ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ԱՅՍՊԻՍԻ ՑԻՆԻԶՄ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ»

«ԱՅՍՊԻՍԻ ՑԻՆԻԶՄ ՉԷԻՆՔ ՍՊԱՍՈՒՄ»
25.06.2010 | 00:00

ՈՒղիղ 69 տարի առաջ հունիսի 22-ին էր, որ բելառուսական քաղաքների ու գյուղերի վրա զավթիչների ռումբեր թափվեցին, ժողովուրդն ընդունեց արյունահեղ ու ահավոր պատերազմի առաջին հարվածը։ Այսօր Բելառուսի լրատվամիջոցներում և բնակչության բառապաշարում վերստին հնչեց «պատերազմ» բառը։ Ճիշտ է, այս անգամ, փառք Աստծո, դրան ավելացել է «գազային» մակդիրը, իսկ սպառնալիքը բխում է ոչ թե Արևմուտքից, այլ արևելյան եղբայր ժողովրդից։ Ինչպես հայտնի է դարձել, պատահականության բերումով, թե ինչ-որ հրեշավոր հումորով հենց Հայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը Մոսկվայի չինովնիկներն ու «Ռուսաստանի ազգային սեփականության»` «Գազպրոմի» բիզնեսմենները որոշեցին 60 տոկոսով կրճատել գազի մատակարարումը Բելառուսին։ Ընդ որում, թվում է, նրանք լրիվ մոռացել են, որ այդ երկիրը այն վաղեմի պատերազմում ոչ միայն ամենից շատ է տուժել (պատերազմում զոհվել է յուրաքանչյուր երրորդ բելառուսը), այլև չի ընկճվել անգամ ֆաշիզմի ահավոր մոլոքի ազդեցությունից, և թուլացրել է ռուսական քաղաքներին ու գյուղերին սպասող հարվածը։ Ի դեպ, «իրատեսության» մեր դարում նման աննկատ խորհրդանիշներն իշխանական գործամոլներին ամենևին չեն շփոթեցնում։ Ոչ մեկի մտքով չի անցել հետաձգել այդ քայլը (Բելառուսի իշխանությունները խնդրել էին վճարումները հետաձգել երկու շաբաթով), և առանց ավելորդ զգացմունքայնության, վաղուց հաստատված կայսերապետական ինքնահավանությամբ բելառուս ժողովրդի հոգու մեջ չթքել հենց այդ օրը։
Հիշեցնենք, «գազային պատերազմը» Մինսկի ու Մոսկվայի միջև սկսվեց նրանից, որ ռուսական մենաշնորհատերը պահանջեց մարել 192 մլն դոլարի պարտքը։ Մինչ այդ Մինսկը պարտաճանաչորեն վճարել էր գազի դիմաց, բայց 2009-ի միջին գնով` 1000 խմ-ն 150 դոլարով։ Ընդ որում, բարձրացած աղմուկից անմիջապես հետո Բելառուսն ընդունեց պարտք լինելու հանգամանքը, սակայն շարունակեց վճարումը կատարել մեքենաներով, սարքավորումներով, մթերքով։ Այս կապակցությամբ ռուսական մի շարք փորձագետներ կարծում են, որ բելառուսական էժան ու որակյալ պարենամթերքը կօգներ գոնե փոքր-ինչ կասեցնելու «գնային սանձարձակությունը» ռուսական պարենային շուկայում։ Այդուհանդերձ, Դմիտրի Մեդվեդևը կրեմլյան իշխանություններին բնորոշ խոսելաձևով հայտարարեց` «Գազպրոմը» չի կարող այլ բան վերցնել` ո՛չ կարկանդակ, ո՛չ յուղ, ո՛չ պանիր, ո՛չ բլիթ` ուրիշ ոչ մի բան չի կարող ծառայել որպես վճարման միջոց, և հրահանգեց մատակարարումները կրճատել 85 տոկոսով` «պայմանագրին լիովին համապատասխան»։ Իր հերթին Լուկաշենկոն պատասխանեց` այսպիսի ցինիզմ մենք Ռուսաստանի ղեկավարությունից չէինք սպասում, և աշխատեց շատ արագ «փող պարտք անել իր բարեկամներից», որոնց անունները նա, ի դեպ, չնշեց։ (Բացառված չէ, որ դա, օրինակ, Չինաստանն է, որը վերջերս տեղի ունեցած բանակցությունների ընթացքում Մինսկին մոտ 15 մլրդ դոլար վարկ էր առաջարկել` համատեղ նախագծերի համար)։ Այնպես որ, Մինսկն արդեն լրիվ վերադարձրել է իր պարտքը, սակայն ռուսներին տեղեկացրել է. «Այսօրվա դրությամբ «Գազպրոմը» մեզ պարտք է 260 մլն դոլար` գազի տարանցման դիմաց, հաշվի առնելով մայիսը»։ Լուկաշենկոն կառավարությանը հրահանգեց դադարեցնել գազի տարանցումը Բելառուսով, քանի դեռ «Գազպրոմը» չի վճարել տարանցման դիմաց. «Նրանք մեզ այս կես տարվա ընթացքում ոչ մի կոպեկ չեն վճարել»։ Նկատենք` դեպի Եվրոպա ռուսական գազամատակարարումների մեկ հինգերորդ մասն անցնում է այդ երկրի տարածքով։ «Ազգային սեփականությունն» առայժմ չի պատասխանել։ (Երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» Բելառուսին վճարել է 228 մլն դոլար, իսկ Բելառուսը Ռուսաստանին է փոխանցել 187 մլն դոլար- Ս. Ս.)։
Ահա այսպիսի անուրախ պատմություն «եղբայրական հարաբերությունների» ու փոխաջակցության մասին, որը ծավալվել է բոլորի աչքի առջև։ Ի դեպ, միակ մխիթարությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ ամռանը, և Եվրոպայում ոչ ոք չտուժեց։ Սակայն ուշադրություն դարձնենք մի շատ անհանգստացնող և բացահայտորեն ոչ պատահական հանգամանքի. «Գազպրոմը» հաճախ ու կանոնավորապես գժտվում է և՛ ՈՒկրաինայի, և՛ Բելառուսի իր տարանցողների հետ։ Ընդ որում, նա մի գլուխ «կտրում է» մե՛կ սրա, մե՛կ նրա գազը։ Եվ ամեն անգամ խոսքը, իբր, վճարման մասին է, սակայն ենթատեքստում միշտ ծվարած է լինում քաղաքական խաղը։ ՈՒկրաինայի դեպքում խոսքը Յուշչենկոյի հակակրեմլյան կառավարության վրա ճնշում գործադրելու և ընտրությունների վրա ազդելու փորձերի մասին էր։ Բելառուսի դեպքում խոսք կարող է լինել Ալեքսանդր Լուկաշենկոյին կարգի հրավիրելու մասին, որը տեղը տեղին ձանձրացրել է Կրեմլին, համարձակվել է հակառակվել Մեդվեդևին, իսկ Պուտինին առհասարակ անվանել է «գելուգազան»։ Ավելին, նա փորձել է ցույց տալ իր անկախությունը, «մոտիկություն անելով» Բրյուսելում Եվրամիության իշխանությունների հետ կամ արգելակելով մաքսային միության ստեղծումը։ Մոսկվայից կերակրվող որոշ փորձագետներ ուղղակի հայտարարում են, իբր` «մտեք Ռուսաստանի կազմի մեջ, այն ժամանակ կունենաք թե՛ գազի, թե՛ նավթի ցածր գներ, բայց քանի որ դուք բարեկամ, բայց ուրիշ պետություն եք, ուրեմն մի էլ բողոքեք»։ Այլ վերլուծաբաններ կարծում են, որ, հնարավոր է, Մոսկվան այսպիսով պատժել է Լուկաշենկոյին այն բանի համար, որ սա ապաստան է տրամադրել Ղրղզստանի տապալված նախագահ Բակիևին։ Չի բացառվում, որ պատճառն առաջիկա նախագահական ընտրություններն են Բելառուսում, որի ընթացքում ներկա նախագահին բացահայտորեն աջակցություն չի ցուցաբերի Ռուսաստանը։ Հետաքրքիր է այն փաստը, որ հենց այս օրերին է լուծվելու նախագահական ընտրությունների անցկացման ժամկետի հարցը, և հնարավորություն է առաջանում որոշակի ճնշում գործադրելու Լուկաշենկոյի վրա։ Թեև այս բոլոր պատճառներն էլ կարևոր են, բայց դրանք զգալիորեն հարակից հարցեր են, իսկ ռուսական «բիզնես-քաղաքական գործիչների» համար գլխավոր դրդիչ հանգամանքը շահամոլությունն ու ճղճիմությունն են։
Եվ այսպես, «էներգետիկ ցարը»` ռուս փոխվարչապետ Իգոր Սեչինը, առանց հոգնելու կրկնում է, թե «Գազպրոմը» աշխարհում բնական գազի ամենահուսալի մատակարարն է։ Այդուամենայնիվ, իշխանությունների օրհնությամբ կոնցեռնը նույնքան «հուսալիորեն» ձգում է փականը։ Եվ դա սովորաբար տեղի է ունենում այն ժամանակ (հատկանշակա՛ն օրինաչափություն), երբ խնդիրներ են առաջանում` կապված «Հյուսիսային» կամ «Հարավային հոսքի» շինարարության կամ ֆինանսավորման հետ։ Ինչպես հայտնի է, Կրեմլն իր այդ երկու սիրելի հոգեզավակների վրա արդեն հսկայական միջոցներ է ծախսել` մինչև 50 մլրդ դոլար, բայց գազամուղները կառուցվում են, իսկ դրանք լցնելու համար գազը չի երևում։ Վերջին տարիներին շահագործման է հանձնվել գազի ընդամենը մեկ խոշոր հանքավայր` «Զապոլյարնոյեն», իսկ ՈՒրենգոյի, Յամբուրգի և Նադիմի հին հանքավայրերն սպառում են իրենց պաշարները։ Այնպես որ, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ գազամուղները շարք կմտնեն, իսկ դրանց համար գազ չի լինի։ Հենց դրա համար էլ և՛ բելառուսական, և՛ ուկրաինական ուղղությունները դառնում են ոչ միայն պարզապես անպետք, այլև վտանգավոր։
Այստեղ Ռուսաստանին մի պատրվակ էր պետք, քաղաքական մի աղմուկ` ցույց տալու, որ Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումների ավանդական երթուղիները, լինեն ուկրաինական, թե բելառուսական, իբր, անարդյունավետ են ու անհուսալի։ Նրանք ուզում են բոլորին համոզել, թե հենց դրա համար էլ պետք են եվրոպական ներդրումներն այդ տխրահռչակ «հոսքերի» համար, ուստի Եվրոպան ու ԱՄՆ-ը պետք է բարեհաճորեն վերաբերվեն բոլոր սադրանքներին ու մտացածին իրավիճակներին։ Իսկ երկրներին, այդ թվում նաև` բարեկամ երկրներին, փորձում են մանրադրամի դեր վերապահել գազային մեծ պատերազմում` «Կրեմլի գազային ռուլետկայում»։ Հիշենք Կիևի զարմանքը, երբ իշխանափոխությունից ու Ղրիմը «հանձնելուց» հետո Մոսկվան չհրաժարվեց այլընտրանքային և ՈՒկրաինայի համար ծայրաստիճան անշահավետ նախագծերից։ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին «Հյուսիսային հոսքն» անվանել է «Ռուսաստանի ամենաանմիտ նախագիծը»։ Բայց դրանց առթիվ Կրեմլի մի անանուն աղբյուր ռուսական տեղեկատվական գործակալությունների միջոցով հաղորդել է. «Այդ խոսքերը ևս մեկ անգամ հաստատում են, որ նման խողովակաշարի կառուցումն անհրաժեշտություն է»։ Պատահական չէ, որ բելառուսական նոր «գազային պատերազմի» նախօրեին Լուկաշենկոն, որը փորձում էր գազ գնել Բաքվից, անսպասելի սառն ընդունելության արժանացավ, բացառված չէ` Մոսկվայի պահանջով։ Նա չկարողացավ օգտվել ո՛չ այդ նոր «էներգետիկ բարիքից», ո՛չ «գազի ու խողովակների գծով նոր բարեկամների» բարեհաճություններից։ Ի դեպ, այդ ոլորտում չկան մեծ բարեկամներ, չկա մեծ պատմություն, կան միայն մեծ, շա՜տ մեծ փողեր (էլ ի՞նչ խոսք կարող է լինել Հայաստանի, նրա ցավերի ու հույսերի մասին)։
Սակայն այստեղ անհնար է չասել` «վաղ եք ուրախանում, Կրեմլի Իվան-ցարևիչներ», չէ՞ որ, չնայած Ռուսաստանի հետ բոլոր սիրախաղերին, Եվրոպան հազիվ թե ցանկանա դառնալ ռուսական գազային քաղաքականության հավերժական պատանդը, առավել ևս` Թուրքիայի հետ մեկտեղ իրականացվող քաղաքականության։ Գազային պատերազմներն ՈՒկրաինայի և Բելառուսի հետ, ամենայն հավանականությամբ, խարխլել են վստահությունը Ռուսաստանի նկատմամբ, որպես հուսալի աղբյուրի, և եվրոպացիներն աստիճանաբար կփորձեն բազմազան դարձնել իրենց գազային շուկան։ Այսպես, սովորաբար «Գազպրոմի» մատակարարումներին բաժին է ընկնում Եվրամիության ամբողջ գազասպառման քառորդ մասը, սակայն անցած տարի արտահանման ծավալը կտրուկ ընկավ, քանի որ սպառողների մի մասն ընտրություն կատարեց հօգուտ ավելի էժան աղբյուրների, մասնավորապես` հեղուկ գազի։ Արագ տեմպերով են ընթանում էներգիայի այլընտրական աղբյուրների մշակումները, հենց դրա համար էլ Եվրոպան ձգտում է անցնել կարճաժամկետ պայմանագրերի ու գների։ Օրինակ, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մինչ օրս համաձայնություն չի տվել պայմանագրի ստորագրմանը «Գազպրոմի» հետ, որն իր երկիրը մինչև 2037 թվականը կախման մեջ կդնի ռուսական գազի մատակարարումներից, իսկ Եվրամիությունը, պարզվում է, «լրացուցիչ հարցեր» ունի այդ պայմանագրի առնչությամբ։ Այնպես որ, շատ հավանական է, որ Ռուսաստանն անդառնալիորեն կորցնում է արևմտյան ուղղությամբ ունեցած իր մենաշնորհը, ուստի հնարավոր է և՛ Կրեմլի համաշխարհային էներգետիկ տիրապետությանը, և՛ թելադրանքին նույնպես վերջ կդրվի։
Ինչ խոսք, Բելառուսի վրա ճնշում գործադրելն այնքան էլ դժվար խնդիր չէ, կարևորը հետոն է։ Այդուամենայնիվ, կարելի է չկասկածել, որ այս օրերի բոլոր ապրումներից հետո կսկսվի ռուս-բելառուսական հարաբերությունների և պատմության նոր փուլ։ Նավթի ու գազի խողովակներն են այժմ ընկած քաղաքականության և ժողովուրդների բարեկամության հիմքում, անկախ հաստատուն կանոններից, գաղափարախոսություններից ու երեկվա նախապատվություններից։ Եվ պատահական չէ, որ շատ վերլուծաբաններ այժմ կանխատեսում են` Մոսկվայի «բանը բուրդ է», և ոչ միայն Մինսկի հետ փոխհարաբերություններում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1378

Մեկնաբանություններ