Շարիկովներ ու Շվոնդերնե՞ր, թե՞ պրոֆեսոր Պրեոբրաժենսկի
17.09.2019 | 00:05
Ամռանը սկսել էի Բուլգակով վերակարդալ՝ երկերի ժողովածուն: Իմ կարծիքով՝ պատահաբար, Մերեժկովսկուց, Մարկեսից ու Սթեյնբեքից հետո: Կամայական ընտրությամբ՝ մեր տան անսպառ գրադարանից: Ստացվեց, որ Բուլգակովը խիստ տեղին էր ու հնարավորություն էր տալիս 20-րդ դարասկզբի պատմվածքներում ու վեպերում հանդիպել մերօրյա հերոս-հերոսիկներին: Ցավոք՝ հիմնականում շարիկովներին ու շվոնդերներին: Շաբաթ օրվա բնապահպանական ցույցն ու հարակից հարցազրույցները նայելիս հասկացա, որ Երևանի փողոցներում քայլարշավողները մանր-մունր նիկոլիկներ են՝ մեկուկես տարի առաջվա կերտվածքի կլոններ՝ դեմագոգ ու պոպուլիստ, մակերեսային, բայց՝ ագրեսիվ, նպատակադրված, ուղղորդված: Ի՞նչ է մնում: Տարբերակները երկուսն են.
1. Այսօրվա Նիկոլ Փաշինյանը չի գործարկում Ամուլսարը՝ տեղի է տալիս իր բուծած շարիկով-շվոնդերներին։ Հիմա ոչինչ չի լինի, նոր հեղափոխության համար պետք է առաջին դեմք, որ կմերժի Նիկոլին ու կներկայացնի իր ծրագիրը: Այդպիսի առաջին դեմք չկա: Դեռ չկա, բայց կլինի, երբ շարիկով-շվոնդերները ուտել ուզեն, իսկ ուտելիքը թանկանում է:
2. Այսօրվա Նիկոլ Փաշինյանը ինքն իրենից հասուն է դառնում ու գործարկում է Ամուլսարը՝ տարանջատվելով շարիկով-շվոնդերներից ՔՊ-ում ու փողոցում: Նրա վարկանիշը անկում է ապրում, պերմանենտ հեղափոխության ջատագովները լցվում են փողոցները ու պահանջում հրաժարական: Սև-սպիտակի բաժանումը ստանում է նոր իմաստ՝ սպիտակները մնում են վարչապետի հետ, սևերը նրա դեմ են՝ հաստատվում է ուժերի իրական դասավորության պատկերը: Լիակատար կոնսոլիդացիա՝ դեմի ու կողմի: Ժողովուրդը այս անգամ իրականում կանցնի վարչապետի կողմը՝ առանց հանրաքվեի ու արտահերթ ընտրությունների: Նույն պատճառով՝ առաջին դեմք դեռ չի հայտնվել:
Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ առաջին դեմքը հայտնվի հնարավորինս արագ: Պետության կառավարման նրա պատկերացումները խիստ սևեռված են: Նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից ու չունի կառավարման հմտություն: Ինչպես ցանկացած ազնիվ մարդ՝ հայտնվելով վարչապետի պաշտոնում՝ նա ուզում է գործել ու հարցեր լուծել, բայց քաղաքական մտասևեռվածության պատճառով տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել և անում է քայլեր, որոնց հետևանքներից մասնագիտական պատկերացում չունի: Սեպտեմբերի 12-ի նիստում կառավարությունը երկար-բարակ քննարկումից հետո ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխության օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ՝ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ։ Առաջարկվող փոփոխությամբ բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել ցանկացածի նկատմամբ, որ քննչական մարմինների ենթադրությամբ, կարող է որևէ կերպ առնչվել գործին, այսինքն՝ տասնյակ մարդիկ, եթե քննիչը «հիմնավոր» կասկած ունի։ Փոփոխությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատճառաբանեց կոռուպցիայի դեմ պայքարով. «Այս թեման շատ երկար և շատ բարդ, ամենատարբեր ֆորմատներով քննարկվել է, և եղել են բազմաթիվ մտահոգություններ, բազմաթիվ մտավախություններ և էսպես շարունակ: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հետևյալն է. մենք կամ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, կամ չենք պայքարում կոռուպցիայի դեմ, որովհետև կիսապայքարը ընդունելի չի», և բնութագրեց իր կառավարության «ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը»: Հետո պատմեց մի երկար պատմություն՝ ինչպես է ապօրինի ձեռք բերված գույքը վաճառվել և գումարը Հայաստանից հանվել. «էնպիսի սահմանափակումներ ա եղել օրենսդրությամբ, որ մենք ստիպված ենք եղել... այսինքն կամ պիտի մենք ապօրինի, շատ կոպիտ ապօրինի միջամտություններ անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կամ էլ մենք պետք ա լուռ հետևեինք, թե ոնց են բան անում, թալանվածը թաքցնում»: Խնդիրը ձևակերպված է, լուծումը՝ գտնված: Իսկ հետևանքնե՞րը:
1. Քաղաքակիրթ երկրներում մարդիկ ֆինանսները պահում են բանկերում՝ վստահ, որ տվյալները գաղտնի են, ու իրենք չեն դառնա հանցագործության, շորթողների, սադրիչների, դեղին մամուլի թիրախ: Հայաստանում, կոռուպցիայի դեմ տոտալ, բայց ընտրովի պայքարի շրջանակներում, օրենքի փոփոխությունը կարող է ուժայինների համար «անցանկալի» մարդկանց նկատմամբ ճնշումներ գործադրելու միջոց դառնալ։
2. Եթե օրինագիծն ընդունվի, իսկ ԱԺ-ն հաստատ կընդունի՝ նույնիսկ եթե ԲՀԿ+ԼՀԿ-ն մի կես բերան դեմ լինեն, բազմաթիվ օրինապահ ավանդատուներ բանկերից հանելու են գումարները՝ շառից-փորձանքից հեռու: Այսինքն՝ ֆինանսների արտահոսք է սկսվելու դեպի արտասահմանի բանկեր, կամ գումարները պահվելու են տանը՝ բարձի տակ, ի հետևանս՝ թանկ վարկեր, դրամի անկայունություն, տնտեսության զարգացման արգելակում, կենսամակարդակի ու վճարունակության անկում:
3. Գողությունների աճը բազմապատկվելու է՝ ֆինանսները տներում հայտնվելուն զուգահեռ, մեծանալու է բողոքը իրավապահ համակարգից, որ պարզապես չի հասցնելու աշխատել նաև նոր բացվող ճակատում:
4. Արտասահմանցի ցանկացած ներդրող, եթե հարկերը մուծում է, պետք է կարողանա իր գումարները փոխանցել իր ուզած հաշվի վրա, սկսվելու է քաոսը՝ ամեն եվրոյի ու դոլարի համար պիտի տրվի բացատրություն՝ որտեղից ու ինչու: Փաստացի՝ ամեն ինչ անում ենք, որ ներդրումներ Հայաստանում չլինեն:
5. Բանկային գաղտնիքի դրույթները երաշխավորված են ոչ միայն ազգային օրենսդրությամբ, այլև միջազգային պայմանագրերով ու համաձայնագրերով, հիմա ի՞նչ, սկսում ենք բոլոր պայմանագրերի ու համաձայնագրերի վերանայում կամ խզու՞մ։ Թե՞ խրվում ենք փոխկապակցված անձանց հետ դատական գործընթացների մեջ:
6. Իսկ եթե ինչ-որ մեկը ձեզ ընտրում է թիրախ ու գումար է փոխանցում ձեր հաշվին՝ ակամա դարձնելով կասկածյալ կամ մեղադրյալ: Ստացվում է՝ դուք պաշտպանված չեք ոտնձգությունից:
7. Իշխանությունը քանդում է բանկային համակարգը, որ համեմատաբար կայացած ու գործուն է Հայաստանում: Սա տնտեսական հեղափոխություն է, բայց հակառակ իմաստով: Տնտեսությունը քանդելը ևս հեղափոխություն է: Հասկացանք՝ ստվերի դեմ պայքար, հասկացանք՝ լինում են վիճակներ, երբ անօրինական ճանապարհով ձեռք բերված ֆինանսները հնարավոր չէ օրինական ճանապարհով հետ բերել, բայց ինչու՞ պիտի դրա գինը վճարեն ՀՀ շարքային քաղաքացիները: Առավել քան զարմանալի էր Կենտրոնական բանկի կրավորական հայտարարությունը, նույնքան զարմանալի է Հայաստանի բանկերի միության լռությունը: Միով բանիվ՝ խորանում է տպավորությունը, որ իշխանության միակ նպատակը սեփական վարկանիշը պահելն է և հասարակությանը դուր գալը: Կտրվելով փողոցից ու փոխադրվելով իշխանական առանձնասենյակներ՝ հեղափոխական պաշտոնյաները չեն հասկացել, որ պետության հետ անպատիժ չեն կատակում: Բացի այդ՝ հասարակությունը սկսել են դիտարկել խիստ ուտիլիտար տեսակետից՝ շեշտը դնելով լյումպեն հատվածի վրա, որին ամենահեշտն է փողոց դուրս բերել: Խաղալով պետության հիմքերի հետ՝ իշխանությունը ական է դնում ինքն իր տակ:
Երկրորդ ականը ևս դրվեց՝ 2021-ի հունվարի 1-ից թանկարժեք գույք ունեցողները վճարելու են ավելի շատ հարկեր: Աժ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը՝ 92 կողմ, 15 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ ԲՀԿ-ն Տնտեսական հարցերի հանձնաժողովում դեմ էր քվեարկել՝ համարելով օրինագիծը բացարձակապես թերի, թիրախային խնդիրներ լուծող, բայց շահարկումներից խուսափելով՝ քվեարկեց կողմ ու հայտարարեց, որ օրենքի հնարավոր բացասական հետևանքների քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը՝ հարմար դիրքորոշում է: ԼՀԿ-ն առաջարկեց հետաձգել օրենքի ընդունումը, ճշտել՝ հակասություններ ունի՞ ՀՀ Սահմանադրության հետ, խմբագրումներ կատարել և հետո ընդունել: Իրականում օրենքի թիրախում ոչ թե դղյակատերերն են, այլ հայտնվելու է միջին դասը: 50-100 ընտանիքի առաջ իր օրենսդրական անզորությունն իշխանությունը վերացնում է հպարտ հայերի հաշվին ու հատկապես սփյուռքահայերի, որ Հայաստանում անշարժ գույք են ձեռք բերել: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն իր սեփականատերերին ասում է՝ դուք չեք ձեր գույքի տերը՝ բարձր հարկերի պատճառով, որ սահմանակցում է բոլշևիկյան «ՈՒնեզրկիր ունեզրկողներին» լոզունգի կիրառմանն ու սեփականության սահմանադրական իրավունքի խախտում է։ Այսինքն՝ անցումային արդարադատությունը արդեն սկսել է գործել՝ առանց անունը տալու: Իսկ եթե դիմեն դատարան ու փոխհատուցում պահանջեն, ո՞վ է վճարելու: Դարձյալ միջին վիճակագրական հայերը՝ իրենց պետբյուջե վճարած հարկերից։ ՈՒրեմն՝ ու՞մ ենք ունեզրկում: Մենք՝ մե՞զ: Պատասխանատու՞ է ԱԺ-ում օրինագիծը ներկայացնող կադաստրի պետը: Կադա՞ստրն է զբաղվում հարկային, տնտեսական և բյուջետային քաղաքականությամբ ու տնտեսական քաղաքականություն ձևավորում: Թե՞ վարչապետը նաև կադաստրի պետն է: Ստվերային: Նրան հետաքրքրու՞մ է, որ իր անդուլ պայքարի պատճառով անշարժ գույքի շուկայի փլուզում կլինի։ Հավելեք քաղաքապետարանի կարգավորումները, որ քառակուսի մետր հողի գինն են թանկացնում ու գույքահարկի բարձրացվող արժեքը։ Եվ ո՞վ է լինելու այն հիմարը, որ իր գնից եռակի-քառակի թանկ գնով բնակարան գնի, հետո էլ տարեկան մի քանի հազար դոլար գույքահարկ վճարի: Կամ՝ քանի՞ տնատեր կցանկանա բնակարանը վաճառել՝ գնանկման և բարձր հարկերի պատճառով։ ՈՒ հանուն ինչի՞, որ այսօր պոպուլիստ վարչապետի կառավարությունը ի ցույց դնի հարուստների դեմ պայքարի քաղաքական կա՞մքը: Եթե գոնե մեկ ռիսկը տեղը տնտեսագետ լիներ ու բացատրեր օրենքի հետևանքները, ի՞նչ կաներ կառավարությունը: Ոչինչ: Մենք դեռ շարիկով-շվոնդերների ինքնագիտակցության մակարդակում ենք: Պրոֆեսոր Պրեոբրաժենսկին գալու է հետո ու բոլոր հակապետական-հակատնտեսական օրենքները վերադարձնի այնտեղ, ուր գնաց Շարիկով դարձած Շարիկը: Իսկ մինչ այդ ո՞վ է մարդկանց համար աշխատանք ստեղծելու, որ կարողանան հարկերը վճարել, թե՞ անվճարունակների գույքահարկը՝ տույժ-տուգանքներով հերթական ընտրություններից առաջ կփակեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և ԱԺ մեծամասնությունը, որ այսօր շուն ու կատու է խաղում՝ ամենայն լրջությամբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Ամենամեծ հարվածը պետականությանը այս անհեռանկար օրենքները չեն, այլ փողոց դուրս եկող մանր-մունր նիկոլիկները՝ օրիգինալի պես դեմագոգ ու պոպուլիստ, մակերեսային, բայց նպատակադրված, ուղղորդված ու ագրեսիվ:
Նրանց ավերածը Նիկոլ Փաշինյանը չի հասցնելու վերականգնել, ապացույցը բոլշևիկյան Ռուսաստանի պատմությունն է, որ իր ունեզրկման քաղաքականությամբ հասավ ամբողջ երկրում գոլոդոմորի, է՞դ ենք ուզում: Հետո էլ նէպի՞ ենք անցնելու: Թե՞ արդեն սկսել են գործել կառավարության կառուցվածքային անմիտ փոփոխությունները, որոնց պատճառով բոլոր ոլորտներում կա մեկ հարց լուծող՝ վարչապետը: Է, հեղափոխությունից առաջ էլ բոլոր հարցերը մեկ մարդ էր լուծում՝ նախագահը: Լեգիտիմ ընտրությունների էֆեկտը այսպես զրոյացնե՞լ մեկ տարին չբոլորած: Բա 21-րդ դարը մե՞րն էր լինելու: Եթե սա է տնտեսական հեղափոխության տրամաբանությունը, պետք է ևս մեկ հեղափոխություն՝ ավերածը վերականգնելու համար: Բայց դա կանի արդեն բոլորովին այլ մարդ, որ այս ընթացքում կդառնա առաջին դեմք:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ