«Իրատեսի» հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ ՊԵՐՃ ՔԱՐԱԶՅԱՆՆ է:
Մեր զրույցը կայացել է հեռավար տարբերակով: Սա պայմանավորված էր ոչ միայն կորոնավիրուսի համավարակի թելադրած պայմաններով, այլև այն հանգամանքով, որ երգիչը գտնվում է ԱՄՆ-ում, և նույն այդ համավարակը նրան խանգարում է վերադառնալ Հայաստան:
Պերճ Քարազյանը հոգևորականների ժառանգ է և մանկուց ստացել է հոգևոր դաստիարակություն, ուստի անհասկանալի, անբացատրելի շրջադարձերով լեցուն մեր այս ժամանականերում փորձել ենք երևույթներն ու փաստերը դիտարկել նրա քրիստոնեական ընկալումների ծիրում:
-Պերճ, Ձեր հերթական այցը ԱՄՆ ակամա երկարաձգվեց: Ե՞րբ էր նախատեսված վերադարձը Հայաստան, ի՞նչ ծրագրեր տուժեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով:
-Հայաստան պիտի վերադառնայի մայիսին: Նախատեսված համերգներ կային, տարբեր ծրագրեր: Բայց ամբողջ աշխարհում կյանքը փոխվեց, փակվեցին ճանապարհները: Ստիպված եմ մնալ այստեղ այնքան ժամանակ, մինչև նորմալանա տեղափոխությունը երկրից երկիր:
-Քանի որ Ամերիկայում եք, օգտվելով առիթից՝ հարցնեմ. այդտեղ անվերջանալի բողոքի ցույցեր են, քաղաքացիական ակցիաներ՝ կապված համավարակի սահմանափակումների հետ, սևամորթների հանդեպ ռասայական խտրականության հետ, պատվաստումների հետ, Բիլ Գեյթսի կերպարի շուրջ ձևավորված կասկածների հետ և այլն, և այլն: Իհարկե, այս վիճակը միայն Ամերիկային չէ բնորոշ: Բայց քանի որ Ամերիկան աշխարհակարգ թելադրող երկիր է, ուստի և այդտեղ կատարվող ամեն բան այս կամ այն կերպ անդրադառնում է գրեթե բոլոր երկրների վրա: Որպես ականատես այդ ամենին՝ ի՞նչ կասեք ամերիկյան հասարակության՝ երկու բանակի բաժանված լինելու հանգամանքի, դեմոկրատների և հանրապետականների հակամարտության մասին:
-Ես կասեի՝ ոչ թե երկու, այլ երեք, նույնիսկ չորս բանակների է բաժանված հասարակությունը ԱՄՆ-ում: Խնդիրը, որ ներկայացվում է այս կամ այն ակցիայի առնչությամբ, այնքան էլ պարզ չէ: Այն միայն ռասիզմին կամ առողջապահությանը չի վերաբերում: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Ամերիկայում բոլոր ակցիաները քաղաքականացված են: Ինչպես գիտեք, մի քանի ամսից Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններ են սպասվում: Իսկ նախընտրական շրջանում պատկերը մշտապես նույնն է. իշխանության մեջ եղողները փորձում են ամեն ինչ շատ լավ, պայծառ, դրական գույներով ներկայացնել, իսկ ովքեր իշխանության մեջ չեն և ուզում են լինել իշխանություն, ընդգծում են բացասական երևույթները, ամեն ինչ օգտագործում են իրենց նպատակին հասնելու համար, տարբեր շահարկումներ են անում այս կամ այն հարցի հետ կապված: ՈՒղղակի ցավալին այն է, որ մարդկությունը, ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում, զարգացածության իմաստով խիստ ցածր աստիճանի վրա է: Այդ պատճառով էլ մարդիկ չեն կարողանում հասկանալ, թե տվյալ ակցիան ինչ ձևաչափով է արվում և ինչ ենթատեքստ ունի: Սա, կրկնում եմ, միայն Ամերիկային չէ բնորոշ: Այսպես է և՛ մեր երկրում՝ Հայաստանում, և՛ Եվրոպայում, և՛ այլ երկրներում: Մարդկությունը, ցավոք, այնքան գիտակից չէ, որ հասկանա, թե իրականում այս կամ այն ակցիան ինչ նպատակ է հետապնդում: Եթե, ասենք, ակցիան «սև» կյանքերի համար է, այդ պայքարը խանութներ թալանելով չի լինում, մարդկանց այս կամ այն կերպ վնասելով չի լինում: Չէ՞ որ կարող են այդ գործողությունների ընթացքում որևէ աֆրոամերիկացու կալվածքը վնասել, որևէ սևամորթի պատկանող խանութը թալանել: Դա բնավ էլ քաղաքացիական դիրքորոշման արտահայտություն չէ, դա ավելի շատ վանդալիզմի, վայրագության դրսևորում է, որն ինձ համար ընդունելի չէ: Իմ կարծիքով այդ ամենի պատճառը մարդկության դեգրադացումն է, ուղեղային սահմանափակումը: Չեն կարողանում երևույթների խորքը թափանցել և չեն էլ աշխատում այդ ուղղությամբ, մի բան, որ շատ վտանգավոր է: Մարդը գոնե այն աստիճանի զարգացած պիտի լինի, որ հասկանա ակցիայի բովանդակությունը, գիտակցի, թե մինչև ուր է ձգվում տվյալ ակցիայի չափ ու սահմանը, ինչն է թույլատրելի, ինչը՝ ոչ:
-Չե՞ք կարծում, որ մարդկանց դեգրադացնելը, մտավոր կարողությունները որոշակի սահմանափակումների ենթարկելը ի վերուստ ծրագրված են և շահեկան մութ ուժերի համար: Այսօր ողջ աշխարհն է փոթորկված գլաբոլիստական ուժերի ահասարսուռ ծրագրերի մասին պտտվող տեղեկատվության պատճառով:
-Ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ, որ ամեն ինչ ծրագրված է և կանխամտածված: Տգետներին շատ ավելի հեշտ է կառավարել ամբողջ աշխարհում, քան գիտակից մարդկանց: Միշտ է այդպես եղել. և՛ Հռոմեական կայսրության շրջանում, և՛ Օսմանյան կայսրության: Ի՞նչ են արել մարդկանց կառավարող ուժերը. նախ և առաջ ոչնչացրել են գիր-գրականությունը, արվեստը, որպեսզի սահմանափակեն մարդկանց մտավոր կարողությունները, որպեսզի շատ ավելի հեշտ կարողանան կառավարել նրանց: Այսօր էլ դա շատ մտածված կերպով կատարվող համատարած ակցիա է. ամբողջ աշխարհում փորձում են հնարավորինս սահմանափակել ժողովրուրդների, մարդկության մտահորիզոնը, վերլուծական կարողությունները, որպեսզի շատ ավելի հեշտ տիրեն նրանց: Սա շատ ցավալի իրողություն է:
-Դուք հոգևորականի ժառանգ եք և, ինքնին հասկանալի է, որ ստացել եք համապատասխան դաստիարակություն: Ի՞նչ եք կարծում, դիվային ծրագրերի այս շղթան, որի օղակները օր օրի շատանում են, կկարողանա՞նք հաղթահարել, Աստված կզորակցի՞ մարդկությանը այդ հարցում:
-Ճիշտ նշեցիք: Ե՛վ մեծ հայրս՝ տեր Գարեգին ավագ քահանա Քիրազյանն է արժանապատիվ քահանա եղել, և՛ հայրս՝ տեր Ղևոնդ քահանա Քիրազյանն է մինչև այսօր պաշտոնավարում որպես քահանա: Եվ ես, փա՛ռք Աստծո, ստացել եմ հոգևոր դաստիարակություն, մեծացել եկեղեցում: Մինչ օրս աշխարհի որ անկյունում էլ եղել եմ, գտել եմ այդտեղ մեր առաքելական եկեղեցին, հաճախել, աղոթել, երգել, շփվել եկեղեցականների հետ: Ես ինձ բախտավոր եմ համարում, որովհետև լի եմ աստվածային հոգով: Ցավոք, այսօր բոլոր երկրներում աշխատում են մարդկանց հեռացնել հավատքից, անկեղծ, անմեղ, անշահախնդիր հավատքից:
-Դա մանրակրկիտ մտածված ծրագիր է, որն իրագործում են՝ կիրառելով տարբեր միջոցներ: Ըստ Ձեզ, որտեղի՞ց է գալիս ճշմարիտ հավատքից, սեփական ինքնությունից օտարացման ամենամեծ վտանգը:
-Վտանգները շատ են ու տարբեր: Ամենուր գլուխ են բարձրացրել կասկածելի աղանդները, որ նպատակ ունեն, մարդկանց տարբեր ձևերով շահագրգռելով, ֆինանսական օգնություններ տրամադրելով, արվեստի մեջ հաջողություններ ապահովելով, սկավառակներ թողարկելով, լավ աշխատանք տալով, շարունակաբար լվանալ ուղեղները և հեռացնել իսկական հավատքից, եկեղեցուց: Եթե մարդն Աստծով լցված լինի, հավատքով լցված լինի ¥ես նկատի չունեմ ֆանատիկ հավատը¤, չի կարող չար լինել, սխալ մտքեր ունենալ, ուրիշներին վատը կամենալ, շուտ հուսահատվել, արագ բորբոքվել: Աստծուն մոտ լինելն այդ բոլոր բացասական բաները մեղմում է, հույս ու հավատ է ներշնչում: Ներողամտության շնորհքը, որ մարդուն տրված է Աստծուց, մեծագույն պարգևն է: Բայց ցավոք, մարդկությունը օր օրի կորցնում է իր այդ շնորհքը, ինչը և ծնունդ է տալիս ամենայն չարիքի, ամենայն վատի: Իսկ Ատծուն մոտ լինելը, հոգևոր արժեքները պետք է լինեն մարդու կյանքի առաջնահերթությունները: Հայ ազգին, հայորդիներին քրիստոնեական դաստիարակություն տալու վրա մեծագույն ուշադրություն պիտի դարձվի, որ նրանք չհուսահատվեն, լինեն կառուցող, լինեն բարի:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ