ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Մեր արտաքին քաղաքականության մեջ անկյունաքարային փոփոխություն է պետք»

«Մեր արտաքին քաղաքականության մեջ անկյունաքարային փոփոխություն է պետք»
19.05.2009 | 00:00

«ՄԵՆՔ ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՎ»
Շաբաթ օրը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար։ Մուտքից արդեն նկատելի էին այս ու այն կողմ կանգնած երիտասարդների խմբերը, ներսում էլ ոչ միայն ազատ աթոռ չկար, այլև ներկաներից ոմանք ոտքի վրա էին։ Դահլիճի «կազմից» դատելով` կարելի էր կարծել` ինչ-որ երիտասարդական միջոցառում է, այնինչ համագումար էր, բայց բավականին «երիտասարդացված» կուսակցության` Հայաստանի ժողովրդավարական ազատական միության (ՀԺԱՄ)։ Համագումարը ողջունելու էին եկել ԱԺԴ առաջնորդ Արշակ Սադոյանը, ԺԱԿ կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսք ասելիս էլ կրկին առանձնացան երիտասարդները. նրանց ոգեշնչված, էնտուզիազմով լի ելույթները հաջորդում էին միմյանց։ Օրակարգում ընդգրկված հարցերից էր արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի շուրջ կուսակցության դիրքորոշումը, որը ներկայացրեց վարչության նախագահ ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ` անդրադառնալով նաև Երևանի ավագանու ընտրություններին, հայ-թուրքական հարաբերություններին և այլ խնդիրների։ Օրակարգի վերջին հարցը վարչության նախագահի ընտրությունն էր։ Առաջադրված միակ թեկնածուն Վահրամ Մկրտչյանն էր, ով միաձայն վերընտրվեց։ Համագումարից հետո վարչության նոր նախագահին հրավիրեցինք ճեպազրուցի։
-Պարոն Մկրտչյան, այս համագումարով արդյո՞ք նոր էջ է բացվում ՀԺԱՄ-ի գործունեության մեջ` սկիզբ դնելով թարմ մոտեցումների, դիրքորոշումների։
-Ճիշտ նկատեցիք. մենք որդեգրել ենք այն կուրսը, որ յուրաքանչյուր համագումար շրջադարձային պետք է լինի քաղաքական ուժերի կյանքում։ Հայաստանի քաղաքական կյանքում նոր բանաձև ենք փորձում գեներացնել` հանուն հայության հարատևման գաղափարն առաջ քաշելով, որին հասնելու գրավականը համագործակցությունն է։ Սա նշանակում է, որ հայը հայի հետ երբեք չպետք է լինի թշնամական հարաբերությունների մեջ, մենք պետք է վերադառնանք մեր հին ու բարի, Հայկ Նահապետի ժամանակները, երբ բոլորը մի մեծ տուն կլինեն, ու եղբայրը եղբոր հետ չի կռվի, այլ կպայքարի արտաքին թշնամու դեմ։ Սա է համագործակցային գործոնի էությունը։ Ի՞նչ ենք անելու ապագայում. համագործակցելու ենք բազմաթիվ քաղաքական ուժերի, սուբյեկտների հետ (խոսքը վերաբերում է ՀԿ-ներին, բարեգործական հիմնադրամներին, մշակութային միություններին), որպեսզի վերջիններս իրենց կենսակերպը ևս դարձնեն համագործակցային։ Իսկ սա ենթադրում է, որ քաղաքական ուժի ներսում ոչ թե դիկտատուրա, այլ կոլեգիալ կառավարում է լինելու։ Այս ամենը, ի վերջո, պետք է գա հասնի նաև պետությանը, որտեղ անձի շահը ստորադասվելու է հասարակության շահին, քանզի հասարակության, պետության շահն առաջնային է։
-Նշեցիք, որ նպատակ ունեք ՀԺԱՄ-ը դարձնել լուրջ կուսակցություն։ Ասել է` բացառո՞ւմ եք այլ կուսակցությունների հետ միավորումը։
-Չենք բացառում։ Պարզապես անհրաժեշտություն կա նոր կուսակցություն ստեղծելու, որն իր գաղափարախոսական հենքում ունենա հասարակական կյանքի կազմակերպման վերաբերյալ հայեցակարգի նոր մոտեցում. դա համակեցության համագործակցային ձևն է: Իհարկե, դա ժամանակ է պահանջում, սակայն գործընթացն արդեն սկսվել է, ու շատերն էլ արձագանքել են։
-ՀԺԱՄ-ի «վերադարձը» ակտիվ քաղաքականություն չի՞ հետապնդում հեռահար նպատակ` մասնակցություն խորհրդարանական և նախագահական ընտրություններին։
-2012 թվականն այդքան էլ հեռու չէ, բայց սա չէ պատճառը, որ մենք նման նախաձեռնություններով ենք հանդես գալիս։ Ինչքանով այս գաղափարները կդառնան ժողովրդի սեփականությունը, դրանով էլ պայմանավորված կլինի մեր մասնակցությունն ընտրություններին, քանի որ հատուկ 2012-ի ընտրություններին մասնակցելու համար չէ, որ այսպիսի գաղափարներ են առաջ քաշվել։ Կարծում եմ` մեր գաղափարներն այնքան կտարածվեն, որ հասարակությունը պահանջ կներկայացնի այն ուժին, որն այս ամենը նախաձեռնել է ու նրան կբերի խորհրդարան։ Նույնը` նախագահական ընտրությունների պարագայում։
-Համագումարի սկզբում ներկայացնելով ՀՀ ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ Ձեր գնահատականը` արձանագրեցիք դրական միտումներ ներքին քաղաքականությունում, սակայն լուրջ մտահոգություն արտահայտեցիք արտաքին կուրսի առնչությամբ, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ի՞նչ խնդիրներ եք տեսնում գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության ոլորտում։
-Հայաստանի պես պետությունը, որն այսպիսի աշխարհաքաղաքական դիրք ունի, մշտապես եղել և մնում է գերտերությունների շահերի բախման կիզակետում։ Այսօր ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերն այս տարածաշրջանում հակադրված են, ու մենք մտավախություն ունենք, որ ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերությունների համատեքստում կարող է Հայաստանի շահը ոտնահարվել հենց Ռուսաստանի կողմից։ Ինքնանպատակ չէր նաև «ճանապարհային քարտեզի» ստորագրումն ապրիլի 22-ին, այսինքն` հայտնի պատճառով այստեղ առկա էր ԱՄՆ-ի լուրջ ազդեցությունը։
Սակայն ապագայում դեռ շատ լուրջ փոփոխություններ են սպասվում։ Սահմանը, կարծում եմ, փակ է մնալու, քանի որ հենց Թուրքիայի հասարակությունը պատրաստ չէ դրան։ Իսկ մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է անկյունաքարային փոփոխություն լինի։ Մի նկատառում ևս. եթե Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին քաղաքականության օրակարգից հանված էր ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման տարիներին մեր պետության արտաքին քաղաքականության մեջ հիմնահարց դարձրեց ցեղասպանության միջազգային ճանաչումը, ապա հիմա ոչ թե միջազգային ճանաչման հարցը լուծելու ժամանակն է, որը բարոյական խնդիր է, այլ հատուցման հարցը։ Այսինքն, մեր արտաքին գերատեսչության քաղաքականությունը պետք է ուղղված լինի Թուրքիայից փոխհատուցում պահանջելու խնդրին։
-Համագումարի ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր երիտասարդներով, ելույթների ժամանակ էլ նրանք բավականին ակտիվ էին։ Կուսակցությունը երիտասարդացնելու նպատա՞կ ունեք։
-Իհարկե, սա մեզ համար ուրախալի և անակնկալ երևույթ էր, քանի որ այսօր շատ կու-սակցություններ գնում են ծերացման։ ՀԺԱՄ-ը հիմնականում երիտասարդներով համալրված կուսակցություն է, քանի որ մեզ մոտ «ամենատարեց» կուսակցականները հիսուն տարեկան են։ Երբ մենք որդեգրեցինք համագործակցային սկզբունքը և հանուն հայության հարատևման նոր գաղափարը, հուրախություն մեզ, երիտասարդությունն ակտիվորեն արձագանքեց համագործակցության կոչին։ Սրա վկայությունը դահլիճում երիտասարդների ներկայությունն էր։ Այնպես որ, մենք առաջ ենք գնալու երիտասարդության հետ համագործակցելով։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ