Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Արդարացման շանսերը նվազել են»

«Արդարացման շանսերը նվազել են»
01.10.2014 | 15:03

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով նշանակված դատական նիստը: Պատճառն այն էր, որ ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը հայտարարեց, որ ինքը չունի իր շահերը ներկայացնող պաշտպան և պահանջեց գործում ներգրավել հանրային պաշտպանի:

Դատավարությանը զուգահեռ դատարանի շենքի մոտ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների համախոհները կազմակերպել էին բողոքի ակցիա: Նրանք ներկայացել էին ցուցապաստառներով և վանկարկում էին «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալներին»:
Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Պետք է դատարանը օրենքով իրականացնի իր լիազորությունները, լինի արդարադատ»: Հարցին, թե ինչ սպասելիքներ ունի արդարադատությունից, Ինեսա Պետրոսյանն ասաց. «Որևէ սպասելիք չունեմ, կարծում եմ՝ ելքը կանխորոշված է: ՀՀ նախագահի վերջին հայտարարությունից հետո նվազել են Շանթ Հարությունյանին և նրա ընկերներին արդարացնելու շանսերը: Նրանք ընդամենը խաղաղ երթ էին իրականացնում՝ օգտվելով օրենքով վերապահված իրենց իրավունքներից, բայց տեսանք, թե ինչ եղավ: Սադրիչները եկան, սադրեցին, իրենց էլ հռչակեցին հանցագործություն կատարած անձինք, և երկրի նախագահն էլ այսօր ասում է՝ այո՛, պետք է դատապարտել: Որևէ մեկը չի ասում՝ այդքան մարդ ինչո՞ւ էր դուրս եկել փողոց, ի՞նչ էին ուզում անել, դուրս էին եկել, որ խախտեի՞ն հասարակական կարգը: Նման միտում նրանք չեն ունեցել»:
Ինեսա Պետրոսյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր հասարակական կազմակերպություններն այսօր պետք է իրենց ձայնը բարձրացնեն և բոլոր միջազգային կառույցներին էլ տեղյակ պահեն, թե հանրապետությունում ինչ է տեղի ունենում:
«Մարդիկ քաղաքական հայացքների համար նստած են ամբաստանյալի աթոռին, իսկ երկրի նախագահն էլ կանխորոշում է դատավարության ելքը»,-իր մտահոգությունն է բարձրաձայնում Ինեսա Պետրոսյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 3-ին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ