ՈՒ գալու էր ուրբաթ, 13-ը
13.09.2019 | 00:12
Այո, գալու էր, և այս խոսակցությունը խոսվելու էր: Իրադարձությունները զարգանում են անհեթեթ սցենարով: Առաջին հայացքից: Իրականում ամեն ինչ վերադառնում է ելակետ, և նորից կառավարվում է մեկ կենտրոնից, փաստացի՝ Նիկոլ Փաշինյանի ուսապարկը սկսել է գործել, բայց այս անգամ իր մոտ չէ: ՈՒ՝ որտե՞ղ է: Այս հարցի պատասխանն առաջին հերթին պիտի անհանգստացնի Նիկոլ Փաշինյանին:
Արձանագրենք.
1. Եղել է ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը ժողովուրդն է: Երկիրը կառավարում է ժողովուրդը: Գուցե այդ պահին ինքն էլ հավատում էր իր ասածին: Բայց կա մի անպատեհ նրբություն՝ ժողովուրդը չի կարող ուղիղ կառավարել, ժողովուրդը կարող է ընտրել իշխանություն, որ իր ընտրած իշխանությունը կառավարի: Այսօր այդ նրբությունը, ավելի ճիշտ՝ իրականությունը, մոռացել է հենց ժողովուրդը: Ավելի ստույգ՝ ՀՀ բնակչության այն հատվածը, որ կտրել է կապը իրականությունից:
Հանրապետության հրապարակի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ուղղակի ընկալումը դարձել է պատուհաս բոլորի համար:
2. Ջերմուկը ՀՀ տարածք է, անկախ պետություն չէ, պետք է ենթարկվի ՀՀ օրենքներին: Այսօր ջերմուկցիներն իրենց այնպես են պահում, կարծես երկրին պատերազմ հայտարարած տարածք են, որ պատրաստվում են հաղթել այդ պատերազմում: Սա անհեթեթություն է, որ սահմանակցում է պետության դեմ դավադրությանը:
3. Ասպարեզ են եկել արտասահմանցի հայեր, որ հայտարարում են՝ սփյուռքը կփակի բոլոր ծախսերը՝ թող Լիդիանը դիմի միջազգային դատարան: Այդ կասկածելի հայտարարությունները բլեֆ են՝ եթե նույնիսկ սփյուռքահայերը հավաքվեն ու փակեն տուգանքի գումարը, ինչը չափազանց կասկածելի է, եթե համեմատենք սփյուռքահայերի ներդրումները Հայաստանում մեկուկես տարում, Ամուլսարի հանքի շահագործումը միայն Լիդիանի խնդիրը չէ՝ Հայաստանի միջազգային հեղինակության ու կանխատեսելի գործընկեր լինելու, տնտեսական զարգացման հարցն է:
4. Հապճեպ պատրաստվելով 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը ՔՊ ընտրացուցակը լցրեց տարանուն զանգվածով: Համարենք, որ այդ պահին ոչ նրա, ոչ ՔՊ-ականների մտքով չէր անցնում, որ ինչ-որ հարցով կարող են հակադրվել համայն հայերի փրկիչ, սոցցանցերում լուսապսակով նկարներով հայտնվող վարչապետին, որ հռչակվում էր Հիսուսից ավելին: Նրանք անփորձ էին, Նիկոլ Փաշինյանը շտապում էր՝ ոչ ոք ժամանակ չուներ: Ստացվեց թիմ, որի գաղափարական միասնության միֆը փշրվեց իրականության հետ առաջին բախումներից: ՔՊ-ն միշտ էլ Նիկոլ Փաշինյանի պարանոցից կախված քար էր, այսօր քարը նրան սկսել է ճկռեցնել: Անտարակույս, քաղաքական կուսակցությունում պետք է լինեն տարբեր տեսակետներ, բայց կուսակցական կարգապահությունը պահանջում է որոշում ընդունելուց հետո միասնական դիրքորոշում արտահայտել և հավատարիմ մնալ դիրքորոշմանը: ՔՊ-ում այս կանոնը ոտնատակ են տալիս բոլորը: Պատճառը նաև Նիկոլ Փաշինյանն է. նա չափազանց երկար ժամանակ կորցրեց մտորումների ու որոշում կայացնելու վրա ու առայսօր տալիս է տարտղնված պատասխաններ Լիդիանին ու Ամուլսարին վերաբերող հարցերին: Թիմը սկսել է սեփական տեսակետները բարձրաձայնել և արտահայտել մտքեր, որ ավելի են խորացնում ճգնաժամը: Օրինակ՝ ոմանք առաջարկում են վստահության հանրաքվե ու արտահերթ ընտրություններ: Նրանք կամ հիմար են, կամ քաղաքականությունից չափազանց հեռու՝ հասկանալու, որ այս պայմաններում որևէ հանրաքվե կամ ընտրություն ստեղծելու է անկառավարելի քաոս՝ ով էլ հաղթի ընտրություններում: Եթե տնտեսական ամեն հարցով հանրաքվե հայտարարվի, ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը: 2018-ին կատարվել է ընտրություն, որի արդյունքներով ձևավորվել է իշխանություն, եթե իշխանության օրենսդիր ու գործադիր ներկայացուցիչները չեն հասկացել, պիտի հրաժարական տան կամ վայր դնեն մանդատը, ոչ թե եթերը ողողեն ցնդաբանությամբ:
5. Անցած ամիսներին տնտեսական հեղափոխությունը նկատելի դրսևորում չունեցավ՝ կենսամակարդակ չի փոխվել, դրամի արժեզրկումն ու գնաճը կառավարելի են, բայց ՀՀ հպարտ քաղաքացիները կյանքում փոփոխություններ չեն տեսնում, իսկ ուզում են օր առաջ: Այլևս հեղափոխական էյֆորիայի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է մոռացել: Հեղափոխությունը անվերջ շարունակելու կամ արտահանելու փորձերը ձախողվում են: Քաղաքական ճգնաժամի մասին արդեն ուշ է խոսել՝ ճգնաժամը վաղուց էր հաստատվել իշխանական կաբինետներում, հիմա դուրս է եկել փողոցներ:
6. Իր կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանի ամենամեծ սխալը նպատակների ու խնդիրների ձևակերպումներում ապրիորի մնալն ու կոնկրետությունից խուսափելն է: Նա որոշակի խնդիր չդրեց ոչ կառավարության առաջ, ոչ հայտարարեց, որ իր կառավարությունը պարտավորվում է լուծել կոնկրետ այս-այս հարցերը, հետո անցնել այս-այս հարցերին: Քարոզչական դաշտում վարչապետն ու ՔՊ-ն պարտություն պարտության հետևից էին կրում, տեղի տալով ոչ միայն ավելի փորձառու, կազմակերպված ու մոտիվացված նախկիններին, այլև դառնալով սնկի պես աճող կուսակցությունների քննադատության թիրախ: Սկսելով սև-սպիտակի չարդարացված բաժանումից՝ Նիկոլ Փաշինյանն իր ձեռամբ փորեց մի խրամատ, որտեղ ոչ միայն հնարավոր չէր տեղավորել հեղափոխության հռչակած գաղափարները, այլև այդ գաղափարները պատառ-պատառ արին հեղափոխության դրոշն ու հուղարկավորեցին ազգային համախմբումի պատրանքները: Մասնատված, դժգոհ, հույսի հետևից գնացող ու տեղ չհասնող՝ ահա հեղափոխություն արած ժողովրդի հետագիծը: Ինքնամեծարումի դափնիներին նիրհ մտած վարչապետը սթափվեց, բայց ջինը շշից դուրս է թռել, անցած ժամանակը, երբ պետք էր հիմնավորել հեղափոխության անհրաժեշտություններն ու արդյունքները տեսանելի դարձնել, հետ չես դարձնի: Հիմա որևէ բացատրություն վերածվում է ինքնարդարացման: Հայաստանում ամեն առավոտ արթնանում է 3 միլիոն մի քանի հազար վարչապետ կամ հայտնի, թե անհայտ Պողոս ու իրեն իրավազոր է համարում ճանապարհ փակել, ոստիկանների վրա հարձակվել, հռչակել ժողովուրդ ու խոսել ժողովրդի անունից, պահանջներ ներկայացնել, երթեր անել ու հայտարարություններ, որոնց ոչ միայն իրավական իրավունքը չունի, այլև տրամաբանական: Եվ՝ հանդիպել իշխանության բացարձակ անզորությանը, իշխանությունը հայտնվել է իր լարած թակարդում՝ մերժել է Սերժին, բայց ինքն էլ չգիտի՝ ինչ է հաստատել: Եվ հաստատե՞լ է ընդհանրապես: Ոչ մի իրավական պետությունում հնարավոր չէ իրավիճակ, երբ կեղծ ակտիվիստները փակում են որևէ ձեռնարկություն տանող ճանապարհն ու թույլ չեն տալիս աշխատել: Իսկ ոստիկանությունը վախենում է ճանապարհը բացել, որովհետև ստիպված է լինելու բռնության դիմել: Վախենում է արձագանքից՝ ներսում ու դրսում:
7. Բացի քարոզչական դաշտում պարտությունից՝ Նիկոլ Փաշինյանի սխալներից գլխավորը կադրերն էին: Ավելի ճիշտ՝ կադրային քաղաքականությունը: Նա ստիպված էր վստահել մարդկանց, որ համարյա չէր ճանաչում՝ հույս ունենալով, որ իրենց կդրսևորեն լավագույնս: Չեն դրսևորում, իսկ վարչապետը նրանցից չի հրաժարվում, այդպես պետական կառավարումը վերածվում է անդեմ-անկապ մարդկանց ինքնահաստատման գործընթացի՝ ի հաշիվ աշխատանքների ձախողման: Հույսը, որ կառավարությունում կլինեն ոչ միայն կառուցվածքային, այլև կադրային փոփոխություններ, չարդարացավ: Մի հարվածով Նիկոլ Փաշինյանը «նախկիններ» որակեց ու ասպարեզից հանեց փորձված, գործիմաց ու աշխատունակ մարդկանց մեծ մի բանակ, որ «նախկին» էր այնքանով, որ ապրել ու աշխատել էր նախկին իշխանության հետ, բայց այդ սկզբունքով առաջինը պիտի կախվեր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ իշխանական կուլիսներում հաստատվեց ու կաբինետներ մտավ մտայնությունը, որ «նախորդ հանցավոր ռեժիմի» բոլոր ներկայացուցիչները հեղափոխության ծնյալ թշնամիներ, սաբոտաժնիկներ են ու նրանց պետք չէ թույլ տալ աշխատել: Նրանց օդը պետք է փակել տեսանելի ու անտեսանելի միջոցներով: Ինչ-որ պահից այս քաղաքականությունը վերածվեց պայքարի պետության դեմ, որովհետև փողը օբյեկտիվորեն նախկինների ձեռքում է և ոչ մի անցումային արդարադատություն կամ անանց վրեժխնդրություն չի կարող նրանց իրավականորեն ունեզրկել, եթե չի հայտարարվում հրապարակային վենդետա: Փաստացի՝ քաղաքական ու տնտեսական խնդիրները հակադրվեցին միմյանց. Նիկոլ Փաշինյանին թվում է, որ արդարություն է վերականգնում, իրականում թույլ չի տալիս, որ տնտեսությունն աշխատի՝ ասֆալտներին փռելու ու պատերով տալու, դատարաններ քարշ տալու իր մտայնությամբ:
8. Առանձին հարց են դատավարությունները: Ավելի ճիշտ՝ դատավարությունների ընթացքը: Ոչ մի աղմկահարույց դատավարություն չի ավարտվում, թվում է՝ ընթացքն է նպատակը, ոչ թե արդարության վերականգնումը: Գուցե սկզբում ձերբակալություններն ու դատավարությունները հագուրդ էին տալիս նախկինների կառավարումից արդարացի դժգոհներին, բայց ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի՝ հիմա դատավարություններն ու դատավարությունների շուրջ դատավարությունները վերածվել են պետության համար դժվար ու անհասկանալի իրավիճակի, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում: Եվ՝ բոլորը պատրաստ են միմյանց կծել՝ ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Դատաիրավական համակարգի փոփոխությունները այլևս, կարծես, ոչ մեկին չեն հետաքրքրում՝ դատարանների շրջափակումը, վեթինգը, ԲԴԽ-ի, Սահմանադրական դատարանի կազմի փոփոխության հարցերը մտել են իրավական ու քաղաքական փակուղի՝ անվերջ անորոշությանն ապավինած իշխանության թեթև ձեռքով:
9. Հեղափոխությունից հետո Հայաստանը որդեգրեց անհասկանալի արտաքին քաղաքականություն և ի վերջո հասավ նրան, որ օտար է յուրայինների շրջապատում և յուրային չէ օտարների շրջապատում: Մենք սիրով ու խանդաղատանքով պահպանեցինք ռուսական վեկտորը՝ չհասկանալով, որ եվրասիական տարածքն ու ժողովրդավարությունը միմյանց հակացուցված են: Մենք խանդաղատանքով ու սիրով փչացրինք հարաբերությունները Արևմուտքի հետ, որ մեզնից արտաքին քաղաքականության փոփոխություն էր ակնկալում, բայց չստանալով՝ արձանագրեց, որ Հայաստանում եղել է իշխանափոխություն, ոչ թե հեղափոխություն: Ինչպես ՈՒկրաինա, Հայաստան չհոսեցին արևմտյան ներդրումները: Հիմա բոլորը հիշեցին Արցախի հարցը և ՈՒկրաինայի պատերազմը: Ոչ ոք չի առաջարկում պատերազմ հայտարարել Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, բայց և ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ սփյուռքի հանձնակատարը պաշտոնը ստանձնելուց հետո միայն Ռուսաստան է գնում, այլ պետություններում հայկական սփյուռք չկա՞: Օրինակ՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իրանում, Իտալիայում, Վրաստանում, եթե Զարեհ Սինանյանը սկզբունքորեն չի ուզում ԱՄՆ մեկնել: Ռուսաստանը իր տեղն ունի, մյուս երկրները` իրենց: Մենք դարձյալ ամեն ինչ կապում ենք Մոսկվայի հետ՝ զենք գնելը, ատոմակայան կառուցելը, ներդրումներ անելը: Մինչև ե՞րբ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Վարչապետը վճռել է հերթական ասուլիսն անցկացնել Վանաձորում և լրագրողների միջոցով հանրությանը ներկայացնել իր ու իր կառավարության նվաճումների հերթական 100-յակը: Հուսանք, որ առաջին 100-յակին հաջորդած իրադարձությունները նրան կհուշեն կոնկրետության իմաստը: Հանուն իր արդեն ինքնանպատակ դարձող վարկանիշի բարձրացման ու ստեղծված վիճակի փոփոխության: Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հասկացնել ՀՀ հպարտ քաղաքացիներին, որ «ՀՀ վարչապետը ժողովուրդն է» չի նշանակում, որ բոլոր պողոսները պիտի գնան ԱԺ այգի ու այնտեղից սկսեն երթով պետություն կառավարելու իրենց ցնորամտությունը:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ