ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ինքնախեղման դեպքերը հետևանքներ են, ոչ թե «հորինված դրվագներ»

Ինքնախեղման դեպքերը հետևանքներ են, ոչ թե «հորինված դրվագներ»
27.11.2012 | 17:23

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում տիրող բարձիթողի վիճակը մտահոգության տեղիք է տալիս: Ինչպես «Քաղաքացիական հասարակություն» ինստիտուտի նախագահ ԱՐՄԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ է նշում, վերջին շրջանում արձանագրված ինքնախեղման դեպքերը հետևանքներ են, ոչ թե «հորինված դրվագներ»: «Ցավոք, ոչ ոք, ներառյալ նախարարը, չի ընկալում այդ խնդիրը որպես երևույթի հետևանք, այլ առանձին դրվագներ են փորձում դիտել, ինչ-որ անեկդոտներ պատմել, ինչը, իհարկե, անընդունելի է ինձ համար»,- ասաց Ա. Դանիելյանը: Նրա դիտարկմամբ` քրեակատարողական համակարգն այսօր ամենալճացածն է, որտեղ «որևէ բարեփոխում գրեթե չի կատարվում», և քանի գնում «բացարձակ փակ համակարգ է դառնում»:

Պատճառներից մեկը, ըստ նրա, այն է, որ արդարադատության նախարարությունը գրեթե չի վերահսկվում:
«Քրեակատարողական վարչության վերահսկումն ուղղակի կապված է արդարադատության նախարարի անձի հետ: Ի՞նչ կարող ենք սպասել մի համակարգից, եթե վարչության պետին նշանակում է նախագահը, այս պարագայում` արդարադատության նախարարը: Եթե Դավիթ Հարությունյանն ուժեղ նախարար էր և կարողանում էր վերահսկել այդ համակարգը, կարողանում էր բարեփոխումներ իրականացնել, հետագա նախարարների ազդեցությունը համակարգի վրա խիստ բացասական ազդեց: Այդ ազդեցությունը գնալով նվազում է, արդյունքում ոչ մի դրական տեղաշարժ չկա: Դա կարևորագույն խնդիր է, որը պետք է լուծել: Եթե չլինի վերահսկողություն, մենք չենք կարող խոսել որևէ բարեփոխման մասին»,- նկատեց Արման Դանիելյանը: Վերջինիս խոսքով, քրեակատարողական համակարգը «խեղդված է» դատապարտյալների իրավունքներին առնչվող բազմաթիվ խնդիրներով։ «Բայց եթե այսօր դատապարտյալներին հարցնես, թե նրանց հուզող ամենագլխավոր խնդիրը ո՞րն է, միաձայն կպատասխանեն` վաղաժամկետ ազատման գործունեության արդարացի կիրառումը համակարգում, որը, ցավոք, ոչ միայն իրենց և մեզ համար է անհասկանալի, այլև այն կառույցների, որոնք որոշումներ են կայացնում»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4755

Մեկնաբանություններ