ԲՌԻԿՍ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ արեց Թեհրանին «համբերություն ու դիմացկունություն դրսևորել», հաստատելով, որ Իրանը «բարեխիղճ կատարում է Միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը և ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների համաձայնագիրը»: Նրա խոսքով՝ «մեր ամերիկացի գործընկերները ոչ միայն դուրս են եկել համաձայնագրից, որ հավանություն էր ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլև ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցների սպառնալիքով արգելում են մնացած բոլոր երկրներին կատարել ԱԽ բանաձևերը, որ իրավական պարտադիր բնույթ ունեն»: Լավրովը եվրոպացիների եռյակին կոչ արեց գիտակցել իրենց պատասխանատվությունը միջուկային գործարքի պահպանման համար: 2018-ի հուլիսին ու սեպտեմբերին տեղի ունեցան միջուկային համաձայնագրի երկրների ԱԳ նախարարների հանդիպումներ: Սակայն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության աստիճանական վերականգնման պայմանավորվածություններն այդպես էլ դեռ մնում են թղթի վրա: Հունիսի սկզբին Թեհրան մեկնեց ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և բանակցեց Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչիի հետ: ՌԴ ԱԳՆ տեղեկացրեց, որ այս փուլի գլխավոր խնդիրն է «փրկել համաձայնությունները լիակատար փլուզումից»: Այդ նպատակով առաջարկվում էր համաձայնագրի անդամ երկրների հերթական համատեղ նիստ անցկացնել՝ համաձայնագրի փրկության ուղիներ որոնելու: Սայլը դեռ նույն տեղում է: Ավելին՝ ԱՄՆ-ը շարունակեց գնալ լարվածության սրման ճանապարհով ոչ միայն Իրանի շուրջ, այլև ամբողջ տարածաշրջանում, իսկ լցանավերի պատերազմը բարդացրեց Իրանի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ: Տեսականորեն համաձայնագրի անդամ եվրոպական երկրները գործողությունների մի քանի տարբերակներ ունեն: Կամ հաստատում են իրենց լիակատար հավատարմությունը համաձայնագրի պայմաններին և Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի դեմ են դուրս գալիս, կամ հանդես են գալիս իբրև միջնորդ՝ ԱՄՆ-ի ու Իրանի երկխոսության մեջ, բայց նախկին ձևաչափով, որ համաձայնագիրը չփլուզվի: Կամ Իրանին դեմ առ դեմ են դուրս բերում ԱՄՆ-ի հետ՝ նոր համաձայնագրի նախապատրաստման համար՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ներկայացրած պահանջները:
Վերջապես արաբական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ իբր Վաշինգտոնն ու Թեհրանը «սկսել են բանակցել Կատարի միջնորդությամբ» և գուցե սեպարատ գործարք կնքվի առանց համաձայնագրի նախկին մասնակիցների: Բայց տեղեկատվական նման արտահոսքեր լինում են Վաշինգտոնի ու Թեհրանի համարյա հրապարակային բանավեճին զուգահեռ՝ սկսել կամ չսկսել բանակցությունները, եթե այո, ինչ պայմաններով և այլն: Կատարվողի դավադրապաշտական բազում վարկածներ ասպաերզ են նետում ամերիկացիները՝ գործելով «Անկրակ ծուխ չի լինում» սկզբունքով: ԱՄՆ ՊՆ նոր նախարար Մարկ Էսպերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի ցանկանում Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի հետագա էսկալացում և պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների: Նրա խոսքով՝ «մեր ազդանշանն Իրանին շատ հստակ է, առանց որևէ նախապայմանի, ցանկացած պահին, ցանկացած վայրում մենք ցանկանում ենք հանդիպել նրանց և խոսել՝ ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»: Bloomberg-ը հաղորդում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հարցին՝ պատրա՞ստ է Իրան մեկնել, եթե իր ներկայությունն անհրաժեշտ լինի, պատասխանել է. «Իհարկե, եթե պահանջվի, ես ուրախությամբ կգնամ»: Ամերիկացիները՝ հայտարարելով Իրանի հետ առանց նախապայմանների բանակցության պատրաստակամության մասին, չեն ճշտում՝ հրաժարվե՞լ են նախկինում առաջադրված պահանջներից՝ տարածաշրջանում Թեհրանի քաղաքականության փոփոխության, բալիստիկ հրթիռների և այլն: Հետաքրքիր է, որ ԱՄՆ-ը հանգիստ վերաբերվեց, երբ Իրանը միջին հեռահարության «Շահաբ-3» հրթիռն արձակեց, հայտարարելով, որ դա «չի սպառնացել Մերձավոր Արևելքում ամերիկյան նավերի կամ ռազմաբազաների և ԱՄՆ դաշնակիցների նավերի անվտանգությանը»: Նախկինում Վաշինգտոնը կտրականապես դեմ էր դրան, իսկ Պոմպեոն պահանջում էր, որ Թեհրանը դադարեցնի հրթիռների բոլոր փորձարկումները և վերացնի համապատասխան սպառազինությունը, թեպետ 2015-ի համաձայնագիրն Իրանին չի արգելում հրթիռներ փորձարկել: Իրան-ամերիկյան հարթության վրա որոշակի իրադարձություններ են կատարվում, որոնցից շատերը մեծամասամբ միայն ԶԼՄ-ների մակարդակում են: Իրանի Ֆարդա ռադիոն՝ հղում անելով ներքին աղբյուրներին, հաղորդեց, որ նախագահ Հասան Ռուհանին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղերձ է հղել՝ Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունների լարումը նվազեցնելու համար նրա «սառեցում սառեցման փոխարեն» ծրագրին այլընտրանք առաջարկելով: Իբր Իրանը այլևս չի պահանջում, որ Վաշինգտոնը վերադառնա միջուկային համաձայնագիր, բայց ակնկալում է պատժամիջոցների վերանայում իրանական նավթի արտահանման և միջազգային բանկային գործարքների հարցում: Ֆարդան մեջբերում է Ռուհանիին, որ նախազգուշացնում է «եթե եվրոպական երկրները դադարեն սխալ որոշումներ ընդունել, ինչպես Ջիբրալթարում նավթային լցանավի կալանավորումն էր, կտեսնեն Իրանի համապատասխան արձագանքը»: Նախագահը նշել է, որ Իրանը պատրաստ է «ազնիվ ու օրինական» երկխոսության, բայց «չի նստի բանակցությունների սեղանի շուրջ, եթե դա կանխավ պարտություն լինի»: Դա, իհարկե, արձագանքն է իրանական չկայացած սցենարի՝ եվրոպացիներին ու ամերիկացիներին պարտադրել պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները: Հազիվ թե ԱՄՆ-ը Իրանի հետ ուղիղ երկխոսություն սկսի խաղը դնելով նրա պարտության վրա: Թուրքական Yeni Akit-ը գրում է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ բարդություններին զուգահեռ կարող է ինչ-որ հարցերում խաղարկել Իրանին, որ որոշակի լարվածություն մտցնի Մոսկվա-Թեհրան-Անկարա եռանկյունու մեջ:
Գուցե ճիշտ են այն փորձագետները, որ կածում են՝ «Վաշինգտոնի ու Թեհրանր միջև արդեն կա նախնական երկխոսության օրակարգ, իսկ հիմա ոչպաշտոնապես, բայց օգտագործելով տեղեկատվական պատերազմի միջոցները, համաձայնեցում է կատարվում: Եթե այդպես է, շուտով ամեն ինչ կպարզվի: Նաև այն, թե ինչ դեր ունի Եվրոպան, ում Լավրովը կոչ էր անում «փրկել միջուկային համաձայնագիրը»:
Ստանիսլավ Տարասով, REGNUM
Հ.Գ. Երեկ Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին Վիեննայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Թեհրանի և գերտերությունների միջուկային պայմանագրի ապագան: «Մթնոլորտը կառուցողական էր, քննարկումները արդյունավետ, ես չեմ կարող ասել, որ մենք լուծեցինք բոլոր խնդիրները, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ անելիքներ ունենք»,- բանակցություններից հետո «Ռոյթերզին» ասել է Արաքչին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ