Քիչ առաջ ընկերներիս հետ վերադարձանք Սյունիքի մարզի Տեղ համայնքից։
Ակնհայտ է, որ վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել և զավթել են անկապտելիորեն Հայաստանի Հանրապետությանը պատկանող ինքնիշխան տարածքներ։
Ադրբեջանի զինված ուժերի կողմից ավելի քան 200 հեկտարից ավելի վարելահող ու արոտավայր ուղղակիորեն զավթվել կամ անմիջականորեն գտնվում են նրանց վերահսկողության ներքո՝ անհնարին դարձնելով համայնքի բնակինչների կողմից այդ տարածքների օգտագործումը։
Տասնյակ ընտանիքներ պարզապես զրկվել են իրենց սեփականության իրավունքից։
Տեղ համայնքի բնակչությունը, որը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, նշված ներխուժման հետևանքով բնականորեն զրկվել է այդ հնարավորությունից, ինչը տեսանելի ապագայում առավել կբարդացնի նրանց սոցիալական վիճակը։
Մառախուղի պատճառով չկարողացանք տեսնել ադրբեջանական դիրքերը, սակայն գյուղացիների պնդմամբ, գյուղը շրջապատող բոլոր բարձունքները գտնվում են նրանց վերահսկողության ներքո։
Տեղ համայնքի բնակիչները զայրացած են, տրամադրված են վճռական, գործող իշխանություններին մեղադրում են թուլակամության ու անգործության մեջ։
Պահանջում են զինել բնակչությանը և ձեռնարկել գործուն ու նշանակալի քայլեր՝ ադրբեջանական զավթողական քաղաքականությանը վերջ տալու համար՝ արձանագրելով, որ տեղի ունեցածն ուղղակիորեն պայմանավորվածության արդյունք է։
Վերադարձի ճանապարհին այցելեցինք նաև Ջերմուկ քաղաք՝ փորձելով հնարավորինս մոտ տեսնել, թե անցած տարվա ռազմական էսկալացիայի արդյունքում որտե՞ղ են դիրքավորվել Ադրբեջանի զինված ուժերը։
Տպավորություններս շատ մռայլ է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քայլ առ քայլ նվաճում է մեր հայրենիքը, իսկ մենք չենք գտել նրանց սանձելու միջոցը։
Մենք ազգովի հայտնվել ենք անելանելի դրության մեջ ու ցուցաբերում ենք տառացիորեն անգործություն։
Ակնհայտ է, որ թշնամուն չզայրացնելու քաղաքականութունը, որը վարում է գործող իշխանությունը, ամբողջովին տապալված է, և Ադրբեջանը որտեղ ցանկանում, այնտեղ էլ գծում է Հայաստանի հետ իր սահմանը՝ մեզ պարտադրելով համակերպվել իր կողմից արձանագրված արդյունքի հետ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանն ամբողջությամբ ձախողվել է, քանի որ մի կողմից Ադրբեջանը չի ցանկանում հաստատել իրական խաղաղություն՝ թքած ունենալով Հայաստանի կողմի գեներացվող խաղաղության օրակարգի վրա, մյուս կողմից՝ Հայաստանի գործող իշխանություններին չի հաջողվում զսպել Ադրբեջանի ռազմատենչ ու ագրեսիվ վարքագիծը՝ դատապարտված լինելով ընդամենը արձանագրել, որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական էսկալացիային․․․
Պետք է ելք գտնել՝ դուրս գալու այս իրավիճակից։ Այսպես այլևս չի կարելի:
Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ