ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Նոյյան տապան

Նոյյան տապան
01.08.2019 | 10:56

ՈՒ պատկերացրեք, որ անձամբ կառուցում եք Նոյյան տապանը, որ դուք Նոյն եք ու պիտի փրկեք՝ ինչ համարում եք հավերժական: Բարեկամ, հարազատ, ծանոթ՝ հասկանալի է, վերցնում եք առանց մտածելու, թեև որոշ դեպքերում արժեր մտածել՝ ում փրկել, ում՝ ոչ: Նոյի դասական օրինակով՝ վերցնում եք ամեն կենդանուց մի զույգ, մնացածը՝ ինչքան տախտակամածում տեղ կա: ՈՒ լողում եք դեպի ձեր կղզին, որտեղից սկսվելու է մարդկությունը: Գլոբալ տաքացումից հետո: Մարդկության նոր պատմությունը:

Նավարկության ընթացքը երկար է, նկարագրելն անիմաստ, ինչ-որ կղզիների կողքով անցնելուց հետո ձեր նավի վրա, ձեզնից բացի, բոլորը կորցրել են հիշողությունը: Ամբողջությամբ: Tabula rasa` ու ձեզ է տրված այդ տախտակին գրեր թողնելը: Ի՞նչ եք անելու:
…ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ կառավարությունը պետք է 1,6 միլիոն եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին՝ տունն ու տարածքն անօրինական ձեռքից առնելու համար: Կար ժամանակին այդպիսի հասկացություն՝ պետական գերակա շահ: Մինչև հիմա հասկանալի չէ՝ պետությունն ինչու՞ էր դուրս եկել իր քաղաքացիների դեմ ու տնազրկում, փողոց էր նետում նրանց: Չէ, ամեն ինչ օրինական էր՝ օրենք կար, փոխհատուցում էին տալիս, պայմանագրեր էին կնքում: Իբր: Քաղաքի կենտրոնում պիտի կառուցվեր Հյուսիսային պողոտան ու դա գործող նախագահի գերակա շահն էր, ոչ թե պետության: Ի՞նչ տարբերություն՝ նախագահի ու պետության միջև, չի կարելի այդքան մանրանալ, չէ՞: Չի կարելի, ու այսօր պետությունը պիտի հաշիվները փակի: Յուրի Վարդանյանը մեկն է, բայց միակը չէ: Ամենահեշտը վերջին օղակը՝ դատավորին մեղադրելն է, մինչև դատավորը եղել են տասնյակ այլ օղակներ, գործել է համակարգ: Համակարգ՝ պետության ու քաղաքացու դեմ: Գրեթե անդեմ համակարգ՝ հայտնի դեմքերով: Խնդիրը համակարգը փոխելն է: Որ բացառվի երբևէ անձնական շահի «պետության գերակա շահ» դառնալը: Ու դա դատավորների վեթինգ չէ, պետության ու դատական իշխանության դերի ու նշանակության գիտակցում է:


…Մի քանի օր առաջ ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզում, հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը՝ վիրավորվել է մարտական հերթապահության պայմանագրային զինծառայող: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, 3 օր առաջ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը: Փաստացի՝ Դուշանբեի «վերելակային» համաձայնությունը չի գործում, Բաքուն սկսել է խփել Հայաստանին: Ի՞նչ է անում ՀԱՊԿ-ը: Ոչինչ: Ոչինչ չի էլ անի: Ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել՝ իրեն պաշտպանելու: ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ կանոնադրական փոփոխությունների նախաձեռնությունը, որ ՀԱՊԿ դիտորդի և գործընկերոջ կարգավիճակ է սահմանում: ՈՒ՞մ առաջ է ճանապարհ բացում Պուտինը: Իհարկե՝ ոչ Ադրբեջանի կամ Թուրքիայի։ Մոսկվան Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, սեպ մի խրեք համագործակցության մեջ: Մոսկվան զինում է Ադրբեջանին ու Թուրքիային (եթե Ս-400-ը մնա Անկարայի ռազմաբազայում, կարող է ծածկել Հայաստանի ողջ երկինքը և խոցել օդային թիրախներ Հայաստանի ու Արցախի տարածքում)՝ աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելով, ոչ տարածաշրջանային: Երևանին էլ անզեն չի թողնում: ՀԱՊԿ-ն ինչու՞ գոնե մի անողնաշար հայտարարություն չարեց: Ձևի համար: Որովհետև կնեղացներ Բաքվին ու Անկարային: Որ շատ ավելի բարձր գին ունեն աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Այսօր Էրդողանը Պուտինի ընկերն է: Մոտ ընկերը: Ինչու՞ են Սիրիայում թուրքերն ու նրանց զինած ջիհադականները խփում ռուսներին: Պատերազմում՝ ոնց պատերազմում: Դու չես խփում, քեզ են խփում:

Զինվորը մեծ քաղաքականության մեջ հաշիվ չէ: Հայաստանը համաձայնելու՞ է, որ դիտորդի կարգավիճակ ստանան Բաքուն կամ Անկարան: Թե՞ վետո է դնելու: Երկու դեպքում էլ ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության աքիլեսյան գարշապարն է՝ ռազմական ու քաղաքական: Ապացույցը՝ Հայաստանը նորից չկա Վրաստանում ՆԱՏՕ-ի Agile Spirit 2019 զորավարժություններին, որոնց ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկրի 3000 զինվորական է մասնակցում։ Կամավոր կախյալությունը Կրեմլից բնավ ինքնիշխանության դրսևորում չէ:
…ԱՄՆ-ի հերթական նախագահի թեկնածուն՝ Բեռնի Սանդերսը, խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եթե ընտրվի: Հազիվ թե ճանաչի, ոչ այն պատճառով, որ չի ընտրվի: Ոչ այն պատճառով, որ թեկնածուներն ու նախագահները համարյա թե տարբեր մարդիկ են: Դոնալդ Թրամփը ոչ խոստացել է, ոչ էլ ապրիլի 24-ին ասել է «գենոցիդ»:

2017-ի ապրիլի 24-ին նա հիշեցրել է Թուրքիայի տարածքում հայկական քաղաքակրթության մասին: 2018-ին Երուսաղեմ է տեղափոխել դեսպանատունը ու հայտարարել «իրողությունների ճանաչման» անհրաժեշտության մասին: Իրողության ճանաչում է թե՛ Արցախի անկախության ճանաչումը, թե՛ Հայկական հարցի գոյությունը, թե՛ 1921-ին 100 տարով կնքված Կարսի պայմանագրի վերանայման անհրաժեշտությունը: Հայկական դիվանագիտությունը ի վիճակի՞ է դուրս գալ Ցեղասպանության ճանաչման կաղապարներից ու աշխարհաքաղաքական խնդիր դարձնել: Համահայկական ներուժը նպատակաուղղել ոչ թե երեկվա, այլ այսօրվա ու վաղվա խնդիրների լուծմանը: Թե՞ ևս 100 տարի սերունդներին ենք ժառանգելու… Ցեղասպանության ու Արցախի ճանաչումը:


…ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարություն է մշակվում՝ ասուլիսում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Հրաշալի է: Մինչ այդ ունենք ռազմավարության չգոյություն ու իրադարձային որոշումներ՝ քաղաքականության փոխարեն: Ազգային անվտանգության հայեցակարգին սպասենք, ո՞րն է բնապահպանական ռազմավարությունը: Օրինակ՝ արձանագրել Սևանի խնդիրներն ու զգուշացնել, որ մի քանի տասնամյակ հետո լիճ չե՞նք ունենալու: Որ Իջևանի անտառները պահպանում ենք, Լոռու անտառները՝ ո՞չ: Որ գլոբալ խնդրին ունակ ենք լոկալ լուծումնե՞ր տալ: ՈՒ՝ ընդհանրապես մեր կյանքի վերջին մեկ տարվան բնորոշ է … հավերժության զգացումը: Նվազագույնը՝ անվերջության: Ինչ սկսում ենք, չենք ավարտում: Կիսատությունը դարձել է գործողությունների որակ: Մտածողության որակ: Կիսատ-պռատության սինդրոմը կրնկակոխ հետևում է մեզ ու մեզնից առաջ է անցնում: Հանդուգն ծրագրեր կազմելու հետևա՞նք է, թե՞ ուժերի գերագնահատության: Պատմության ու պետության հատվածավորվածությունը խանգարում է ընդհանուր առաջնահերթություններ ու նպատակներ գտնել: Չհիմնավորված լավատեսությու՞ն, թե՞ կանխակալ հոռետեսություն՝ ո՞րն է այսօր մեր մեջ ապրում ու թելադրում մեր գործողությունների տրամաբանական շղթան: Կա՞ այդ շղթայում պետության ինքնիշխանության անհրաժեշտության գիտակցումը, թե՞ ստեղծարար կարող են լինել միայն իրավիճակային վճիռները: Մարդակենտրո՞ն պետություն ենք, թե՞ ինքնահոսի: Երբ ինքնիշխան չես, ցանցային աշխարհում չե՞ս դառնում մեկ ուրիշ ցանցի սպասարկու, ինչպես քո 10-միլիոնանոց գոյության գաղթօջախներն են: Կիսատ-պռատության սինդրոմի առաջին ախտանիշը՝ մեզ անընդհատ ներքաշում են անկապ-անկարևոր սկանդալների մեջ, որ շունչներս պահած սպասենք happy end-ի՝ հավարտ հասկանալու՝ դա ոչինչ չի փոխում մեր ընդհանրական ու անձնական կյանքում: Երկրորդ ախտանիշը՝ հոգնում ենք հիանալուց ու հեգնելուց, ուզում ենք իրական կյանք: Երրորդ ախտանիշը՝ հեռանում ենք երկրից: Մեզ ամեն առիթով-չառիթով ներշնչում են, թե ինչքան երջանիկ ենք, օրինակ, որ մեր փողոցի աղբամանները այսօր դատարկ էին, որ Իլհամ Ալիևը կիրթ տղա դուրս եկավ՝ վերելակի մեջ, որ իջևանցի վարչապետի իշխանության օրոք 19 իջևանցի ձերբակալելը մեծ սխրանք է, որ… ՈՒ մինչ ամեն ինչ թանկացել է, մեզ կերակրում են հեքիաթով, որ Հայաստանը ՀՆԱ-ի աճի տեսանկյունից առաջատարն է Եվրոպայում: Դմփ-դմփ-հու:


…Մարտի 1-ի գործը սկսվեց, նույնիսկ հայտարարվեց, որ ամբողջությամբ բացահայտվել է, ու… վերածվեց Ռոբերտ Քոչարյանի դատավարության ու դատավարության շուրջ դատավարությունների, կիսավեթինգված ԲԴԽ-ի թողտվությամբ՝ դատավորի դատավարության: Մանվել Գրիգորյանի դատավարությամբ ապացուցում ենք, որ թավշե հեղափոխության հաստատած սիրո ու գթասրտության արժեքներով՝ քաղցկեղով հիվանդին բանտից բանտ քարշ տալով աշխարհում ավելացնում ենք արդարությունը: Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը օրակարգ է ձևավորում՝ նախ դատական համակարգի, հիմա էլ՝ Սահմանադրական դատարանի: Հրայր Թովմասյանի հրաժարականը դարձավ օրախնդիր Ռոբերտ Քոչարյանի պատճառով: ՄԻԵԴ էլ հասանք Ռոբերտ Քոչարյանի գործով: Վստահաբար՝ կարևոր որևէ գործ չկա Հայաստանում, բոլոր հարցերը վերջնական լուծված են, զբաղվում ենք վերջին գործերով, ու հենց Հրայր Թովմասյանը հրաժարական տա, հեղափոխությունը վերջնական հաղթանակ կտոնի ու կհաստատի նոր՝ ժողովրդավարական արժեհամակարգ ու կենսակերպ: Մեղմ ասած՝ շատ մեծ չափազանցություն, եթե ոչ սուտ: Ինչու՞: Տնական, տեղական, ինքնաբավ հեղափոխությունը բախվեց երկիր պահելու խնդրին ու լուծում է հանրությանը սկանդալների, շոուների ու հույսերի սոուս մատուցելով:


…Վերջին սկանդալը՝ Ստամբուլյան կոնվենցիան: Առաջին հայացքից՝ կոնվենցիան վերաբերում է կանանց նկատմամբ բռնությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը: Բայց «անմեղ» պաշտպանությունն ու կանխարգելումը լակմուսի թղթի պես ի հայտ բերեցին հետհեղափոխական Հայաստանի տարատեսակ հակասությունները: Նախ հասկացանք, որ թավշե հեղափոխությունից հետո իշխանությունը Հայաստանում ոչ թե ժողովրդին է անցել, այլ ՀԿ-ներին, ընդ որում՝ ոչ բոլոր, այլ խիստ ընտրովի ՀԿ-ներին, որ «քայլել» են, գուցե նաև ֆինանսավորել «քայլածներին»: Հետո հասկացանք, որ իշխանությունը փորձում է ԵՄ պահանջ ներկայացնել կոնվենցիայի վավերացումը, թեև կան ԵՄ անդամներ, որ չեն վավերացրել կոնվենցիան՝ որակելով հակասահմանադրական, ու… դեռ գոյություն ունեն: Եվս մի վարկած առաջ քաշվեց, որ «չենջ» է կատարվում՝ ԱԺ-ն կվավերացնի կոնվենցիան, Վենետիկը աչք կփակի, թե իշխանությունը ինչ կանի ՍԴ-ում ու ՍԴ-ի հետ: Իմացանք նաև, որ արձակուրդ գնալուց առաջ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականներին պատվիրել է ուսումնասիրել կոնվենցիան, իսկ նրանց, որ դեմ են, ավել-պակաս չխոսել: ԱԺ-ն, իհարկե, կարող է վավերացնել կոնվենցիան, բայց վավերացումը հերթական ոսկորն է լինելու ու մնալու է իշխանության կոկորդում: Հեղափոխություն եղել է, թե չի եղել, կա մենթալիտետ ու կան ազգային անվտանգության խնդիրներ, որ կարող են իշխանության մակարդակով չգիտակցվել կամ անտեսվել ու արհամարհվել, նույնիսկ պաշտպանվել հասարակության, ՀԿ-ացված ու ֆինանսապես շահագրգիռ մասով, բայց երբեք չի ընդունի ժողովուրդը՝ թե ինքնապաշտպանության բնազդով, թե պարզ տրամաբանությամբ: Եթե նույնիսկ ամբողջ աշխարհն ընդունի երրորդ սեռի գոյությունը և մարդու իրավունքը՝ անձամբ իր սեռը որոշել սեփական զգացողությամբ, այդ անբնական հիմարությունը հայերի համար չէ: Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պաշտոնապես հորդորեց «հայրենի իշխանության պատասխանատու մարմիններին զերծ մնալ փաստաթղթի վավերացումից»՝ իր մեծ «ոչ»-ն ասելով կոնվենցիային: Հայ առաքելական եկեղեցին մնում է հավատարիմ իր էությանը և իրավունքին, իսկ իշխանությու՞նը:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Դուք Նոյն եք ու տապան եք կառուցել, ի՞նչ եք վերցնելու ձեր տապանի վրա: Մտածեք՝ կեսարների ամիս օգոստոսը ձեզ նվեր: Մինչև սեպտեմբեր, եթե ֆորս մաժորները բացառվեն, ոչ մի դարակազմիկ որոշում չի կայացվելու, սեպտեմբերին քաղաքականությունն ու քաղաքականափոխարինող ամեն ինչ վերադառնալու է ու կախվի ձեր վզից, եթե դուք իրոք Նոյն եք ու ուզում եք փրկել: Եթե նույնիսկ Նոյն էլ չեք ու պարզապես ուզում եք ապրել: Այսպիսին է կյանքը 21-րդ դարի 20-ականներին: Հիմքում «ականն» է: Հեռակառավարվող: Կուզի՝ կպայթի, կուզի՝ կպայթեցնի: Կուզի՝ կմոռացվի, կգնա: Ի՞նչ ենք ուզում փոխել ու ի՞նչ ենք ուզում պահել անփոփոխ: Ձեր պատասխանը որոշելու է 21-րդ դարի ընթացքը Հայաստանում: Մտածեք:

Դիտվել է՝ 8728

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ