ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Զգուշացեք ինտերնետային խարդախներից

Զգուշացեք ինտերնետային խարդախներից
14.07.2009 | 00:00

«ՇՈՒԼԵՐՈՒԹՅՈՒՆ»
Գաղտնիք չէ, որ մուտք գործելով յուրաքանչյուրիս կյանք, համացանցն իր հաստատուն տեղն է զբաղեցնում մեր առօրյայում։ Շատերն են փորձում ինտերնետում աշխատանք գտնել. ոմանց դա հաջողվում է, ոմանք էլ, դյուրահավատության կամ միամտության պատճառով, ընկնում են ինտերնետային խարդախների ճանկը։ Խարդախությունն ու դրամաշորթությունն աշխարհի համացանցային սարդոստայնում հասել են մեծ մասշտաբների և գրեթե անկառավարելի են։ Համացանցում մեր անցկացրած հետաքննությունը բավականին զարմանալի և հետաքրքիր արդյունքներ տվեց։
http։//easy-cash.narod.ru/ կայքում ոմն Dee իր տեղադրած հայտարարությունում մասնավորապես ասում է.
«ՈՒշադրություն։ Միայն նրանց համար, ովքեր ունեն ուղեղ։ Հնարավորություն կա վաստակելու մեծ գումարներ։ Ինձ երրորդ կուրսում մի սկզբունքային դասախոսի պատճառով հեռացրին համալսարանից։ Ես սկսեցի աշխատանք փնտրել ինտերնետում և իմացա գումար աշխատելու մի հետաքրքիր հնարավորության մասին։ Առաջին փոխանցումս 1 ամերիկյան դոլար էր, որից հետո իրավունք ստացա փող վաստակել այդ կայքում։ Հավաստիացնում եմ ձեզ` ամեն ինչ արդար է։ Ձեզ այստեղ չեն խաբում, ինչը չի կարելի ասել հազարավոր ֆորումներում տրվող այլ հայտարարությունների մասին։ Ես մտածեցի, որ կարելի է փորձել և գործնականում ոչինչ չեմ կորցնում, բացի ներդրածս չնչին դոլարներից։ Մոտ մեկ ամիս ոչ մի նորություն չունեի և հույսս կտրել էի։ Բայց օրերից մի օր իմ հաշվին սկսեցին փոխանցվել դոլարներ, և այդ փոխանցումները շարունակվում են մինչ այս պահը։ Յուրաքանչյուր տասը րոպեն մեկ իմ հաշիվն ավելանում է մեկ դոլարով։ Հավաքված գումարով ես գնեցի այն ամենը, ինչն ինձ անհրաժեշտ էր։ Հավաստիացնում եմ ձեզ, որ եթե դուք ճշգրտորեն հետևեք հիշյալ կանոններին, ապա երկու ամսվա ընթացքում կշահեք ավելի քան 3000 ամերիկյան դոլար։ Կրկնում եմ, սա կեղծիք չէ»։
Հայտարարությունը կարդալուց հետո հետաքրքրվեցի, թե այդ ի՞նչ «հիշյալ կանոններ» են, որոնց պետք է հետևել 3000 դոլար վաստակելու համար։ Պարզվեց` առաջին հերթին պետք է գրանցվել web-money համակարգում և բացել, այսպես կոչված, ինտերնետային դրամապանակ։ Հայտարարության հեղինակը տեքստի վերջում տալիս է 6 ինտերնետային դրամապանակների հասցեներ, որոնցից յուրաքանչյուրին պետք է փոխանցել առնվազն 1 ամերիկյան դոլար։ Դրանից հետո, հարգելի ընթերցող, Dee մականունով անձնավորության հայտարարությունը պետք է տարածեք մոտ 70 ֆորումներում, որպեսզի նա ձեզ հնարավորություն տա գումար վաստակելու։ Հեղինակը նաև նշում էր, թե որ դեպքում գումար չեք ստանա։ Փաստորեն, եթե դուք ազնիվ մարդ չեք (հետաքրքիր է, այդ ինչպես է Dee-ն պարզելու ձեր ազնվության աստիճանը) և եթե ի վիճակի չեք հայտարարությունը տարածելու ավելի քան 70 ֆորումներում, ուրեմն 6000 դոլարը, որ հայտարարության սկզբում, կարծես թե, 3000 էր, ձեզ համար կմնա երազանք։ Վերջում հեղինակը նորից հավաստիացնում էր, որ ամեն ինչ արդար է։
Մեզ հետ զրույցում մասնագիտությամբ ծրագրավորող Վարդանը պատմեց հետևյալը.
«Մոտ 3 ամիս առաջ, էլեկտրոնային փոստս բացելով, հայտնաբերեցի մի նամակ, որում նշվում էր, որ փոխանցելով 1-ից մինչև 1000 դոլար նշված հաշվեհամարի վրա, իմ ուղարկած գումարն ինձ կվերադարձվի եռապատկված։ Որոշեցի փորձել։ Սկզբում ուղարկեցի 1 դոլար, և, պատկերացնո՞ւմ եք, մյուս օրը հաշիվս ստուգելով պարզեցի, որ գումարն իսկապես եռապատկվել է։ Տարվեցի այդ մոլուցքով, ուղարկեցի 10 դոլար, և կրկին գումարս եռապատկվեց, հետո հաշվիս ամբողջ գումարը` մոտ 300 դոլար, ուղարկեցի, բայց էլ ոչ մի արձագանք չստացա։ Մյուս օրը հաշվիս վրա 0 դոլար էր մնացել։ Դա նրանց տակտիկան է, թողնում են, որ ոգևորվես և քիչ-քիչ ավելացնես ուղարկվող գումարի չափը, իսկ վերջում քեզ պարզապես «կլպում» են»։
Այո՛, ինտերնետային խարդախների թեթև ձեռքով Վարդանի նման միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերում դրամական փոքր ու մեծ կորուստներ են ունեցել, ոմանք, նույնիսկ, սնանկացել են։ Մասնագետները խորհուրդ են տալիս չհավատալ նաև ձեր էլեկտրոնային փոստին ուղարկված այն նամակներին, որոնցում ձեզ շնորհավորում և տեղեկացնում են, որ դուք հաղթել եք ինչ-որ վիճակախաղում։ Եթե դուք ոչ մի վիճակախաղի էլ չեք մասնակցել, ապա ոչ մի դեպքում մի հավատացեք, որ շահել եք, ասենք, 3 մլն դոլար։ Դրանք հերթական խարդախներն են, որ ցանկանում են ձեզ իրենց ճանկը գցել։ ՈՒղղակի կարդացեք նամակը և առանց նյարդայնանալու, ժպիտով ջնջեք միայն սուտ պարունակող այդ նամակը։
Զրուցակիցս Արշակն է` մասնագիտությամբ քանդակագործ։ Ինչպես կռահեցիք, նրան ևս փորձել են որսալ ինտերնետային խարդախները, բայց Արշակը բավարար կամք է ունեցել ժամանակին կանգ առնելու։ Մի գեղեցիկ օր Արշակը ստանում է նամակ հետևյալ բովանդակությամբ (նամակը բառացի թարգմանում եմ անգլերենից)։
«Հարգելի պարոն, ես մադամ Ավելին Ռեգատոն եմ, ապրում եմ Կոտդ’Իվուարում։ Դուք պետք է ինձ օգնեք։ Բանն այն է, որ իմ սիրելի ամուսինը մահվանից առաջ ինձ կտակել է 10 մլն դոլար ընդհանուր ծավալով թանկարժեք իրեր և կանխիկ գումար։ Այդ հարստությունն այժմ տուփով պահվում է մի գաղտնի կազմակերպությունում։ Ամուսինս այդ գումարը հենց ինձ է կտակել, բայց նրա նախկին կինն ու ընտանիքն ամեն կերպ փորձում են տիրանալ հարստությանը` մինչև իսկ իմ դեմ մահափորձ են ծրագրում։ Երկար մտորումներից հետո որոշեցի մի վստահելի մարդ գտնել արտերկրում, ով կհամաձայնի այդ գանձը որոշ ժամանակ պահել իր մոտ։ Երկար որոնումներից հետո գտա ձեզ։ Եթե դուք համաձայն եք, խնդրում եմ պատասխան նամակ գրեք ինձ և օգնեք այս աշխարհում միայնակ մնացած ու բոլորի կողմից հալածված խեղճ այրուն»։
«Նամակը կարդալուց հետո սկսեցի կասկածել,- ասում է Արշակը։- Հետաքրքիր է` որտեղի՞ց էր այդ տիկինը գտել իմ էլ.փոստի հասցեն և ինչից ելնելով էր ինձ համարում վստահելի մարդ։ Բացի այդ, ինչպե՞ս էր 10 մլն դոլար պարունակող սնդուկը Կոտդ’Իվուարից հասնելու Հայաստան` առանց մաքսատանը խնդիրներ հարուցելու»։
Ինչևէ, Արշակը որոշում է նամակ ուղարկել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Հարգելի մադամ, շատ ցավում եմ, բայց միայն մեկ ձևով կարող եմ Ձեզ օգնել։ Եթե ցանկանաք կարող եմ շուկայականից ցածր գներով ձեզ վաճառել իմ քանդակները»։
Երեք ժամ անց Արշակը ստանում է հետևյալ պատասխանը. «Շատ զգացված եմ, որ Դուք պատրաստ եք ինձ օգնելու (փաստորեն, մադամն Արշակին անհասկացողի տեղ էր դրել.- Ն. Դ.): Հիմա Դուք պետք է ինձ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, հեռախոսի համարը, հասցեն, կրեդիտ քարտի համարը։ Ձեր տվյալները ստանալուց հետո դրանք անմիջապես կուղարկեմ գաղտնի կազմակերպությանը, որն էլ սնդուկը կհասցնի ձեզ։ Դուք պետք է վճարեք միայն տեղափոխման ծախսերի համար։ Որպես շնորհակալություն, Ձեզ եմ առաջարկում սնդուկում առկա գումարի 25 տոկոսը։ Որպեսզի հավատաք իմ ազնվությանը, ահա ձեզ իմ հեռախոսահամարը։ Անհամբերությամբ սպասում եմ ձեր պատասխանին»։
Երիտասարդը փորձում է զանգահարել նշված հեռախոսահամարով, բայց պարզվում է, որ աշխարհիս երեսին այդպիսի հեռախոսահամար գոյություն չունի։ Արշակը որոշում է այլևս չպատասխանել մադամի նամակներին, քանի որ հասկանում է` այդտեղ իրականության նշույլ անգամ չկա։
Մեր հետաքննության արդյունքում համացանցում գտանք մարդկանց խաբելու համար ստեղծված հարյուրավոր այդպիսի ցանցեր։ Ահա դրանցից մի քանիսը.
aboutwork.ru 100cent-mail.com
avtomatzamena.msk.ru
100cent-1000dollars.com
bignetwork.ru 100dollarsmail.com
dengi-maney.ru 100dollars-mail.com
dom-bisnes.net 13dailypro.net
doxod-gold.ru 150dollarsmail.com
evroo.t35.com 1-dollar3mail.com
Մասնագետները խորհուրդ են տալիս չհավատալ ինտերնետային խարդախներին, որոնց գործունեության թափը մեծացել է հատկապես տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Չէ ո՞ր պարզից էլ պարզ է, որ ոչ ոք առանց անձնական շահի ձեզ գումար չի նվիրելու։ Այդ գումարները դուք պետք է աշխատեք ձեր սեփական քրտինքով։ Այնպես որ, մի՛ գայթակղվեք վեց զրոներ պարունակող շահումներով և ինտերնետային, այսպես կոչված, դրամապանակներով։ Համենայն դեպս, գոնե չեք կորցնի այն, ինչը, ունեք։
Նարինե ԴԱՆԵՂՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Դիտվել է՝ 2950

Մեկնաբանություններ