ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ալեքսանդր Մյասնիկյան․ նրա կյանքի պատմությունը» գրքից

«Ալեքսանդր Մյասնիկյան․ նրա կյանքի պատմությունը»  գրքից
02.04.2024 | 15:55

«ԿԱՐՈ՞Ղ Է, ԱՐԴՅՈՔ, ԿՈՎԿԱՍՆ ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ»

Վտարանդի կառավարությունների ներկայացուցիչների գործունեությունը դարձել էր եվրոպական մամուլի քննարկման առարկա: Լրագրերի մի մասը, որը ներկայացնում էր Անտանտի տերությունների շահերը, ոգևորում էր նրանց բոլշևիկյան Ռուսաստանի դեմ մղվող պայքարում` խոստանալով օգնություն՝ դրա դիմաց որոշակի վարձատրություն ստանալու պայմանով:

Լրատվության որոշ միջոցներ էլ հանդես էին գալիս հակառակ տեսանկյունից: Ահա օրինակ՝ «Լը Ռեվենի» ֆրանսիական թերթը 1921 թ. նոյեմբերի վերջին ինչ է գրել «Կարո՞ղ է, արդյոք, Կովկասն ապրել առանց Ռուսաստանի» հոդվածում:

Թերթն իր ընթերցողներին հայտնում էր, որ, ըստ Ժնևից ստացված հեռագրերի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախկին կառավարությունները միացել են բոլշևիկների դեմ կռվելու համար, և հարցնում էր, թե «Ինչո՞վ են ղեկավարվել նրանք»:

Պատասխանելով այդ հարցին՝ թերթը գրում էր. «Կարելի է ենթադրել, թե նրանք ղեկավարվում են ինչպես անձնական, այնպես էլ հասարակական շահերով: Նախ՝ այդ գործիչներն ամենից առաջ ցանկանում են նորից ձեռք գցել իշխանությունը՝ ղեկավարվելով բացառապես անձնական շահերով: Նրանք, ըստ երևույթին, կարծում են, թե բոլշևիկյան ռեժիմի տապալումն անհրաժեշտ է անդրկովկասյան ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար»:

«Մենք հրաժարվում ենք,-շարունակում էր թերթը,-վերլուծել առաջին ենթադրությունը, որովհետև դա վիրավորական է անդրկովկասյան հանրապետությունների նախկին ղեկավարների համար: Եվ այդ դեպքում նրանց պետք է մեղադրել այն բանում, որ նրանք պատրաստ են զոհաբերել հայրենիքի շահերն իրենց անձնական շահերին»:

Այնուհետև թերթը հարցնում էր, թե, այնուամենայնիվ, ինչու՞ են նրանք կամենում տապալել բոլշևիկյան իշխանությունը և բերում է նրանց հետևյալ պատասխանը. «Կովկասյան ժողովուրդները միացան բոլշևիկներին ոչ թե համոզմունքով, այլ հնազանդվեցին Մոսկվայի բռնի քաղաքականությանը: Դրանով խախտեցին կովկասյան ժողովուրդների գերագույն իրավունքը` սեփական բախտը տնօրինելու իրավունքը: Հենց այդ պատճառով կովկասյան հանրապետությունների նախկին կառավարությունները կռվում են բոլշևիկների դեմ հանուն ամեն մի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»:

«Լը Ռեվենի» թերթը տալիս է նաև հետևյալ հարցը, թե, արդյոք, այդ կռիվը հաջողությու՞ն կունենա: «Այդ հարցը հետաքրքիր է պարզել,-շարունակում է թերթը,- որովհետև առողջ միտքը պահանջում է մինչև այս կամ այն գործին ձեռնարկելը որոշել, թե կարելի է կատարել այդ, այլապես անխուսափելի է դառը հիասթափությունը և օգուտի փոխարեն կստացվի վնաս»:

Փաստելով, որ Ռուսաստանը թանկ է գնահատում Կովկասը՝ թերթն ընդգծում էր. «Ինչպես ցարական կառավարությունը, այնպես էլ բոլշևիկները չեն կամենում և չեն կարող հրաժարվել Բաքվի նավթից, դա ռուսական արդյունաբերության համար մահվան ու կյանքի խնդիր է: ՈՒստի բոլշևիկները, գտնվելով միանգամայն բացառիկ պայմաններում, կարիք ունեն Բաքվի նավթին անհամեմատ ավելի, քան նախկին ռեժիմը: Կովկասի հարստությունները հանդիսանում են մագնիս, որ ձգտում է, գրավում Ռուսաստանին դեպի Կովկաս»:

Կովկասի և Ռուսաստանի էական կապը նկատի ունենալով՝ թերթն առաջադրում է ևս երեք հարց.

Առաջին. Կովկասի ժողովուրդները կարո՞ղ են, արդյոք, ապահովել իրենց անկախությունը Ռուսաստանում սովետական իշխանությունը տապալելու դեպքում:

Երկրորդ. Կհամաձայնի՞, արդյոք, այն կառավարությունը, որը կհաջորդի բոլշևիկներին հրաժարվել Կովկասում իր շահերից:

Երրորդ. Ի՞նչ կլինի կովկասյան ժողովուրդների ճակատագիրը:

Առաջին երկու հարցերին թերթը պատասխանում է՝ վճռապես ոչ: Երրորդ հարցին թերթը պատասխանում է․ «Մենք կարծում ենք, թե այդ հարցի առջև նույնիսկ անդրկովկասյան հանրապետությունների նախկին ղեկավարները կանգ կառնեն շփոթված»:

«Անկասկած,- գրել է թերթը հոդվածի վերջում,- Ռուսաստանում բոլշևիկների անկումն առաջ կբերի այն աստիճանի հուզիչ ռեակցիա քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսակետից, որ եթե նույնիսկ իշխանության գլուխ կանգնեն կադետները, նրանք ևս գերազանցապես կհանդիսանան իմպերիալիստներ»:

«Ենթադրենք,- շարունակում էր թերթը,-թե Ռուսաստանը կկառավարեն Միլյուկովի տիպի մարդիկ: Այդ դեպքում ևս Կովկասը ոչ մի հույս չի կարող տածել, մանավանդ, որ կադետական, ինչպես և սոցիալիստ լիդերները երբեք թույլ չեն տա Կովկասը բաժանել Ռուսաստանից, որին նա պարտական է մշակութային և արտադրական կյանքով»:

Ասվածից ելնելով՝ թերթը փաստում էր, որ «Ռուսաստանի ապագա կառավարությունը կլինի շատ ավելի պահպանողական ու հետադիմական, քան բոլշևիկյան, նույնիսկ կադետական կառավարությունը: Այդ ժամանակ Կովկասը կզրկվի բոլորովին ինքնորոշման այն իրավունքներից, որոնցով նա օգտվում է այժմ` առանձին կառավարության գոյությունից, մայրենի լեզուն պետական ճանաչելուց և անկախ պետության բոլոր այլ նշաններից»:

Այնուհետև թերթը հայտնում էր, թե բոլշևիկները Կովկասում բավական էվոլյուցիայի են ենթարկվել, քանի որ պրոլետարական դիկտատուրան այնտեղ իրապես անկարելի է և ընդգծում էր. «Կռիվ մղելով բոլշևիկների դեմ, կովկասյան գործիչներն արգելք են լինում այն նպատակի իրականացման, որին նրանք նվիրված են: Հարկավոր է եզրակացություն անել: Արդյոք, ավելի նպատակահարմար ու արժանավոր ծառայություն չե՞ն մատուցի այդ գործիչներն իրենց ժողովուրդների շահերին, եթե աջակցեն Կովկասում կյանքի նորմալ պայմանների վերականգնմանը, եթե նպաստեն գոյություն ունեցող ռեժիմի զարգացմանը և ոչ թե նրա հիմքերը քանդելով, այլ հնարավոր չափով ամրապնդելով ու մեղմելով»:(«Կարմիր աստղ», նոյեմբերի 23, 1921 թ.):

Այ, հենց այս հանգամանքն էր, որ չէին ըմբռնում նախկին հանրապետությունների վտարանդի կառավարությունների ներկայացուցիչները, որոնք ոչ թե ղեկավարվում էին բանականությամբ, այլ միայն իրենց անձնական շահերով:

Իմ այս եզրակացությունը հիմնավորելու նպատակով կշարունակեմ ընթերցողներին ներկայացնել այդ ներկայացուցիչների խորհրդի արձանագրությունները:

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3384

Մեկնաբանություններ