ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Կոստանդնուպոլիսը հաղթեց Էրդողանին

Կոստանդնուպոլիսը հաղթեց Էրդողանին
24.06.2019 | 13:21

Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկից հետո Էքրեմ Իմամօղլուն հավաքել է 53,9%, ԱԶԿ թեկնածուն ու Էրդողանի զինակից Բինալի Յիլդիրիմը՝ 45,2%: Նա արդեն շնորհավորել է մրցակցի հաղթանակը. «Ես շնորհավորում եմ մրցակցիս և հաջողություն եմ մաղթում: Այս ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ ժողովրդավարությունը մեր երկրում անկասկած է: Մաղթում եմ, որ Իմամօղլուն ղեկավարի Ստամբուլը և բոլոր ջանքերը ներդնի քաղաքին ու բնակիչներին ծառայելու համար»՝ ասել է Յիլդիրիմը NTV հեռուստաալիքով: Էքրեմ Իմամօղլուն իր հաջողությունն անվանել է ամբողջ քաղաքի հաղթանակ և հայտարարել, որ պատրաստ է համագործակցել նախագահ Էրդողանի հետ: «Ստամբուլի կենսական խնդիրները լուծելու համար շատ կարևոր է տեղական վարչակազմի համակարգումը կենտրոնի հետ: Ես պատրաստ եմ աշխատել: Ոչ մի քաղաքականություն ոչ մի դեպքում բարձր չէ քաղաքացիների խաղաղության, հանգստության, առողջապահության, աշխատանքի հնարավորության կարևորությունից»՝ ասել է Իմամօղլուն:


Ստամբուլն Էրդողանի հանար առանցքային քաղաք է: Նա մեծ քաղաքականություն մտել է 1994-ին դառնալով Ստամբուլի քաղաքապետ: 17 միլիոն բնակչությամբ մեգապոլիսը Թուրքիայի ֆինանսական, մշակութային ու տնտեսական կենտրոնն է: Ստամբուլն Էրդողանի համար այնքան կարևոր քաղաք է, որ նա դեմ գնաց ժողովրդավարության բոլոր նորմերին ու 2019-ի մարտին քաղաքապետի ընտրության արդյունքները բեկանվեցին՝ Էքրեմ Իմամօղլուի հաղթանակի ու Բինալի Յիլդիրիմի պարտության պատճառով: ԿԸՀ-ն ստիպված էր պատճառաբանություն գտնել, և հայտարարվեց, որ ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ նշանակված էին ոչ պետական ծառայողներից ու կային չստորագրված արձանագրություններ: Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ նորից կառաջադրի Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը:


Ստամբուլը տնտեսական ու քաղաքական մեծ ազդեցություն ունի Թուրքիայի կյանքում: Քաղաքի բյուջեն 8,8 միլիարդ դոլար է, որ ավելին է քան տարբեր նախարարությունների բյուջեն է կազմում: Ստամբուլը ֆինանսապես գործառնում է իբրև առանձին պետություն և ներգրավում է միջազգային ներդրողների ու ամենահարուստ բիզնեսմենների ներդրումները, որ լուրջ աջակցություն են և կարող են դառնալ այս կամ այն թեկնածուի ընտրախավի հիմքը: Ստամբուլի 30 մեծ ընկերություններ աշխատում են իշխանությունների հետ պետական նախագծերի կատարման համար՝ նոր օդանավակայանի կառուցումը, երկրի ամենամեծ մզկիթի շինարարությունը: Քաղաքական տեսակետից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը կարիերայի հիանալի մեկնակետ է: 1994-1998-ին Էրդողանն էր Ստամբուլի քաղաքապետը և բազմիցս ասել է. «Եթե դու հաղթել ես Ստամբուլում, դու հաղթել ես Թուրքիայում»:
Ստամբուլում ապրում են բնակչության ամենատարբեր խավեր՝ կան հարուստներ ու աղքատներ, միջին դաս ու միգրանտներ, քաղաքը Թուրքիայի ժողովրդագրական հավաքածուն է:


Բինալի Յիլդիրիմը ԱԶԿ-ի համահիմնադիրներից է և նախկին վարչապետը (2016- 2018): Երբ Թուրքիան անցավ նախագահական կառավարման, վարչապետի պաշտոնը վերացվեց: Նա դարձավ նորընտիր Ազգային մեծ ժողովի նախագահը փետրվարին, հետո՝ կապի ու տրանսպորտի նախարար:
49-ամյա Էքրեմ Իմամօղլուն ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է, նա Ստամբուլի Բեյլիկդուզու շրջանի համայնքապետն էր: Նրա անունը քչերին էր հայտնի մինչև քաղաքապետի թեկնածու առաջադրվելը: «Ամեն ինչ լավ է լինելու» լավատեսական կարգախոսը ընտրություններում նա ընտրողների մեծամասնության հավանությունը ստացավ Ստամբուլում, որ տուժել էր տնտեսական անկումից և մեղադրում էր իշխանությանը:
BBC


Հ.Գ. Մարտին ու հունիսին Էրդողանը երկու անգամ պարտվեց Կոստանդնուպոլսին: Սա լուրջ ահազանգ է նրա իշխանության պահպանության համար: Առաջին պարտությունից հետո, երբ Իմամօղլուն Յիլդիրիմից առաջ էր անցել 13000 ձայնով, ընդդիմությունը հայտարարեց, որ ընտրության արդյունքների բեկանումը իշխանության և ԱԶԿ-ի քաղաքական կոռուպցիայի հետևանքն է: Իմամօղլուն խոստացավ ամեն ինչ անել «ժողովրդավարության հաղթանակի համար»:


«Եթե Իմամօղլուն հաղթի երկրորդ անգամ, դա կհանգեցնի երկրի քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների,- ասել է լրագրող Մուրադ Յետկինը Ռեյտերսին:-Այդ արդյունքը կմեկնաբանվի անձամբ Էրդողանի ու նրա կուսակցության անկման սկիզբ: Նախագահը քվեարկության արդյունքն անվանել է կենսական հարց»: Նրա կարծիքով՝ Իմամօղլուի նոր հաղթանակը կարող է կառավարությանը մղել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որ 2023-ին պետք է լինեն, և, գուցե, նախարարների ու արտաքին քաղաքականության փոփոխությունների:


Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Թվիթերի իր էջում. «Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար կբռնենք, իսկ վաղն էլ կպատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»։ Կարո Փայլանի ուրախությունը հասկանալի է, բայց նոր ժողովրդավարության կառուցումը միայն Կոստանդնուպոլսի քաղաքապետի հաղթանակով, որքան էլ քաղաքը քաղաքական ու ֆինանսական ազդեցություն ունենա երկրի վրա, ակներևաբար քիչ է: Չի բացառվում, որ Էրդողանը նոր բռնությունների գնա ու պարզապես անհնար դարձնի Էքրեմ Իմամօղլուի աշխատանքը: Նա պարտվել չգիտի, իսկ Անկարայի ու Ստամբուլի քաղաքային իշխանության կորուստը ակնհայտ պարտություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ