ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է
19.07.2019 | 01:37

(Նախորդ մասը)

Իրանա-ամերիկյան հարաբերություններում իրադրությունը չի հանդարտվում: Լյուբով Շվեդովան «Свободная Пресса» կայքում հունիսի 23-ին նշել է, որ այժմ Իսրայելի և ԱՄՆ-ի ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է, այսպես կոչված, «Թրամփի երրորդ սցենարը», այսինքն` ԱՄՆ-ը պատերազմ չի սկսում Իրանի դեմ: ԱՄՆ-ի փոխարեն օդային ու հրթիռային հարվածներ է հասցնելու Իսրայելը: Հնարավոր է: Անցյալում սիոնիստական պետությունը լկտիորեն հարձակվել է Իրաքի և Սիրիայի վրա: 1981 թ. Իսրայելի ՌՕՈՒ-ն հարված հասցրեց Իրաքի այն միջուկային ռեակտորին, որն Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը գնել էր Ֆրանսիայից: 2007 թ. նման բախտի արժանացավ նաև Սիրիայի միջուկային ծրագիրը: Այն ժամանակ իսրայելական երեք ինքնաթիռներ հարվածներ հասցրին արևելյան Դեյր Էզ Զոր նահանգի ենթադրյալ ռեակտորին: Մի խոսքով, Իսրայելը գիտի ինչպես ոչնչացնել օտար ենթակառուցվածքը: Հաշվի առնելով Իսրայելի վարչապետ Նեթանյահուի ռազմաշունչ հռետորաբանությունը և մեծ թշնամանքը Իրանի հետ կապված ամեն ինչի նկատմամբ, նման հավանականություն կա: Հատկապես վերջերս, երբ Իրանն սպառնաց, որ դուրս կգա միջուկային գործարքից, Իսրայելի վարչապետն սկսեց շատ խոսել Իրանի և ընդհանրապես աշխարհի համար հնարավոր մեծ հետևանքների մասին: Օրերս էլ Իսրայելի ՌՕՈՒ-ի մեծ զորավարժություններ կայացան Իրանին դիմակայելու գծով: Իսրայելը հույս ունի, որ եթե Իրանն ի պատասխան հարվածի Իսրայելին, ապա ԱՄՆ-ն իսկույն ևեթ կմտնի պատերազմի մեջ: Մի խոսքով, հրեաներն ուզում են պաշտպանվել ամերիկյան վահանի հովանու ներքո:


Այնուամենայնիվ, չարժե հաշվից դուրս գցել, որ ամերիկացիներն իրենք կարող են պատերազմի մեջ մտնել Իրանի հետ, չնայելով, թե ուրիշներն ինչ կասեն: Պարզապես ԱՄՆ-ը վախկոտ երկիր է, չի հարձակվի իր սեփական կամ ՆԱՏՕ-ի բազաներից: Հարվածը կարող է լինել միայն միջնորդավորված, որպեսզի Իրանի պատասխան հարվածի դեպքում տուժեն այն երկրները, որոնց օդային տարածքով կամ որոնց կողմից Իրանի տարածք պետք է թռչեն մահաբեր բեռները: Ասենք` Վրաստանը կամ Ադրբեջանը: Իսկ ինչու՞ ոչ: Նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն, ինչ-որ բան համաձայնեցնելու կարիք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, որոնք կտրուկ դեմ են ԱՄՆ-ի և Իրանի հակամարտությունը պատերազմական հարթություն տեղափոխելուն: Իզուր չէ, որ Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հունիսի 23-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ը նախկինում էլ է փորձել անօդաչու հետախուզական ինքնաթիռներով Իրանի օդային տարածություն ներխուժել: Որպես ապացույց դիվանագետը «Թվիթերում» քարտեզ է տեղադրել, որի վրա, ըստ նրա, պատկերված է ևս մեկ ամերիկյան անօդաչու ինքնաթիռի թռիչքի հետագիծը. այն մայիսի 26-ին նկատվել է երկնքում, Իրանի սահմանի մոտ: Բայց այն չխախտեց Իրանի սահմանը, և իրանական ՀՕՊ-ի ուժերը չխոցեցին այն:

Միաժամանակ Զարիֆը ենթադրեց, որ Օմանի ծոցում նավթանավերի վրա հարձակման համար ԱՄՆ-ը ծրագրում է մեղադրել ինչ-որ «միջազգային ահաբեկիչների»: Զարիֆը շատ իրազեկ մարդ է, հավանաբար տեղեկություն ունի, որ լարվածությունն իջեցնելու նպատակով Թրամփը պատրաստ է Իրանի վրայից «հանելու» հունիսի 13-ին տուժած երկու նավթանավի վերաբերյալ մեղադրանքը:


Հենց այդ հանգամանքն է հանգեցնում այն մտքին, որ հավանաբար Իսրայելն իսկապես պատրաստվում է Իրանի վրա միակողմանի հարձակման` իմանալով, որ Թրամփը պատրաստ է նահանջելու: Բայց այստեղ շատ բարդություններ կան: Իրանի ատոմային օբյեկտները մեկ-երկու հատ չեն, և նրանց մեծ մասը գետնի խորքում է: Այնպես որ նույնիսկ Իսրայելի հարձակումը կարող է ապարդյուն լինել, էլ չասած, որ Իրանն ունի բազմաշար ՀՕՊ և ՀՀՊ զորքերի երկայնաշար համակարգ, և դեռ փաստ չէ, որ Իսրայելի գոնե մեկ ինքնաթիռ կամ հրթիռ կարող են ընդհանրապես մտնել Իրանի օդային տարածություն: Բացի դրանից, այդ հարվածը հասցնելու համար Իսրայելը պետք է հաղթահարի Սիրիայի տարածքը, ինչ-որ ձևով պետք է այդ գործողությունները համաձայնեցնի Հորդանանի հետ, այնուհետև հարկ կլինի թռչել-անցնել ողջ Իրաքը և ինչ-որ կերպ այնտեղից հարվածել ինքնաթիռներից: Բալիստիկ հրթիռներ Իսրայելն առայժմ չունի: Օդային հեռահար հրթիռների կիրառման համար կրկին հարկ է գործի դնել ավիացիան ու հաղթահարել բազմաթիվ ուղեկից խնդիրներ: Հաշվի առնելով այդ ամենը` հարված հասցնելու Իսրայելի հնարավորությունները չափազանց փոքրանում են, մոտենում զրոյի: Այնպես որ, հույսը դրվում է հիմնականում ԱՄՆ-ի վրա, իսկ թե ինչ կորոշի ԱՄՆ-ը, առայժմ անհայտ է: 2011-ին նույնպիսի իրադրություն էր. Իսրայելի ՌՕՈՒ-ն լիովին պատրաստ էր հարված հասցնելու Իրանի միջուկային ենթակառուցվածքներին և էլի ինչ-որ ռազմական օբյեկտների: Սակայն հենց այդ ժամանակ ամեն ինչ հանկարծ կանգ առավ: Նախագահ Բարաք Օբաման չպաշտպանեց իրադարձությունների այդպիսի զարգացումը, հենց որ նրան հաղորդեցին, որ իրանցիները գերել են «RQ-170 Sentinel» անօդաչու ինքնաթիռը: Դրանից հետո 2015 թ. հուլիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքվեց միջուկային գործարքը:


Բայց Թեհրանն այդ ամենը շատ լավ գիտի, կարողանում է ամեն ինչ հաշվարկել: Իրանը վաղուց գիտի Իսրայելի «միայնակ հարվածելու» մտադրության մասին: Հունիսի 23-ին Իրանի ՌՕՈՒ-ի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահի Ֆարդը բանակցություններ վարեց իրանա-իրաքյան համատեղ հանձնաժողովի նախագահ Թարիք Աբբաս Հուսեյնի հետ: Խոսելով Իրանի ՀՕՊ-ի և Իրաքի ՀՕՊ-ի համագործակցության մասին, Սաբահի Ֆարդը նշել է, որ «Իրանի ՀՕՊ-ը լիովին պատրաստ է բավարարելու Իրաքի ՀՕՊ-ի պահանջները բոլոր բնագավառներում», «Իրանի ՀՕՊ-ը պատրաստ է օգնելու Իրաքին ՀՕՊ-ի զանազան համակարգերի արտադրության և տեխնիկական օժանդակության գործում` հենվելով տեղի փորձագետների վրա»: Երկու գեներալների հանդիպումը ցույց է տալիս, որ Թեհրանը չի բացառում թշնամիների` Իրաքի օդային տարածությամբ Իրանի վրա հարձակվելու փորձերը և վաղօրոք պատրաստվում է վերահսկողության տակ վերցնելու Իրաքի ողջ երկինքը:
Վերևում արդեն նշել ենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի մամուլում ակտիվորեն քննարկվում է Իրանի վերաբերյալ «Թրամփի երրորդ սցենարը», բայց ամեն օրն ինչ-որ նոր բան է բերում: Հունիսի 25-ին պարզվեց, որ Թրամփն ինքը կարծես վախեցել է «երրորդ սցենարից», կամ էլ զինվորականները կարողացել են համոզել նրան, որ ռազմական զարգացման ցանկացած տարբերակ վտանգավոր է Վաշինգտոնի և Ասիայում ամերիկյան հրամանատարության շահերի համար: Արդյունքում Թրամփը սահուն կերպով անցավ «չորրորդ սցենարին»:


Հունիսի 25-ին ԱՄՆ-ի նախագահը հրամանագիր ստորագրեց Իրանի դեմ նոր կոշտ պատժամիջոցներ մտցնելու մասին: Ընդ որում, սահմանափակիչ միջոցներ են մտցվում նաև Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար այաթոլահ Խամենեիի նկատմամբ: «Այսօրվա միջոցը հետևանք է վերջին շաբաթներին իրանական վարչակարգի ագրեսիվ գործողությունների, որոնցից է ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ոչնչացումը»,- հայտարարել է Թրամփը, միաժամանակ նշելով, որ «պատժամիջոցներն ամեն դեպքում պետք է մտցվեին»։ Չգիտես ինչու, Թրամփը մոռացավ ներողություն խնդրել Իրանի օդային տարածություն ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ներխուժման համար։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է մտցնում նաև ԻՀՊԿ-ի ութ ղեկավարների նկատմամբ։ Այդ մասին ասվում է ամերիկյան ֆինանսների նախարարության հայտարարության մեջ. «Այդ հրամանատարներն այն ղեկավար կազմի գագաթին են, որը վերահսկում է տարածաշրջանում ԻՀՊԿ-ի չարամիտ գործունեությունը»։ Պատժամիջոցների տակ հայտնվածներից է ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզոդան։ «Նրա կառույցը պատասխանատու է 2019 թ. հունիսի 20-ին ամերիկյան անօդաչու ինքնաթիռի ոչնչացման համար»,- նշում է ամերիկյան գերատեսչությունը։


Վաշինգտոնը խոստացել է պատժամիջոցներ մտցնել նաև Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի նկատմամբ։ Թրամփը ենթադրում է, որ նոր պատժամիջոցներն Իրանի ղեկավարներին կզրկեն ֆինանսական միջոցներից. «Պատժամիջոցները կզրկեն Իրանի ղեկավար ու հոգևոր առաջնորդին, ինչպես նաև նրա վարչակազմի անդամներին ու նրա հետ սերտ կապված դեմքերին առանցքային ֆինանսական միջոցներից և օժանդակությունից։ Այաթոլահ Խամենեիի և նրա վարչակազմի ակտիվները պատժամիջոցներից չեն ազատվի»։ Նրա կարծիքով, Վաշինգտոնի ներկայիս քայլերը «վճռական ու համարժեք պատասխան են Իրանի գնալով ավելի ակտիվացող սադրիչ քայլերին»։ «Մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա, մինչև վարչակարգը հրաժարվի իր վտանգավոր գործունեությունից և ձգտումներից, որոնց մեջ մտնում են միջուկային սպառազինությունների մշակումը, ուրանի հարստացման ծավալների ավելացումը, բալիստիկ հրթիռների մշակումը, ահաբեկչության կիրառումն ու օժանդակությունը, հակամարտությունների հրահրումը այլ երկրներում և թշնամական գործողություններն ԱՄՆ-ի նրա դաշնակիցների դեմ»,- նախազգուշացրել է Թրամփը։
Առայժմ Իրանն արձագանքում է մեղմ, բայց «կոշտ ձայնով»։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է. «Իրանի առաջնորդի և դիվանագիտության ղեկավարի նկատմամբ անօգուտ պատժամիջոցների սահմանումը նշանակում է դիվանագիտական ճանապարհի վերջնական փակում ԱՄՆ-ի հուսահատված կառավարության հետ։ Թրամփի վարչակազմը խարխլում է ամբողջ աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման համար սահմանված բոլոր միջազգային մեխանիզմները»։

ԱՄՆ-ի հայտարարած հակաիրանական նոր պատժամիջոցներն ընդամենը քարոզչություն են՝ ասել է Մուսավին, հավելելով, որ Վաշինգտոնն արդեն օգտագործել է Իրանի դեմ իր բոլոր հնարավորությունները և ոչ մի նոր բան չի կարող մտածել. «40 տարի նրանք պատժում են մեզ, և 40 տարի մենք դիմակայում ենք նրանց»։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախթ-Ռավանչին հայտարարել է, թե ԱՄՆ-ի որոշումը ևս մեկ վկայություն է, որ Ամերիկան չի հարգում միջազգային օրենքները և գերիշխող միջազգային կարծիքը, և ԱՄՆ-ին Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչությանը» վերջ դնելու կոչ է արել։ Իրանի նախագահ Ռոհանին նոր պատժամիջոցներն անվանեց հուսահատ գործողություն ԱՄՆ-ի կողմից, նշելով, որ «Սպիտակ տան գործողությունները ցույց են տալիս, որ այն մտավորապես հետամնաց է»։ Հնարավոր է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեին այս անգամ ընդհանրապես ոչինչ չասի ԱՄՆ-ի հիմար գործողությունների մասին. չէ՞ որ Իրանի ոչ մի առաջնորդ իր փողերը կամ ակտիվները չի պահում Արևմուտքում կամ Իսրայելում, ընդհանրապես՝ հրեա սիոնիստների ղեկավարության կամ վերահսկողության տակ գտնվող բանկերում։ Բայց լիովին բավական են Ռոհանիի, Մուսավիի և Թախթ-Ռավանչիի հայտարարությունները, հասկանալու համար, որ Թեհրանում հազիվ են իրենց զսպում, որ չծիծաղեն Թրամփի «երեսին»։


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 25-ին, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիոնի հետ համատեղ մամուլի կոնֆերանսում, քննադատեց Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի և Իսրայելի մոտեցումը՝ հայտարարելով, որ Թեհրանին մեկուսացնելու ԱՄՆ-ի ապակառուցողական փորձերը կլինեն ապարդյուն։ Նա հայտնեց, որ ՌԴ-ԱՄՆ-Իսրայել եռակողմ հանդիպման մասին առաջարկն արել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Լավրովը նաև հայտարարեց, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կենտրոնանալը, այդ երկրի դեմ դաշինք ձևավորելու, այն մեկուսացնելու և նրան անհիմն մեղադրելու փորձերը կառուցողական չեն։ Ռուսաստանը կողմ է Պարսից ծոցի անվտանգության մասին արաբական երկրների և Իրանի միջև բանակցություններին։ Ըստ նրա, Սիրիան Իրանի, Իսրայելի, շիաների և սուննիների միջև մարտադաշտ սարքելու փորձերն անթույլատրելի են՝ հաշվի առնելով վտանգավոր իրադրությունը տարածաշրջանում և Սիրիայում։ Նա մեկ անգամ ևս հիշեցրեց, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում են գտնվում այդ երկրի կառավարության հրավերով՝ ահաբեկչության դեմ պայքարում նրան օգնելու համար։ Ոչ միայն Սիրիայի, այլև Իրաքի գծով Իրանի դաշնակից Ռուսաստանի արտգործնախարարի ելույթը վատ նորություն կլինի Թրամփի և Իսրայելի ղեկավարության համար։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ