ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ԵՐԲ «ՄԱՆԿԱՆՈՒՄ» Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ԵՐԲ «ՄԱՆԿԱՆՈՒՄ» Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
02.02.2010 | 00:00

ԱԺ-ն վաղուց է աշխատում «նոու-հաուների» սկզբունքով: Ամեն նստաշրջանում մեկ կամ բազմաթիվ նորույթներ են լինում:
ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ
ՈՒ եթե նախորդ նստաշրջաններում դրանք առնչվում էին խորհրդարանական «ինտերիերին», այդ թվում և` գորգերի փոփոխությանը, լրագրողների հավատարմագրման նոր «կանոնակարգին», այս անգամ «նոու-հաուն» կրում էր բովանդակային կերտվածք:
ԱԺ նիստերի դահլիճում, մանավանդ լրագրողներին հատկացված մասում, «անշլագ» էր: Լիքը մատղաշ երեխաներ էին նստոտած` ուսուցիչների հսկող ու սթափ հայացքի ներքո: Իսկ պատգամավորները, երեխա չտեսածի աչքերով, գլուխները շրջել, ուշի ուշով զննում էին նրանց: Թույլ տանք պատգամավորները երեխաներով հիանան, մի քիչ մանկանան (բոլորս գալիս ենք մանկությունից), մենք անցնենք խորհրդարանական հաջորդ «նոու-հաուին»:
Հասկանալի է` ազդարարվեց յոթերորդ նստաշրջանի բացումը, հնչեց հայոց օրհներգը, ու երբ ավարտվեց, պատգամավորները, չգիտես ինչու, սկսեցին ծափ տալ. ամենից ուժեղ ծափ էր տալիս Ռազմիկ Զոհրաբյանը, որն ընդմիջմանը մեր թերթին հարցրեց. «Լավ էի ասել, չէ՞»։ Նկատի ունենալով հանգամանքը, որ քաղաքական գործիչը շատ խելք չպիտի ունենա, նա ասել էր, թե ինքն էլ շատ խելք չունի. «Ահավոր, ահավոր լավ էիք ասել, պարոն Զոհրաբյան», ասինք մենք։ «Բա հիմա էլ դրա համար են սկսել լրատվամիջոցները միսս ծամել», ասաց։ «Ծը՛-ծը՛-ծը՛. ո՜նց չեն ամաչում էդ անամոթները», ասինք:
Վերջը` ծափ տվեցին պատգամավորները, նստեցին տեղները ու բոլորով մի պահ կորցրինք իրականության զգացողությունը, թվաց` ներկա ենք մշակութային միջոցառման (երեխաներն էլ` մոտիկ), բայց երբ հնչեց «հաղորդավարի» ձայնը, և ԱԺ փոխխոսնակ Արևիկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայացվում են մեծ և փոքր օրակարգերը, իրականության զգացողությունը կրկին վերադարձավ, հընթացս էլ վերջապես իմացանք, թե ինչու են երեխաները եկել «էս անիրավ աշխարհը»:
Այսպիսով, այսուհետ ամեն չորսօրյա (չգիտես ինչու, պառլամենտում գործածվում է «չորսօրյակ» բառը, երբ ունենք առավել բարեհունչը` «քառօրյա») նիստերից առաջ ԱԺ նախագահն անցկացնելու է բաց դաս` հանրապետության մարզերի դպրոցականների համար (ինչպես նկատեց մեր լրագրող ընկերուհիներից մեկը, փաստորեն, վերջերս Հովհաննես Արգամիչն իր համակ ու ողջ ուշադրությունը կենտրոնացրել է մատղաշ սերնդի վրա):
Բաց դասի և երեխաների հանգամանքը շատ ուրախացրեց ներկա պատգամավորներին, նրանք սկսեցին էլի ծափահարել, ամենաուժեղն ու ոգևորվածը, որ նաև ոչ մի կերպ երեսը չէր թեքում երեխաներից, էս անգամ ԵԽԽՎ-ից բարով-խերով վերադարձած, իրավական իր սուրը փառքով պատյանը դրած Դավիթ Հարություն-յանն էր:
Մտածեցինք` բաց դասը էդ է, որ կա. երեխաները կլսեն (մե՜ղք են էդ քյորփեքը, ժողովուրդ), թե ինչպես են հարցերը պառլամենտում լուծվում, քննարկվում, ինչպես և «ումով» են հայոց կարկառուն պատգամավորները կարծիքներ հայտնում, հետո ահավոր տագնապեցինք, երբ պատկերացրինք, թե քիչ հետո ինչպես են էդ «քյորփեքը» տեսնելու` ինչպես է օրակարգի հաստատումից վայրկյաններ անց խորհրդարանի դահլիճը դատարկվում մեծերից, ու մնում են օրինագիծ ներկայացնողը, հարակից զեկուցողն ու նիստը վարողը:
Բայց ինչքա՜ն մեծ էր մեր ուրախությունը, երբ իմացանք, որ դասն անցկացվելու է քիչ հետո` առանձին սենյակում, և այն վարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Գնացին, վարեցին, թույլ տվեցին միայն օպերատորները ներկա լինեն դասին: Մենք էլ համբերատար սպասեցինք միջանցքում, երեխաներն ու նրանց ուղեկցող սթափ ուսուցիչները դուրս եկան և մեզ տեղեկացրին` հոյակա՜պ էր: Ի՞նչը` հարցինք: «Էն, որ տեսանք ԱԺ նախագահին (բախտավորնե՜ր- հեղ.), հարցեր ուղղեցինք իրեն, ինքն էլ մեր բոլոր հարցերին տեղը տեղին, համբերատար պատասխանեց»:
Բա՜: Նախորդ օրն էլ Արգամիչ Հովիկ Աբրահամյանը տնտեսագիտական համալսարանում ասել էր` ինքն ահավոր հանդուրժող է, ահավոր: Իսկ շաբա՜թ օրը: Այդ օրը նրան ասել էին` սուրբ Սարգսի բարեխոսությունը Ձեզ հետ լինի միշտ: ՈՒ հենց էդպես բարեխոսված էլ նա անցկացրել էր իր առաջին բաց դասը։
Ինչ վերաբերում է պատգամավորների «արարողակարգին», ապա երկու «ուժեղ» խմբակցությունները նստաշրջանի մեկնարկից րոպեներ առաջ ֆրակցիաների նիստեր հրավիրեցին։ Եկել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և հընթացս էլ պատասխանեց լրագրողների հարցերին (նրա հետ մեր թերթի էքսկլյուզիվ հարցազրույցը` առաջիկայում), ՀՀԿ-ն էլ, ֆրակցիայի նիստից հետո, ակտիվ մասնակցում էր խորհրդարանի աշխատանքին: Ի դեպ, վերջին շրջանում նիստերին ակտիվ մասնակցող Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը չկային:
«Հոտնկայս» հիշենք, որ «շաքարի արքա» Սամվել Ա-ն, ոչ ավել-ոչ պակաս, օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել (ասում էր, չէ՞, հավատացյալ է դարձել, մտածեցինք, կգա-կլուսավորի իր նախաձեռնությամբ խավարյալներիս, չեկավ, չլուսավորեց, երևի լրամշակում էր օրինագիծը, իսկ օրինագիծն առնչվում է ֆուտբոլին, «վերջինիս» հարկային «պարտավորություններին»):
Իսկ երեկվա վերջին «նոու-հաուն» արդեն «փրկչական» էր։ Տեղեկացվեց, որ յոթերորդ (նույնքան «փրկչական» թիվ) նստաշրջանին մասնակցում է արդեն պառլամենտական կուսակցություն դարձած «Ազգային միաբանությունը»։ Ծափ տվողներ համարյա չեղան («միաբանվածի» հետ մեր հարցազրույցը` առաջիկայում):
ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ
Անչափ կեղեքիչ կլիներ, եթե անդրադառնայինք նաև ԱԺ մեծ օրակարգին: Բավարարվենք «չորսօրյայով»:
Այսպիսով, ի՞նչ հետաքրքիր «նոու-հաուների» ականատեսը կլինենք այս չորս օրերի ընթացքում` օրինագծային կերտվածքով:
Քանի որ տնտեսական գործիչ լինելու (ի տարբերություն քաղաքականի) և տնտեսական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է խելք, շա՜տ խելք, պառլամենտը երեկ անչափ «հուզիչ» թեմայից սկսեց։ Առաջին «օրինագիծն» առնչվում էր Ասիական բանկի` Հայաստանին տրամադրած վարկին: Կարճ ասած` «ատկատների» խնդրին:
Այս համաձայնագրով նախատեսված է վերանորոգել «Հյուսիս-հարավ» մայրուղին: Հինգ հարյուր միլիոնով: Հասկանալի է, չէ՞, Մեղրուց մինչև Գյումրի (այնտեղից էլ` Բաթում) ի՜նչ «լվացք» կարելի է փռել` փողերի լվացման, կուլտուրական ու հայերեն ձևակերպած` «ատկատների» տեսքով: Համաձայնագրի հաստատումից հետո նոր կսկսվի իսկական կինոն: Տենդերները: Ովքե՞ր կշահեն (չե՞ք ամաչում, մենք ասացի՞նք` «ատկատի համար», ո՛չ, չասացինք):
Բայց, դե, «Ժառանգություն» խմբակցությունը լավ կաներ` զուգահեռ օրենս-դրական նախաձեռնությամբ հանդես գար, և, ինչպես ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում, հասներ նրան, որ մեզանում նույնպես «ատկատի» տենդերին թույլ չտային մասնակցել այն կազմակերպություններին, որոնք չարաշահումներ են թույլ տվել ու անորակ աշխատանք կատարել։
Եթե ոչ, կշահեն հայտնի կազմակերպությունները` պառլամենտում նույնքան հայտնի դեմքերով ու «պապաներով» հանդերձ:
Հաջորդ «ատկատը» վերաբերում էր շահումով խաղերին և խաղատներին: Հայերեն և կուլտուրական ասած` կազինոներին: Այս օրինագիծն էլ անվանենք «կույս մնալու և հաճույք ստանալու» ռեժիմի մասին օրինագիծ։ Չէ, խառնեցինք` հաճելին օգտակարի հետ համակցելու նախաձեռնություն:
Հիշյալ նախագծով կազինոները «կտարվեն» Ջերմուկ, Սևան, Ծաղկաձոր, Զվարթնոց..., էնտեղի «պապաների» (Աշոտ Արսենյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Ծառուկյան, Էդուարդո Էռնեկյան) աչքը լույս, ու «վայ» էդ կողմերում ապրող մատղաշ սերնդին (նրանց չի փրկի և ոչ մի բաց դաս), զի բարոյական էկոլոգիան անմնացորդ կխաթարվի էդ կողմերում` նոր արժեհամակարգ ներմուծելուց հետո:
Հաջորդ հետաքրքիր, կարելի է ասել, բարոյախրատական օրենսդրական նախաձեռնությունը որսորդության «կարգին» առնչվող օրինագիծն էր: Այլ կերպ ու կարճ այն կարելի է անվանել` «Վիկտոր Դալլաքյան «ընդ» մյուսներ` ընդդեմ Քոչարյան «ընդ» մյուսների»:
Օրենսդրական նախաձեռնությունը պետք է համարել նույնքան քաղաքական, որովհետև նրա ընդունումից հետո այլևս օձն իր պորտով, հավքն իր թևով չի հաջողելու «Կարմիր գրքում» զետեղված կենդանիներին ոչնչացնել: Ավտոմատով: ՈՒղղաթիռից։ Այլ «թռերից»:
Իսկ ընդհանուր առմամբ, մեր տեսանկյունից ամենաքաղաքական, ամենագեոպոլիտիկ նախագիծը, որ կքննարկվի այս «չորսօրյայում», վերաբերում է շատ «թույն» հարցի. հայոց «բաց դատավոր» խորհրդարանը կքննարկի և համաձայնություն կտա (՞) ՀԱՊԿ-ի օպերատիվ ուժերի մասին հայտնի համաձայնագրին:
Ի դեպ, Հայաստանը կլինի առաջին պետությունը, որը, այսպես ասած, կվավերացնի այդ համաձայնագիրը` մեծ վավերացմանն ընդառաջ (այո, թուրք-հայկականը նկատի ունենք):
Ինքներդ եք հասկանում, թե հենց այս փուլում, երբ մայր Ռուսիան փորձում է Ղարաբաղի անվտանգության գոտում ռուս-ՀԱՊԿ խաղաղապահների հաշվով ինչ-որ բանի հասնել, ինչ կարևորություն ունի այս նախագիծը, բայց դա արդեն առավել լուրջ ու այլ քննարկման նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում:
Հետո էլ ասում եք` պառլամենտում հետաքրքիր չէ:
Բա չէ՞:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1530

Մեկնաբանություններ