման ու աշխարհով մեկ տարածման գոտի, այսինքն՝ Մերձավոր Արևելքում նոր պատերազմների ու մշտական անկայունության գոտի: Մեծ Արևելքի ընդհանրական փաթեթում քրդերը մանրադրամ են, որ Ասադին էլ են դավաճանելու, եթե չստանան ինքնավարություն: Այդ փաթեթում և Իրանն է, և Իսրայելը, և Պաղեստինը, և Եմենը, և Իրաքը, և Լիբանանը, և ինքը՝ Թուրքիան, որ այսօր իրեն համարում է հաղթող, ու իբրև հաղթող չի տեսնում, թե ինչ փոս է փորում սեփական ոտքերի տակ: Այսօր, թե 100 տարի հետո թուրք-քրդական պատերազմ լինելու է՝ մեկուկես միլիոն սրբադասված հայերը երկնքից դա տեսնելու են ու հարցնելու են՝ լա՞վ էր, որ մեր հայրենիքում մեզ էիք կոտորում, դե իրար կերեք: Եվ Հիսուսը նորից է հարցնելու՝ «Անանիա՞», ու լսելու է ընդհանրական պատասխան. «Այստեղ եմ, Տեր իմ»: