ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հաստատեց, որ Համզա բին Լադենը՝ Ուսամա բին Լադենի որդին ու ժառանգորդը, սպանվել է հակաահաբեկչական գործողության ժամանակ Աֆղանստանի ու Պակիստանի սահմանին: «Համզա բին Լադենի կորուստը ոչ միայն զրկում է Ալ Կայիդային կարևոր դեմքից ՝ ղեկավարի ունակություններով ու հոր խորհրդանշական հիշատակով, այլև խարխլում է այդ խմբի օպերատիվ աշխատանքը»՝ հայտարարել են Սպիտակ տանը: Օգոստոսի սկզբին ԱՄՆ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ուսամա բին Լադենի որդին սպանվել է գործողության ընթացքում, որին մասնակցել է ԱՄՆ-ը: Ուսամա բին Լադենը սպանվել էր 2011-ին Պակիստանում հատուկ գործողության ժամանակ, որի հրամանը տվել էր նախագահ Բարաք Օբաման: ՊՆ նախարար Մարկ Էսպերը հաստատեց նրա սպանության փաստը օգոստոսի վերջին, ոչ նախագահը, ոչ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այդ թեմայով չէին խոսում: Համզա բին Լադենը 2015-ին տեսաուղերձ էր տարածել՝ կոչ անելով շարունակել «անհավատների հետ սրբազան պատերազմը» և նոր գրոհներ ձեռնարկել ԱՄՆ-ի ու մյուս երկրների վրա: Այդ ժամանակ նա 30 տարեկան էր: Ուսամա բին Լադենի որդին (նա ուներ 13 որդի, Համզային վերաբերվում էր առանձնահատուկ) ահաբեկչության մեջ կասկածվողների միջազգային ցանկում էր:
2019-ի փետրվարին ԱՄՆ Պետդեպարտամենտը 1 միլիոն դոլար պարգև խոստացավ Համզայի գլխի համար՝ հաղորդելով, որ Համզա բին Լադենն է դարձել Ալ Կայիդայի ղեկավար:
Իսլամիստական ահաբեկչական ցանցը, որ կազմակերպել էր գրոհները ԱՄՆ քաղաքների վրա 2001-ի սեպտեմբերի 11-ին, ամերիկյան նավերի խորտակումն ու հարյուրավոր ահաբեկչություններ Եվրոպայում, Իրաքում, Եգիպտոսում ու այլ երկրներում, ազդեցության նշանակալից մասը կորցրեց, երբ հայտնվեց Իսլամական պետությունը: Ամերիկացի հատուկջոկայինները գտել են Համզա բին Լադենի ու Ալ Կայիդայի մեկ այլ ղեկավարի՝ Աբդուլա Ահմեդ Աբդուլայի կամ Աբու Մուհամեդ ալ Մասրիի դստեր ամուսնության տեսանկարահանումը, ենթադրաբար Իրանում: Աբու Մուհամեդ ալ Մասրին ԿՀՎ-ին լավ հայտնի է Տանզանիայում ու Քենիայում 1998-ին ԱՄՆ դեսպանատների դեմ ահաբեկչություններով: Համզայի մասին ամերիկացիները քիչ գիտեն, չգիտեն նույնիսկ ստույգ տարիքը: Հատուկ ծառայությունները նրան որոնում էին Աֆղանստանում, Պակիստանում, Իրանում, բայց չգիտեին՝ ստույգ որտեղ է նա: Համզա բին Լադենի համար խոստացված 1 միլիոն դոլարը վկայում է ոչ միայն ու ոչ այնքան նրա վտանգավորության աստիճանը իբրև ահաբեկիչ, այլև սիմվոլիկ մեծ նշանակությունը, որ տրվում է Ալ Կայիդայի բրենդին ու քարոզչամեքենային: Համզան դեռ երեխա էր, երբ հայրը ծրագրում էր սեպտեմբերի 11-ի գրոհները, բայց ահաբեկիչների առասպելն ասում է, որ արդեն այդ ժամանակ հոր հետ ուս-ուսի՝ օգնում էր նրան: Նա դաստիարակվել է ԱՄՆ-ի նկատմամբ ատելության ոգով և վրեժի ծարավի էր հոր սպանության ու ծովը նետվելու համար: ԱՄՆ-ի, Իսրայելի ու նրանց դաշնակիցների վրա հարձակվելու կոչերով Համզայի տեսաձայնագրությունները լայնորեն տարածված են համացանցում: Նա դարձել էր Ալ Կայիդայի նոր ձայնը: Նրա մահվան պաշտոնական հաստատումը նշանակում է, որ այդ ձայնը լռել է: Սակայն ահաբեկչական կազմակերպության, որ սարսափ էր տարածում ամբողջ աշխարհում և պատմության մեջ ամենաարյունոտ ահաբեկչական գործողություններն էր իրականացնում, ռևանշի սպառնալիքը մնում է:
BBC
Հ.Գ. Փաստորեն՝ Դոնալդ Թրամփը նաև լռել գիտի, կամ՝ սպասել ճիշտ ժամանակին: Համզա բին Լադենի սպանությունը, բնականաբար, վերջ չի դնի Ալ Կայիդային: Ահաբեկչության պատմությունը շարունակվելու է, քանի դեռ կան պատվիրատուները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ