ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ՈՒՏՈՊԻԱՆ ԸՍՏ ԹՈՄԱՍ ՄՈՐԻ ԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ

ՈՒՏՈՊԻԱՆ ԸՍՏ ԹՈՄԱՍ ՄՈՐԻ ԵՎ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ
02.03.2010 | 00:00

«Իրավունք de facto» ակումբում կայացած «Հարավկովկասյան ինտեգրում, այլընտրանքային մեկնարկ» Հարավկովկասյան ձևաչափի քաղաքացիական նախաձեռնության անդամներ Գեորգի Վանյանի (Հայաստան), Էմիլ Ադելխանովի (Վրաստան), Թիմուր Ցխուրբատիի (Հարավային Օսիա), Դաուր Նաչկեբիայի (Աբխազիա), Մարինա Մեշելդիշվիլու (Վրաստան) ասուլիսում հնչեց առաջարկ` Հարավային Կովկասի պետությունների սահմանագծին առանձնացնել ոչ մեծ տարածք` միջազգային կազմակերպությունների հովանու տակ, ապահովելով Հարավային Կովկասի Քաղաքացիական Հանրապետության հիմնադրումը: Ըստ նախաձեռնության անդամների` այդ տարածքը ծառայելու է բացառապես խաղաղ նպատակների, միմյանց հետ հաղորդակցության և մշակութային միջոցառումների: Նկատի ունենալով, որ տարածաշրջանի խաղաղությունն այնքան էլ կայուն ու հաստատուն կատեգորիա չէ, նրանք առաջարկում են հանգամանքների բերումով թշնամացած պետությունների քաղաքացիներին` համատեղ պայքարել հանուն խաղաղության ու բարեկամության: Խնդիրը նրանց հանդիպումների համար բարենպաստ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելն է` վիզային ընթացակարգերի կասեցումը և սկզբում ոչ մեծ հյուրանոցի շինարարությունը, որին կհաջորդեն նաև այլ քայլեր: Առայժմ նախաձեռնության անդամներն այդ քայլերը չեն բարձրաձայնում` հավաստիացնելով, որ իրենք չունեն քաղաքական խնդիրներ և ունեն հաղորդակցության հնարավորության ստեղծման ու խաղաղության ամրապնդման նպատակ:
Նախաձեռնության անդամ Գեորգի Վանյանն իրենց աշխատանքի ուղղություններից նշեց մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ուշադրությունը հրավիրելով այն փաստի վրա, որ կազմակերպության անդամները հիմնականում արվեստագետներ են, և մշակութային գործունեությունն է իրենց հիմնական ոլորտը, որպեսզի փառատոների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպումով միմյանց օտարացած քաղաքացիներին հաշտեցնեն: Վրաց-աբխազական և վրաց-օսական, հայ-ադրբեջանական հարցերի քննարկումներին կմասնակցեն բոլոր անդամները: Երևանում կայացած աշխատանքային հնգօրյա հանդիպումներին մասնակցել են կազմակերպության տարբեր պետություններ ներկայացնող բոլոր ազգությունների մարդիկ: Գեորգի Վանյանը շեշտեց, որ Բրյուսելից, Փարիզից, Ստամբուլից, Մոսկվայից և այլ պետությունների տարածքներից տարածաշրջանի խնդիրների քննարկումները պետք է տեղափոխել տարածաշրջան, որտեղ շատ ավելի լսելի ու ընկալելի են դառնում քաղաքացիների համար, իսկ միջազգային դոնոր կազմակերպություններն էլ հնարավորություն են ստանում խնայել ու նպատակային ծախսել իրենց միջոցները:
Ի պատասխան լրագրողների «ուտոպիստական նախաձեռնություն» որակման, մի տարածաշրջանում, որտեղ քաղաքական, տնտեսական, պատմական խիստ խճճված շահեր ու խնդիրներ կան, գերտերությունների փոխհարաբերություններ, մշակութային միջոցառումներով ինչ-որ նպատակի հասնելու կասկածելիություն, պարոն Վանյանը շեշտեց, որ ընդունված տեսակետ է, թե հասարակությունները պատրաստ չեն համակեցության: Այդ հասարակությունները ներկայացնող անհատ քաղաքացիների տեսակետները բարձրաձայնող պաշտոնատարների ու հասարակական կազմակերպությունների մենաշնորհային կարգավիճակն ամբողջության մեջ քաղաքացու ձայնը, տեսակետը, կարծիքը լսելի ու ընդունելի դարձնելն է իրենց նպատակը: Կազմակերպությունը ո՛չ ցանկություն, ո՛չ հավակնություն ունի բանակցային գործընթացներում ներգրավվելու` համարելով այդ գործընթացները պետական-դիվանագիտական քաղաքականություն: Անդրադառնալով մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերություններին և Ադրբեջանում վարվող հակահայկական քարոզչությանն ու տասնամյակներով սերմանվող ատելությանը, նա արձանագրեց, որ տասնամյակներ փակ ձևաչափերով տասնյակ հանդիպումներ են եղել, բայց այդ ատելությունը չի նվազել: «ՈՒսումնասիրության դաշտը ո՞րն է, որ դուք արձանագրել եք այդ ատելությունը: Այդ ատելությունը գեներացվում է մեր քաղաքական գործիչների շուրթերով, քարոզչական պատերազմի միջոցներով: Ես մի քանի անգամ ադրբեջանցիների և վրացիների հետ շրջել եմ Հայաստանի բոլոր մարզերով, հանդիպել մարդկանց և որևէ ատելություն չեմ տեսել ադրբեջանցիների նկատմամբ: Այլ հարց է, որ մենք հնարավորություն չենք ունեցել նման հանդիպումներ ունենալու Ադրբեջանում, բայց եթե քարոզչական մեքենայի աշխատանքով ենք արձանագրում այդ ատելությունը, դա այնքան էլ հավաստի չէ»,- նշեց Գեորգի Վանյանը:
«Իրավունքը de facto»-ի հարցն ուղղված էր ասուլիսի բոլոր մասնակիցներին.
-Նախ` սկսենք ուտոպիայից: Իմ կարծիքով` ուտոպիան հանճարեղ գաղափար էր, և Թոմաս Մորին մարդկությունը պիտի շնորհակալ լինի ուտոպիայի համար: Պատահական չէ, որ հարյուրամյակների մեջ հարյուրավոր գաղափարներ անհետացել են, իսկ ուտոպիան այսօր էլ կա: ՈՒ եթե նույնիսկ ձեր նախաձեռնությունն ուտոպիա է թվում այսօր, վաղը կարող է ուտոպիայից դառնալ իրականություն: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պիտի լինի խաղաղությունը Հարավային Կովկասում այսօր ու վաղը:
ՄԱՐԻՆԱ ՄԵՇԵԼԴԻՇՎԻԼԻ (Վրաստան) -Մենք երկար ժամանակ աշխատել ենք միայն վրաց-օսական հարաբերությունների ուղղությամբ, երբեք չենք աշխատել հայ ու ադրբեջանցի գործընկերների հետ և ոչնչի չենք հասել: ՈՒտոպիա էր, որ մենք 20 տարի սպասում էինք մեր տուն վերադառնալուն, և բոլորն զբաղվում էին այդ հարցով, բացի մեզնից: Հարավկովկասյան հանրապետության գաղափարը նպատակ ունի միայն միավորման, համատեղ ջանքերով մեր պրոբլեմները լուծելու: Պետք չէ ոչ մեկին սպասել, ո՛չ Եվրոպային, ո՛չ Ամերիկային, ինքներս պիտի մեր ճակատագիրը որոշենք: Եթե մեր ջանքերը միավորենք, մեզ ոչինչ չի հաղթի: Ռոմանտիկ է թվում կովկասյան հանրապետության ստեղծումը, բայց ռոմանտիկներ ամեն տեղ պետք է լինեն, նրանք են ապահովում մարդկության առաջընթացը:
ԴԱՈՒՐ ՆԱՉԿԵԲԻԱ (Աբխազիա) -Ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ ուտոպիան փայլուն գաղափար է և մարդկության վրա շատ ուժեղ ազդեցություն է ունեցել: ՈՒտոպիան իդեալ է, որին ձգտում է մարդկությունը, որն ուզում է ապրել խաղաղ: Ցավոք, մեր հասարակությունը շատ քաղաքականացված է: Աբխազիան ու Հարավային Օսիան դեֆակտո գոյություն ունեցող անկախ պետություններ են, և որոշ պետություններ էլ մեզ ճանաչել են, բայց հարևանները մնում են հարևաններ, մենք Հարավային Կովկասից ենք, ընդհանուր տարածքից, միջավայրից, ոգուց ու մշակույթից, չենք կարող ու չենք պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ: ԽՍՀՄ-ում կար ժողովուրդների բարեկամություն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք հայտնվեցինք տարբեր բնակարաններում ու սկսեցինք իրար սպանել: Հարավային Կովկասի ժողովուրդներն ուզում են խաղաղ ապրել, բայց առայժմ կան պատերազմների սպառնալիքներ, մեր ուտոպիան հավակնում է կասեցնելու այդ պատերազմը: Առայժմ քաղաքացիները շատ քիչ բան կարող են անել, կառավարություններն են կամային որոշումներ ընդունում, պետությունների ղեկավարները` թե՛ Հարավային Կովկասի, թե՛ գերտերությունների, և մենք հայտնվում ենք, իբրև օրենք, զոհի դերում: Կարո՞ղ ենք ոչ միայն ասել, որ խաղաղություն ենք ուզում, այլև հասնել այդ խաղաղությանը, դա է խնդիրը: Մեզ պիտի հետաքրքրի այն ամենը, ինչ կատարվում է մարդկության հետ` Աֆրիկայում, Ավստրալիայում, որովհետև մոլորակն ընդհանուր է, սկսենք գոնե նրանից, որ հոգ տանենք հարևանների մասին, ու թող նրանք էլ մտածեն մեր մասին: Այդպես կամաց-կամաց կհասնենք այն գիտակցությանը, որ բոլորս միասին ենք: Ինչպե՞ս միավորվեց Եվրոպան: Մենք ևս պիտի միավորվենք: Մարդը ծնվում է, կրթություն ստանում, ամուսնանում, նա պիտի նորմալ ապրելու հեռանկար ունենա, ոչ թե տարիներ ծախսի, որ փախստականից ու պատերազմի զոհից վերադառնա նորմալ կյանքի: Այդպիսի խեղված ճակատագրեր շատ կան Հարավային Կովկասում վերջին 20 տարում: Եթե ամեն մեկն իր ճակատագիրը որոշի, գուցե ինչ-որ մեկը հաջողության հասնի, բայց մեծամասնությունը, միևնույն է, հաջողության չի հասնի: Հարավային Կովկասում շատ է եսասիրությունը` պետությունների ղեկավարների, անհատների, յուրաքանչյուրը փորձում է վերապրել ինքն իր ուժերով, իրականությունը ցույց է տալիս, որ դա ոչ միշտ է հաջողվում:
ԷՄԻԼ ԱԴԵԼԽԱՆՈՎ (Վրաստան) -Դուք ասում եք` ուտոպիա, ես 20 տարի տեսել եմ` ինչպես են լուրջ, խելամիտ մարդիկ լուծում այդ խնդիրը, և տեսել եմ, որ նրանք այդ խնդիրը չեն լուծելու: Նայեք նրանց դեմքերին ու դուք կհամակվեք հոռետեսությամբ: Թոմաս Մորն ուտոպիստ էր ոչ լավ կյանքից: Հարավային Կովկասի ապագա՞ն: Ես հոռետես եմ, բայց ջանում եմ լուսավոր տեսնել, որովհետև այլ կերպ անիմաստ է ապրել:
ԹԻՄՈՒՐ ՑԽՈՒՐԲԱՏԻ (Հարավային Օսիա) -Ամերիկայի նախագահներից մեկը մի շատ խելոք բան է ասել` քաղաքականությունն այնքան լուրջ գործ է, որ չի կարելի քաղաքական գործիչներին վստահել: Վերջին 100 տարում Եվրոպայում ավելի շատ մարդ է սպանվել, քան ամբողջ աշխարհում, բայց դրանից հետո նրանք միավորվեցին: Մի՞թե պարտադիր է իրար սպանել, որ հետո միավորվենք: Սլովենիան Իտալիայի հետ սահմանին վիճարկելի տարածք ուներ, հայրենական պատերազմից հետո 8 գյուղ անցել էր Իտալիայի ենթակայության տակ, որևէ մեկը այդ մասին լսե՞լ է, սլովենացիները հանձնեցին այդ տարածքն Իտալիային, և ինչպես մարդիկ ապրում էին, շարունակեցին ապրել: Ամենակարևորը, որ մենք դառնանք քաղաքացիներ։ Սեյմուր Բայջանը ճիշտ է` մեզ մոտ չկա քաղաքացիական հասարակություն, չկա Ադրբեջանում, չկա Վրաստանում, չկա Հայաստանում, պարզապես մտածեք` ինչո՞ւ: Ո՞վ է մեղավոր, ո՞վ է խանգարում:
ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ (Հայաստան) -Լրագրողների «ուտոպիստական նախաձեռնություն» որակումը լսելով` ես ուզում եմ կոչ անել` ամեն մեկս դադարեցնենք պարազիտությունը և տնօրինենք մեր ճակատագիրը, եթե դա ուտոպիա է, մենք ուտոպիստ ենք: Հարավային Կովկասի ապագան, թեպետ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքական ապագան մենք տեսնում ենք մեր գործողությունների շղթայում` որպես արդյունք, այլ ոչ թե հետևանք: Մենք ձգտում ենք Հարավային Կովկասի այն միությանը, որտեղ բավարարված են լինելու և՛ Ադրբեջանի, և՛ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցադրումները, և բավարարված են լինելու Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախ պետություն լինելու հավակնությունները, այսինքն` այդ լուծումը մեր գործողությունների շարունակականության մեջ որպես արդյունք մենք տեսնում ենք, բայց մեր գործողությունների ամբողջ փաթեթը չենք ուզում հրապարակել, որովհետև նույն պարազիտները և այն պարազիտությունը, որի դադարեցումը դուք համարում եք ուտոպիա, անմիջապես կվարկաբեկեն նաև այդ ճանապարհը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Մեկնաբանություններ