ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Ի՞նչ ցույց տվեց Իջևանը

Ի՞նչ ցույց տվեց Իջևանը
19.07.2019 | 11:22

Կոռուպցիան վերացնելն անհրաժեշտություն է, և հնարավոր է, երբ ստեղծվի նոր կենսակերպ: Տասնամյակներով կոռուպցիան եղել է կառավարման կերպ, աշխատանքի ու ապրելու կերպ: Գողություն են արել՝ կիսվել են ու ապրել են: Հենց դա ցույց տվեց Իջևանի ճանապարհը փակած ցուցարարների և ոստիկանների բախումը: Մարդիկ քարով ու փայտով պետութունից պաշտպանում են իրենց գողանալու իրավունքը, որովհետև ապրուստի ուրիշ միջոց չեն տեսնում, իսկ պետությունը չի կարողանում պաշտպանել իր ոստիկաններին և իր բնակիչներին՝ իր ոստիկաններից: Միջպետական ճանապարհ փակելն այլևս ոչ միայն հեղափոխական տրենդ է, այլև՝ պետության դեմ շանտաժ: Երբ ոստիկանները փորձել են ճանապարհից հեռացնել ցուցարարներին, սկսվել են բախումներ։ 13 մարդ հոսպիտալացվել է՝11-ը՝ ոստիկան։ Նրանց միացել են հատուկջոկատայինները, ցուցարարները ձերբակալվել են: Երեկ կառավարության նիստում վարչապետը հարցնում էր՝ ինչու՞ են ձերբակալվածներն այդքան քիչ՝ 36-ից 13-ը: Նա հայտարարեց, որ ոչ ոք չի կարող ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը։ Նաև ուղղեց փոխոստիկանապետին, որ իրավախախտ անձանց ակտիվիստ անվանելը ճիշտ չէ, նրանք կազմակերպիչներ են, ոչ թե ակտիվիստներ։ Փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանի, ոստիկանապետը դեռ Իջևանում է, պատասխանից հասկացվում էր, որ չեն գտնում, բայց Հայաստանից չեն հեռացել:

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու հետևանքով բեռնատարների և մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում է առաջացել՝ ժամեր շարունակ: Ցուցարարների հետ բանակցել են ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Իջևան են մեկնել նաև տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Ու՝ ի՞նչ: Երեկ նաև ձերբակալվածների հարազատներն էին բողոքում՝ պայուսակներից հանելով վարկերի տրցակները: Նրանք պահանջում էին ազատ արձակել իրենց հարազատներին, նրանց «նագլի ձևով, քաշքաշ են արել», ծեծուջարդով տարել են ու հայտնի չէ՝ որտեղ են: Օրվա հացի ապրուստը հոգացողներին տարել են, սղոցարանների տերերին՝ ոչ: Իջևանում միջպետական ճանապարհը փակողները պահանջում էին օրինականացնել անօրինական անտառահատումը՝ «թուղթ տալ»: Իշխանությունը իրավունք ունի հարկադրանքի միջոցների դիմել, բայց ոչ ծեծուջարդով ու փաստացի բռնության միջոց դառնալով: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ տարիներով փայտ ծախողները ոնց աղքատ էին, այնպես էլ աղքատ են մնացել, ուրիշներին են հարստացրել: Այսինքն՝ պատմությունը վերաբերում է «փայտի մաֆիային», այդ դեպքում իրավապահները «մաֆիոզներին» գտնելու փոխարեն, ինչու՞ են բռնում ով ձեռքի տակ է ընկնում: Իջևանի ժողովրդի մեծ մասն ապրում է անտառի հաշվին, այս իրավիճակը պետք է փոխել, սա է «փայտի մաֆիայի» անմահության հիմքը, ոչ թե դավադրությունը հեղափոխության դեմ: Անտառից փայտ հանելն արգելելու միանգամայն օրինական պահանջը պետք է զուգորդվեր մարդկանց ապրուստի ուրիշ միջոց տալով: Այլապես պատմությունը շարունակվելու է ու օրվա հերոսներ են դառնալու ոստիկաններն ու բժիշկները: Տարածքային կառավարման նախարարն ու մարզպետը պնդում են, որ օրական 8-15000 դրամով աշխատանք է առաջարկվել, մերժել են՝ գերադասում են փայտ գողանալ: Ամսական 240-450000 աշխատավարձից հրաժարվելը Հայաստանում ռեալ չէ՝ ինչ-որ մեկը ստում է՝ կամ աշխատանք առաջարկողները, կամ աշխատանքից հրաժարվողները, որ սոված են ու օրվա հաց են աշխատում գողությամբ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մարզպետ Հայկ Չոբանյանը անվերջ կարող են հայտարարել, որ անօրինականությունը չի անցնի, մեղավորները կպատժվեն, ոստիկանապետը կարող է մնալ Իջևանում, ԱԱԾ տնօրենը տարբերակներ առաջարկել, որ չտուժեն ոչ պետությունը, ոչ բնակիչները: Կոնկրետ իրավիճակի մեղավորը իշխանությունն է, որ քրեական գնահատական է տալիս՝ իրավունքի գերակայության հիման վրա, բայց մոռանում է սոցիալական գնահատական տալը: Սա ոչ պետության դեմ է, ոչ իշխանության, սա ապրելու իրավունքի կենսագործում է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերվա իրադարձություններն Իջևանում ազդանշան են, որ օրինականության ապրիորի հաստատում հնարավոր չէ, օրինական ապրելու պայմաններ պետք է ստեղծվեն Հայաստանի հպարտ քաղաքացիների համար: Ամենուրեք ու հիմա: Այլապես երեկ Իջևանն էր, վաղը Գյումրին կլինի, հաջորդ օրը Գեղարքունիքը, ու՝ այդպես: Կառավարման ճգնաժամը ուրիշ ո՞նց է լինում:


Տնտեսական հեղափոխության խնդիրը աշխատատեղն է, միայն աշխատանք ունենալու պարագայում մարդիկ կդադարեն միջպետական ճանապարհներ ու փողոցներ փակելը: Իսկ այս ընթացքով խորանալու են բռնություններն ու փոշիանալու են հեղափոխության նպատակները: Բացահայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իրավապահ համակարգում է կատաղի դիմադրության հանդիպել, այլև նրանից երես են թեքում հեղափոխություն արած ու այսօր ծեծվող երեխաներն ու նրանց տուն տանելու համար գնացած, բայց հեղափոխություն արած մեծերը, որ չեն ստանում իրենց ակնկալածը՝ աշխատանք ու արդարություն:

Դիտվել է՝ 3268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ