ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շարժումը մարեց, պառակտվեց և վերածվեց շարքային «քաղաքական ակումբի»

Շարժումը մարեց, պառակտվեց և վերածվեց շարքային «քաղաքական ակումբի»
19.10.2012 | 13:38

2013 թ. Հայաստանի նախագահի ընտրությանը քիչ ժամանակ է մնացել: Մեր երկրի քաղաքական մշակույթի առանձնահատկություններից է այն, որ հայ հասարակությունը խորհրդարանական ընտրություններին այնքան կարևորություն չի տալիս, որքան նախագահականին: Հայաստանի նորագույն պատմության փորձը ցույց է տալիս, որ նախագահական ընտրությունների շրջանում բորբոքվում են ոչ միայն քաղաքական կրքերը, այլև նոր ուղի, զարգացման նոր տարբերակ ընտրելու հանրային բանավեճը:

Այս առումով 2013 թ. նախագահական ընտրությանը նախորդող շրջանը որոշակիորեն տարբերվում է նախկին ընտրություններից, քանզի, ի տարբերություն 1996, 1998, 2003 և 2008 թվականների գործընթացների, այս անգամ, կարծես, քաղաքական կրքերն առանձնապես բորբոքված չեն: Միևնույն ժամանակ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, 2013 թ. նախագահական ընտրությանը նախորդող շրջանում Հայաստանի քաղաքական համակարգը կանգնած է լրջագույն խնդրի առջև` ընդդիմությունը թույլ է և բզկտված:
Հիշենք, որ 1996-ի նախագահական ընտրության շրջանում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ լրջագույն ընդդիմադիր զանգված էր համախմբվել, որը գլխավորում էր ինտելեկտուալ և գաղափարական գործիչ Վազգեն Մանուկյանը: Նույն իրավիճակը ստեղծվեց նաև 1998 և 2003 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ համախմբված ընդդիմությանն առաջնորդում էին հայր, ապա նաև որդի Դեմիրճյանները: Այս երեք ընտրությունների ընթացքում էլ ընդդիմությանը հաջողվեց լուրջ գլխացավանք պատճառել իշխանությանը: Ինչ վերաբերում է 2008-ի ընտրությանը, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի համախմբած ընդդիմադիր ճամբարը լուծեց իր առջև դրված թիվ մեկ խնդիրը` վերակենդանացրեց ՀՀՇ-ն և ընթացող գործընթացների միավոր դարձրեց հայկական քաղաքականության լուսանցքից վաղուց արդեն դուրս մնացած գործիչներին: Եվ ինչքան էլ տարբեր շրջանակներ պնդեն, թե Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ընդդիմադիր շարժումն ի սկզբանե դատապարտված էր անհաջողության, այնուամենայնիվ, 2007-2008 թթ. «Լևոնի համաժողովրդական շարժումը» լրջագույն մարտահրավեր էր գործող իշխանությանը:
Եթե լինենք առավելագույնս անկեղծ, ապա պետք է փաստենք, որ Տեր-Պետրոսյանի սկսած ընդդիմադիր պայքարն անհաջողության մատնվեց միայն մեկ պատճառով. ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին նախագահի պաշտոնում ընտրված Սերժ Սարգսյանը բոլորովին այլ որակներ և բոլորովին այլ արժեհամակարգ ունեցող քաղաքական-պետական գործիչ է: Խնդիրը լավ հասկանալու համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած ընդդիմադիր-հեղափոխական շարժումը նախագծված ու սցենարավորված էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության դեմ և անհաջողության մատնվեց այն պարզ պատճառով, որ Սերժ Սարգսյանը կարճ ժամանակահատվածում վերացրեց այն հիմնական թիրախները, որոնց ուղղությամբ «կրակ էր բացում» ՀՀՇ-ական շարժումը:

Ըստ էության, նախագահ Սարգսյանը կարողացավ արագորեն գտնել «Լևոնի համաժողովրդական շարժման» մարման դեղամիջոցը, ինչի շնորհիվ էլ այդ շարժումը մարեց, պառակտվեց և վերածվեց շարքային «քաղաքական ակումբի»: Բավական է միայն հիշատակել այն, որ 2008-ին վարչապետի պաշտոնում նշանակված Տիգրան Սարգսյանը, մինչև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վրա հասնելը, կառավարական բնագավառում լուրջ նորարարական մոտեցումներ ներդրեց, հիմնադրեց տնտեսական զարգացման հայեցակարգային ուղիով շարժվելու ավանդույթը` դրանով իսկ բարձրացնելով իշխանության վստահության մակարդակը թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում:
Ինչևէ, ներկայիս քաղաքական լճացման հիմնական պատճառն այն է, որ հայաստանյան քաղաքական գործընթացներում ընդդիմություն կոչվածն այդպես էլ չկարողացավ փոքրիշատե միավորվել ու հանդես գալ իշխանափոխության հիմնավորված հավակնություններով: Փորձենք դիտարկել ընդդիմության կամ «կիսաընդդիմության» դաշտում գտնվող քաղաքական ուժերի գործունեությունն ու հասկանալ, թե որքան է դա արդյունավետ և հեռանկարային: Այսպես. ՀՅԴ-ն հայ-թուրքական արձանագրությունների պատճառով 2009-ին լքելով քաղաքական կոալիցիայի շարքերը, այդպես էլ չկողմնորոշվեց, թե ինչ է իր ուզածը և քաղաքական պայքարի ինչպիսի ուղղություն է պատկերացնում: Անհասկանալի ու անատամ դաշնակցական քննադատությունը, կարծես, հասցեատեր չունի, ինչի պատճառով էլ ՀՅԴ-ի գործունեությունն այնքան է լղոզվել, որ 2012 թ. խորհրդարանական ընտրությունում ՀՅԴ-ն միայն իշխանության «բարի կամքով» հայտնվեց խորհրդարանում: Մեր «հին ընկերների» շրջանում առկա ներկուսակցական հակասությունները և համակարգված գործունեության բացակայությունը հանգեցրել են նրան, որ ՀՅԴ-ն չունի սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին արդյունավետ հանդես գալու ներուժ և ստիպված է լինելու աջակցել այս կամ այն թեկնածուին: Սակայն, եթե հաշվի առնենք վերջին շրջանում դաշնակցականների կուսակցական վարքագիծը, ապա չի բացառվում, որ ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին «օլիմպիական սկզբունքով»` ընդամենը լուծելով կուսակցության հեղինակության պահպանման խնդիրը:
Շատ ավելի բարդ կացության մեջ են հայտնվել «Ժառանգությունն» ու նրա առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Եթե 2008-ի նախագահական ընտրություններին նախորդող շրջանում Րաֆֆի Ռիչարդիչը ուներ խորհրդարանական կուռ խմբակցություն, որոնք ոչ մի ներքաղաքական ու արտասահմանյան ամբիոն բաց չէին թողնում արտահայտվելու և ինքնահաստատվելու համար, ապա այսօր ՀՀ արտաքին գործերի երբեմնի նախարարը ստիպված կլինի նախագահի պաշտոնի համար պայքարը սկսել խարխուլ հասարակական հենարանի և անպաշտպան քաղաքական թիկունքի պարագայում: ՈՒշագրավ է, որ «Ժառանգությունը» 2012-ին խորհրդարան «սողոսկեց» «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի պարագայում, և տպավորությունն այնպիսին էր, որ իշխանությունը որոշակիորեն աջակցեց այս գործընթացին` տուրք տալով «ամերիկացիներին չնեղացնելու» և «ներքին գործընթացներում արտաքին ազդեցության պարիտետի պահպանման» անհրաժեշտությանը: Թե որքա՞ն էր «մի գազելում տեղավորվող» «Ազատ դեմոկրատների» հետ համատեղ ցուցակ կազմելը արդյունավետ, և որքանո՞վ դա, ապա նաև այդ դաշինքի խզումը կաջակցեն Րաֆֆիին նախագահ ընտրվելու գործում, ցույց կտա ժամանակը: Սակայն վերջին զարգացումներից կարելի է ենթադրել, որ «Ժառանգության» առաջնորդն այդքան էլ վստահ չէ իր հաղթանակում և հասկանում է, որ չունի ընդդիմադիրներին միավորելու ներուժ, իսկ այլ թեկնածուի աջակցելը, կարծես, Րաֆֆիի պատվից վեր է:
Տխուր է իրավիճակը նաև ՀԱԿ-ում: «Քաղաքական ակումբի» վերածված այս կառույցը ներկայումս գտնվում է վերջնական փլուզման եզրին: ՀԱԿ-ի նախագահի պոտենցիալ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի փոխադարձ անտագոնիզմին կարող էր վերջ տալ միայն Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն վերջինս, կարծես, իր առաքելությունը համարում է ավարտված և թույլ է տալիս երիտասարդներին դրսևորվել ու կազմաքանդել ՀԱԿ-ը: Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում քաղաքական խայտաբղետության վառ օրինակ ՀԱԿ-ը վերջնականապես կերկփեղկվի` բաժանվելով ծայրահեղ արմատական «փաշինյանականների» և ԲՀԿ-ի ստվերում իրենց տաք տեղը գտած «զուրաբյանականների»: Փաստը մնում է փաստ, որ ՀԱԿ-ը, ի տարբերություն 2008-ի, այսօր չունի ընդդիմությանը միավորելու հնարավորություններ և չերկփեղկվելու պարագայում անգամ ստիպված է լինելու նախագահի ընտրությանը մասնակցել կա՛մ «օլիմպիական սկզբունքով», կամ էլ ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուին աջակցելու ձևաչափով:
Ինչ խոսք, նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի հետ իրական մրցակցություն ծավալելու ռեսուրս այսօր ունի միայն ԲՀԿ-ն: Միևնույն ժամանակ, բոլորն էլ հասկանում են, որ հեղափոխական ընդդիմության կարգավիճակ ստանձնելու դեպքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու նրա շրջապատը կհայտնվեն ծայրահեղ վտանգավոր իրավիճակում: Հայկական քաղաքական մշակույթի մեկ այլ առանձնահատկությունն է այն, որ նախագահական ընտրություններում հեղափոխական ճանապարհով մասնակցողն ու պարտվողը կորցնում է ամեն ինչ: Ով ով, իսկ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում կորցնելու շատ բան ունի: Բավական է հիշատակել միայն «արտոնյալ բիզնեսի» իրավունքը` սրանից բխող բոլոր հետևանքներով: Իհարկե, խոսակցություններ կան նաև Վարդան Օսկանյանի առաջադրման վերաբերյալ, սակայն, ինչքան էլ Օսկանյանը երազի ԲՀԿ-ի հենքով նախագահական ընտրությանը մասնակցելու մասին, այնուամենայնիվ, դա անարդյունավետ քայլ կլինի: ԲՀԿ-ն ֆինանսատնտեսական հակումներով քաղաքական ուժ է, որտեղ հիմնականում հայտնվել են մարդիկ, ովքեր չեն կարողացել հարմար պայմաններով տեղավորվել իշխող ՀՀԿ-ի շարքերում, և այս մարդկանց դժվար կլինի մոտիվացնել Օսկանյանին աջակցելու համար վտանգավոր խաղի մեջ մտնել, հատկապես, երբ Վարդան Օսկանյանը չունի այն վարկանիշը, ինչն առկա է Ծառուկյանի դեպքում: Այս համատեքստում ԲՀԿ-ն, իրոք, բարդ դրության մեջ է հայտնվել: Ընդհանրապես, վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը իրեն դրել է անելանելի վիճակում. թե՛ առաջադրվելը, թե՛ չառաջադրվելը սպառնում են առնվազն նրա քաղաքական ապագային:
Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք: Այս պայմաններում ընդդիմությունը դժվար թե կարողանա հաջողել: Իշխանությունն էլ իր հերթին կտրուկ գործողությունների չի դիմում` ցուցադրելով վստահության բավականին ուշագրավ նշաններ: Թերևս, կասկածից վեր է, որ մոտ ապագայում ՀՀԿ-ն հանդես կգա ակտիվ քարոզչական աշխատանքով, որի մեխը կլինեն Սերժ Սարգսյանի կառավարման երկրորդ շրջանի տնտեսական նոր հայեցակարգերի ներկայացումն ու 2013-2018 թթ. տնտեսական աճի հիմնավորումը: Կասկածից վեր է նաև, որ այս ամենը վերապահվելու է իշխանության ճամբարում Սերժ Սարգսյանի ամենամոտ դաշնակցին` վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանզի իրեն այլ հավատարիմ և, միևնույն ժամանակ, ինտելեկտուալ ու ներկայանալի ծանրակշիռ գործիչներ նախագահը, կարծես թե, ներկայումս չունի իր շրջապատում:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 23493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ