ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Մենք ազատվեցինք երկնիշ տնտեսական աճի պատրանքից»

«Մենք ազատվեցինք երկնիշ տնտեսական աճի պատրանքից»
29.05.2009 | 00:00

«ՍԱ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՃԳՆԱԺԱՄ Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆԸ:
-Իբրև տնտեսագետ` ի՞նչ բնորոշում կտաք գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամին` թե՛ համաշխարհային, թե՛ հայաստանյան մասշտաբով:
-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի վերաբերյալ երկու կարծիք կա. մեկը, որ սա կապիտալիստական աշխարհին բնորոշ հերթական ճգնաժամն է և մի քանի` առավելագույնը 3-4 տարվա ընթացքում կհաղթահարվի, ու կսկսվի զարգացման հերթական շրջանը: Կա նաև այլ տեսակետ, որին ես ավելի համամիտ եմ` ֆինանսատնտեսական ճգնաժամն ունի համակարգային բնույթ և, ըստ էության, լիբերալ աշխարհի ճգնաժամի վկայություն է: Արևմտյան աշխարհն ունեցել է որոշակի գործիքներ, որոնց շնորհիվ ապահովել է իր բարձր կենսամակարդակը, քաղաքացիների բարձր եկամուտները: Սակայն եթե ուսումնասիրենք և համեմատենք զարգացած ու զարգացող երկրներում աշխատավորների վիճակը կամ տնտեսության զարգացման տեմպերը, կնկատենք, որ զարգացող երկրներում, Հարավարևելյան Ասիայում, օրինակ, մարդիկ աշխատում են ավելի շատ, արտադրում են ավելի մրցունակ ապրանքներ, սակայն վարձատրվում են ավելի քիչ: Միևնույն ժամանակ Արևմուտքում ավելի քիչ են ստեղծվում նյութական արժեքներ, ակնհայտորեն ավելի քիչ են աշխատում, քան զարգացող երկրներում` Հնդկաստանում, Չինաստանում, սակայն վաստակում են ավելի շատ: Գաղտնիքի մի կողմն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պայմաններում նրանք իրենց արտադրություններն արտահանեցին երրորդ աշխարհի երկրներ և նրանց շահագործման միջոցով ի վիճակի եղան զարգացման նպաստավոր պայմաններ ու բարձր եկամուտներ ապահովել իրենց ձեռնարկությունների համար։ Գաղտնիքի մյուս կողմն էլ իրենց ֆինանսական համակարգն է, որի փայլուն օրինակը և՛ դրական, և՛ բացասական առումով տվեց ԱՄՆ-ը: Եթե, օրինակ, Հայաստանում ուզում են գնել ավտոմեքենա, բնակարան, թանկարժեք շարժական կամ անշարժ գույք, քաղաքացիների գրեթե 100 տոկոսը, չնչին բացառություններով, կուտակում է այդ գումարը, քչերն են ի վիճակի օգտվելու ֆինանսաբանկային համակարգի հնարավորություններից` հիպոթեքային վարկից, սպառողական և այլ վարկերից, մանավանդ եթե նկատի ունենանք քաղաքացիների ցածր եկամուտը, ինչը թույլ չի տալիս վարկային մեծ միջոցներ ձեռք բերել: Այլ է պատկերը ԱՄՆ-ում, ուր յուրաքանչյուր քաղաքացի, եթե ցանկանում է ձեռք բերել որևէ ապրանք, հատկապես` թանկարժեք, կարիք չունի գումար կուտակելու. նա այդ իրը ստանում է անմիջապես, ապահովելով իր բարձր կենսամակարդակը` ապրանքի արժեքը 20, 30 կամ ավելի տարիների ընթացքում մարելու պայմանով: Ամբողջ ֆինանսական համակարգը սպասարկում է քաղաքացիների պահանջները, սակայն դա չէր կարող անվերջ շարունակվել: Արևմտյան աշխարհի այդ կեցությունը, որ արդեն տարածվում էր նաև Ռուսաստանում, ծախսել ավելի շատ, քան վաստակում ես, ապրել ապառիկ, վարկային միջոցների հաշվին` բավարարելով բոլոր ցանկություններդ, մի օր պիտի ավարտվեր: Հիպոթեքային շուկայի վարկավորման դաշտում գործող խոշոր ձեռնարկությունները հայտարարեցին, որ իրականում այդ գումարները, որ պիտի բավարարեին քաղաքացիների սպառողական ախորժակը, գոյություն չունեն: Ես դա համարում եմ արևմտյան քաղաքակրթության բարձր կենսամակարդակի գաղտնիքի բացահայտում: Փուչիկը պայթեց, և արևմտյան հասարակությունն այլևս այդքան շռայլորեն չի ծախսելու գոյություն չունեցող փողերը: Բնական է, որ եթե զարգացած երկրներում, որոնք խոշորագույն սպառողներ են, ճգնաժամ առաջացավ սպառողական շուկայում քաղաքացիների գնողունակ պահանջարկի անկման առումով, բացասական անդրադարձներ պետք է լինեին ամբողջ աշխարհի վրա, քանի որ զարգացող երկրները սպասարկում են զարգացած երկրների տնտեսությունները: Ճգնաժամը և սպառողական գնողունակ պահանջարկի անկումը պետք է հարվածեին նաև զարգացող երկրներին, ինչը և տեսնում ենք Հայաստանում: Այսօր արդեն խոսքը ոչ միայն երկրների տնտեսական քաղաքականության փոփոխության մասին է, այլև միջազգային առևտրի համաձայնագրերի վերանայման, այդ թվում` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն առնչվող սկզբունքների, միջազգային ֆինանսական նոր համակարգի ձևավորման: Մենք տեսանք, որ Համաշխարհային բանկը, ԱՄՀ-ն ի վիճակի չեղան զսպելու կամ կանխատեսելու, կանխարգելելու կամ գոնե շտկելու այս իրավիճակը: Չարդարացան նաև վարկանիշային կազմակերպությունների գնահատականները։
-Այսինքն` նախկին արժեհամակարգը չի՞ գործում։
-Այո՛, արժեհամակարգը, որ նախկինում կարգավորում էր, այժմ չի գործում: ՀՅԴ փորձագետների գնահատմամբ` սա իրականում արժեքների ճգնաժամ է:
-Այսինքն` կառավարման, կարգավորման համակարգի՞ ճգնաժամ: Գուցե պետությո՞ւնն է իրեն տնտեսությունից կտրել ու ազատ շուկայի կարգավորմանը հանձնել տնտեսության կառավարումը: Ինչ-որ տեղ սխալ թույլ տրվեց` ազատականությունը, այդ ազատությունների չարաշահումն ակնհայտորեն հանգեցրին նրան, որ հին համակարգն այլևս չի աշխատում: Մարդը պիտի ստեղծի նյութական արժեք, գուցե գերակայեց փող-փող-փող բանաձևը` շարքից հանելով ապրանք հասկացությունը։ Չստեղծվեց փողին համարժեք նյութական ապրանքը:
-Ամբողջ աշխարհում վերջին երկու տասնամյակում տիրապետող նեոլիբերալիզմը հանգեցրեց պետության դերի նվազման: Այդ կաղապարվածությունն ու լիբերալ դոգմաները լուրջ արմատներ ձգեցին Արևելյան Եվրոպայի երկրներում, նախկին խորհրդային հանրապետություններում, այդ թվում նաև` Հայաստանում: Մենք, ցավոք, դարձանք ավելի նեոլիբերալ, ավելի դոգմատիկ, քան արևմտյան շատ ու շատ երկրներ: Իսկ հիմա պայմանները թելադրում են բոլորովին այլ քաղաքականություն, որը մենք տեսնում ենք ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի օրինակով. նրանք արդեն հստակ գիտակցում են, որ միայն արդյունաբերական քաղաքականությունը և ռեալ ապրանք արտադրելն է երաշխավորում ճգնաժամի հաղթահարումը, ու բոլորը հիմա մոռացել են իրենց լիբերալ դոգմաները, վարում են հստակ, խիստ պրոտեկցիոնիստական քաղաքականություն: Նույնիսկ ԵՄ երկրներից յուրաքանչյուրը փորձում է հնարավորինս առավելագույնը քաղել այս իրավիճակից և պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել տեղական արտադրության համար: Բնական է` այս գործընթացից Հայաստանը չէր կարող դուրս մնալ, սակայն մեզ դեռ խանգարում է նախկին լիբերալ իներցիան, որը չի թողնում անկաշկանդ նայել խնդիրներին: Այդ պատճառով էլ մենք առաջարկում ենք մի կողմ թողնել բոլոր կեղծ սկզբունքները և օբյեկտիվ լինել. եթե տնտեսությունը պահանջում է կոնկրետ միջամտություն, միջամտենք, եթե տնտեսությունը պահանջում է շուկայական հարաբերությունների ազատականացում և մրցակցության ապահովում, ապահովենք այդ մրցակցությունը, այսինքն` խնդիրներին մոտենանք ոչ թե դոգմատիկ կամ գաղափարական տեսանկյունից, այլ իրական: Տնտեսությունն իրականում գործում է կոնկրետ, հստակ օրենքներով ու մեխանիզմներով, որոնք այնքան էլ բարդ չեն, ուղղակի կաղապարված մտածելակերպը խանգարում է իրավիճակը պարզ տեսնելուն: Իրականում խնդիրները բավականին պարզ են: Մի քանի տարի առաջ, երբ առաջարկություններ էինք ներկայացնում, գործադիր իշխանությունը չէր ընդունում` պատճառաբանելով, թե շատ սոցիալիստական են, ասելով` «տեղական արտադրություն, թե ներմուծվող, մեզ համար մեկ է»: Չի կարող տեղական արտադրողը, որ աշխատատեղ է ստեղծում, միևնույն հարթության վրա դիտվել այլ երկրի արտադրողի հետ, դա առնվազն խելամիտ չէ և աբսուրդ է: Սակայն այսօր մենք տեսնում ենք այլ ծայրահեղություն. ոչ թե ոլորտի զարգացման ճյուղային քաղաքականություն է վարվում, այլ հասցեական` ուղղված կոնկրետ այս կամ այն ձեռնարկությանը, որի հետևանքով ոչ միայն ավելանում են կոռուպցիոն ռիսկերը, այլև տուժում են ճյուղում աշխատող մյուս ձեռնարկությունները: Կարծես փորձում ենք ազատվել ազատական դոգմաներից, բայց մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկնում և էլի չենք վարում արդյունաբերական քաղաքականություն, որը կաջակցեր տեղական արտադրողներին, աշխատատեղ ստեղծողներին, հայրենական արտադրանք թողարկողներին:
-Այդքան անսպասելի՞ էր ճգնաժամը մեզ համար, թե՞ մենք ընտելացել ենք մեր սեփական ճգնաժամերին:
-Մենք ունեինք, իհարկե, տնտեսական խնդիրներ, որոնց ուղղակի գումարվեց ճգնաժամի փաստը: Մենք, 2008-ի տվյալներով, ունեինք 1 միլիարդ դոլարի չափով արտահանում և 4 միլիարդ դոլարը գերազանցող ներմուծում: Եթե գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, 3-4 տարի հետո կունենայինք շատ ավելի ծանր պրոբլեմներ:
-Ինչո՞ւ պիտի պրոբլեմներ ունենայինք, երբ երկնիշ տնտեսական աճով Արևմտյան Եվրոպային էլ ենք «զարմացնում» արդեն քանի տարի:
-Որովհետև մեր տնտեսական աճը կատարվում էր մասնավոր տրանսֆերների հաշվին, որոնց նվազման պատճառով ի վիճակի չեղանք սպասարկելու մեր արտաքին ապրանքաշրջանառությունը. 2009-ի սկզբում առաջացել էր դոլարային զանգվածի դեֆիցիտ: Իսկ որպեսզի քո տնտեսությունը իսկապես լինի առողջ օրգանիզմ, և քո դրամն իսկապես իրական բովանդակություն ունենա, պետք է նախ և առաջ շեշտը դնես տեղական արտադրության զարգացման վրա, որպեսզի հնարավորինս քիչ տարադրամ ուղղորդվի արտերկրում այն ապրանքների ձեռքբերմանը, որոնք կարող ենք արտադրել, նաև արտահանման ծավալներին պետք է զարկ տալ, նպատակ ունենալով արտահանման միջոցով լրացուցիչ դոլարային զանգված բերել:
-Տրանսֆերների կրճատումը, հավելած այն, որ ժամանակին ուղարկողները հիմա իրենք են վերադառնում` համալրելով գործազուրկների շարքերը, ապրանքների և ծառայությունների թանկացումը ու դրա հետևանքով` գնողունակության անկումը, նեգատիվ սպասումների գործոնը... Այնուհանդերձ, որևէ երկրում երբևէ ճգնաժամը ժամանակը չի կանգնեցրել, կյանքը շարունակվում է, ինչ-որ ելք կա։ Ժամանա՞կ է պետք, այլ մեխանիզմնե՞ր։ Հուսահատական այս շղթան ինչո՞վ հատենք, գլխիկոր ու ձեռնթափ չենք սպասելու, թե ինչ կլինի։ Կա՞ մի լուսավոր կետ, որն ուղղակի չենք տեսնում:
-Ամենալուսավոր կետն այն է, որ այսուհետ կվարենք իրական և ավելի ճկուն տնտեսական քաղաքականություն, որովհետև շինարարության աճի վրա, տրանսֆերների վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը, երբ թվում էր, թե ժողովրդի կենսամակարդակը բարձրանում է, ինչքան էլ բարձր լիներ, այնքան ցավալի էր լինելու անկումը: Տնտեսական ճգնաժամն օգնեց հանել վարդագույն ակնոցները և կյանքին նայել ռեալ աչքերով, հասկանալ, որ պետք է զարգացնել փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, որի մասին այդքան խոսում ենք, պետք է խթանել տեղական արտադրությունը, պետք է քաղաքացիները հասկանան, որ եթե իրենք ուզում են լավ ապրել, պետք է գնեն տեղական ապրանքներ, պետությունը պետք է գործարարներին նայի ոչ միայն որպես բյուջեի համալրման աղբյուրի, այլև տնտեսավարողների, որոնք ստեղծում են աշխատատեղեր, որոնք ունեն սոցիալական պատասխանատվություն, որոնք ունեն երկիր պահելու խնդիր, պետք է իշխի տնտեսական հայրենասիրության գաղափարը: Մենք ազատվեցինք երկնիշ տնտեսական աճի պատրանքից, տնտեսական աճի չափը չէ կարևոր, քանակը չէ կարևոր, այլ որակը, որովհետև դու կարող ես ունենալ 10 տոկոսից ավելի ցածր տնտեսական աճ, բայց արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում և իրապես այդ տնտեսական աճը կզգա յուրաքանչյուր քաղաքացի, որը ստեղծում է ռեալ, իրական արժեք, սպասարկման կամ շինարարության ոլորտի տնտեսական աճը կարող է լինել երկնիշ թվով, բայց ժամանակավոր և զարգացման հիմքեր չի ստեղծի տասնամյակների համար: Այդ այլընտրանքն ունեցել են եվրոպական երկրները Համաշխարհային պատերազմից հետո, երբ նախընտրեցին արդյունաբերության վերականգնման քաղաքականությունը: Լավագույն օրինակներն են Գերմանիան, Ֆրանսիան, որ զարգացրին արդյունաբերությունը, ստեղծեցին իրենց տնտեսության տասնամյակների ու նույնիսկ հարյուրամյակների զարգացման ամուր հիմքեր: Ինչքան էլ ճգնաժամեր լինեն, բոլորս գիտենք, որ Գերմանիայի տնտեսությունն աշխարհում լավագույններից է, ապրանքները մրցունակ են, բարձրորակ, տեխնոլոգիան լավագույնն է։ Նրանք ստեղծեցին արդյունաբերական զարգացման լուրջ հիմքեր, մենք վարեցինք տնտեսական այլ քաղաքականություն, ինչը պատերազմից հետո գուցե արդարացված էր, մենք ունեինք լուրջ խնդիրներ նախ և առաջ սպառողական շուկայի համալրման առումով: Սակայն ժամանակն է այդ քաղաքականությունը փոխելու, ճգնաժամը դրա հնարավորությունը տալիս է:
-Այսօրվա հարկային դաշտը և հարկային քաղաքականությունը, որոնք լրիվ տարբեր իրողություններ են, դրա հնարավորությունը տալի՞ս են:
-Հարկային քաղաքականությունը, ցավոք, տնտեսության մեջ գործում է միայն որպես ֆիսկալ գործիք` բյուջեի համալրման խնդիր լուծելով: Թեև մենք հայտարարում ենք, որ հրաժարվել ենք պլանային տնտեսությունից, իրականում հարկերի հավաքումը շարունակում ենք իրականացնել պլանային ցուցանիշների հիման վրա: Ցավոք, հարկային տեսուչին հաճախ չի էլ հետաքրքրում` այս կամ այն փոքր խանութը կամ մեծ ձեռնարկությունը որքա՞ն է աշխատել, վնասո՞վ, թե՞ շահով, իր համար կարևորը որոշակի հսկիչ թվերն են ու որոշակի խնդիրները, որոնք և լուծում է: Մենք հարկերը հավաքում ենք ոչ թե արդարության սկզբունքով, այլ հավասարության: Հարկային տեսուչին էլ կարելի է հասկանալ` նա աշխատում է պլանային ցուցանիշներով: Եթե այսօր պետական մարմիններն ասում են, որ հարկահավաքությունը շատ ցածր է, իրականում մենք հավաքում ենք այնքան, ինչքան ի վիճակի է տնտեսությունը վճարել ճգնաժամի պայմաններում: Բյուջեում ամրագրված է 9,2 տոկոս տնտեսական աճ, հետևաբար հարկերի հավաքագրման չափը ամրագրված է այդ թվից ելնելով: Բացի դրանից, մենք նաև նախատեսել ենք 0,4 տոկոսի չափով հարկահավաքման ցուցանիշի աճ ՀՆԱ-ի կազմում, որպես ստվերային տնտեսության դեմ պայքարի ցուցանիշ: Բյուջեում ամրագրել ենք աննախադեպ ցածր դեֆիցիտ 1 տոկոսից պակաս ՀՆԱ-ի կազմում, սակայն կառավարության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք մինչև 2-3 տոկոս կարող ենք ավելացնել: 2009-ի պետական բյուջեի եկամտային մասը կարելի է վերանայել` հաշվի առնելով հենց այս թվերը, այսինքն, նվազեցնել 9,2 տոկոս հարկահավաքման ցուցանիշը, ավելացնել բյուջեի դեֆիցիտը, և կտեսնենք, որ 10 տոկոսից ավելի կարող ենք հարկահավաքման ցուցանիշը նվազեցնել: Եթե դա անում ենք, տեսնում ենք, որ հենց այդքան էլ իրականում հարկային մուտքերն ապահովվում են: Ամեն գնով ապահովել 2009-ի պետական բյուջեն, առաջին եռամսյակի տվյալներով ունենալով տնտեսական անկում, կարծում եմ` առաջին հարվածն է տնտեսավարողներին:
-Ժամանակը չէ՞ բյուջեի մասին օրենքը վերանայելու և համապատասխան ճգնաժամային սրբագրումներն անելու։ Չէ՞ որ բյուջեն կազմելիս գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը հաշվի չի առնվել:
- Նախ և առաջ պետք է վերանայել բյուջեի եկամտային մասը և հնարավորինս խուսափել ծախսերի կրճատումից:
-Ե՞րբ, տարեվերջի՞ն, երբ կարձանագրենք, որ օրենքը չի կատարվել: Տնտեսության համար առավել օպտիմալ ժամկետ չկա՞:
-Ես կարծում եմ, որ եթե հարկահավաքման ցուցանիշն ապահովվում է 85 տոկոսի չափով, դա նորմալ ցուցանիշ է տնտեսական ճգնաժամի պայմաններում:
-Խնդիրն այն է` ինչպե՞ս է ապահովվում: Ակնհայտ է, որ նման հարկահավաքությունն ուղղակի արգելակում է ոչ միայն հարկատուի զարգացումը, այլև այս պայմաններում վտանգում է նրա գոյությունը:
-Ակնհայտ է, որ այսպես երկար շարունակվել չի կարող, ևս մի քիչ ճնշում, և բիզնեսը Հայաստանում ուղղակի կանգ կառնի: Մենք ունենալու ենք վարկային միջոցներ, որոնք պիտի նպատակային ծախսենք` ուղղորդենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Այդ ծրագրերը կհանգեցնեն նաև համախառն պահանջարկի խրախուսմանը մեր երկրում: Բյուջեն կարող ենք վերանայել առաջին կիսամյակի ավարտին, ես գիտեմ նաև կառավարության տեսակետը` բյուջեն վերանայել տարվա վերջին։ Կարծում եմ` առաջին կիսամյակից հետո կարող ենք վերանայել, որպեսզի չհրաժարվենք այն ծախսերից, որոնցից կառավարությունը հրաժարվում է ճգնաժամի պատճառով, որովհետև հրաժարվելով խորացնում ենք տնտեսական ճգնաժամը: Եթե պետությունը չի մասնակցում որպես խոշորագույն սպառող` բյուջեի կողմից կատարվող ծախսերով, օրինակ, դպրոց չի կառուցում, դադարեցնում է մշակութային ծրագրերը, շուկա գումարներ չի նետում, նպաստում է գնողունակ պահանջարկի անկմանը: Կարող ենք ունենալ մակրոտնտեսական կայուն ցուցանիշներ, բայց ցածր կենսամակարդակ և պրոբլեմներ` բնակչության եկամուտների մասով:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2257

Մեկնաբանություններ