38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Եվրամիությունը «սիրաշահում» է Թուրքիային և առաջարկում շարունակել բարեփոխումները

Եվրամիությունը «սիրաշահում» է Թուրքիային  և  առաջարկում շարունակել բարեփոխումները
12.06.2012 | 01:25

Եվրոպա-թուրքական հարաբերություններում առավել կարևոր խնդիրը դարձյալ Թուրքիայի անդամակցությունն է Եվրամիությանը: Թեև մաքսատուրքերի մասին համաձայնագիրը և Եվրամիության ու Թուրքիայի միջև կնքված մյուս համաձայնագրերը համագործակցության և Եվրոպական ընկերակցության հետ հարաբերություններում առավելություններ ստանալու լայն հնարավորություններ են ընձեռում Թուրքիային, այդուամենայնիվ, այն ձգտում է Եվրամիության լիարժեք անդամ դառնալ: Եվրասիական քաղաքականությունը, որ Թուրքիան ակտիվորեն վարում էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հանգեցրեց այն համոզման, որ իր հիմնական գործընկերները, այդ թվում ԱՄՆ-ը, շահագրգռված չեն Կովկասում և Կենտրոնական Ասիայում թուրքական դիրքերի ուժեղացմամբ, և արևելյան քաղաքականությունը եվրոպական ուղղության այլընտրանք չի դարձել: Եվրասիական շուկաները Թուրքիային թույլ չեն տվել նոր ցատկ կատարել իր տնտեսական զարգացման մեջ, այլ միայն տնտեսական խոր ճգնաժամի պատճառ են դարձել, քանի որ, հակված լինելով հասնելու մեծ առավելությունների, Թուրքիան այդ տարածաշրջաններում լուրջ մրցակցության է հանդիպել: Կովկասի և Կենտրոնական Ասիայի պետությունները նույնպես հիասթափված են Թուրքիայից, որն այդ պետություններին չցուցաբերեց անհրաժեշտ տեխնոլոգիական ու ներդրումային օգնություն։ Իրաքի հանդեպ Թուրքիայի քաղաքականության պատճառով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացումը ևս նրան համոզեց, որ անհրաժեշտ է արագացնել Եվրոպական ընկերակցությանն անդամակցելու գործընթացը:
Վերջին տարիներին Թուրքիան կատարել է մի շարք լուրջ քայլեր, որոնք, այսպես թե այնպես, նպատակամղված են եղել Եվրամիության հետ երկխոսությունում ավելի գերադաս դիրքեր ձեռք բերելուն:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Թուրքիայի որդեգրած սկզբունքային դիրքորոշումը հանգեցրել է նրա նկատմամբ եվրոպական պետությունների վերաբերմունքի որոշ փոփոխության: Արմատական կողմնորոշում ունեցող եվրոպական որոշ հակաամերիկյան քաղաքական ուժեր նախընտրում են Թուրքիայի դիրքորոշման մեջ տեսնել ԱՄՆ-ի հետ հակամարտության բարենպաստ հեռանկար: Սակայն այդ քաղաքական ուժերն այնքան էլ ազդեցիկ չեն և չեն կարող ձևավորել եվրոպացիների ընդհանուր դրական վերաբերմունքը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության նկատմամբ: Այդ ուժերից են, առաջին հերթին, ձախ և ազատական քաղաքական շրջանակները:
Թուրքիան ջանքեր է գործադրել կարգավորելու հարաբերություններն արաբական պետությունների, նախ և առաջ, Սիրիայի ու Եգիպտոսի, ինչպես և Իրանի հետ, ինչը տեղի է ունեցել Իրաքի դեմ ուղղված գործողությանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարվելու մթնոլորտում: Մերձավոր Արևելքի պետությունների հետ Թուրքիայի հարաբերություններում եղած լարվածությունը քիչ չի անհանգստացնում եվրոպացիներին, որոնք, որպես կանոն, այդ հանգամանքը վկայակոչում են որպես Թուրքիայի առջև Եվրամիության դուռը փակելու հիմնավորում: Թուրքիան ջանում է ներկայանալ ոչ միայն որպես բուֆեր Եվրոպայի և իսլամական աշխարհի միջև, այլև Մերձավոր Արևելքում եվրոպական քաղաքականությունն իրականացնելու ընդունակ պետությում:
Անկարան փորձում էր բարելավել վիճակը մարդու իրավունքների ոլորտում` կապված քրդերի և մյուս ազգային ու կրոնական փոքրամասնությունների հետ: Այս ոլորտում ծավալվող գործընթացներն այստեղ իներցիայով են տեղի ունենում, բայց եվրոպացիները հարկադրված են խոստովանելու, որ Թուրքիան ձգտում է հասնել հաջողությունների:
Թուրքիան հետևողականորեն ընդունել է միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացրած տնտեսական բարեփոխումների պայմանները: Տնտեսության ազատականացում, կոռուպցիայի դեմ պայքար ենթադրող այդ բարեփոխումները չեն կարող եվրոպացիների կողմից չգնահատվել որպես կարևոր նվաճումներ: Չնայած տնտեսական, ինչ-որ չափով նաև քաղաքական ճգնաժամին, թուրքական տնտեսությունը բնութագրվում է որպես առաջավոր, տարբերակված, զարգացած և նոր իրավիճակներին հարմարվելու ընդունակ տնտեսություն:
Թուրքիայում չափավոր իսլամական քաղաքական ուժերի իշխանության գալուց եվրոպացիների շրջանում երկյուղները սաստկացան: Սակայն չափավոր իսլամականների քաղաքականությունը հանգեցրեց այն բանին, որ Թուրքիայում տեղի ունեցող սոցիալ-քաղաքական գործընթացները եվրոպացիներն սկսեցին գնահատել որպես շատ դրական։ Եվրոպական քաղգործիչներն ու մտածող խավը Թուրքիայի չափավոր իսլամականներին համարում են եվրոպական քաղաքական ավանդույթների դաշտում քրիստոնյա դեմոկրատներին հիշեցնող շարժում: Միաժամանակ, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները հակված են Թուրքիայի այդ ուժերը դիտելու որպես եվրոպական սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը մոտ ուժեր, քանի որ հանձինս թուրքական չափավոր իսլամականների, տեսնում են սոցիալական ուղղվածություն ունեցող քաղաքական շարժում: Այդ ուժերի արտաքին քաղաքականությունը Թուրքիայում ընկալվում է որպես առավել հանդուրժողական` զինվորականների ու աջ շրջանակների քաղաքականության համեմատ: Այսպիսով, թուրքական քաղաքական իրողության անգամ այս կողմը Եվրոպայում դրական արձագանք է գտնում:
Դրա հետ մեկտեղ, թուրքական սոցիալ-քաղաքական կյանքի այդ նույն կողմերը Եվրոպայում կարող են մեկնաբանվել որպես բացասական և եվրոպական շահերի համար անընդունելի: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու գլխավոր հիմնավորումներն են. տնտեսական ներգաղթի նոր ալիքից երկյուղները, եվրոպական ստանդարտներին թուրքական տնտեսության անհամապատասխանությունը, Թուրքիայում մարդու իրավունքների ու ազատությունների վիճակը: Ճիշտ է, Եվրամիությունը «սիրաշահում է» Թուրքիային և առաջարկում շարունակել բարեփոխումները, սակայն իրականում գործ ունենք այդ հարցի առնչությամբ եվրոպական պետությունների ոչ հրապարակային և շատ ակտիվ քաղաքականության հետ:
Վատիկանը, ըստ էության, գլխավորում է Եվրոպայում հակաթուրքական ուղղությունը, զգալի ջանքեր է գործադրում թույլ չտալու Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և դուրս մղելու մահմեդական ներգաղթյալներին Եվրոպայից: Վատիկանը Եվրամիությունը համարում է քրիստոնեական պետությունների ընկերակցություն, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բոսնիան և Ալբանիան` ժամանակավորապես իսլամական կրոնին պատկանողներ: Վատիկանը մեծ ազդեցություն ունի Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի և Լյուքսեմբուրգի աջ քաղաքական կուսակցությունների վրա: Լեհաստանը, որն այդ հարցում հարկադրված է համագործակցելու ԱՄՆ-ի հետ, նույնպես հաշվի է նստում Վատիկանի դիրքորոշման հետ: Վատիկանը ազդեցություն է գործում ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև հասարակական լայն շրջանակների վրա: Այդ խնդրի առնչությամբ պայմանավորվածություններ կան Եվրոպայի առավել ազդեցիկ քաղաքական ու տնտեսական խմբավորումների ու Վատիկանի միջև: Դիտորդները կարծում են, որ Եվրոպայի կաթոլիկ շրջանակներն սպասում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի պաշտոնական քննարկման փուլին, որպեսզի ցուցադրեն իրենց ազդեցությունը և «ամբողջ ճակատով» հանդես գան դրա դեմ:
Այն պետությունները, որոնք, համեմատաբար ցածր սոցիալ-տնտեսական մակարդակի պատճառով, արաբ և թուրք ներգաղթյալների զանգվածային հոսք ունեն` Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, չեն առարկում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը: Թեև նրանց դիրքորոշումը մեծապես կրում է ցուցադրական բնույթ և հաշվարկված է Մաղրիբի երկրների ու Թուրքիայի հանդեպ կոմպլեմենտար դիրքորոշման համար` որպես Միջերկրական ծովի ավազանի իրենց հարևանների: Իրականում Իտալիան և Իսպանիան միշտ առարկել են Եվրամիությանը Թուրքիայի միանալուն, քանի որ դա զգալի վնաս կտար իրենց գյուղատնտեսությանն ու տեքստիլ արդյունաբերությանը, որոնք թուրքական արտահանության կարևորագույն ոլորտներն են: Օրինակ, Իտալիան մեծ հաճույքով ճանաչել է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, քանի որ չէր ուզում, որ Թուրքիան մտնի Եվրոպական ընկերակցություն: 2004-ի գարնանը Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո նրա դիրքորոշումը Թուրքիայի, ինչպես նաև մահմեդական երկրներից ներգաղթի նկատմամբ, իհարկե, փոխվել է: Իսպանիայի, Պորտուգալիայի և Իտալիայի քաղաքական ղեկավարությունը չի կարող հաշվի չառնել աջ ուժերի ու կաթոլիկ շրջանակների կարծիքը:
Եվրամիություն Թուրքիայի մուտքից մեծ երկյուղներ չունեցող նոր անդամները հիմնականում կհետևեն ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը կողմնակից է Թուրքիայի ընդունմանը: Այդ պետությունները, բացառությամբ Լեհաստանի, չեն դարձել եվրոպական քաղաքականության գործուն սուբյեկտներ: Այդուամենայնիվ, Թուրքիան ջանքեր է գործադրում վերոհիշյալ պետությունների հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ և առաջարկում է գործակցության շահավետ ոլորտներ:
Եթե Հյուսիսային Եվրոպայի պետությունները` Շվեդիան, Դանիան, Ֆինլանդիան, ոչ վաղ անցյալում անտարբեր էին Թուրքիայի անդամակցության հարցում, վերջին տարիների իրադարձություններից հետո, չազդարարելով իրենց վերաբերմունքը այդ հարցի վերաբերյալ, այդուամենայնիվ, զսպվածություն են դրսևորում և, ավելի շուտ, ժխտողական դիրք են գրավում: Քաղաքական միտումներն այնպիսին են, որ Հյուսիսային Եվրոպայի պետությունները կհետևեն Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականությանը, այնպես, ինչպես Բենիլյուքսի երկրները` Բելգիան, Նիդերլանդներն ու Լյուքսեմբուրգը:
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գլխավոր հակառակորդները Ֆրանսիան ու Գերմանիան են, ինչպես նաև վերջիններիս վարած քաղաքականության հունով ընթացող Բենիլյուքսի երկրներն ու Ավստրիան: Առանց այդ խմբի դրական վերաբերմունքի Եվրամիությունում ոչ մի հարց հնարավոր չէ լուծել: Ֆրանսիան ու Գերմանիան ունեն միանգամայն հասկանալի և, ըստ էության, հռչակված պայմանավորվածություն Թուրքիայի անդամակցության անհնարինության վերաբերյալ: Նրանց առաջնորդները բազմիցս հանդես են եկել այդ առթիվ: Միաժամանակ, հենց այդ երկու առաջատար եվրոպական պետություններն են կրում Եվրոպայի ճակատագրի համար պատասխանատվության մեծ մասը և չեն կարող լրջորեն չվերաբերվել Թուրքիայի հետ կապված հեռանկարին: Հասկանալի է նաև, որ, եվրոպական շահերից ելնելով, Թուրքիայի շահերն ու դիրքորոշումն անտեսելը ճիշտ չէր լինի: Առավել ևս, որ Թուրքիայի համար արդեն ստեղծվել են Եվրոպական ընկերակցության հետ համագործակցության նպաստավոր պայմաններ: ՈՒստի քաղգործիչների ու քաղաքագետների մի մասը դիտարկում է Թուրքիայի համար հատուկ կարգավիճակ սահմանելու հնարավորությունը, համաձայն որի, նա որոշ չափով հեռու կլինի քաղաքական ու տնտեսական կարևորագույն որոշումների ընդունումից, չի մասնակցի Արժույթի եվրոպական միությանը, ինչպես նաև կսահմանափակվի նրա քաղաքացիների տեղաշարժը Եվրամիության երկրներում, այսինքն, Թուրքիան, փաստորեն, Շենգենյան գոտում չի լինի: Այդ ծրագրերը չեն քննարկվում ո՛չ բացահայտ, ո՛չ պաշտոնապես: Դրանց վրա աշխատում են մի շարք «ուղեղային» խմբեր, այդ թվում` Լոնդոնի «Եվրոպական բարեփոխումների կենտրոնը»: Եվրոպայի մի շարք նշանավոր տնտեսագետներ ու քաղաքագետներ առանձին երկյուղներ չեն տեսնում, պնդելով, թե Թուրքիայի լիարժեք անդամակցությունը չի շոշափի Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրների շահերը: Ընդ որում, բերվում են շատ խելամիտ հիմնավորումներ ու տնտեսագիտական հաշվարկներ: Կարծիք կա, որ մի շարք պետություններ, Եվրամիության ընդունած` ներգաղթյալների մի մասի հայրենադարձման մասին որոշման համաձայն, ջանքեր են գործադրում գլխավորապես մահմեդական երկրներից ներգաղթածների զգալի մասի արտաքսման ուղղությամբ: Հենց այդ քաղաքականությունն ու համաեվրոպական ու ազգային մակարդակով ընդունված այլ որոշումներ կոչված են ձևավորելու Եվրոպայում մարդկանց տեղաշարժի նոր համակարգ, ինչը կարող էր հանգեցնել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անվտանգ պայմանների:
Եվրամիության պետությունների նման դիրքորոշումների համատեքստում առանձնանում է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը: Այդ հարցում Մեծ Բրիտանիան լիովին միաբան է ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, ինչը պայմանավորված է ոչ միայն համերաշխության խնդիրներով, այլև սեփական շահերով: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան միասնաբար են հանդես գալիս Եվրամիության քաղաքականության, առաջին հերթին Ֆրանսիայի ու Գերմանիայի առնչությամբ, ձգտում են եվրոպական կապերի ու պարտավորությունների թուլացմանը, եվրոպական քաղաքական դաշտում ամորֆ իրավիճակի ստեղծմանը, արդյունավետ, ժամանակին և, գլխավորը, ինքնուրույն քաղաքական որոշումներ կայացնելու Եվրամիության փաստական անընդունակությանը: Այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության մի կարևոր փուլ հետևում է մնացել. Եվրամիություն են ընդունվել տասը նոր անդամներ, որոնք, ինչպես հույս ունեն ամերիկացիներն ու բրիտանացիները, կվարեն ամերիկա-բրիտանական շահերի հունով ընթացող քաղաքականություն: Միաժամանակ տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի ընդլայնում, որը նոր անդամների կազմով, փաստորեն, համապատասխանել է Եվրամիության ընդլայնմանը: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, իրոք, նոր «դաշնակիցներ» են ձեռք բերել Եվրոպայում, սակայն հասկանալի չէ, թե որքան կտևի խորհրդային բլոկի նախկին պետությունների այդ ենթակայությունը անգլո-սաքսոնական բլոկին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պետություններն ավելի ու ավելի կներգրավվեն Գերմանիայի ու նրա մերձավոր գործընկերների` Ֆրանսիայի ու Ավստրիայի տնտեսական ազդեցության գոտում: Դա կարող է հանգեցնել այն բանին, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նոր անդամները աստիճանաբար կհեռանան ամերիկա-բրիտանական քաղաքականությունից:
Այդ հարցի շուրջ բանավեճի բորբոքումը կարող է զգալի քաղաքական վնաս պատճառել Ֆրանսիային, Գերմանիային ու Եվրամիությանը, և ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ձգտում են հենց դրան: Պետք է նկատել, որ բոլոր այն գործոնները, որոնք դրական են համարվում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում, կախված քաղաքական գործընթացների զարգացումից և ռազմավարական տարբեր ճշգրտումներից, կարող են շատ անցանկալի նշանակություն ձեռք բերել: Դա վերաբերում է Թուրքիայում տիրող տնտեսական իրավիճակին, մարդու իրավունքների հետ կապված իրադրությանը, քրդական հարցին, հարևանների հետ Թուրքիայի հարաբերություններին, թուրքական ներքին և արտաքին քաղաքականության մեջ իսլամական բաղկացուցչին: Թուրքիան մնում է որպես զարգացող երկիր` զգալի սոցիալ-տնտեսական և ստվարաթիվ սոցիալ-քաղաքական խնդիրներով, ինչը մշտապես կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Նման ստվարաթիվ բնակչությամբ երկիրը, որը համապատասխան կերպով ներկայացված է եվրոպական կառույցներում, ընդունակ է, փաստորեն, ցանկացած ճշգրտում կատարելու եվրոպական քաղաքականության մեջ: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հուսով են, որ Լեհաստանն ու Թուրքիան, լինելով Եվրամիությունում, կարող են համատեղ շրջափակել շատ որոշումներ: Իտալիա-Լեհաստան-Թուրքիա հնարավոր դաշնախումբն ընդունակ է որոշումներ շրջափակելու ուժերի ցանկացած դասավորության պարագայում (չհաշված նրանց հետ ընկերակցության նոր անդամների հնարավոր միաբանությունը):
Հետաքրքրություն է ներկայացնում Հունաստանի դիրքորոշումը: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին երկար դիմադրությունից հետո, Հունաստանը, ԱՄՆ-ի ճնշմամբ, որոշեց աջակցել Թուրքիային այդ հարցում: ԱՄՆ-ը դա համարեց իր խոշոր դիվանագիտական նվաճումը: Սակայն կիպրական հարցի կարգավորման գործընթացի ձախողումից հետո, Հունաստանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին դիրքորոշմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 5192

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ