Երեկ Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի պաշտոնանկության խորհրդարանի դիմումը քննարկել՝ առանց Հրայր Թովմասյանի՝ նա երեկ ու այսօր արձակուրդում է: Փաստացի՝ ՍԴ-ն անհիմն է համարել ԱԺ դիմումը, որը հիմնավորում էր Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հիմքերը: Սա և իրավական, և քաղաքական որոշում է՝ միաժամանակ: Հեղափոխությունը ՍԴ չի հասել, կամ՝ ՍԴ-ն իրեն վեր է դասում քաղաքականությունից՝ կայացնելով քաղաքական որոշում: ՍԴ-ից գնդակը վերադարձվեց գործադիր ու օրենսդիր իշխանության դաշտ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երբ օրինագիծը քննարկվում էր ԱԺ-ում, ասել էր, որ մտքում ունի տարբերակներ, եթե ՍԴ-ն մերժի դիմումը քննարկել: Դժվար է ասել՝ դա միայն նրա՞ տարբերակներն են, թե՞ ընդհանրական տարբերակներ են, որ գտնվել են «Իմ քայլի» նիստերում: Համենայն դեպս՝ «վնգստացող դատավորների» մասին խոսող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ նախկին իշխող համակարգի հետ բոլոր խնդիրները սահմանադրա-իրավական ճանապարհով պիտի լուծվեն, ու դա սկզբունքային է: Ո՞րն է իրավական ու սահմանադրական ճանապարհը:
Սահմանադրության փոփոխությու՞նը: Թե՞ զուգահեռ շարունակվելու են բարոյահոգեբանական ու քրեական ճնշումները ՍԴ նախագահի վրա: Ասենք՝ ինչպես լրահոսը նրա ունեցվածքի մասին: Թաքցված: Դատախազությունը հոկտեմբերի 14-ին հայտարարեց, որ ստուգելու է մամուլի հրապարակումները: Երեկ Հրայր Թովմասյանը 168.am-ին ասել է. «Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիններին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել։ Առաջին միտքը, որ առաջանում է, այն է, որ յուրաքանչյուրն իրենով է դատում, ու այստեղ ոչինչ անել հնարավոր չէ: Իմիջիայլոց, սովորության համաձայն՝ ամեն ինչ փնթի է արված․ թվեր, տարիներ, փաստեր, «վրիպակներ», որոնք ինձ վերաբերվող նյութերում հետևողականորեն բազմանում են։ Առաջին հարցը, որ գալիս է․ ինչո՞ւ, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք այդքան ճղճիմ, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով։ Հասկացեք, ձեզնից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ։ Մինչև հանրային ծառայության անցնելը, ես բացի հայրական տնից, մեկ առանձնատուն և երեք բնակարան եմ ունեցել։ Պաշտոնավարման ընթացքում մեկ առանձնատունն ու երկու բնակարանները վաճառել եմ՝ փոխարենը գնելով մեկ բնակարան։ Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այդ բնակարանները և առանձնատունը ինձ են պատկանել մինչև պաշտոնատար անձ դառնալը։ Կարելի է պարզապես հիմարություն որակել 2006, 2009 թվականներին հարազատի, բարեկամի անունով գույք ձեռք բերելու պնդումը․ ինչի՞ համար։
Թե մինչև պաշտոնավարելը որտեղ եմ աշխատել, որքան եկամուտ եմ ունեցել, բոլորին է, կարծես, հայտնի, իսկ հանրային ծառայության անցնելուց հետո եկամուտներս միայն նվազել են։ Ինչ վերաբերվում է հարազատներից մեկի կողմից մի դստերը ավտոմեքենա, իսկ մյուսին՝ ավտոտնակ նվիրելուն, ասեմ, որ այդ հարազատը մեր տանն է բնակվել 4-5 տարի և ԱՄՆ ուսանելու մեկնելուց առաջ իր որոշումն է եղել այդ գույքը նվիրելը։
Իմիջայլոց, այդ տվյալները հայտարարագրված, հրապարակված են և գաղտնիք չեն։ Ինչ վերաբերվում է իմ բնակարանի կողքին գտնվող բնակարանին, այո, դա տիկնոջս քրոջ բնակարանն է, որի ընտանիքը նախորդ դարի 80 ականներից չի ապրում Հայաստանում։ Բնակարանը գնվել է իմ առաջարկությամբ, և դա իրենց միակ սեփականությունը չէ Հայաստանում։
Պետք է հիասթափեցնեմ որոշ մարդկանց՝ ասելով, որ ամեն ինչ կիսատ է արվել։ Այս երկրի ներսում, առավել ևս՝ դրսում, շատ ազգականներ ու բարեկամներ ունեմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս տասնյակից ավել գույք են ձեռք բերել՝ և մինչև իմ պաշտոնավարումը, և այդ ընթացքում։ Կարծում եմ, ես հիմա պետք է միայն ուրախ լինեմ դրա համար, քանզի եթե «այդ ողջ գույքն իմն է», ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից եմ»:
Սա, իհարկե, պաշտոնական բացատրություն չէ, արձագանք է, որ վկայում է՝ ինձ վրա այսպես չեք ազդի:
Եթե ոչ իրավական ու ոչ սահմանադրական երկարատև գործընթացը, կա նաև երրորդ ճանապարհը՝ փողոցի ճնշումը: Կդիմի՞ Նիկոլ Փաշինյանը այդ միջոցին: Այստեղ ու հիմա դժվար է ասել: Իրավիճակ է փոխվել: Նախ՝ հայտնի չէ, թե որքան մարդ փողոց դուրս կգա, երկրորդ՝ կա միջազգային արձագանքը, որ ամենևին էլ, չի լինելու դրվատանք Հայաստանի ժողովրդավարությանը, հակառակը՝ համարվելու է ճնշում դատական համակարգի վրա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 17 դատավորներ Մեծ պալատի կազմում կքննեն Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող ՀՀ ՍԴ դիմումը։ Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանն էր դիմել միջազգային կառույցներին՝ Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ, խնդրելով խորհրդատվական կարծիք տալ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ, որը սահմանադրական կարգը տապալելուն է վերաբերում։ Նախկին նախագահը, նրա գործը սկզբում քննած դատավոր Դավիթ Գրիգորյանն էին դիմել Բարձր դատարան՝ խնդրելով ստուգել հոդվածի սահմանադրականությունը։ Բարձր դատարանը վարույթ է ընդունել երկու դիմումները, սակայն գործը կասեցրել է և խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել միջազգային երկու կառույցներին։ Վենետիկի հանձնաժողովն արդեն արձագանքել է, հայտնելով՝ պատրաստ է խորհրդատվական կարծիք հայտնել։ Հոկտեմբերի 2-ին էլ ՄԻԵԴ-ն է վարույթ ընդունել։ Ըստ Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջի, ՀՀ ՍԴ-ն ՄԻԵԴ-ին խնդրել է քննարկել իրենց հարցը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի շրջանակում։ Պատիժ` բացառապես օրենքի հիման վրա սահմանող այդ հոդվածով ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։
Միևնույն ժամանակ, Եվրոպական կոնվենցիայի տվյալ հոդվածում ասվում է, որ այն չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալ և պատժել որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան, համարվել է քրեական հանցագործություն: Ըստ ՄԻԵԴ-ի, Մեծ պալատի նախագահը կողմերին ժամանակ է տվել մինչև նոյեմբերի 19-ը՝ ներկայացնելու իրենց դիրքորոշումները։ Այս հարցում որպես կողմ է ներգրավված նաև Հայաստանի Ազգային ժողովը։
Վենետիկի հանձնաժողովն ու ՄԻԵԴ-ը փաստացի կապվում են ՀՀ ՍԴ-ի ճակատագրին: Եթե ՄԻԵԴ-ի վճիռը նոյեմբերի 19-ից շուտ չի լինելու, աշխարհաքաղաքական այս զարգացումների պարագայում գուցե ՍԴ-ի հարցում նոր զարգացումներ չլինեն մինչև նոյեմբեր: Կամ՝ կլինեն, բայց՝ ռիսկային: