ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱՄՆ-Ի ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱՄՆ-Ի ԻՐԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
05.03.2010 | 00:00

Ադրբեջանական գործոնի դերն ԱՄՆ-ի իրանական քաղաքականության մեջ հետաքրքրական է, մանավանդ որ Ադրբեջանի օգտագործումն ընդդեմ Իրանի եղել է 1990-ականների ողջ ընթացքում։ 2000-ականների սկզբից այդ խնդիրը ձեռք բերեց նոր ուրվագծեր, թեպետ ԱՄՆ-ն ու Իսրայելը փորձել են Իրանի ներսում էթնիկական գործոններն օգտագործել դեռ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր։
Ադրբեջանական գործոնի մասով ԱՄՆ-ում չկա բավարար չափով մշակված նյութ, քանի որ ամերիկացիները միշտ զգուշացել են իրանական ուղղությամբ այդ թեման օգտագործելուց։ Ընդ որում, ոչ միայն կոնկրետ Իրանի նկատմամբ, այլև առհասարակ էթնիկական գործոնին նշանակություն տալու առումով։ Ամերիկյան առաջատար մասնագետները միակարծիք են, որ էթնիկական գործոնների օգտագործումն ընդդեմ Իրանի արդյունավետ չէ և կարող է վնասակար լինել հենց իրենց համար։ Այս հիմնախնդրով ԱՄՆ-ում ավանդաբար զբաղվել են մի շարք ինտելեկտուալ կենտրոններ, ինչպիսիք են «Կարնեգիի» և «Ժառանգություն» հիմնադրամները, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը, մասամբ Կենտրոնական Ասիայի և Կովկասի, ինչպես նաև Միջին Արևելքի ինստիտուտները։ Սակայն այս թեմայի վերակենդանացման հարցում մեծ դեր խաղաց Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտը, որն իսրայելամետ հաստատություն է։ Այդ ինստիտուտը ֆինանսավորվում է հրեական կազմակերպությունների կողմից և կարողացավ ձևավորել որոշակի հայեցակարգ, որն իր մեջ ներառում է վերլուծություններ և երաշխավորություններ ԱՄՆ-ի վարչակազմի համար` Իրանում էթնիկական և ամենից առաջ ադրբեջանական գործոնն օգտագործելու առումով։ Այն փորձագետները, որոնք ծանոթ են այդ ինստիտուտի պատրաստած նյութերին, համարում են, որ դրանք բավարար հիմք չեն Իրանի ներսում ադրբեջանական գործոնը լրջորեն օգտագործելու համար։ Կասկած չկա, որ այս թեման կա՛մ արհեստականորեն է բարձրացվել, կա՛մ էլ քաղաքական իմաստով իրատեսական չի համարվում։ Այն ավելի շուտ դիտարկվում է Իրանի նկատմամբ գլոբալ կամ մասնակի շանտաժի, նրա ներքին իրավիճակն ապակայունացնելու տեսանկյունից։ Համենայն դեպս, այդպիսի հետևության կարելի է հանգել Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի, «Ժառանգություն» հիմնադրամի և արաբամետ Միջին Արևելքի ինստիտուտի և Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնի նյութերին ծանոթանալու պարագայում։
Ադրբեջանական գործոնի օգտագործումն Իրանում, թերևս, այդ երկրի նկատմամբ արդյունավետ ազդեցության լծակներ գտնելու անհաջող որոնումների արդյունք է։ Առանց Պենտագոնի հատուկ նշանակության ստորաբաժանման նախաձեռնության այս գործոնն ամերիկյան հետազոտական կառույցներում երբևէ չի դիտարկվել լրջորեն։ Որովհետև այդպիսի գործոն Իրանում գործնականում գոյություն չունի։ Իրանի հյուսիսարևմտյան նահանգների թուրքալեզու բնակչությունն ակտիվ մասնակցություն ունի համաիրանական քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են բարեփոխմանը և հասարակական-քաղաքական կյանքի ազատականացմանը։ Մտավորականության առանձին խմբեր հանդես են գալիս թուրքերենի տեղական բարբառի պահպանման, կրթական համակարգում նրա օգտագործման և այդ լեզվով հրապարակումների ծավալի մեծացման պահանջով։ Իրականում խնդիրն այն է, որ այդ նահանգներում գոյություն ունեն ոչ թե անջատական տրամադրություններ, այլ այն սկզբունքի ամրագրումը, որ թուրքալեզու իրանցիները ոչ թե ազգային փոքրամասնություն են, այլ Իրանի պետականակերտ էթնոսներից մեկը։ Ընդ որում, թուրքալեզու բնակչությունը կարևոր դիրքեր ունի քաղաքականության մեջ, վարչական համակարգում, կրոնական կազմակերպություններում և Իրանի տնտեսության մեջ։
ԱՄՆ-ն ադրբեջանական գործոնն Իրանում դիտարկում է իբրև պետության ընդհանուր ապակազմակերպման բաղադրիչ և փորձում Իրանի նկատմամբ կիրառել քաղաքական ճնշման ու ապակազմակերպման նույն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում էին Իրաքի նկատմամբ։ ԱՄՆ-ում փորձեր են արվում իրանական ընդդիմադիր ճակատ ձևավորելու ուղղությամբ, որը կներառեր տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպություններ ու խմբավորումներ։ Միևնույն ժամանակ ամերիկացիներն առայսօր նույնիսկ չեն փորձել իրանական ադրբեջանցիների էմիգրանտական կազմակերպություն ստեղծել։
Իրանի ադրբեջանցի բնակչությունը բավական ակտիվ մասնակցում է քաղաքական գործընթացներին, քանի որ, ի տարբերություն քրդերի և այլ էթնիկ փոքրամասնությունների, իրեն համարում է պետականակերտ ժողովուրդներից մեկը և ոչ թե ազգային փոքրամասնություն։ Իրանի հյուսիսարևմտյան նահանգներում գոյություն ունեցող հիմնախնդիրները սոցիալ-լեզվական են։ 20-րդ դարի սկզբին և 1945-ին այստեղ տեղի ունեցած հուզումներն իրականում արտահայտում էին ոչ թե էթնիկ հիմնախնդիրները, այլ տեղի բնակչության սոցիալ-տնտեսական բարձր հավակնությունները։ Ներկայումս էլ հասարակական և քաղաքական տրամադրություններն Իրանի ադրբեջանաբնակ նահանգներում պայմանավորված են հետևյալ գործոններով։ Իրանի ադրբեջանական, թուրքալեզու բնակչությունը չի բնութագրվում ակտիվության բարձր մակարդակով։ Այս նահանգներում տեղի ունեցող հասարակական ակցիաներն առանձնանում են չափավորությամբ, կարգ ու կանոնով և նույնիսկ կառուցողականությամբ։ Այդ նահանգներում ինչպես իսլամական հեղափոխության փուլում, այնպես էլ վերջին 6 տարիներին էթնիկական բնույթ ունեցող քիչ թե շատ նշանակալի քաղաքական կամ հասարակական կազմակերպություն չի ստեղծվել։ Շատ կարևոր է գիտակցել, որ Իրանի հյուսիսարևմտյան նահանգների թուրքալեզու բնակչությունը ձևավորվել է բազմաթիվ էթնիկական բաղադրիչների, ամենից առաջ իրանական ծագում ունեցող էթնոսների հետ համադրությամբ։ Վերջին 100-150 տարիների ընթացքում այդ տարածաշրջանում տեղի է ունեցել իրանալեզու բնակչության ուծացում, իսկ 20-րդ դարի ընթացքում բազմաթիվ մարզերում իրանական անկլավներ են ուծացել, քանի որ թուրքերենը, որպես լեզու, ավելի հարմար է միջէթնիկական հաստատման համար։ Այսինքն` այդ նահանգների թուրքալեզու բնակչությունը ծագումով զգալիորեն իրանական է և մարդաբանական առումով քիչ ընդհանրություններ ունի թուրքական բնակչության հետ։ Ամերիկացիներին, ամենայն հավանականությամբ, կհաջողվի օգտագործել Իրանում գոյություն ունեցող քրդական գործոնը, մանավանդ որ Իրաքի քրդերը դարձել են ԱՄՆ-ի դաշնակիցը, և բոլոր մյուս քրդերն էլ ԱՄՆ-ն ընկալում են որպես իրենց միակ ռազմավարական դաշնակից։ Սակայն Իրանի ադրբեջանցի բնակչության օգտագործումը, որպես կառավարող ռեժիմի նկատմամբ ճնշման գործոն, լուրջ արդյունքների բերող նախաձեռնություն չէ։
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ Իրանը վերջին տարիներին մեծ աշխատանք է կատարել ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունում իրանամետ զանգվածի ձևավորման ու համախմբման ուղղությամբ` ներառելով դրա մեջ հատկապես թալիշական և մուղանական նահանգները, որոնց բնակչությունը մոտ 1,5 միլիոն է, ինչը, Ադրբեջանից բնակչության զանգվածային արտագաղթից հետո, իրականում երկրում մնացածների 30-35 տոկոսն է։ Թալիշական և մուղանական շրջաններում, ինչպես նաև Նախիջևանում Իրանը ստեղծել է իրանամետ կազմակերպությունների ցանց։ Իրանական փորձագետների կարծիքով, եթե Նախիջևանում չլինեին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները, ապա այդ տարածքում վաղուց արդեն առաջացել էր Նախիջևանն Իրանին միավորելու լայն շարժում։ Իսկ Իրանում բնակվող ադրբեջանցիները, իրենց հերթին, հաստատում են, թե իրենց հաջողվել է երկրի իշխանությունների հետ փոխզիջումների հասնել։ Նախկինում իրանական բարձրաստիճան պաշտոնատարներից մեկը նախազգուշացրել էր, որ Թեհրանը կարող է հանդես գալ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ պահանջներով, քանի որ այդ տարածքը մինչև Ռուսաստանին միավորվելը 19-րդ դարում եղել է Իրանի նահանգներից մեկը։ Իրանում ազդեցիկ օրենսդիր խորհրդի ներկայացուցիչ Մոհսեն Ռեզային, մամուլի մի շարք միջոցների պնդմամբ, հայտարարել է, թե Ադրբեջանի ղեկավարներն այնպես պիտի կառավարեն իրենց երկիրը, որ Իրանը չպահանջի այդ տարածքը վերադարձնել իրեն։ Այս հայտարարությունները հետևեցին Կասպից ծովում տեղի ունեցած միջադեպին, երբ իրանական մարտական կատերները սպառնացել էին կրակ բացել ադրբեջանական նավթահետախուզական նավերի վրա, որոնք, իրանցիների պնդմամբ, համապատասխան գործունեություն էին ծավալում Իրանի տարածքային ջրերում։
Ներկայումս ԱՄՆ-ի զինված ուժերի մարտունակ զորամասերի 2/3-ը գտնվում է երկրի սահմաններից դուրս, և այդ իրավիճակը, Պենտագոնի պնդմամբ, կպահպանվի բավականին երկար։ Կոնգրեսում դա ընկալվում է իբրև Մերձավոր Արևելքի պետություններից որևէ մեկի, ենթադրաբար Իրանի դեմ հերթական զանգվածային ռազմական գործողություն սկսելու մտադրություն։ Որոշ լավ տեղեկացված կոնգրեսականներ, վերլուծաբաններ, ովքեր աշխատում են վարչակազմի համար նավթի և անվտանգության խնդիրների հետ կապված, պնդում են, որ Իրանի դեմ ռազմական գործողության մշակված պլան, այնուհանդերձ, գոյություն ունի։ Առանձին ամերիկյան վերլուծաբաններ պնդում են, թե տեղյակ են այդ ծրագրին։ Բացառելով սենսացիոն բնույթի նյութերը, ինչպես նաև քննադատաբար վերաբերվելով «Ժառանգություն» հիմնադրամի, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատանքին և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի առաջատար ԶԼՄ-ների հրապարակումներին, այնուհանդերձ, կարելի է հասկանալ, որ խոսքը իրադարձությունների զարգացման երկու հնարավոր տարբերակի մասին է։
Առաջինը, եթե Իրանում տեղի ունենա ներքին իրադրության կտրուկ ապակայունացում, սկսվի քաղաքացիական և զինված դիմակայություն, ԱՄՆ-ի զինված ուժերն ընդունակ են իրականացնելու գործողություններ Իրանի ներկայիս ռեժիմին հավատարիմ զորամիավորումների չեզոքացման ուղղությամբ, այդ նպատակով դիմելով զանգվածային դեսանտային օպերացիայի։ Այդպիսի գործողության նպատակներից մեկը կլինի պարտադրել ռազմական ղեկավարությանը դուրս բերելու զինված ուժերը խոշոր քաղաքներից։ Իրադարձությունների զարգացման այս տարբերակը ենթադրում է Իրանի տարածքի մի մասի գրավում, այդ տարածքում նոր կառավարության հիմնում և Իրանում քաղաքացիական պատերազմի հրահրում` բնակչության ապստամբած զանգվածներին զենք տրամադրելու ճանապարհով։ (Որոշ քուրդ գործիչներ մտահոգությամբ են նշել, թե Իրանական Քրդստանի ժողովրդավարական կուսակցության անջատական խմբավորումները շփումներ են ունեցել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ Իրանական Քրդստանում դիմադրության օջախ կազմակերպելու և այդ միջոցով ամերիկացիների համար դեպի Թեհրան ճանապարհ բացելու մասին)։ Հավանաբար, լավ ուսումնասիրելով այս խնդիրը, ամերիկացիները հասկացել են, որ թուրքալեզու բնակչություն ունեցող նահանգներում անհեռանկար է հակակառավարական գործողությունների հրահրումը։ Մինչդեռ վերոնշյալ սցենարով իրադարձությունների զարգացման դեպքում ամերիկացիներն իրենց հսկողության տակ կվերցնեն նաև Իրանի հարավում գտնվող նավթահանքերը։ Այսինքն` առաջին սցենարը չի կարելի դիտարկել իբրև իրաքյան օպերացիայի կրկնություն, քանի որ այն ենթադրում է առավել սահմանափակ ծավալի գործողություններ։
Երկրորդ տարբերակը ենթադրում է Իրանի միջուկային նշանակության օբյեկտների և Պարսից ծոցում գտնվող ռազմածովային ուժերի օդային հարվածներ։ Այս տարբերակն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում Պենտագոնում, այդ մասին բավական տեղեկացված են նաև ԱՄՆ-ի քաղաքական շրջանակները։ Պենտագոնի քաղտեխնոլոգների կարծիքով, այսպիսի գործողությունը միաժամանակ կհանգեցնի ապակայունացման Իրանում և կառաջացնի ապստամբություն ընդդեմ կառավարող ռեժիմի։ Սակայն բազմաթիվ վերլուծաբաններ հնչեցնում են նաև հակառակ հարցը, թե ինչու պետք է դա հանգեցնի համաժողովրդական ապստամբության, այլ ոչ թե հակառակ արդյունքին։
Իրադարձությունների զարգացումն Իրանում չի կարող չառնչվել Թուրքիայի արմատական շահերին, որի հատուկ ծառայությունները, Իրանում ունենալով լայնածավալ գործակալական ցանց, ավանդաբար զբաղված են իրանական «պետությունը ցնցելով»։ Դա արվում է ի հակադրություն Իրանի գործողությունների` թուրքական քրդերի և Թուրքիայում մահմեդականության շիա հետևորդների շրջանում։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախաձեռնությունը` էթնիկ փոքրամասնությունների միջոցով շանտաժի ենթարկելու Իրանին, բոլորովին չի համապատասխանում այն քաղաքական կոնյունկտուրային, որի շրջանակներում Թուրքիան բացարձակապես շահագրգռված չէ վատթարացնելու իր հարաբերությունները հարևանների և հատկապես Իրանի հետ։ Թուրքիան չի կարող չհասկանալ, թե ինչպիսիք են ԱՄՆ-ի իրական շահերը Թեհրանում։ Անկարայում հասկանում են, որ իրենք Իրանը «ցնցելու» ծրագրում երբևէ չեն կարող ամերիկացիների համար լինել հավասարազոր գործընկեր։ Եվ այդ կապակցությամբ միանգամայն հավանական է, որ Թուրքիան սպասողական դիրքորոշում կորդեգրի` իր հաշվարկներում ունենալով Իրանի հնարավոր թուլացումը և պրոբլեմների ի հայտ գալը նրա տարբեր նահանգներում։
2007-ին Իրանի հյուսիսարևմտյան նահանգների քաղաքներում հրահրվեցին սադրանքներ` թավրիզյան մի թերթում ադրբեջանցիների համար վիրավորական հրապարակման հետ կապված։ Այդ իրադարձությունները ցույց տվեցին, որ կան ոչ միայն էթնոսոցիալական պրոբլեմներ, այլ նաև պարսիկների գոռոզամիտ վերաբերմունքն այդ բնակչության նկատմամբ, ինչը պարարտ հող է ավելի խոշոր բախումներ հրահրելու համար։ Վերոնշյալ իրադարձություններից օգտվեցին առաջին հերթին թուրքական հատուկ ծառայությունները, ինչն էլ համոզեց ամերիկյան ԿՀՎ-ին, որ այդ գործընթացների զարգացման դեպքում դրանք իրականում կարող են կառավարվել իրենց խիստ անհուսալի գործընկեր Թուրքիայի կողմից։ ԱՄՆ-ը չի կարող դիտարկել Թուրքիան իբրև հուսալի դաշնակից իր տարածաշրջանային քաղաքականության ցանկացած ուղղությամբ։ Մանավանդ իրանական, ուր Թուրքիան սպեկուլյատիվ դիրքորոշում է որդեգրում ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի նկատմամբ։ ԱՄՆ-ը փորձում է շրջափակել Թուրքիան և թուլացնել նրա դիրքերն այն տարածաշրջաններում, որտեղ Անկարան սկսել է հավակնել նոր, ավելի նշանակալի դերի։ Ըստ այդմ, ամերիկացիները չեն կարող Թուրքիան դիտարկել իբրև Իրանի նկատմամբ իրենց քաղաքականության մեջ գործընկեր։ Իսրայելը ևս հետևություններ է արել վերոնշյալ իրադարձություններից, սակայն նախընտրել է ավելի սերտ համագործակցել Թուրքիայի հետ ընդդեմ Իրանի։ Բայց դա տարբեր պատճառներով առայժմ չի հաջողվել իրագործել։
ԱՄՆ-ը, զգուշանալով իր քաղաքականությունն Իրանի էթնոքաղաքական շարժումների հետ կապելուց, այնուհանդերձ, շահագրգռված է նրանց գոյությամբ, նկատի ունենալով, որ Իրանում համաիրանական քաղաքական շարժումները երկար ժամանակ խիստ թույլ էին։ Հիմա, երբ քաղաքական պայքարի բեմահարթակում ի հայտ են եկել բավական զանգվածային, բարեփոխիչ կամ մոդեռնիստական բովանդակություն ունեցող շարժումներ, ԱՄՆ-ի հետաքրքրությունը զուտ էթնիկ շարժումներով նվազում է։ 2009-ի ամռան իրադարձությունները, որոնք պայմանավորված էին Իրանում նախագահական ընտրությունների գործընթացով, ԱՄՆ-ի համար նոր և շատ հզոր ազդակ հանդիսացան, որ ինքը կարող է Իրանի վրա ներգործության նոր և անհամեմատ հզոր լծակներ ձեռք բերել, քան զուտ էթնոքաղաքական շարժումներն են։ Ստեղծվում է տպավորություն, որ ԱՄՆ-ը կորցրեց պատմականորեն թանկ ժամանակն Իրանի ներքին գործընթացների վրա ազդելու համար` հատկապես էթնիկ հիմնախնդիրների մասով։ Իրանական հասարակության մեջ ձևավորվում են նոր պայմաններ և ուժեր, երբ էթնոքաղաքական շարժումները կորցնում են իրենց նշանակությունն ու բովանդակությունը։ Իրանական հանրությունը, ներառյալ նրա էթնիկ խմբավորումները, բավական ինտեգրացված է և ցանկացած դեպքում գիտակցում է իրանական պետության ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ